Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-2153/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1489 (ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում քննելով «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի 17.07.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Բանկի ընդդեմ «Ս.Մ.ԱՆԱՍՏԱՍ» ՍՊԸ-ի (այսուհետ նաև` Ընկերություն) և Անաստաս Սեդրակյանի` պայմանագրերի լուծման և գումարի բռնագանձման պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է լուծել 23.03.2006 թվականին Ընկերության հետ կնքված թիվ 066546 հիմնական վարկային պայմանագիրը, ինչպես նաև 24.03.2006 թվականին կնքված թիվ 066546/1 վարկ տրամադրելու մասին լրացուցիչ համաձայնագիրը և պատասխանողներից համապարտության կարգով հօգուտ Բանկի բռնագանձնել 18.915.761 (տասնութ միլիոն ինը հարյուր տասնհինգ հազար յոթ հարյուր վաթսունմեկ) ՀՀ դրամ, Բանկի վճարած պետական տուրքի գումարը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի առաջին մասի առաջին պարբերության և 4-րդ մասի համաձայն դատարանի կողմից վճիռ կայացնելու օրվանից մինչև պատասխանողների կողմից պահանջվող գումարն ամբողջությամբ Բանկին վճարելն ընկած ժամանակահատվածի համար վարկի մնացորդի համար հաշվարկվող տոկոսները` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանած հաշվարկային տոկոսադրույքի չափով:

ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 17.07.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում.

Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը սխալ է մեկնաբանել 24.03.2006 թվականին կնքված թիվ 066546/1 վարկ տրամադրելու մասին լրացուցիչ համաձայնագրի (այսուհետ նաև՝ Համաձայնագիր) 4.7 կետը, համաձայն որի՝ վարկի մարումները սահմանված ժամկետներում չկատարելու դեպքում Վարկառուն վճարում է տուգանք` վարկի 20 տոկոսի չափով: Դատարանը նշված կետում օգտագործվող «վարկ» բառը մեկնաբանել է որպես կետանցված (ժամկետանց) վարկ` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը: Սակայն նույն համաձայնագրի 4.7 կետում հստակ գրված է «վարկ», այլ ոչ թե ժամկետանց վարկ: Նշվածից և Համաձայնագրի 4.5 կետի վերլուծությունից հետևում է, որ Համաձայնագրի կողմերը, Համաձայնագիրը ստորագրելիս, հստակ գիտակցել են, թե որ դեպքում են որպես տուգանքի հաշվարկման բազա ընդունում ամբողջ գումարը և որ դեպքում` գումարի միայն ժամկետանց մասը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 17.07.2007 թվականի վճռի՝ հայցը մերժելու մասը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկի և Ընկերության միջև 23.03.2006 թվականին կնքված թիվ 066546 հիմնական վարկային պայմանագրի հիման վրա 24.03.2006 թվականին կնքվել է թիվ 066546/1 վարկ տրամադրելու մասին լրացուցիչ համաձայնագիրը, որի շրջանակներում Ընկերությունը Բանկից ստացել է 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամ վարկ` 20 ամիս ժամկետով` մինչև 03.12.2007 թվականը, և տարեկան 20 տոկոս տոկոսադրույքով:

2) 28.12.2006 թվականից սկսած՝ Ընկերությունը դադարեցրել է վարկի և տոկոսների մարմանն ուղղված վճարումների կատարումը:

3) Համաձայնագրի 4.7 կետի համաձայն` նույն լրացուցիչ համաձայնագրով տրված վարկի մարումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում վարկառուն վճարում է տուգանք` վարկի 20 տոկոսի չափով և յուրաքանչյուր ուշացված օրվա համար տույժ՝ վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով:

4) Դատարանը կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը՝ եկել է այն եզրահանգման, որ Համաձայնագրի 4.7 կետում պարունակվող «վարկ» բառը պետք է մեկնաբանել որպես կետանցված վարկ` չներառելով վարկի գումարի պատշաճ վերադարձված մասերը և այն մասերը, որոնց վերադարձման ժամկետը դեռևս չի լրացել:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պայմանագրի պայմանները մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի նրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում այն սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սույն հոդվածի առաջին կետում պարունակվող կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը՝ հաշվի առնելով պայմանագրի նպատակը:

Վերոնշյալ հոդվածով նախատեսված է պայմանագրի պայմանների մեկնաբանության երկու կանոն. նախ, պայմանագիրը մեկնաբանելիս դատարանը պետք է ելնի դրանում պարունակող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, իսկ դրա պարզ չլինելու դեպքում՝ պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մաս): Այսինքն, առաջին կանոնի հիմքում ընկած է կողմերի կամահայտնությունը: Իսկ կողմերի կամահայտնությունը պարզելու անհնարինության դեպքում դատարանը պետք է կիրառի նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագրի պայմանների մեկնաբանման կանոնը՝ վերհանելով կողմերի ընդհանուր կամքը:

Սույն գործով Դատարանը կիրառելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածը՝ և գալով այն եզրահանգման, որ Համաձայնագրի 4.7 կետում պարունակվող «վարկ» բառը պետք է մեկնաբանել որպես կետանցված վարկ` չներառելով վարկի գումարի պատշաճ վերադարձված մասերը և այն մասերը, որոնց վերադարձման ժամկետը դեռևս չի լրացել, չի նշել թե ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի մեկնաբանման կոնկրետ որ կանոնն է կիրառել, որի արդյունքում եկել է նման եզրահանգման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Համաձայնագրի 4.7 կետի Դատարանի մեկնաբանությունը չի համապատասխանում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածին հետևյալ պատճառաբանությամբ.

Համաձայնագրի 4.7 կետի համաձայն` նույն համաձայնագրով տրված վարկի մարումները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում վարկառուն վճարում է տուգանք` վարկի 20 տոկոսի չափով, և յուրաքանչյուր ուշացված օրվա համար տույժ՝ վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «վարկ» բառի բովանդակությունը միանշանակ չի ընդունվում Բանկի և Ընկերության կողմից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածով նախատեսված պայմանագրի պայմանների մեկնաբանման կանոններով և դրանց կիրառման հերթականությամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պայմանագրի 4.7 կետը պետք է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 447-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնով, այսինքն` համադրելով մեկնաբանվող համաձայնագրի այլ պայմանների հետ:

Այսպիսով, «Վարկ» բառը օգտագործվում է Համաձայնագրի մի շարք կետերում, այդ թվում՝ 1.2, 1.3, 2.1, 3.1.1, 3.1.2, 4.1 և այլ կետերում: Նշված կետերի վերլուծությունից հետևում է, որ «վարկ» բառի տակ Համաձայնագրում նկատի է ունեցվում 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամը: Մասնավորապես, քննարկվող համաձայնագրի 1.2 կետի համաձայն. «Սույն լրացուցիչ համաձայնագրով Բանկը «Վարկառուին» տրամադրում է 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամ վարկ: Վարկը տրամադրվում է կանխիկ»: Այսինքն` նշված կետում կողմերն առաջին անգամ «վարկ» բառն օգտագործելիս նշում են նրա չափը` քսան միլիոն ՀՀ դրամ: Նույն կետի երկրորդ նախադասության մեջ արդեն ուղղակի նշվում է «վարկ» բառն առանց դրա մեծությունը նշելու` նկատի ունենալով առաջին նախադասության մեջ նշված մեծությունը: Նույնը վերաբերում է նաև մնացած կետերին, որտեղ «վարկ» ասելիս կողմերը նկատի են ունենում 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ Համաձայնագրի այն կետերում, որոնցում կողմերը ցանկանում են նշել տրամադրված վարկի միայն որոշակի մասը, վարկ բառի փոխարեն համաձայնագրում օգտագործվում է այլ ձևակերպում: Այսպես, Համաձայնագրի 4.7 կետում նախատեսված տույժի հաշվարկման բազան որոշելու համար օգտագործվում է հետևյալ ձևակերպումը. «... յուրաքանչյուր ուշացված օրվա համար տույժ վճարման ենթակա գումարի 0,1 տոկոսի չափով»: Այսինքն, տույժի հաշվարկման բազան վարկի այն մասն է, որն ըստ մարման ժամանակացույցի ենթակա էր վճարման, որը, սակայն, չի վճարվել:

Վերոնշյալ փաստերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ համաձայնագրում օգտագործվող «վարկ» բառի տակ հասկացվում է ողջ վարկի գումարը՝ 20.000.000 (քսան միլիոն) ՀՀ դրամը, իսկ բոլոր այն դեպքերում, երբ կողմերը նկատի են ունեցել կետանցված վարկի գումարը, համաձայնագրով «վարկ» բառի փոխարեն օգտագործվել է այլ ձևակերպում:

Այսպիսով, վճռաբեկ բողոքում նշված հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ տնտեսական դատարանի 17.07.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ՝ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ տնտեսական դատարանի 17.07.2007 թվականի վճռի՝ հայցը մերժելու մասը բեկանել և փոփոխել. 4.000.000 (չորս միլիոն) ՀՀ դրամի բռնագանձման պահանջի մասով հայցը բավարարել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան