Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.01.29/5(595)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
25.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
25.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի
առաջին ատյանի դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 2-5956/2005 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1796(Ա)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ`

Է. Հայրիյանի

Վ. Աբելյանի

 

Ս. Անտոնյանի

 

Ս. Գյուրջյանի

 

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 25-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Երվանդ Տոնոյանի վճռաբեկ բողոքը Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 04.11.2005 թվականի վճռի դեմ ըստ հայցի Մերուժան Տոնոյանի ընդդեմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Կադաստր)՝ հողամասի և բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Հայցվորը դիմելով դատարան՝ պահանջել է ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Ն. Շենգավիթ 12 փողոցի 21ա հասցեի 300 քմ մակերեսով տնամերձ հողամասի և շինության նկատմամբ և պարտավորեցնել Կադաստրին կատարելու պետական գրանցում:

Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ Դատարան) 04.11.2005 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է Երվանդ Տոնոյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Մերուժան Տոնոյանը:

 

2. Սույն վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:

Բողոքի սույն հիմքը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկով.

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա բոլոր ապացույցները, մասնավորապես՝ արխիվային տեղեկանքը և Կադաստրի գրությունը:

Վեճի առարկա գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ Երվանդ Տոնոյանին դատաքննությանը մասնակից չդարձնելով՝ Դատարանը վճիռ է կայացրել նրա իրավունքների և պարտականությունների մասին, ինչը բոլոր դեպքերում վճիռը բեկանելու հիմք է:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ և 34-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել 1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշման պահանջները:

Բողոքի սույն հիմքը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկով:

Վեճի առարկա գույքը պատկանել է Հայկ Տոնոյանին, ում մահից հետո նրան պատկանող գույքին ժառանգության հիմքով կարող էին հավակնել նրա որդիները և կինը: Մինչդեռ, Դատարանը սխալ մեկնաբանելով 1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը վճռի պատճառաբանական մասում նշել է, որ «ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն 300 քմ հողամասը ընդհանուր սեփականության իրավունքով տրվել է հայցվորին և նրա ընտանիքին»:

Բացի այդ, Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 25.02.1998 թվականի թիվ 114 որոշման պահանջները:

3) Սույն գործով առկա է նոր երևան եկած հանգամանք:

Բողոքի սույն հիմքը բողոք բերած անձը հիմնավորել է հետևյալ փաստարկով:

Սույն գործով նոր երևան եկած հանգամանք է Երևանի Շենգավիթ համայնքի թիվ 7 տեղամասին լիազոր ներկայացուցչի 11.10.2007 թվականին տրված տեղեկանքները, որոնց համաձայն՝ Երվանդ Տոնոյանը ծնվել է Ն.Շենգավիթ, 12 փողոցի թիվ 21 հասցեում և մինչ օրս բնակվում է այդտեղ, ընտանիքը բաղկացած է 4 անձից: Բնակվելու ընթացքում ծնողների հետ վարել է համատեղ տնտեսություն, կատարել է ժառանգական գույքի պահպանման ծախսերը և եղբոր՝ Մերուժան Տոնոյանի հետ փաստացի տիրապետել և կառավարել է ժառանգական գույքը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 04.11.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանը.

Ըստ վճռաբեկ բողոքի պատասխանի՝ վեճի առարկա Երևանի Ն.Շենգավիթ, 12 փողոցի թիվ 21 հասցեում գտնվող գույքը երբևէ ծնողների անունով պետական գրանցում չի ունեցել, որի պարագայում Երվանդ Տոնոյանին, որպես ժառանգ այդ գույքի ճակատագիրը որոշելու վեճով դատաքննությանը մասնակից դարձնելու անհրաժեշտություն դատարանը չի ունեցել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) 25.05.1959 թվականին Կալինինի կոլտնտեսությունից Հայկ Երվանդի Տոնոյանին հատկացվել է 0,03 հա հողամաս:

2) Հայկ Երվանդի Տոնոյանը և Սիրանուշ Հարությունի Գասպարյանը ամուսնացել են 19.04.1958 թվականին:

3) Երվանդ Հայկի Տոնոյանի ծնողներն են Հայկ Երվանդի Տոնոյանը և Սիրանուշ Հարությունի Գասպարյանը:

4) Ն.Շենգավիթ 12 փողոցի թիվ 21ա տանը բնակվում են Երվանդ, Արմինե և Արմեն Տոնոյանները, Անահիտ Այվազյանը, Մերուժան Տոնոյանի ընտանիքը և Հրանուշ Տոնոյանը:

5) Դատարանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձրել Երվանդ Հայկի Տոնոյանին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ.

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Դատարանի կողմից բազմակողմանիորեն չի ուսումնասիրվել և չի գնահատվել սույն գործում առկա արխիվային տեղեկանքը և Կադաստրի գրությունը, որոնց համաձայն՝ վիճելի գույքը ժառանգական գույք է: Բացի այդ, սույն գործի փաստերի համաձայն՝ Երվանդ Տոնոյանը և նրա ընտանիքի անդամները բնակվում են վեճի առարկա տանը:

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված է հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Դատարանը վիճելի գույքի նկատմամբ Մերուժան Տոնոյանի սեփականության իրավունքը ճանաչելու մասին վճիռ կայացնելով, վճիռ է կայացրել գործի քննությանը մասնակից չդարձված Երվանդ Տոնոյանի իրավունքների վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը բողոքի առաջին հիմքը հիմնավոր է համարում և բավարար է դիտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ուժով դատական ակտը բեկանելու համար, որի պայմաններում վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 04.11.2005 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Ա. Մկրտումյան

Դատավորներ՝

Է. Հայրիյան

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան