ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանում դատավճիռ կայացրած կազմը |
Գործ ՎԲ-192/07 |
Նախագահող դատավոր՝ Մ. Արղամանյան |
|
Դատավորներ` Ժ. Հովսեփյան, Ա. Դանիելյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
26 հոկտեմբերի 2007 թ. |
ք. Երևան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Տ. Սահակյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Դ. Ավետիսյանի | |
Հ. Ասատրյանի | ||
Հ. Ղուկասյանի | ||
Մ. Սիմոնյանի | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղար՝ |
Ք. Մարտիրոսյանի | |
մասնակցությամբ դատախազ՝ |
Գ. Ջհանգիրյանի |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Թամարա Իշխանի Տեր-Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մարտի 3-ի դատավճռի դեմ հավատարմագրված փաստաբան Արմենուհի Գևորգյանի միջոցով դատապարտյալ Թամարա Տեր-Գրիգորյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հուլիսի 19-ի դատավճռով Թամարա Տեր-Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով նա դատապարտվել է ազատազրկման 2 տարի ժամկետով, առանց տուգանքի, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 4 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով առանց տուգանքի և գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիմքով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 4 տարի ժամկետով` վարքի հսկողությունը դնելով այն իրականացնող իրավասու մարմնի վրա:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Էդգար Միրզոյանը:
Վճռվել է նաև Թամարա Տեր-Գրիգորյանից և Էդգար Միրզոյանից հօգուտ տուժողներ Վլադիմիր և Տատյանա Ավագյանների բռնագանձել 11.300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, Թ.Տեր-Գրիգորյանից հօգուտ տուժող Սուսաննա Հովհաննիսյանի` 4.050 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, հօգուտ տուժող Թադևոս Մելքոնյանի` 471.110 ՀՀ դրամ:
Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել ամբաստանյալների պաշտպան Կրոմվել Գրիգորյանը և տուժողներ Սուսաննա Հովհաննիսյանը, Զվարթ Սարգսյանը, Թադևոս Մելքոնյանը և Վլադիմիր ու Տատյանա Ավագյանները:
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, վերստին քննելով գործը և գտնելով, որ Թամարա Տեր-Գրիգորյանը պետք է կրի նրա նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը, 2006 թվականի մարտի 3-ի դատավճռով առաջին ատյանի դատարանի դատավճիռը փոփոխել է. Թամարա Տեր-Գրիգորյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով` ազատազրկման 2 տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման 4 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Թ.Տեր-Գրիգորյանի նկատմամբ վերջնականապես պատիժ է սահմանվել ազատազրկում 5 (հինգ) տարի ժամկետով: Հաշվակցելով նախնական կալանքի տակ գտնվելու ժամկետը` նրան վերջնական թողնվել է կրելու ազատազրկում 4 տարի 2 ամիս 7 օր ժամկետով:
Տուժող Ս.Հովհաննիսյանի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն` Թ.Տեր-Գրիգորյանից հօգուտ նրա բռնագանձվել է 4.050 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` գանձման պահի փոխարժեքով:
Տուժող Զ.Սարգսյանի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել Երևանի Լենինականի փող. 6/54 հասցեի բնակարանի 04.12.1997 թվականի առուծախի պայմանագիրը:
Տուժող Թ.Մելքոնյանի քաղաքացիական հայցը բավարարվել է ամբողջությամբ` Թ.Տեր-Գրիգորյանից հօգուտ նրա բռնագանձվել է 457.110 ՀՀ դրամ:
Տուժողներ Վլադիմիր և Տատյանա Ավագյանների քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակիորեն` Թ.Տեր-Գրիգորյանից հօգուտ նրանց բռնագանձվել է 9.500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ` գանձման պահի փոխարժեքով, որից 7.000 ԱՄՆ դոլարի համարժեք դրամը համապարտությամբ բռնագանձվել է նաև գործով մյուս դատապարտյալ Է. Միրզոյանից:
Հավատարմագրված փաստաբան Արմենուհի Գևորգյանի միջոցով դատապարտյալ Թամարա Տեր-Գրիգորյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով:
2. Գործի փաստական հանգամանքները.
Թամարա Տեր-Գրիգորյանը դատապարտվել է այն բանի համար, որ 1996-2000 թվականների ընթացքում Սուսաննա Հովհաննիսյանից ստացել և խարդախությամբ հափշտակել է 2.163.267 ՀՀ դրամին համարժեք 4.050 ԱՄՆ դոլար: Բացի այդ, կազմակերպելով և 1997 թվականի դեկտեմբերի 4-ի առուծախի պայմանագրով բնակարանը ձևակերպելով իր մտերիմ Մարիետա Պետրոսյանի անվամբ, խաբեությամբ տիրացել է Զվարթ Սարգսյանին պատկանող 6.498.310 ՀՀ դրամին համարժեք 13.000 ԱՄՆ դոլար արժողությամբ Երևանի Լենինական փողոցի 6/54 հասցեի երեք սենյականոց բնակարանին: Բացի այդ, 1998 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին խարդախությամբ հափշտակել է Թ.Մելքոնյանի 457.110 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով 19 կտոր ոսկյա զարդերը: Բացի այդ, Թամարա Տեր-Գրիգորյանը խարդախությամբ հափշտակել է մինչև 2001 թվականի դեկտեմբերի 15-ը Վլադիմիր և Տատյանա Ավագյաններից վերցրած 8.049.965 ՀՀ դրամին համարժեք 14.500 ԱՄՆ դոլարը:
3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Ըստ վճռաբեկ բողոքի` տուժողներին պատճառված նյութական վնասն ամբողջությամբ հարթվել է, որի կապակցությամբ վերջիններս գրել են հայտարարություն առ այն, որ դատապարտյալի նկատմամբ պահանջ չունեն, ինչի հետևանքով էլ հարուցված կատարողական վարույթները կարճվել են:
ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածում ամրագրված ի թիվս այլ հանգամանքների պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքների թվին է դասվում նաև հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կամովին հատուցելը:
Բացի այդ, դատապարտյալը վատառողջ է` տառապում է «հիպերտոնիկ» և «դեմքի շրջանի դերմատոզ» հիվանդություններով և այժմ էլ բուժվում է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի բուժսպասարկման բաժնում ու գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Ըստ բողոքի` քրեական վերաքննիչ դատարանը քրեական գործի նյութերում գտնվող միևնույն ապացույցների, փաստերի առկայության պայմաններում, չի կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, կայացրել է առաջին ատյանի դատարանի դատավճռից էականորեն տարբերվող դատավճիռ:
Վերաքննիչ դատարանը դատավճիռ կայացնելիս ոչ միայն պետք է հենվեր պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքների վրա, այլ պետք է հաշվի առներ նաև պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, որը չի արել:
Բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մարտի 3-ի դատավճիռը բեկանել մասնակի և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի դատավճռին:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը.
- ենթակա՞ է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.
- ի՞նչ պատիժ պետք է նշանակվի նրա նկատմամբ.
- ամբաստանյալն արդյո՞ք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը:
Նշված հարցերի լուծման ընթացքում դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներով:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:
ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով նույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:
ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:
Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով, դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:
Քրեական օրենքի Ընդհանուր մասի վերը թվարկված դրույթներից հետևում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ ինչպես պատժատեսակի և պատժաչափի, այնպես էլ նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:
Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Ընդ որում, պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների տեսակների, հանցավոր արարքի վտանգավորության աստիճանի ու բնույթի, այնպես էլ անձանց շրջանակի հետ կապված որևէ հատուկ սահմանափակում չի նախատեսել:
Այսինքն` օրենսդիրը պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք է համարում դատարանի համոզվածությունը, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց որոշակի պատժատեսակները ռեալ կրելու:
Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ դատարանը հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:
Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով կատարած հանցավոր արարքների հանրության համար վտանգավորության աստիճանը նրա անձը, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, մասնավորապես այն, որ պատճառված նյութական վնասը մասնակիորեն վերականգնված է և, ըստ էության չգտնելով պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ, նրան դատապարտել է ազատազրկման ու ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա` պատիժը պայմանականորեն չի կիրառել` հնարավոր համարելով նրա ուղղումն առանց նշանակված պատիժը կրելու:
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը առաջին ատյանի դատարանի դատավճիռը` Թամարա Տեր-Գրիգորյանի նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու մասով փոփոխել է ու նրան դատապարտել ազատազրկման` պատճառաբանելով, որ հաշվի է առնում հանցագործությունների բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը, դրվագների քանակը, առաջացրած հետևանքները, նրա անձը բնութագրող հանգամանքները: Մինչդեռ, վերաքննիչ դատարանի կողմից բերված պատճառաբանությունները ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը բացառող հանգամանքներ չեն:
Վերաքննիչ դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տուժողներ Սուսաննա Հովհաննիսյանին, Թադևոս Մելքոնյանին, Վլադիմիր և Տատյանա Ավագյաններին պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնվել է, ինչը հիմնավորվել է ինչպես տուժողների կողմից գրված հայտարարություններով, այնպես էլ հարկադիր կատարողի կողմից դատապարտյալից նրանց օգտին գումարներ բռնագանձելու վերաբերյալ հարուցված կատարողական վարույթները կարճելու մասին որոշումներով: Զվարթ Սարգսյանին պատկանող բնակարանի վերադարձման հարցը լուծվել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մարտի 3-ի դատավճռով` քաղաքացիական հայցի մասով կայացված որոշմամբ:
Այսպիսով` գործի տվյալներով հիմնավորված է, որ Թ.Տեր-Գրիգորյանը նախկինում դատապարտված չի եղել, վատառողջ է, պատճառված նյութական վնասն ամբողջովին վերականգնել է:
Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով հանցավորի անձը և նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, այդ թվում` հանցագործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնած լինելը, ինչն էականորեն նվազեցնում է հանցագործության հասարակական վտանգավորության աստիճանը, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է հետևության, որ դատապարտյալ Թամարա Տեր-Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Այն բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:
Նշված նկատառումներով դատարանն անհրաժեշտ է համարում բեկանել Թամարա Տեր-Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մարտի 3-ի դատավճիռը` Թամարա Տեր-Գրիգորյանի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժը կրելու մասով, և օրինական ուժ տալ նրա վերաբերյալ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հուլիսի 19-ի դատավճռին` նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասով: Վերաքննիչ դատարանի դատավճռի մնացած մասերը պետք է թողնել անփոփոխ:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Վճռաբեկ բողոքը բավարարել:
Թամարա Իշխանի Տեր-Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մարտի 3-ի դատավճիռը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 2005 թվականի հուլիսի 19-ի դատավճռին, որով Թամարա Տեր-Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակված 5 (հինգ) տարի ժամկետով ազատազրկումը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չի կիրառվել 4 (չորս) տարի փորձաշրջանով:
ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի մարտի 3-ի դատավճիռը մնացած մասերով թողնել անփոփոխ:
Թամարա Իշխանի Տեր-Գրիգորյանին անհապաղ ազատել ազատազրկման ձևով պատժի կրումից:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Տ. Սահակյան | |
Դատավորներ` |
Դ. Ավետիսյան | |
Հ. Ասատրյան | ||
Հ. Ղուկասյան | ||
Մ. Սիմոնյան | ||
Ս. Օհանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|