Գլխավոր տեղեկություն
Համար
N 1161-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.11.2007-22.12.2011)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.24/52(576) Հոդ.1082
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.11.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2007 թվականի N 1161-Ն

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՆՈՐՄԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը` համաձայն N 1 հավելվածի.

2) բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանը ներկայացվող պահանջները և դրանց ապահովմանն ուղղված վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացման առավելագույն ժամկետները` համաձայն N 2 հավելվածի.

3) բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի տեսողական զննման մատյանի ձևը` համաձայն N 3 հավելվածի:

2. Սահմանել, որ սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանների (այսուհետ` ՍՇՌՄՀ) միջոցով սեյսմամեկուսացված բազմաբնակարան շենքում տեղակայված ՍՇՌՄՀ-ների, դրանց տեղակայման տարածքների (նկուղ, տեխնիկական հարկ, ձեղնահարկ) և այդ տարածքներով անցնող շենքի ինժեներական ցանցերի, տեխնիկական շահագործմանը ներկայացվող քաղաքաշինական, սանիտարական և հակահրդեհային գործող նորմերի պահանջների ապահովումն իրականացվում է սույն որոշման համաձայն:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո`

1) մեկամսյա ժամկետում` սահմանված կարգով հաստատել սեյսմամեկուսացված շերտավոր ռետինամետաղե հենարանների տեխնիկական վիճակի հետազննության կարգը.

2) եռամսյա ժամկետում մշակել և հաստատել սույն որոշմամբ բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման սահմանված նորմերի շրջանակներում պարտադիր իրականացման ենթակա միջոցառումների և աշխատանքների համար անհրաժեշտ խոշորացված ծախսերի հաշվարկման մեթոդական ցուցումներ:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 18-ի «Բնակելի ֆոնդի պահպանման, շահագործման և սպասարկման միասնական կանոնները հաստատելու մասին» N 47 և 2002 թվականի հոկտեմբերի 10-ի «Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին» N 1625-Ն որոշումները:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հոկտեմբերի 15
Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման

 

Պ Ա Ր Տ Ա Դ Ի Ր  Ն Ո Ր Մ Ե Ր

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության` շենքը կրող կառուցվածքների, շենքի միջհարկային ծածկերի (առաստաղների, հատակների), նկուղների, ձեղնահարկի, տեխնիկական հարկերի, տանիքի, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերի, աստիճանավանդակների, աստիճանների, վերելակների, վերելակային և այլ հորերի, մեխանիկական, էլեկտրական և այլ սարքավորումների ու տարածքների պահպանմանը ներկայացվող քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային և կոմունալ սպասարկման պահանջների ապահովմանն ուղղված պարտադիր նորմերը ներառում են այնպիսի նվազագույն ծավալի պարտադիր իրականացման ենթակա կազմակերպական և տեխնիկական համալիր միջոցառումներ ու աշխատանքներ, որոնց ժամանակին չիրականացումը կարող է ուղղակի վտանգ ներկայացնել շինությունների սեփականատերերի կամ այլ մարդկանց կյանքին, առողջությանը, անձանց գույքին, շրջակա միջավայրին:

 2. Պարտադիր իրականացման են ենթակա հետևյալ միջոցառումները և աշխատանքները`

1) սպառման թափոնների հեռացում` առնվազն երեք օրը մեկ անգամ, իսկ +50C և ավելի բարձր օդի ջերմաստիճանի դեպքում` ամեն օր.

2) ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի ու աղբահավաք խցերի դեզինսեկցիայի (պայքար միջատների դեմ) և դեռատիզացիայի (պայքար կրծողների դեմ) իրականացում` առնվազն երեք ամիսը մեկ անգամ.

3) ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրում` առնվազն երկու օրը մեկ անգամ.

4) ծխաօդատար ուղիների մաքրում-կարգաբերում` առնվազն տարեկան մեկ անգամ.

5) վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման N 2 հավելվածում նշված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանը ներկայացվող պահանջների ապահովմանը.

6) վերանորոգման աշխատանքների և կանխարգելիչ միջոցառումների իրականացման ժամկետները որոշվում են շենքի կառավարման մարմնի կողմից` առնվազն տարեկան 2 անգամ (գարնանը և աշնանը) կատարվող տեսողական զննման, անհրաժեշտության դեպքում` մասնագիտական կազմակերպության կողմից տրված եզրակացության հիման վրա, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման N 2 հավելվածում նշված ժամկետներում.

7) վթարային բնույթի այն վնասվածքներն ու անսարքությունները, որոնք կարող են ուղղակի վտանգ ներկայացնել, անհապաղ պետք է վերացվեն: Ուղղակի վտանգի փաստը պետք է հաստատվի տվյալ բնագավառում պետական լիազորված մարմնի կողմից.

8) տեսողական զննման արդյունքները գրառվում են հատուկ մատյանում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման N 3 հավելվածով սահմանված ձևի.

9) բազմաբնակարան շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները կատարվում են պարբերաբար, բայց ոչ ուշ, քան 10 տարին մեկ անգամ.

10) ավելի քան 10 տարի առաջ կառուցված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում.

11) նոր կառուցվող, ինչպես նաև մինչև 10 տարի առաջ կառուցված շենքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունն իրականացվում է դրանց 10 տարին լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1. ՀԻՄՔԵՐԸ

 

 1) Շենքի հիմքերը խոնավությունից պահպանելու նպատակով սալվածքի մակերեսը պետք է լինի հարթ, առանց խորդուբորդությունների ու հետադարձ թեքությունների և դրա ու շենքի պատերի միջև` առանց նորմատիվային չափերը գերազանցող ճեղքերի:

2) Հիմքերի նստվածքային ճաքերը պետք է լինեն նորմերով թույլատրելի շեղումների շրջանակներում` առանց ուղղակի վտանգ սպառնացող վնասվածքների:

 

2. ՍՅՈՒՆԵՐԸ ԵՎ ՀԵԾԱՆՆԵՐԸ

 

1) Սյուները և հեծանները պետք է լինեն առանց այնպիսի ճաքերի և այլ վնասվածքների, որոնք կարող են պատճառ հանդիսանալ դրանց մետաղական մասերի քայքայմանը` ջրի ու մթնոլորտի ազդեցությունից:

 

3. ՊԱՏԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐՐԵՐԸ

 

1) Շենքի պատերը և դրանց տարրերը պետք է շահագործվեն և պահպանվեն առանց ուղղակի վտանգ սպառնացող վնասվածքների:

2) Քարե շարվածքով շենքի պատերը պետք է լինեն առանց այնպիսի վնասվածքների (շարվածքի կարանների զանգվածային հողմահարում, միջանցիկ ճաքեր, քարե շարվածքի քայքայում, շերտավորում, կքման առկայություն և շեղումներ` ուղղաձիգից), որոնք կարող են բերել խոնավության ներթափանցմանը, պատերից քարերի անկմանը և պատի փլուզմանը:

3) Երկաթբետոնե և պողպատե կարկասային շենքերի ինքնակրող պատերը պետք է լինեն առանց նորմատիվային թույլատրելի չափերը գերազանցող` խոր բացված նստվածքային ճաքերի, երեսապատման շերտազատման և անկման, մետաղական միջադիր մասերի (կապերի) տեղադրման տեղում ժանգոտ բծերի առկայության:

4) Խոշորապանելային շենքերի պատերի արտաքին պանելները պետք է լինեն առանց նկատելի շեղումների ուղղաձիգից, միջադիր դետալների պոկման, կցվածքների հերմետիկության խախտումների, արտաքին պանելների խոնավացման, ջրակալման կամ սառցապատման, ինչպես նաև պանելների երեսապատման շերտազատման և անկման:

5) Շենքերի արտաքին պատերի տարրերի (միջհարկային քիվեր, պատշգամբներ, էրկերներ և այլն) վիճակը պետք է լինի առանց փլուզման վտանգի սպառնալիքի: Միջհարկային քիվերը պետք է ունենան նորմատիվային թեքություն` ջրաթափի համար, ինչպես նաև լինեն առանց վնասվածքների ջրամեկուսացման ծածկերում, ճակատներում և այլ ճակատային ելուստներում: Բարձակների, պատշգամբային հարթակների և էրկերների լծորդումները պատերի հետ պետք է համապատասխանեն նորմերին:

 

4. ՄԻՋՀԱՐԿԱՅԻՆ ԾԱԾԿԵՐԸ (ԱՌԱՍՏԱՂՆԵՐ ԵՎ ՀԱՏԱԿՆԵՐ)

