Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.14/78(450)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-1010/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1487 (ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Ղազարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Մոնոլիտ» ՓԲԸ-ի (այսուհետ՝ Ընկերության) տնօրեն Ա.Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 10.05.2007 թվականին վճռի դեմ՝ ըստ Ընկերության հայցի ընդդեմ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի հայկական տուրիզմի ինստիտուտի (այսուհետ՝ Ինստիտուտ)՝ գումար բռնագանձելու և ըստ Ինստիտուտի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ անորակ շինարարական-վերանորոգման աշխատանքներ կատարելու հետևանքով առաջացած թերությունների վերացման հետ կապված 2.161.221 ՀՀ դրամ վնասը հատուցելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է բռնագանձել Ինստիտուտից 1.223.363 ՀՀ դրամ, որից 794.392 ՀՀ դրամը հիմնական պարտք և հաշվարկված 428.971 ՀՀ դրամ տույժը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ինստիտուտը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 2.161.221 ՀՀ դրամ` որպես 20.07.2005 թվականին կնքված շինարարական-վերանորոգման աշխատանքների կատարման պայմանագրով (այսուհետ՝ Պայմանագիր) թույլ տրված թերությունների ընդհանուր հատուցման ենթակա արժեք, 75.000 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության համար վճարված գումար և 43.000 ՀՀ դրամ՝ որպես վճարված պետական տուրք:

ՀՀ տնտեսական դատարանի 10.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն. վճռվել է հօգուտ Ինստիտուտի բռնագանձել 2.161.000 ՀՀ դրամ՝ որպես շինարարական-վերանորոգման աշխատանքներում թույլ տրված թերությունների ընդհանուր հատուցման ենթակա արժեք: Հանդիպակաց պարտավորությունների հաշվանցի արդյունքում վճռվել է Ընկերությունից հօգուտ Ինստիտուտի բռնագանձել 937.858 ՀՀ դրամ՝ որպես շինարարական-վերանորոգման աշխատանքներում թույլ տրված թերությունների ընդհանուր հատուցման ենթակա արժեք, ինչպես նաև վճռվել է Ընկերությունից հօգուտ ՀՀ փորձագիտական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպության բռնագանձել 45.000 ՀՀ դրամ՝ որպես փորձաքննության համար կատարված ծախս:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը։

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ինստիտուտի ռեկտոր Ռ.Մինասյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով՝

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ և 720-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի վճռով հաստատվել է այն հանգամանքը, որ Ընկերության կողմից կատարված շինարարական աշխատանքներում եղել են թերություններ, որոնք ի հայտ են եկել աշխատանքները հանձնելուց հետո, և վճռվել է Ընկերությունից հօգուտ Ինստիտուտի բռնագանձել 2.161.221 ՀՀ դրամ, անտեսելով այն հանգամանքը, որ պայմանագրում կողմերը չեն նախատեսել աշխատանքի արդյունքների որակի երաշխիքային ժամկետներ:

Պատվիրատուն պայմանագրում նշված ժամկետներում որևէ պահանջ չի ներկայացրել կապալառուին կատարված աշխատանքների անորակության մասին կամ թերությունները վերացնելու համար: Կողմերի միջև չի եղել այդ հարցի վերաբերյալ ոչ մի լրացուցիչ համաձայնություն:

Դատարանը պատշաճ իրավական գնահատականի չի արժանացրել հայցվորի կողմից դատարան ներկայացրած նախապահանջագրերը: Ինստիտուտը փաստացի, մասնակի վճարումներ կատարելով, ընդունել է հայցվորի պահանջները և գրավոր կամ բանավոր առարկություններ չի ներկայացրել պահանջվող գումարների կամ վերանորոգման աշխատանքների անորակության մասին:

Բացի այդ, Դատարանը չպետք է հիմք ընդուներ փորձագետի 03.08.2007 թվականի թիվ Ե-81 եզրակացությունը, քանի որ այն կատարվել է Ինստիտուտի կողմից աշխատանքներն ընդունելուց հետո՝ շուրջ մեկ տարի անց՝ առանց Ընկերությանը տեղյակ պահելու և առանց վերջինիս մասնակցության:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 10.05.2007 թվականի վճռի՝ հակընդդեմ հայցի մասը և այն մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

Վճռաբեկ բողոքում բերված պատճառաբանություններն անհիմն են և չեն արտահայտում գործի իրական հանգամանքները:

Այսպես, Պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերության կողմից կատարած շինարարական-վերանորոգման աշխատանքների ընդունումից հետո ակնհայտ է դարձել, որ Ընկերությունն աշխատանքները պատշաճ չկատարելու հետևանքով այն հանձնել է բազմաթիվ թերություններով, ինչի մասին Ընկերությունը տեղեկացվել է և վերջինիս առաջարկվել է ողջամիտ ժամկետում վերացնել հայտնաբերված թերությունները, ինչից հետո պետք է վճարվեր Պայմամագրով սահմանված գումարի մնացյալ՝ 794.392 ՀՀ դրամ մասը: Շուրջ մեկ տարի Ընկերությունը տեղեկացված լինելով իր կողմից իրականացված աշխատանքների թերությունների մասին, այդուհանդերձ միջոցներ չի ձեռնարկել դրանք վերացնելու համար:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 720-րդ հոդվածի չկիրառման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա այն վճռաբեկ բողոքը բավարարելու հիմք հանդիսանալ չի կարող, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 722-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ պատվիրատուն իրավունք ունի աշխատանքի արդյունքի անպատշաճ որակի կապակցությամբ պահանջ ներկայացնել՝ պայմանով, եթե այն հայտնաբերվել է նույն հոդվածով սահմանված ժամկետներում, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ կապալի պայմանագրով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) 20.07.2005 թվականին Ընկերության և Ինստիտուտի միջև կնքվել է շինարարական-վերանորոգման աշխատանքների կատարման պայմանագիր: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 15.000.000 ՀՀ դրամ:

2) 2005 թվականի սեպտեմբեր ամսին Ընկերության կողմից կատարված աշխատանքներն Ինստիտուտի կողմից ընդունվել են, ինչի արդյունքում կազմվել են թվով 5 կատարողական ակտեր:

3) ՀՀ Երևանի դատական փորձաքննությունների ինստիտուտ «Դիեքս»-ի 03.08.2006 թվականին կազմված եզրակացության համաձայն՝ Ընկերության կողմից կատարված շինարարական աշխատանքներում տեղ գտած թերությունների ընդհանուր արժեքը կազմում է 2.161.221 ՀՀ դրամ:

4) Դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ Ընկերության կողմից Ինստիտուտի մասնաշենքի շինարարական-վերանորոգման աշխատանքներում եղել են թերություններ, որոնք ի հայտ են եկել աշխատանքները հանձնելուց հետո:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատվիրատուն պարտավոր է կապալի պայմանագրով նախատեսված ժամկետներում և կարգով կապալառուի մասնակցությամբ զննել և ընդունել կատարված աշխատանքը (դրա արդյունքը), իսկ պայմանագրով աշխատանքի արդյունքը վատթարացնող շեղումներ կամ աշխատանքում այլ թերություններ հայտնաբերելու դեպքում՝ այդ մասին անհապաղ հայտնել կապալառուին: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատվիրատուն, որն աշխատանքն ընդունել է առանց ստուգման, զրկվում է աշխատանքի այն թերությունները վկայակոչելու իրավունքից, որոնք կարող էին հայտնաբերվել սովորական եղանակով ընդունելու ժամանակ (բացահայտ թերություններ), եթե այլ բան նախատեսված չէ կապալի պայմանագրով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պատվիրատուն, որն աշխատանքն ընդունելուց հետո աշխատանքում հայտնաբերել է պայմանագրից շեղումներ կամ թերություններ, որոնք չէին կարող բացահայտվել ընդունման սովորական եղանակի ժամանակ (թաքնված թերություններ)՝ ներառյալ այնպիսիք, որոնք կապալառուն դիտավորյալ թաքցրել է, պարտավոր է դրանք հայտնաբերելուց հետո՝ ողջամիտ ժամկետում այդ մասին հայտնել կապալառուին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոհիշյալ նորմերով կարգավորվում է պատվիրատուի կողմից կատարված աշխատանքների արդյունքները զննելու և դրանց քանակի և որակի վերաբերյալ կապալառուին պահանջներ ներկայացնելու կարգը:

Այդ հոդվածից հետևում է, որ աշխատանքների որակի վերաբերյալ պահանջներ կապալառուին կարող են ներկայացվել մինչև աշխատանքների արդյունքների ընդունումը, իսկ հետագայում դրանց ներկայացումը թույլատրվում է, եթե այդ թերությունները չէին կարող բացահայտվել ընդունման սովորական եղանակի ժամանակ (թաքնված թերություններ):

Սույն քաղաքացիական գործով Դատարանը, հաստատված համարելով Ընկերության կողմից կատարված աշխատանքներում թերությունների առկայությունը, բավարարել է հակընդդեմ հայցը, վճռի հիմքում դնելով այն հանգամանքը, որ շինարարական աշխատանքների թերությունները ի հայտ են եկել աշխատանքները հանձնելուց հետո:

Մինչդեռ, Դատարանի վճռով հիմնավորված չէ Ընկերության կողմից կատարված աշխատանքներում առկա թերությունների թաքնված լինելը, այսինքն՝ հիմնավորված չէ այն հանգամանքը, որ նշված թերություններն ի հայտ են եկել աշխատանքները հանձնելուց հետո և չէին կարող հայտնաբերվել սովորական եղանակով ընդունելու ժամանակ:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում արդեն անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` «Քնար-88» ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ (գումար բռնագանձելու պահանջով)):

Միաժամանակ, կարևորելով կայացվող վճիռների հիմնավորվածության պահանջը դատարանների կողմից պահպանելու անհրաժեշտությունը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում կրկին նշել, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՜ փաստական, և թե՜ իրավական հիմնավորումը:

Վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Վճռում ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Վճռի իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա վճռի իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական վճռի օրինականությունը: Մինչդեռ, վճռում նշված չէ, թե ինչի հիման վրա է Դատարանը հանգել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 718-րդ հոդվածի իմաստով թերությունները թաքնված լինելու մասին եզրակացությանը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Դատարանի վճիռը զուրկ է իրավական հիմնավորումից և այս առումով այն չի կարող լինել օրինական, համոզիչ և հեղինակավոր:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն Դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 10.05.2007 թվականի վճռի՝ հակընդդեմ հայցը բավարարելու մասը, և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Ընկերությունից հօգուտ պետական բյուջե բռնագանձել 34.836 ՀՀ դրամ՝ որպես չվճարված պետական տուրքի գումար:

3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան