ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1519(ՎԴ) 2007 թ. |
Նախագահող դատավոր՝ | Կ. Հակոբյան |
դատավորներ՝ | Ա. Խառատյան |
Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. Սարգսյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի |
2007 թվականի հոկտեմբերի 10-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արտեմ Ադիլխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Քնարիկ Գևորգյանի ընդդեմ Արտեմ Ադիլխանյանի` ալիմենտի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Քնարիկ Գևորգյանը պահանջել է Արտեմ Ադիլխանյանից երեք երեխայի համար բռնագանձել ալիմենտ` 25.12.2003 թվականից մինչև երեխաների չափահաս դառնալը յուրաքանչյուրի համար ամսական 20.000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև դատարան դիմելուն նախորդող երեք տարիների ալիմենտը՝ 2.160.000 (երկու միլիոն հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով:
Երևանի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 11.01.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 21.06.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Արտեմ Ադիլխանյանից հօգուտ Ռուզաննա, Արևիկ, Ռազմիկ Ադիլխանյանների բռնագանձել կայուն դրամական գումարով ալիմենտ` յուրաքանչյուրի համար ամսական 20.000 ՀՀ դրամի չափով` սկսած 25.12.2006 թվականից մինչև նրանց չափահաս դառնալը: Մնացած մասով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտեմ Ադիլխանյանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը և 2-րդ մասը, «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Արտեմ Ադիլխանյանն աշխատում է Ռուսաստանի Դաշնությունում և վաստակում մոտ 50.000 ՀՀ դրամ, երեք երեխայի համար նրա վաստակի կեսի չափով ալիմենտ բռնագանձելու փոխարեն յուրաքանչյուր երեխայի համար սահմանել է ամսական 20.000 ՀՀ դրամ ալիմենտ (երեք երեխայի համար 60.000 ՀՀ դրամ)` դրանով խախտելով Ա.Ադիլխանյանի ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը:
Ավելին, ալիմենտ սահմանելիս յուրաքանչյուր երեխայի համար Վերաքննիչ դատարանը պետք է սահմաներ 1.000 (մեկ հազար) ՀՀ դրամ` որպես հաշվարկային հիմք:
Վերաքննիչ դատարանը գնահատման չի արժանացրել գործում առկա բոլոր ապացույցները` մասնավորապես «Միջազգային Առևտրային Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 16.02.2007 թվականի թիվ 000077 անդորրագիրը, որի համաձայն` Արևիկ Ավագյանը թոռանը` Ռուզաննա Ադիլխանյանին փոխանցել է 100 (մեկ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք 35.200 (երեսունհինգ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ, «Տիտան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 17.01.2007 թվականի տեղեկանքը, որի համաձայն` Արտեմ Ադիլխանյանն ամսական ստանում է 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՌԴ ռուբլի, որը, համաձայն ՀՀ կենտրոնական բանկի 12.04.2007 թվականի տեղեկատվության, կազմում է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամից պակաս գումար, «Երևան» համատիրության 22.02.2007 թվականի և 24.02.2007 թվականի տեղեկանքներ, ըստ որոնց` Քնարիկ Գևորգյանը և երեխաները գտնվել են պապի և տատի խնամքի ներքո:
2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ և 6-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հոդվածները խախտելու վերաբերյալ հիմնավորումներ չի ներկայացրել:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճիռը` հայցը բավարարելու մասով և գործն այդ մասով ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Արտեմ Ադիլխանյանը և Քնարիկ Գևորգյանն ամուսնացել են 02.06.1992 թվականին: Համատեղ ամուսնական կյանքում ունեցել են երեք երեխա` 02.11.1992 թվականին ծնված Ռուզաննա Ադիլխանյանին, 05.12.1994 թվականին ծնված Արևիկ Ադիլխանյանին, 16.07.1996 թվականին ծնված Ռազմիկ Ադիլխանյանին:
2) Արտեմ Ադիլխանյանը և Քնարիկ Գևորգյանը 06.10.2006 թվականին ամուսնալուծվել են:
3) «Տիտան» ՍՊԸ-ի 17.01.2007 թվականի տեղեկանքի համաձայն` Արտեմ Ադիլխանյանն ամսական ստանում է 3.500 (երեք հազար հինգ հարյուր) ՌԴ ռուբլի եկամուտ: ՀՀ կենտրոնական բանկի ինտերնետային կայքում 12.04.2007 թվականին տեղակայված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքների վերաբերյալ տեղեկատվության համաձայն` ռուսական մեկ ռուբլին վաճառվել է 14,16 (տասնչորս ամբողջ տասնվեց հարյուրերորդական) ՀՀ դրամով: Այսինքն` Արտեմ Ադիլխանյանի ամսական եկամուտը կազմել է 49560 (3.500 x 14,16=49.560) ՀՀ դրամ:
4) ««ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ» ՓԲԸ-ի 16.02.2007 թվականի թիվ 000077 անդորրագրի համաձայն` Արևիկ Ավագյանը ստացել է մեկ հարյուր ԱՄՆ դոլար գումար: Անդորրագրում վճարողը գրանցված չէ:
5) «Երևան» համատիրության նախագահի 22.02.2007 թվականի և 24.02.2007 թվականի տեղեկանքների համաձայն` Քնարիկ Գևորգյանը երեք երեխայի հետ մինչև 16.11.2006 թվականը բնակվել է Արտեմ Ադիլխանյանի ծնողների հետ, գտնվել են նրանց խնամքի տակ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` երեխաների համար ալիմենտ վճարելու վերաբերյալ նրա ծնողների միջև համաձայնության բացակայության դեպքում ծնողներից ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով` հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով` երեք և ավելի երեխաների համար ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի կեսը:
Վերոհիշյալ հոդվածից հետևում է, որ դատարանը երեխայի ծնողից դատական կարգով ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ գործը քննելիս բռնագանձման ենթակա ալիմենտի չափը որոշելու համար պետք է գնահատման առարկա դարձնի և պարզի ծնողների վաստակի և (կամ) այլ եկամտի առկայությունը և դրա չափը: Այսինքն` ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ալիմենտի չափի որոշման կանոնը կիրառվում է այն բոլոր դեպքերում, երբ դատարանի կողմից հաստատվում է ծնողի վաստակի և այլ եկամտի միաժամանակյա կամ դրանցից որևէ մեկի առկայությունը:
Սույն քաղաքացիական գործով Տիտան» ՍՊԸ-ի 17.01.2007 թվականի տեղեկանքի համաձայն` Արտեմ Ադիլխանյանն ամսական ստանում է 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՌԴ ռուբլի եկամուտ, որը 12.04.2007 թվականի դրությամբ կազմել է 49.560 (քառասունինը հազար հինգ հարյուր վաթսուն) ՀՀ դրամ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, 3 երեխայի համար ալիմենտի չափ սահմանելով 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ, չի նշել, թե որն է դատարանի համար հանդիսացել ալիմենտի վերոնշյալ չափի հաստատման հաշվարկային հիմքը (Արտեմ Ադիլխանյանի վաստակը, նրա այլ եկամուտների առկայությունը, թե դրանց միաժամանակյա առկայությունը):
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված բաժինների չափերը կարող են դատարանով նվազեցվել կամ ավելացվել` հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող հոդվածն ապահովում է ՀՀ ընտանեկան օրենսգրքի 68-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ծնողների կողմից երեխաներին պահելու պարտականության բաշխման հավասարակշռվածությունը, սահմանելով երեխաների խնամքի համար նյութական միջոցների տրամադրման համամասնություն` ելնելով ծնողների գույքային ու ընտանեկան դրությունից և ուշադրության արժանի շահերից:
Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանն ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս հաշվի չի առել պատասխանողի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը, մասնավորապես այն, որ սահմանվել է պատասխանողի աշխատավարձը գերազանցող ալիմենտի չափ, առանց նրա մոտ այլ եկամտի առկայության հանգամանքը հաստատելու և չափը որոշելու:
Այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել գործում եղած ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում խախտվել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը:
ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի իրավունք: Սահմանադրական այս երաշխիքը ենթադրում է յուրաքանչյուր անձի առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ, միջազգայնորեն ընդունված, ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի և հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների նվազագույն քանակի ապահովման իրավունք (տես օրինակ` Սամվել Զախարյան ընդդեմ Զոյա Զախարյան, 30.11.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2300 /ՎԴ (ալիմենտի չափը փոփոխելու պահանջով)):
Ինչ վերաբերում է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտման մասին վճռաբեկ բողոքի փաստարկին, ապա Վճռաբեկ դատարանն այն անհիմն է համարում հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` նույն մասով նախատեսված ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար չպետք է պակաս լինի սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ՀՀ օրենսգրքերի, օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների, նախարարությունների և գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, առանձին իրավաբանական անձանց ակտերի իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել նույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք պահպանվում է գործող 1000 դրամը:
Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը որպես հաշվարկային հիմք պետք է ընդունի 1000 դրամը, այսինքն` 1000 դրամը ալիմենտի նվազագույն չափն է, և ոչ թե առավելագույնը:
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սույն քաղաքացիական գործով կիրառելի չէ, քանի որ դրա կիրառման անհրաժեշտությունը ծագում է բոլոր այն դեպքերում, երբ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված ալիմենտի հաշվարկման կանոնի կիրառմամբ ալիմենտի չափը որոշելիս ամենամսյա վճարումների չափը յուրաքանչյուր երեխայի համար սահմանված նվազագույն աշխատավարձի չափից պակաս է դառնում:
Ինչ վերաբերում է ««ԻԹԲ» Միջազգային Առևտրային Բանկ» ՓԲԸ-ի 16.02.2007 թվականի թիվ 000077 անդորրագիրը և «Երևան» համատիրության նախագահի 22.02.2007 թվականի և 24.02.2007 թվականի տեղեկանքները Վերաքննիչ դատարանի կողմից չգնահատվելու մասին բողոքի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված անդորրագիրը չէր կարող սույն գործով միանշանակ հետևություններ անելու համար հիմք հանդիսանալ, քանի որ այն հավաստի տեղեկություն ճանաչվելու դեպքում անգամ պետք է համարվեր անուղղակի ապացույց, քանի որ նախ` դրա բովանդակության ուսումնասիրումից հնարավոր չէ ասել, թե ով է փոխանցում կատարողը, իսկ որպես ստացող նշված է Արևիկ Ավագյանը և ոչ թե Քնարիկ Գևորգյանը կամ Ռուզաննա Ադիլխանյանը: Իսկ համատիրության տեղեկանքները վերաբերում են Քնարիկ Գևորգյանի և նրա երեխաների բնակության վայրին: Հետևաբար, նշված անդորրագիրն ու տեղեկանքներն ինքնին սույն գործի ապացուցման առարկայում ընդգրկված ոչ մի հանգամանք չեն ապացուցում:
2) Վճռաբեկ դատարանը բողոքի երկրորդ հիմքին չի անդրադառնում, քանի որ վճռաբեկ բողոքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ և 6-րդ հոդվածների խախտումը պատճառաբանված չէ:
Այսպիսով, բողոքի առաջին հիմքի մասնակիորեն հիմնավոր լինելը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու հիմք է:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 21.06.2007 թվականի վճիռը` հայցը բավարարելու մասով և գործն այդ մասով ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ս. Սարգսյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Անտոնյան |
|
Ս. Գյուրջյան |