 

1) Միջհարկային ծածկերը պետք է լինեն կայուն և առանց ուղղակի վտանգ սպառնացող` նորմատիվային թույլատրելի շեղումները գերազանցող ճկվածքների ու տատանումների և պետք է զերծ լինեն խոնավացումից:

 

5. ՍԵՅՍՄԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՇԵՐՏԱՎՈՐ ՌԵՏԻՆԱՄԵՏԱՂԵ ՀԵՆԱՐԱՆՆԵՐԸ (ՍՇՌՄՀ)

 

1) ՍՇՌՄՀ-ի միջոցով սեյսմամեկուսացված շենքերի շահագործման ընթացքում պետք է պահպանվեն դրանց նախագծային լուծումներով նախատեսված պարամետրերը և ջերմաստիճանային ռեժիմը:

2) ՍՇՌՄՀ-ների ընդհանուր կքվածությունը, դրանց ռետինե մակերևույթի ճաքերը, տեղային պալարները, պղպջակները և այլ վնասվածքներ պետք է չգերազանցեն համապատասխան նորմերով և ստանդարտներով սահմանված չափերը:

3) ՍՇՌՄՀ-ով զինված շենքերում պետք է ապահովված լինի շենքերի նախագծով նախատեսված դրանց մեկուսացումն ազատ գրունտից:

4) ՍՇՌՄՀ-ի մետաղական դետալները պետք է պաշտպանված լինեն կոռոզիայից, և բացառվի սեյսմամեկուսչի տարրերի աղտոտումը ներկով, սվաղով, այլ նյութերով ու դրանց շփումն այլ նյութերի հետ:

5) Շահագործման ընթացքում ՍՇՌՄՀ-ների փոխարինման անհրաժեշտություն առաջանալու դեպքում այդ աշխատանքները պետք է կատարվեն մասնագիտական կազմակերպության կողմից` հաստատված նախագծի հիման վրա:

 

6. ՆԿՈՒՂԸ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՐԿԸ ԵՎ ՁԵՂՆԱՀԱՐԿԸ

 

1) Նկուղներում, տեխնիկական հարկերում և ձեղնահարկերում (այսուհետ` տարածքներ) օդի ջերմաստիճանը պետք է պահպանվի +00C աստիճանից ոչ պակաս, իսկ համեմատական խոնավության մակարդակը` 65 տոկոսից ոչ ավելի:

2) Սեյսմամեկուսիչներով զինված շենքերի տարածքներում պետք է ապահովվի այդ տարածքներում տեղակայված ՍՇՌՄՀ-ներին ազատ մոտեցումը և դրանց յուրաքանչյուրի անխոչընդոտ փոխարինման հնարավորությունը:

 

7. ՏԱՆԻՔՆԵՐԸ ԵՎ ՏԱՆԻՔՆԵՐԻՑ ՋՐԱՀԵՌԱՑՆՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ

 

1) Տանիքները պետք է լինեն առանց այնպիսի վնասվածքների, որոնք կարող են պատճառ հանդիսանալ ջրի թափանցմանը դեպի շենքի կոնստրուկցիաները:

2) Տանիքածածկի փայտյա տարրերը պետք է մշակված լինեն հրակայուն լուծույթով:

3) Ձմռանը տանիքները պետք է մաքրվեն ձյունից և սառցալեզվակներից:

4) Տանիքներից ջրահեռացնող սարքավորումները (ձագարները, ջրհորդան խողովակները, կախովի ջրհոս ճոռերը և այլ ջրհորդան սարքավորումներ) պետք է ապահովեն շենքի տանիքից ջրի հեռացումը: Պետք է նաև պահպանվի ջրհորդան խողովակների նորմատիվային ուղղաձգությունը և հորիզոնական մասերի թեքությունը, նրանց առանձին օղակների միացման խտությունը:

5) Ջրհորդան խողովակների տակ պետք է տեղադրված լինեն ջրահեռացնող վաքեր:

6) Ջրահեռացնող սարքավորումների փողրակները, ցվիքները, վաքերը և ձագարները պետք է լինեն սարքին և պահվեն մաքուր վիճակում, իսկ ձմռանը` մաքրվեն սառցալեզվակներից և մակասառցաջրից:

 

8. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄՈՒՏՔԵՐԸ, ԱՍՏԻՃԱՆԱՎԱՆԴԱԿՆԵՐԸ, ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ

 

1) Աստիճանների բազրիքները պետք է լինեն հուսալի ամրացված և շահագործման տեսանկյունից անվտանգ:

2) Մուտքերը պետք է ունենան դռներ և ապահովված լինեն արհեստական լուսավորվածությամբ:

3) Տեղակայված էլեկտրավահանակները պետք է հուսալի փակված լինեն դռնակով, իսկ էլեկտրական հաղորդալարերն անցնեն փակ վիճակով:

4) Աստիճանավանդակների բնական լուսավորությունն ապահովող պատուհանները պետք է ապակեպատված լինեն:

 

9. ԱՂԲԱՄՈՒՂՆԵՐԸ ԵՎ ԱՂԲԱԽՑԵՐԸ

 

1) Աղբամուղները պետք է գործեն անխափան` քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային նորմերի պահանջների ապահովմամբ:

2) Աղբամուղների ձեղնահարկային դռնակները և հորանների ստուգիչ անցքերի կափարիչները պետք է պահվեն փակ վիճակում:

3) Աղբամուղների բեռնավորող փականների կափարիչները պետք է ապահովված լինեն ռետինե միջադիրներով և հուսալի փակվեն: 

4) Աղբախցերի դռները պետք է ամուր փակվեն և ունենան սողնակ, նրանց ստորին մասը և շեմքերը` պատվեն թիթեղով, իսկ հատակների անցքերը և բացվածքները ամրակցվեն` բացառելով կրծողների և միջատների թափանցումը:

5) Աղբախցերի ներսի պատերը պետք է երեսապատված լինեն խոնավ եղանակով մաքրման հնարավորություն ընձեռող նյութերով և ապահովված լինեն ջրի ծորակով և հոսակով: Աղբախցերը պետք է ապահովված լինեն բնական արտածման օդափոխությամբ:

 

10. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՐՏԱՁԻԳ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՈՐԱՆՆԵՐԸ ԵՎ ԾԽԱՕԴԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԸ

 

1) Արտաձիգ օդափոխության հորանները և ծխատար ուղիները պետք է ապահովեն նորմատիվային օդափոխությունը և քարշանքը բոլոր շինություններում:

 

11. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ` ՎԵՐԵԼԱԿՆԵՐԸ, ԼՈԿԱԼ ՋԵՌՈՒՑՄԱՆ ԿԱԹՍԱՆԵՐԸ, ՕԴԻ ԼԱՎՈՐԱԿՄԱՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՅԼ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

 

1) Շենքում տեղակայված վերելակների, լոկալ ջեռուցման կաթսաների, պոմպերի, օդի լավորակման ու օդափոխության և այլ սարքավորումների տեխնիկական վիճակը պետք է լինի առանց մարդկանց կյանքին սպառնալիքի, և դրանց անվտանգ շահագործումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

12. ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ

 

1) Բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված և գործող ինժեներական ցանցերը (ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում, ջերմամատակարարում, էլեկտրամատակարարում) պետք է ապահովեն ծառայությունների անխափան մատուցումը:

2) Ջրի, գազի, ջերմային էներգիայի մատակարարումը և ջրահեռացումը խողովակաշարերից ու սարքերից պետք է ապահովվի առանց հոսակորուստների:

3) Ջրամատակարարման, գազամատակարարման և ջերմամատակարարման ցանցերում տեղադրված փականների և սողնակների աշխատանքը պետք է ապահովի ցանցի անխափան միացումը և անջատումն անհրաժեշտության դեպքում:

4) Կոյուղու կանգնակների ստուգիչ պատուհանները պետք է ունենան դրանց մոտենալու ազատ հնարավորություն:

5) Էլեկտրամատակարարման ցանցերը պետք է լինեն հուսալի` բացառելով հոսանքի կարճ միացումների և նորմալ ռեժիմի աշխատանքի այնպիսի շեղումների առաջացումը, որոնք կարող են հանգեցնել հրդեհավտանգ իրավիճակի և մարդկանց կյանքին սպառնացող վտանգների:

 

13. ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

1) Շենքում վերանորոգման աշխատանքները և կանխարգելիչ միջոցառումները ենթակա են իրականացման` բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` հետևյալ ժամկետներում`

ա. 1-ին կետի 2-րդ ենթակետի, 2-րդ կետի 1-ին ենթակետի, 3-րդ կետի 1-ին և 5-րդ ենթակետերի, 4-րդ կետի 1-ին ենթակետի, 5-րդ կետի 1-5-րդ ենթակետերի, 7-րդ կետի 1-ին, 3-րդ և 6-րդ ենթակետերի, 8-րդ կետի 1-ին ենթակետի, 9-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, 10-րդ կետի 1-ին ենթակետի, 11-րդ կետի 1-ին ենթակետի, 12-րդ կետի 1-ին, 2-րդ (գազի մասով), 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները պետք է կատարվեն խելամիտ ժամկետներում,

բ. 1-ին կետի 1-ին ենթակետի, 3-րդ կետի 2-4-րդ ենթակետերի, 6-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, 7-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերի, 12-րդ կետի 2-րդ ենթակետի (ջրի, ջերմային էներգիայի և ջրահեռացման մասով) պահանջների կատարման համար` առավելագույնը մեկ տարվա ընթացքում,

գ. 7-րդ կետի 2-րդ ենթակետի, 8-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների կատարման համար` առավելագույնը 2 տարվա ընթացքում,

դ. 8-րդ կետի 3-րդ ենթակետի, 9-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի պահանջների կատարման համար` առավելագույնը 3 տարվա ընթացքում,

ե. 9-րդ կետի 5-րդ ենթակետի պահանջի կատարման համար` առավելագույնը 5 տարվա ընթացքում:

2) 13-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ», «դ» և «ե» պարբերություններով սահմանված ժամկետները լրանալուց հետո դրանց պահանջների ապահովմանն ուղղված վերանորոգման աշխատանքները և կանխարգելիչ միջոցառումները պետք է իրականացվեն խելամիտ ժամկետներում:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

     

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2007 թվականի
հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման

 

Մ Ա Տ Յ Ա Ն

 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԴԻՏՈՂԱԿԱՆ ՀԵՏԱԶՆՆՈՒԹՅԱՆ

 

Հետազննության կատարման ժամկետը _____ ______________ 200  թ.

Շենքի հասցեն ____________________

Շենքի հարկայնությունը __________

Շենքի շինությունների թիվը _____ , որոնցից ոչ բնակելի տարածքների թիվը _____ , ընդհանուր մակերեսը ______ (քառ.մ)

Շենքի կառավարման մարմնի ղեկավար ____________________________________
  (անունը, ազգանունը, հայրանունը)

 

Բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի անվանումը Դիտողական հետազննության արդյունքներով շենքի տարրերում հայտնաբերված վնասվածքներն ու անսարքությունները
  վնասվածքների ու անսարքությունների նկարագրությունը  վնասվածքների ու անսարքությունների վերացմանն ուղղված անհրաժեշտ վերանորոգման աշխատանքները և միջոցառումները անհրաժեշտ աշխատանքների և միջոցառումների կատարման ժամկետները
1 2 3 4
1. Հիմքերը      
2. Սյուները և հեծանները      
3. Պատերը և դրանց տարրերը      
4. Միջհարկային ծածկերը (առաստաղներ և հատակներ)      
5. Սեյսմամեկուսացման շերտավոր ռետինամետաղե հենարանները      
6. Նկուղը, տեխնիկական հարկը և ձեղնահարկը      
7. Տանիքները և տանիքներից ջրահեռացնող սարքավորումները      
8. Մուտքերը      
9. Աստիճանավանդակները      
10. Աստիճանները      
11. Աղբամուղները և աղբախցերը      
12. Արտաձիգ օդափոխության հորանները և ծխաօդատար ուղիները      
13. Վերելակները      
14. Լոկալ ջեռուցման կաթսաները      
15. Օդի լավորակման և օդափոխության սարքավորումները      
16. Այլ սարքավորումներ      
17. Ինժեներական ցանցերը(ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում, ջերմամատակարարում, էլեկտրամատակարարում)      

 

Շենքի հետազննությունը կատարեցին

   
______________________ ____________

(անունը, ազգանունը, հայրանունը)

(ստորագրությունը)

______________________ ____________

(անունը, ազգանունը, հայրանունը)

(ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան