Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.11.07/54(578)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
05.09.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
05.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-822/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1091 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. Սահակյան
դատավորներ՝ Ն. Հովսեփյան
Ա. Թումանյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

2007 թվականի սեպտեմբերի 5-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով հայցվոր Կարապետ Գրաչյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.03.2007 թվականին թիվ 07-822 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ հայցի Կարապետ Գրաչյանի ընդդեմ Ատոմ Ղազազյանի՝ գումարի պահանջի մասին և ըստ Ատոմ Ղազազյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Կարապետ Գրաչյանի՝ գումարի պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվոր Կարապետ Գրաչյանը պահանջել է պատասխանող Ատոմ Ղազազյանից բռնագանձել 22.000 ԱՄՆ դոլարին համարժեք փոխառության գումար և հաշվարկված բանկային տոկոսները:

Պատասխանող Ատոմ Ղազազյանը ներկայացրել է հակընդդեմ հայց, որով պահանջել է Կարապետ Գրաչյանից բռնագանձել 11000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ որպես Փոխառության պայմանագրի գերավճար:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 01.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ պատասխանող Ատոմ Ղազազյանից հօգուտ Կարապետ Գրաչյանի բռնագանձվել է 22.000 (քսաներկու հազար) ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ Ատոմ Ղազազյանի հակընդդեմ հայցն ընդդեմ Կարապետ Գրաչյանի՝ գումարի պահանջի մասին մերժվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.03.2007 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է բերել Կարապետ Գրաչյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, ինչի արդյունքում չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 880-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բողոք բերողի դատարանին ներկայացված փաստարկները դատարանը հերքել է հիմնվելով վկաների ցուցմունքների և բողոք բերողի ցուցմունքի այն հատվածի վրա, որտեղ նա՝ հայցվորը նշել է, որ «ես և Ատոմը (պատասխանողը) հանդիպել ենք, զրուցել և մեր միջև առկա թյուրիմացությունները վերացել են և մենք հաշտվել ենք և միմյանց նկատմամբ որևէ պահանջ չունենք»: Հայցվորը պնդում է, որ դատարանը հաշվի չի առել օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված այն հանգամանքը, որ պատասխանողն իրոք պարտք է եղել հայցվորին 22000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, ողջ քրեական գործում կամ առաջին ատյանի և վերաքննիչ դատավարությունների ընթացքում օրենքով վերաբերելի և թույլատրելի որևէ ապացույցով չի ապացուցվել, որ հայցվորի պարտավորությունը մարվել է: Այս պայմաններում՝ միայն քրեական գործի և իրար միջև քրեորեն հետապնդելի արարքի առնչությամբ պահանջների բացակայության մասին ցուցմունքի մի քանի բառը դատարանը դիտել է որպես փոխառության մարման ապացույց: Վերը նշված ցուցմունքը հայցվորը տվել է քրեական գործի շրջանակներում և այդ ցուցմունքը որևէ առնչություն չունի հայցվորի և պատասխանողի գույքային հարաբերությունների հետ:

Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 880-րդ հոդվածները, ինչի արդյունքում խախտվել է Եվրոպական կոնվենցիայի արձանագրության 1-ին հոդվածի և ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը վիճելի գումարի նկատմամբ: Նշված պնդումը բողոք բերած անձը պատճառաբանել է այն փաստարկով, որ հայցվորի և պատասխանողի միջև կնքվել է փոխառության պայմանագիր, որով ստանձնած պարտավորությունը պատասխանողը պարտավոր է կատարել պատշաճ՝ պարտավորության պայմաններին և օրենքի պահանջներին համապատասխան:

Բողոք բերած անձը պահանջել է հիմնական հայցը մերժելու մասով բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.03.2007 թվականի վճիռը և այն փոփոխել՝ սկզբնական հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 26.05.2005 թվականին հայցվորի և պատասխանողի միջև կնքվել է առանց տոկոսների 22.000 ԱՄՆ դոլար գումարի փոխառության պայմանագիր և նույն օրն էլ հայցվորը պատասխանողին տրամադրել է այդ գումարը՝ երկու ամիս անց վերադարձնելու պայմանով: Փոխառության պայմանագիրը հաստատվել է նոտարական կարգով:

2) Փոխառության վերադարձման ժամկետը լրանալուց հետո գումարը փոխառուի կողմից չի վերադարձվել:

3) 30.11.2005 թվականին փոխառության գումարը չվերադարձնելու առիթով ծագած վիճաբանության արդյունքում հայցվորը պատասխանողին հասցրել է թեթև, առողջությունը կարճատև քայքայող վնասվածքներ: Այս դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, որի քննության արդյունքում կայացված՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.03.2006 թվականի դատավճռով Կարապետ Գրաչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և դատապարտվել է ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով:

4) Նախաքննության ընթացքում Կարապետ Գրաչյանը ցուցմունք է տվել այն մասին, որ «ես և Ատոմը հանդիպել ենք, զրուցել և մեր միջև առկա թյուրիմացությունները վերացել են և մենք հաշտվել ենք և միմյանց նկատմամբ որևէ պահանջ չունենք»: Դատաքննության ընթացքում ամբաստանյալը հրաժարվել է ցուցմունք տալ՝ խնդրելով հիմք ընդունել նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքի հիմքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի համաձայն՝ փոխառուն պարտավոր է, փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով, փոխատուին վերադարձնել ստացված փոխառության գումարը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ՝ պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում՝ գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

Սույն գործի փաստերի համաձայն՝ կողմերի միջև 26.05.2005 թվականին կնքվել է փոխառության պայմանագիր, որով փոխատուն փոխառուին հանձնել է 22.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ մինչև 26.07.2005 թվականը վերադարձնելու պայմանով: Գործի քննությամբ փոխառուի կողմից փոխառության պայմանագրով ստանձնած պարտավորությունը լրիվ կամ մասամբ կատարված լինելու հանգամանքը չի ապացուցվել, հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ և 880-րդ հոդվածների հիման վրա 26.05.2005 թվականի փոխառության պայմանագրով նախատեսված պարտավորությունները ենթակա են անվերապահ կատարման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Դատարանի համար որևէ ապացույց նախապես հաստատվածի ուժ չունի, բացառությամբ նույն օրենսգրքի 52 հոդվածով նախատեսված դեպքերի, որի համաձայն՝ մասնավորապես քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատավճիռը պարտադիր է դատարանի համար միայն այն փաստերով, ըստ որոնց հաստատված են որոշակի գործողություններ և դրանք կատարած անձինք:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 15.03.2006 թվականի դատավճռով հաստատվել են Կ.Գրաչյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի կատարման հետ կապված փաստերը: Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում Կարապետ Գրաչյանի տված ցուցմունքին այն մասին, որ իրենք հանդիպել են և միմյանց նկատմամբ պարտք ու պահանջ չունեն՝ սույն քաղաքացիական գործը քննող դատարանի համար պարտադիր չէ, քանի որ այդ ցուցմունքը վերաբերում է ոչ թե կողմերի միջև կնքված փոխառության գործարքին, այլ՝ հանցագործության և դրա հետևանքների հետ կապված հարաբերություններին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով, օրինական ուժի մեջ մտած դատավճիռը նախադատելի (պրեյուդիցիալ) նշանակություն ունի միայն հանցագործության քաղաքացիաիրավական հետևանքներին վերաբերող քաղաքացիական գործ քննող դատարանի համար՝ հետևյալ շրջանակներում.

1. կատարվե՞լ են արդյոք որոշակի գործողություններ (հանցագործության օբյեկտիվ կողմը),

2. արդյո՞ք այդ գործողությունները կատարվել են տվյալ անձի կողմից:

Այլ հարցերով դատավճիռը քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով պարտադիր չէ: Օրինակ՝ դատավճռով հաստատված հանցագործությամբ պատճառված վնասի չափը, ինչպես նաև այդ վնասի հատուցման պահանջի առկայությունը կամ բացակայությունը նախադատելի չէ և այդ հարցը ենթակա է ապացուցման ընդհանուր հիմունքներով, չնայած որ դրանք հաստատված են դատավճռով:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցագործությամբ պատճառված վնասի հետ կապված հարաբերությունները և սույն քաղաքացիական գործով կողմերի միջև կնքված փոխառության գործարքով սահմանված հարաբերությունները, չնայած դրա մասնակիցների նույնականությանը, այնուամենայնիվ, ըստ էության բովանդակային առումով այլ հարաբերություններ են: Այդ գործարքով ծագած պարտավորությունները կարող են դադարել միայն կատարմամբ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված այլ հիմքերով, որոնք սույն գործի փաստերի համաձայն առկա չեն: Հետևաբար, հանցագործությամբ պատճառված վնասի հետ կապված կողմերի համաձայնությունը չի կարող տարածվել կողմերի միջև կնքված այլ՝ քաղաքացիաիրավական բնույթի պարտավորությունների վրա:

Նշված պատճառաբանությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը բազմակողմանիորեն և լրիվ չի հետազոտել նշված դատավճիռը, 26.05.2006 թվականի փոխառության պայմանագիրը, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը սույն գործով յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ և 01.12.2006 թվականին կայացրել է հիմնավորված և օրինական վճիռ: Հետևաբար, ելնելով դատական քննության արդյունավետության սկզբունքից՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը, քանի որ առաջին ատյանի դատարանի կողմից սույն գործով կայացված հիմնավոր և օրինական վճռի առկայության պայմաններում բացակայում է քաղաքացիական գործի նոր քննության անհրաժեշտությունը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքը վերը նշված պատճառաբանություններով հիմնավոր է համարում և այն բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ, 227-րդ հոդվածների ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.03.2007 թվականի վճիռը բեկանելու և նույն օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիման վրա Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 04.10.2006 թվականի վճռին օրինական ուժ տալու համար:

Ելնելով վերոգրյալից, և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.03.2007 թվականի վճիռը՝ Կարապետ Գրաչյանի 22.000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարի բռնագանձման պահանջը մերժելու մասով և այդ մասով օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի 01.12.2006 թվականի վճռին:

2. Վճիռը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
  Վ. Աբելյան
  Ս. Գյուրջյան
 

Է. Հայրիյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան