ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
13 նոյեմբերի 2007 թ. |
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ.Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան։
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գ. Ղարիբջանյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի մասին համաձայնագիրն ստորագրվել է 2006 թ. նոյեմբերի 28-ին Մինսկում՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության կողմից:
Համաձայնագրի նպատակն է զարգացնել փոխադարձ հումանիտար համագործակցությունը: Այն կնքվել է 2005 թ. օգոստոսի 26-ի` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի հիման վրա (Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2006 թ. ապրիլի 17-ին), որի 10-րդ հոդվածը նախատեսում է ստեղծել անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհուրդ (այսուհետ՝ Խորհուրդ)` հումանիտար ոլորտում աշխատանքները համակարգելու նպատակով:
2. Խորհրդի գործունեությունը կարգավորվում է համաձայնագրի բաղկացուցիչ մասը հանդիսացող Կանոնադրությամբ:
Խորհրդի անդամներ են համաձայնագրի մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչները՝ Խորհրդում հերթով մեկ տարի ժամկետով նախագահելու իրավունքով:
Խորհրդի հիմնական խնդիրներն են մշակույթի, կրթության, գիտության, արխիվային գործի, տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության, սպորտի, զբոսաշրջության և երիտասարդության հետ աշխատանքի բնագավառներում համագործակցության կատարելագործումը, զարգացումը և անհատի շնորհների ու ընդունակությունների իրագործման համար ներդաշնակ պայմանների ապահովումը:
Խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները.
- համաձայնագրի մասնակից պետությունների հումանիտար համագործակցության հայեցակարգային և գործնական հարցերի քննարկում,
- հումանիտար ոլորտում համագործակցության առաջնային ուղղությունների և ձևերի որոշում, հումանիտար համագործակցության հիմնական ուղղություններով համատեղ գործողությունների համակարգման և փոխհամագործակցության ուղղությամբ առաջարկությունների մշակում,
- համաձայնագրի մասնակից պետությունների հումանիտար համագործակցության ոլորտում առաջնային միջպետական միջոցառումների երկամյա ծրագրերի նախապատրաստում,
- հումանիտար համագործակցության ոլորտում միջազգային իրավական փաստաթղթերի նախագծերի մշակում,
- համագործակցություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ համատեղ միջազգային ծրագրերի, նախագծերի ու միջոցառումների մշակման և իրականացման բնագավառներում,
- փոխհամագործակցություն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ.
- ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի և կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստերին հումանիտար համագործակցության հետագա ամրապնդման և զարգացման մասին առաջարկությունների նախապատրաստում:
3. Խորհրդի մասին կանոնադրությամբ մանրամասնված են նաև այդ մարմնի աշխատանքների կազմակերպման կարգին ու ֆինանսավորմանը վերաբերող հարաբերությունները:
4. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ հիմնական պարտավորությունները.
- Խորհրդի իրավասության մեջ մտնող հարցերով վերջինիս տրամադրել տեղեկատվություն՝ այդպիսի պահանջի առկայության դեպքում,
- հոգալ Խորհրդի նիստերի անցկացման ծախսերը, եթե դրանք անցկացվում են ՀՀ տարածքում:
5. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները բխում են միջազգային փոխշահավետ համագործակցության հաստատման վերաբերյալ ՀՀ Սահմանադրության 9 հոդվածում ամրագրված սկզբունքից։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2006 թվականի նոյեմբերի 28-ին Մինսկում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|