Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1800/2007թ

Քաղաքացիական գործ թիվ 3-1577(ՎԴ)

2007 թ.

Նախագահող դատավոր՝

Դ. Խաչատրյան
դատավորներ՝ Վ. Ավանեսյան
  Գ. Մատինյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Յուրի Թունյանի, Վանուշ Կարապետյանի, Լևոն Մանուկյանի, Վարդան Մանուչարյանի, Գագիկ Գևորգյանի ներկայացրած վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի թիվ 07-1800 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ հայցի Յուրի Թունյանի, Վանուշ Կարապետյանի, Լևոն Մանուկյանի, Վարդան Մանուչարյանի, Գագիկ Գևորգյանի ընդդեմ Անահիտ Կոտիկյանի՝ պատասխանողին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և ըստ Անահիտ Կոտիկյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Յուրի Թունյանի՝ սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու նպատակով ինքնակամ կառուցված դուռը քանդելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան՝ հայցվորները պահանջել են պարտավորեցնել պատասխանող Անահիտ Կոտիկյանին փակելու Երևան քաղաքի Աբովյան փողոցի 48 շենքի 3-րդ մուտքի աստիճանահարթակի տակ ինքնակամ բացված դուռը և բացել բակի կողմից շենք մտնող 2-րդ մուտքը:

Սկզբնական հայցով պատասխանող Անահիտ Կոտիկյանը հակընդդեմ հայց է ներկայացրել, որով պահանջել է սեփականատիրոջ իրավունքների խախտումը վերացնելու նպատակով Յուրի Թունյանին պարտավորեցնել քանդել Երևանի Աբովյան փողոցի 48 շենքի 3-րդ մուտքի 1-ին հարկի ընդհանուր միջանցքում ինքնակամ տեղադրված դուռը:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 20.02.2007 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը մերժվել են:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճռով սկզբնական և հակընդդեմ հայցերը մերժվել են:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել են հայցվորներ Յուրի Թունյանը, Վանուշ Կարապետյանը, Լևոն Մանուկյանը, Վարդան Մանուչարյանը, Գագիկ Գևորգյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի, 192-րդ հոդվածի 1-ին մասի և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի և 11-րդ հոդվածի պահանջները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը, նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական, վերելակային և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում, օգտագործվում և տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների կողմից: Ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, այդ թվում նաև՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի մի մասի առանձնացման, դրա օտարման, գրավադրման մասին որոշումների ընդունումը, որպիսիք պետք է ընդունվեն բոլոր սեփականատերերի կողմից միաձայն: Տվյալ պարագայում պատասխանողն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող կրող պատը օգտագործել է՝ շենքի 3-րդ մուտքի կողմից կրող պատը քանդելով և նկուղի 2-րդ մուտք բացելով: Այդ գործողությունները վերջինս կատարել է իր հայեցողությամբ՝ խախտելով մյուս բաժնային սեփականատերերի, այդ թվում՝ համահայցվորների սեփականության իրավունքը:

2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության 53-րդ հոդվածի, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկով:

Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա՝ ՀՀ քաղաքաշինության պետական տեսչության 16.08.2006 թվականի գրությունն՝ ուղղված Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար Գ.Բեգլարյանին:

Դատարանը անտեսել է նաև գործում առկա՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանման 15.06.2006 թվականի գրությունը, որով հաստատվում է այն հանգամանքը, որ պատասխանողի անվամբ սեփականության իրավունքով գրանցված Աբովյան փողոցի 48 հասցեի 73.9 քմ տարածքում առկա է ինքնակամ բացված դուռ:

Վճիռը իրավական առումով լիարժեք պատճառաբանված չէ, քանի որ վճռում նշված չեն նյութական իրավունքի այն նորմերը, որոնցով դատարանը ղեկավարվել է վեճը լուծելիս:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 23.07.2007 թվականի վճիռը՝ սկզբնական հայցը մերժելու մասով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Սույն գործով հայցվորները և պատասխանողը հանդիսանում են Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 48 բազմաբնակարան շենքի 3-րդ մուտքի բնակարանների և շինությունների սեփականատերեր:

2) Նշված մուտքի առաջին հարկի 73,9 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի սեփականատեր պատասխանողն առանց համապատասխան հաստատված նախագծի, շինարարության թույլտվության՝ շենքի մուտքի կողմից քանդել է կրող պատը և իրականացրել նկուղի 2-րդ մուտքի բացման աշխատանքներ:

3) Սկզբնական հայցով հայցվորները, հանդիսանալով բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերեր, պատասխանողի կողմից վերը նշված գործողությունների կատարման վերաբերյալ իրենց համաձայնությունը չեն տվել:

4) Յու.Թունյանին և Ա.Կոտիկյանին սեփականության իրավունքով պատկանող նկուղների մուտքի դիմաց Յու.Թունյանի կողմից տեղադրված մետաղյա դուռը օգտագործվում է բոլոր սեփականատերերի կողմից (դռան փականի բանալիները գտնվում են վերջիններիս մոտ):

5) Երևանի Կենտրոն թաղապետարանի և Անահիտ Կոտիկյանի միջև 14.01.2002 թ. կնքված գույքի օտարման պայմանագրով Անահիտ Կոտիկյանին է վաճառվել Երևանի Աբովյան փողոցի 48-րդ շենքի առաջին հարկում գտնվող 8,3 քմ և նկուղային 17,6 քմ ոչ բնակելի տարածքները, որոնք ներառել են նաև նույն մուտքից դեպի բակ բացվող ընդհանուր օգտագործման երկրորդ ելքի դուռը:

6) Սույն գործով առաջին ատյանի դատարանի 07.09.2006 թվականի որոշմամբ նշանակվել է և իրականացվել է ապրանքագիտական և շինարարատեխնիկական փորձաքննություն, որի արժեքը կազմում է 98.556 ՀՀ դրամ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ յուրաքանչյուր բնակարանի կամ ոչ բնակելի տարածքի սեփականատիրոջ բաժինը հավասար է իրեն պատկանող ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող հողամասում բաժնին և արտահայտվում է կոտորակով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բազմաբնակարան շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 195-րդ հոդվածի և 197-րդ հոդվածի 2-6-րդ կետերում նախատեսված կանոնները, որոնք սահմանում են ընդհանուր սեփականության իրավունքում բաժինը երրորդ անձի վաճառելիս բաժնային սեականության մասնակիցների գնման նախապատվության իրավունքը և բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը բաժանելու և դրանից բաժինն առանձնացնելու կանոնները:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տիրապետվում և օգտագործվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ դատարանի կողմից սահմանված կարգով:

Նույն օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է դրա բոլոր մասնակիցների համաձայնությամբ:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շինության սեփականատերերն ընդհանուր բաժնային սեփականությունը տիրապետում, օգտագործում և տնօրինում են նույն օրենքով սահմանված կարգով, որի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք նույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը:

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինության սեփականատիրոջ սեփականություն՝ շինության ամբողջ ներքին տարածքը, դռները, պատուհանները, կրող կառույց չհանդիսացող ներքին կոնստրուկցիաները, միայն տվյալ շինության սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումները, ինչպես նաև շինության այլ պատերի, հատակի ու առաստաղի ներքին մակերեսները՝ հարդարման նյութերի հաստության ներառմամբ:

Սույն գործի փաստերից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն՝ հետևյալ պատճառաբանությամբ:

Վերը հիշատակված նորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործին մասնակցող անձինք, լինելով վիճելի բազմաբնակարան շենքի սեփականատերեր, շենքը կրող կառուցվածքները, նկուղները, մեկից ավելի շինություններ (բնակարաններ, շինություններ) սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն՝ տիրապետում են ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով: Հետևաբար, բազմաբնակարան շենքի շինությունների (բնակարաններ, ոչ բնակելի տարածքներ) սեփականատերերը շենքի վերը նշված գույքի նկատմամբ ունեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և այլ օրենքներով ընդհանուր բաժնային սեփականության մասնակիցների համար սահմանված բոլոր իրավունքները և կրում են բոլոր պարտականությունները՝ բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 195-րդ հոդվածով և 197-րդ հոդվածի 2-6-րդ կետով սահմանվածների: Մասնավորապես, բազմաբնակարան շենքի սեփականատերերն ունեն ընդհանուր համաձայնությամբ ընդհանուր գույքը տիրապետելու, օգտագործելու և կառավարելու իրավունք, որն իրականացվում է ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմնի՝ շինությունների սեփականատերերի ժողովի միջոցով, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն օրենքի համաձայն համարվում են կառավարման մարմնի բացառիկ լիազորությունը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ պատասխանողն ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող տարածքում ինքնակամ կերպով քանդել է բազմաբնակարան շենքի կրող պատը և իրականացրել նկուղի 2-րդ մուտքի բացման աշխատանքներ:

Սկզբնական հայցով հայցվորները, հանդիսանալով բազմաբնակարան շենքի բնակարանների սեփականատերեր, պատասխանողի կողմից վերը նշված գործողությունների կատարման վերաբերյալ համաձայնություն չեն տվել, նշված աշխատանքների իրականացման հարցը չի քննարկվել բազմաբնակարան շենքի սեփականատերերի ընդհանուր ժողովում և այդ ժողովը՝ որպես ընդհանուր բաժնային սեփականության կամ դրա մի մասի կառուցապատման կամ փոփոխման, գույքային իրավունքների (օգտագործման, վարձակալության և այլն) ձեռքբերման վերաբերյալ գործարքների, ընդհանուր բաժնային սեփականությունն առևտրային նպատակներով օգտագործելու համար նախատեսված տեղի սահմանման հարցերի լուծման բացառիկ լիազորությամբ օժտված օրենքով սահմանված մարմին՝ համապատասխան որոշում չի կայացրել: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործով պատասխանող Անահիտ Կոտիկյանի կողմից խախտվել են բազմաբնակարան շենքի սեփականատերեր հանդիսացող հայցվորների՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և «Բազմաբանակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման իրավունքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցվորների նշված իրավունքի խախտումն առկա է՝ անկախ պատասխանողի կողմից իրականացված շինարարական (կառուցապատման) աշխատանքների պատճառով բազմաբնակարան շենքի սեյսմիկ անվտանգությանը կամ կրող պատի ամրությանը հասցված վնասի առկայության կամ բացակայության հանգամանքից: Հետևաբար, սկզբնական հայցը՝ առանց հայցվորների համաձայնության անօրինական կերպով բացված դուռը փակելուն պատասխանողին պարտավորեցնելու պահանջի մասով ենթակա է բավարարման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը ճիշտ չի որոշել և գնահատել սույն վեճի հիմքում ընկած իրավական խնդիրը և սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին պարբերությունը, ինչպես նաև չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի, 192-րդ հոդվածի 1-ին մասի և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի և 11-րդ հոդվածի պահանջները, ինչը հանգեցրել է գործի սխալ լուծման:

Ինչ վերաբերում է սկզբնական հայցի՝ բակի կողմից շենք մտնող 2-րդ մուտքը բացելու մասին պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

Ինչպես նշվեց վերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղները, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, որոնք օրենքով նախատեսված կարգով չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Երևանի Կենտրոն թաղապետարանի և Անահիտ Կոտիկյանի միջև 14.01.2002 թ. կնքված գույքի օտարման պայմանագրով Անահիտ Կոտիկյանին վաճառվել են Երևանի Աբովյան փողոցի 48-րդ շենքի առաջին հարկում գտնվող 8,3 քմ և նկուղային 17,6 քմ ոչ բնակելի տարածքները, որոնք ներառել են նաև նույն մուտքից դեպի բակ բացվող ընդհանուր օգտագործման երկրորդ ելքի դուռը: Նշված պայմանագրից ծագող՝ Անահիտ Կոտիկյանի սեփականության իրավունքը նշված տարածքների նկատմամբ ստացել է պետական գրանցում: Այսինքն, նշված տարածքները (ներառյալ դեպի բակ տանող վիճելի դուռը) բազմաբնակարան շենքի սեփականատերերի (այդ թվում՝ սկզբնական հայցվորների) ընդհանուր բաժնային սեփականությունը չեն կարող համարվել:

Սույն բողոքի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասը չկիրառելու վերաբերյալ փաստարկը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում այն պատճառաբանությամբ, որ սույն վեճը բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի տնօրինմանը չի վերաբերում, այլ վերաբերում է դրա տիրապետմանը և օգտագործմանը:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Բողոք բերած անձի այն փաստարկը, որ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա՝ ՀՀ քաղաքաշինության պետական տեսչության 16.08.2006 թվականի գրությունն՝ ուղղված Երևանի Կենտրոն համայնքի ղեկավար Գ.Բեգլարյանին, որով հաստատվում է, որ պատասխանողն առանց համապատասխան հաստատված նախագծի և շինարարության թույտվության, ինքնակամ շենքի 3-րդ մուտքի կողմից քանդել է կրող պատը և իրականացրել է երկրորդ մուտքը, Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում:

Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել նաև գործում առկա՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Կենտրոն տարածքային ստորաբաժանման 15.06.2006 թվականի գրությունը, որով հաստատվում է այն հանգամանքը, որ վիճելի տարածքում առկա է ինքնակամ բացված դուռ:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի վճիռը բավարար հիմնավորված չէ այն առումով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ համաձայն՝ վերաքննիչ դատարանի վճռի պատճառաբանական մասում նշված չեն նյութական իրավունքի այն նորմերը, որոնցով վերջինս ղեկավարվել է վճիռ կայացնելիս:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Սույն գործի փաստերից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի վճիռը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքերի առկայությունը բավարար հիմք է համարում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.03.2007 թվականի վճիռը սկզբնական հայցի մասով մասնակիորեն բեկանելու և այն փոփոխելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 29.03.2007 թվականի վճիռը՝ սկզբնական հայցի մասով և այն փոփոխել:

2. Յուրի Թունյանի, Վանուշ Կարապետյանի, Լևոն Մանուկյանի, Վարդան Մանուչարյանի, Գագիկ Գևորգյանի հայցն ընդդեմ Անահիտ Կոտիկյանի՝ բավարարել մասնակիորեն: Անահիտ Կոտիկյանին պարտավորեցնել փակել Երևանի Աբովյան փողոցի 48-րդ շենքի 3-րդ մուտքի աստիճանավանդակի տակ ինքնակամ բացված դուռը՝ վերականգնելով շինության նախկին տեսքը, իսկ նույն մուտքի բակի կողմից շենք մտնող երկրորդ դուռը վերաբացելու մասին պահանջը մերժել:

3. Անահիտ Կոտիկյանից բռնագանձել 73.917 ՀՀ դրամ, իսկ հայցվորներ Յուրի Թունյանից, Վանուշ Կարապետյանից, Լևոն Մանուկյանից, Վարդան Մանուչարյանից, Գագիկ Գևորգյանից՝ 24.639 ՀՀ դրամ հօգուտ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի՝ որպես իրականացված փորձաքննության ծախս:

4. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան