Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.07/75.1
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
30.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի
դատական կոլեգիայի դատավճիռը
կայացրած դատարանի կազմը

ՎԲ-151/07

նախագահող դատավոր՝ Հ. Դանիելյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

30 օգոստոսի 2007 թ.

 

ք. Երևան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Տ. Սահակյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

Հ. Ղուկասյանի

Ս. Օհանյանի

 

քարտուղար՝

Ք. Մարտիրոսյանի

մասնակցությամբ

 

փաստաբան՝

Ա. Ղազարյանի

 

դատապարտյալ՝

Ա. Ունուսյանի

դռնբաց դատական նիստում, քննության առնելով դատապարտյալ Արմեն Ալբերտի Ունուսյանի կողմից հավատարմագրված փաստաբան Ա. Ղազարյանի միջոցով բերված վճռաբեկ բողոքը 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճռի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

 

Արմեն Ալբերտի Ունուսյանը ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճռով ՀՀ 1961 թվականի քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով, 99-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով և 37-րդ հոդվածի համակցությամբ դատապարտվել է ազատազրկման 15 (տասնհինգ) տարի ժամկետով:

ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ Արմեն Ունուսյանի վերաբերյալ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վճռաբեկ գանգատները՝ առանց բավարարման:

ՀՀ նախագահի 1999 թվականի ապրիլի 30-ի ՆՀ-244 հրամանագրով Ա.Ունուսյանի պատիժը կրճատվել է 4 (չորս) տարով և թողնվել է կրելու ազատազրկում 11 (տասնմեկ) տարի ժամկետով:

Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 1999 թվականի հոկտեմբերի 15-ի որոշմամբ Ա.Ունուսյանը, համաձայն ՀՀ ուղղիչ աշխատանքային օրենսգրքի 65-րդ հոդվածի, ուժեղացված ռեժիմի ուղղիչ աշխատանքային գաղութից տեղափոխվել է գաղութ-բնակավայր՝ մնացած 3 (երեք) տարի 7 (յոթ) ամիս 26 (քսանվեց) օր ժամկետով պատիժը կրելու համար:

Վճռաբեկ դատարանը ՀՀ գլխավոր դատախազի բողոքի հիման վրա 2000 թվականի նոյեմբերի 24-ի որոշմամբ Արմեն Ունուսյանի վերաբերյալ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճռի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշման մեջ մտցրել է փոփոխություն, այն է՝ Ա.Ունուսյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերով մեղսագրված հանցագործությունը վերաորակել է նույն օրենսգրքի 102-րդ և 103-րդ հոդվածներով և սահմանել ազատազրկում երեքական տարի ժամկետով, իսկ 183-րդ հոդվածի 2-րդ մասով նշված դատավճիռն ու որոշումը թողել է անփոփոխ: ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները համակցել է նվազ խիստ պատիժն ավելի խիստ պատժի մեջ կլանելու սկզբունքով ու վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 10 (տասը) տարի ժամկետով:

Վճռաբեկ դատարանը Ա.Ունուսյանի նկատմամբ կիրառել է «ՀՀ անկախության հռչակման տարեդարձի առթիվ ամնիստիայի մասին» 1992 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՀ օրենքի 5-րդ կետի «բ» ենթակետը, «ՀՀ Սահմանադրության ընդունման կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 1995 թվականի սեպտեմբերի 26-ի որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը և «ՀՀ անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ազգային ժողովի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի որոշման 4-րդ կետի «բ» ենթակետը և նրան ազատել պատժի հետագա կրումից:

Դատապարտյալ Ա.Ունուսյանի կողմից հավատարմագրված փաստաբանի միջոցով բերված բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Ա. Ունուսյանը աշխատել է ՀՀ ներքին գործերի (այսուհետ՝ ՆԳ) նախարարության հասարակական կարգի պահպանության բաժնում որպես տեսուչ: 1992 թվականի հունիսի 5-ին ՆԳ նախարարության կողմից կազմակերպված ստուգայցային միջոցառմանը մասնակցելու նպատակով ընդգրկվել է միլիցիայի 5 աշխատակիցներից կազմված օպերատիվ խմբում: ՆԳ նախարարության շենքի բակում անցկացված հրահանգավորումից հետո խումբը պետավտոտեսչության «ԳԱԶ-24» մակնիշի 01-09 ԱԴԱ պետհամարանիշի ավտոմեքենայով Երևանի նախկին Կալինինի փողոցով մեկնել է իրենց համար առանձնացված ծառայության վայրը՝ Էջմիածնի շրջանի Փարաքար գյուղ: Կալինինի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկում նկատելով իրենցից առաջ համընթաց ուղղությամբ խաչմերուկին մոտեցած «ՎԱԶ-2107» մակնիշի, առանց հետևի պետհամարանիշի, մգեցված ապակիներով ավտոմեքենան՝ խմբի անդամ Գ.Հովհաննիսյանը նշան է արել կանգնել, սակայն հիշյալ ավտոմեքենայի վարորդ, գործով տուժող Արման Եսայանը չի կատարել միլիցիայի աշխատակցի պահանջը և դիմել է փախուստի:

Օպերատիվ խումբը հետապնդել է փախչող ավտոմեքենան, որի ընթացքում Արմեն Ունուսյանն իր մոտ եղած «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ զենքով նախազգուշական կրակոցներ է արձակել, սակայն Արման Եսայանը դարձյալ չի կանգնել և շարունակել է փախչել դեպի Սեբաստիա փողոցի կողմը:

Երբ Երևանյան լճի և Էջմիածնի խճուղու միջև ընկած տարածքում պետավտոտեսչության ավտոմեքենան ձախ կողմից մոտեցել է փախչող ավտոմեքենային, Ա.Ունուսյանը այն կանգնեցնելու նպատակով դրա ուղղությամբ արձակել է կրակոցներ և հետևի նստատեղին նստած ուղևոր Մհեր Գաբրիելյանին պատճառել կյանքի հետ անհամատեղելի ծանր մարմնական վնասվածք, որի հետևանքով վերջինս նույն օրը հիվանդանոցում մահացել է:

Շարունակելով հետապնդումը՝ Սեբաստիա և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկի մոտ միլիցիայի ավտոմեքենան հասել-անցել է հետապնդվող ավտոմեքենան և փակել նրա ճանապարհը: Ա.Ունուսյանը, ընթացքի ժամանակ իջնելով «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայից և հայտնվելով դեպի իրեն ընթացքը շարունակող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ մասում, վերջինիս ուղղությամբ արձակել է կրակոցներ՝ այն կանգնեցնելու նպատակով: Դրա հետևանքով ավտոմեքենայի վարորդ Արմեն Արայի Եսայանին պատճառվել է մահ, իսկ մյուս ուղևոր Կարեն Մարգարյանին՝ նվազ ծանր մարմնական վնասվածք:

 

3. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ բողոք բերած անձը գտնում է, որ Ա.Ունուսյանի վերաբերյալ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշումը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով ենթակա է բեկանման հետևյալ պատճառաբանությամբ:

Տուժող Ա.Եսայանը փախուստի դիմելու ընթացքում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան վարել է անթույլատրելի բարձր արագությամբ և խախտելով երթևեկության կանոնները՝ իր գործողություններով ստեղծել է բազմաթիվ վթարային իրավիճակներ, իրական վտանգի տակ դրել երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը: Բացի այդ, «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի հետևի պետհամարանիշի բացակայությունը, մգեցված ապակիներով լինելն ու միլիցիայի աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելն օպերատիվ խմբի մոտ տպավորություն է ստեղծել, որ իրենք գործ ունեն հանցագործների հետ:

Բողոքի հեղինակի կարծիքով, դատարանը հաշվի չի առել այն, որ ավտոմեքենան կանգնեցնելու համար ձեռնարկվել են բոլոր հնարավոր միջոցները՝ տրվել են լուսային և ձայնային ազդանշաններ, արձակվել նախազգուշական կրակոցներ: Միայն դրանից հետո է Ա.Ունուսյանը կրակոցներն ուղղել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ՝ փորձելով վերջինիս անվադողը վնասելու միջոցով հարկադրել նրան կանգնելու:

Ըստ բողոք բերած անձի՝ Ա.Ունուսյանի կողմից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ մասի ուղղությամբ արձակված կրակոցները նույնպես հետապնդել են նշված ավտոմեքենան կանգնեցնելու նպատակ: Մասնավորապես, երբ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան մոտեցել է Սեբաստիա և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկի մոտ գտնվող կանգառին և ընթացքը դանդաղեցրել է, հետապնդողների ավտոմեքենան առաջ է անցել վերջինից: Այդ պահին Ա.Ունուսյանը դուրս է թռչել ավտոմեքենայից ու հայտնվել ընթացքը դեպի իրեն շարունակող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ մասում: Վերջինիս դեպի իրեն ընթանալը ընկալելով՝ որպես իր անձի դեմ ուղղված ոտնձգություն՝ արձակել է կրակոցներ՝ այն կանգնեցնելու նպատակով: Միայն այդ բանից հետո է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան թեքվել աջ, բարձրացել մայթի վրա և առաջ ընթանալով՝ բախվել է ցանկապատին ու կանգ առել:

Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Ա.Ունուսյանի գործողությունները հիմնված են եղել ՀՀ նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի հրամանագրի և ՀՀ գլխավոր դատախազի 1992 թվականի ապրիլի 10-ի միջնորդության, «Զինված հանցագործ խմբավորումների դեմ պայքարի ակտիվացման, հետախուզվող անձանց և ավտոմեքենաների հայտնաբերման, ապօրինի պահվող զենքի ու զինամթերքի առգրավման ուղղությամբ միջոցառումների» վերաբերյալ ՀՀ ՆԳ նախարարի 1992 թվականի մայիսի 27-ի հրամանի, «Խորհրդային միլիցիայի մասին» 1991 թվականի մայիսի 6-ի ԽՍՀՄ օրենքի պահանջների վրա:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հեղինակը եզրահանգել է, որ Ա.Ունուսյանի գործողություններում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները բացակայում են:

Ելնելով վերոգրյալից՝ վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է Արմեն Ալբերտի Ունուսյանի վերաբերյալ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշումը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով բեկանել և նրան այդ մասով ճանաչել արդարացված:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

Համաձայն 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի՝

«Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորյալ կերպով այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են գալիս օրենքով նրան վերապահված իրավունքների և լիազորությունների սահմաններից, եթե այն էական վնաս (նյութական վնասի դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի (արժեքի)) է պատճառել պետական կամ հասարակական շահերին, կամ քաղաքացիների՝ օրենքով պաշտպանվող իրավունքներին ու շահերին՝ պատժվում է ազատազրկմամբ՝ մինչև երեք տարի ժամանակով և տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մինչև երկու տարի ժամանակով և տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով, կամ պաշտոնանկությամբ և տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկից մինչև վաթսունապատիկի չափով:

Իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, եթե այն զուգորդվել է բռնության, զենք գործադրելու, կամ տուժողի համար տանջալից և նրա անձնական արժանապատվությունը վիրավորող գործողությունների հետ՝ պատժվում է ազատազրկմամբ երեքից մինչև տասը տարի ժամանակով և տուգանքով՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»:

Ա. Ունուսյանի կողմից իշխանազանցություն թույլ տալու կամ իր պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու փաստը հավաստելու համար անհրաժեշտ է պարզել, թե կոնկրետ որ օրենքով են եղել սահմանված նրա լիազորությունները, ինչումն է եղել դրանց բնույթը, ինչպես նաև վեր հանել այն հատուկ պայմանները, որոնց առկայությամբ նա կարող էր գործել:

Անհրաժեշտ է նաև բացահայտել նկարագրված հանցակազմը բնութագրող այնպիսի պարտադիր հատկանիշի առկայությունը, ինչպիսին է պաշտոնատար անձի կողմից օրենքով իրեն վերապահված իրավունքների և լիազորությունների սահմաններից ակնհայտորեն դուրս գործողություններ կատարելը: Սա նշանակում է, որ պաշտոնատար անձը պետք է հստակ գիտակցի, որ գործում է օրենքով իրեն վերապահված իրավունքների և լիազորությունների սահմաններից բացահայտ դուրս:

Համաձայն 1992 թվականի հունիսի 5-ի դրությամբ գործող 1991 թվականի մարտի 6-ին ընդունված «Խորհրդային միլիցիայի մասին» ԽՍՀՄ օրենքի 15-րդ հոդվածի՝ միլիցիայի աշխատակիցները տրանսպորտային միջոցները կանգնեցնելու համար դրանք վնասելու միջոցով իրավունք ունեն օգտագործել զենք, եթե վարորդն իրական վտանգի տակ է դնում քաղաքացիների կյանքը և առողջությունը և չի ենթարկվում կանգնելու՝ միլիցիայի աշխատակիցների մեկից ավելի պահանջներին:

Ընդ որում, 2001 թվականի ապրիլի 16-ին ընդունված «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածը նույնպես ոստիկանության ծառայողներին իրավունք է վերապահում հրազեն օգտագործել տրանսպորտային միջոցը վնասելով կանգնեցնելիս, եթե վարորդը իրական վտանգ է ստեղծում քաղաքացիների կյանքի ու առողջության համար և չի ենթարկվում ոստիկանության ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշաններին:

Ինչպես երևում է գործի նյութերից, Երևանի նախկին Կալինինի և Մայիսի 9-ի փողոցների խաչմերուկի մոտ ժամը 19-20-ի սահմաններում միլիցիայի աշխատակիցները նկատել են առանց հետևի պետհամարանիշի, մգացված ապակիներով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և ստուգման նպատակով այն կանգնեցնելու նշան են արել: Սակայն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան լուսացույցի կարմիր ազդանշանի պայմաններում դիմել է փախուստի: Միլիցիայի աշխատակիցները, կարծելով՝ մեքենան գողացված է, սկսել են այն հետապնդել: Այդ ընթացքում լուսային ու ձայնային ազդանշաններով փորձել են կանգնեցնել փախչող ավտոմեքենան, սակայն վերջինս չի ենթարկվել միլիցիայի աշխատակիցների պահանջներին: Այնուհետև Ա.Ունուսյանն արձակել է նախազգուշական կրակոցներ, սակայն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Եսայանը դարձյալ չի ենթարկվել կանգնելու՝ միլիցիայի աշխատակիցների պահանջներին և բարձր արագությամբ շարունակել է փախուստը Գարեգին Նժդեհի հրապարակի ուղղությամբ: Այնուհետև Ա.Ունուսյանը կրակոցներն ուղղել է դեպի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ փորձելով վերջինիս անվադողը վնասելու միջոցով հարկադրել նրան կանգնելու: Շարունակելով հետապնդումը՝ Սեբաստիա և Շահումյան 1-ին փողոցների խաչմերուկի կանգառի մոտ միլիցիայի աշխատակիցներին հաջողվել է շրջանցել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան և փակել դրա ճանապարհը: Այդ պահին Ա.Ունուսյանը դուրս է թռչել ավտոմեքենայից ու հայտնվելով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի առջևի ձախ մասում՝ դրա ընթացքը կասեցնելու նպատակով արձակել է կրակոցներ: Դրանից հետո «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան թեքվել է դեպի աջ, հարվածել ցանկապատին ու կանգ առել:

Գործի նշված փաստական հանգամանքները հիմնավորվել են ինչպես դատապարտյալ Ա.Ունուսյանի (h.1 գ.թ. 29-34, 196-203, 243-249, հ.2 գ.թ. 170-174, h. 3 գ.թ. 26-161), այնպես էլ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում գտնված տուժող Կ.Մարգարյանի (h.1 գ.թ. 55-57, 63-66, 149-161, 243-249, h.2 գ.թ. 17-19, 20-25, h. 3 գ.թ. 26-161), որպես վկա հարցաքննված օպերատիվ խմբի անդամեր Ռ.Քոչարյանի, Գ.Հովհաննիսյանի, Գ.Գրիգորյանի և Ս.Առաքելյանի (h.1 գ.թ. 35-37, 38-42, 43-46, 47-50, 102-112, 113-117, 141-148, 183-192, h.2 գ.թ. 20-25, 162-164, h.3 գ.թ. 26-161), դեպքի ականատես Լ.Պիվազյանի (հ.1 գ.թ. 258-262) ցուցմունքներով:

Փաստորեն, տուժող Ա. Եսայանը Երևան քաղաքի բանուկ հատվածով ժամը 19-20-ի սահմաններում, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան վարել է անթույլատրելի բարձր արագությամբ: Դրանով իսկ ստեղծել է վթարային իրավիճակներ և իրական վտանգի տակ դրել քաղաքացիների կյանքն ու առողջությունը: Չնայած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան կանգնեցնելու նպատակով միլիցիայի աշխատակիցների կողմից տրված բազմաթիվ լուսային և ձայնային ազդանշաններին` Ա.Եսայանը որևէ կերպ չի ցանկացել կանգնեցնել այն: «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան չի կանգնել նույնիսկ այն ժամանակ, երբ Ա. Ունուսյանն արձակել է նախազգուշական կրակոցներ: Հետևաբար, նման պայմաններում Ա. Ունուսյանի կողմից զենք օգտագործելը եղել է իրավաչափ, քանի որ ուղղված է եղել տուժողների հակաիրավական վարքագիծը կանխելուն: Բացի այդ, Ա. Ունուսյանի կողմից դեպի «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան արձակված կրակոցները ոչ թե ուղղված են եղել դրա մեջ գտնվող անձանց, այլ նպատակ են հետապնդել վնասելու միջոցով կանգնեցնել այդ ավտոմեքենան: Դա հաստատվել է նաև դատաձգաբանական, ինչպես նաև դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննությունների եզրակացություններով (հ.2 գ.թ. 113-131, 154-161):

Այսինքն՝ կոնկրետ դեպքում Ա. Ունուսյանը գործել է «Խորհրդային միլիցիայի մասին» ԽՍՀՄ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

Ա. Ունուսյանի նկարագրված գործողությունները հիմնված են եղել նաև ՀՀ նախագահի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի հրամանագրի և ՀՀ գլխավոր դատախազի 1992 թվականի ապրիլի 10-ի միջնորդության, «Զինված հանցագործ խմբավորումների դեմ պայքարի ակտիվացման, հետախուզվող անձանց և ավտոմեքենաների հայտնաբերման, ապօրինի պահվող զենքի ու զինամթերքի առգրավման ուղղությամբ միջոցառումների» վերաբերյալ «Հրազեն-92» պայմանական անվամբ ՀՀ ՆԳՆ 1992 թվականի մայիսի 27-ի հրամանով հաստատված պլանի պահանջների վրա:

Ուստի, անհիմն է որպես մեղադրյալի պատասխանատվության կանչելու մասին որոշման, ինչպես նաև ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճռում տեղ գտած հետևությունը Ա. Ունուսյանի կողմից առանց անհրաժեշտության զենք օգտագործելու վերաբերյալ:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են եղել օրենքով նախատեսված հատուկ պայմաններ, որոնց առկայությամբ Ա. Ունուսյանը կարող էր զենք օգտագործել: Հետևաբար, նրա արարքում բացակայում է ՀՀ 1961 թվականի քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված հանցակազմը:

Նման պայմաններում անհիմն կերպով Ա. Ունուսյանին վերագրելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը` դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման:

Վերը նշված նյութական իրավունքի խախտումը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 397-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշումը ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով բեկանելու և հանցակազմի բացակայության պատճառով այդ մասով գործի վարույթը կարճելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ գործով կայացվող դատական ակտը էական նշանակություն կունենա օրենքի միատեսակ կիրառության ապահովման համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ, 403-406-րդ, 415-419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

Բողոքը բավարարել: Արմեն Ալբերտի Ունուսյանի վերաբերյալ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1993 թվականի մայիսի 27-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ գերագույն դատարանի նախագահության 1993 թվականի հուլիսի 16-ի որոշումը 1961 թվականի մարտի 7-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասով բեկանել և այդ մասով գործի վարույթը կարճել` հանցակազմի բացակայության պատճառով:

Դատավճռի մնացած մասը թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Տ. Սահակյան

Դատավորներ՝

Հ. Ասատրյան

 

Հ. Ղուկասյան

 

Ս. Օհանյան