Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ Տ-1915

Քաղաքացիական գործ թիվ 3-1462 (ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Չիլինգարյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ՝ Տնտեսական դատարան) 19.06.2007 թվականի թիվ Տ-1915 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ «Ուռենի» ՓԲԸ-ի դիմումի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ՝ Ծառայություն)՝ 22.01.2007 թվականի թիվ 1022992 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,


ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ «Ուռենի» ՓԲԸ-ն պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության 22.01.2007 թվականի թիվ 1022992 ստուգման ակտը:

Տնտեսական դատարանի 19.06.2007 թվականի վճռով «Ուռենի» ՓԲԸ-ի դիմումը բավարարվել է մասնակի՝ թիվ 1022992 ակտի 1-ին և 4-րդ կետերը ճանաչվել են անվավեր և Ծառայությանը պարտադրվել է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 7-օրյա ժամկետում կատարելու վերահաշվարկ և «Ուռենի» ՓԲԸ-ի անձնական հաշվի քարտից դուրս գրելու ակտի 1-ին և 4-րդ կետերի հիման վրա հաշվեգրված լրացուցիչ հարկային պարտավորությունների գումարները:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ծառայությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորմամբ.

Դատարանը չի կիրառել ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշմամբ հաստատված Կարգի 21-րդ կետը, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» կետը, 33-րդ հոդվածը, «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետը, 43-րդ հոդվածը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշմամբ հաստատված «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 21-րդ և 22-րդ կետերի համաձայն՝ կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի, իսկ անհուսալի ճանաչված կրեդիտորական պարտքերը ենթակա են դուրսգրման՝ անհուսալի դառնալու հաշվետու տարում: Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքի գումարը հաշվի է առնվում կազմակերպության հաշվետու տարվա հարկվող շահույթը (վնասը) որոշելիս՝ որպես եկամուտ: Ստուգմամբ պարզվել է, որ «Ուռենի» ՓԲԸ-ի կրեդիտորական պարտքը 01.01.2005 թվականի դրությամբ կազմել է 15.077.100 դրամ, որից 5.537.600 դրամը՝ համաձայն վերը նշված կարգի՝ համարվել է անհուսալի: Ստուգմամբ պարզվել է նաև, որ 7.660.000 դրամը ընկերության կրեդիտորական պարտքն է «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ին և նշված կրեդիտորական պարտքը ՀՀ տնտեսական դատարանի 17.01.2006 թվականի թիվ Տ-1028 քաղաքացիական գործով կայացված վճռի համաձայն՝ 2005 թվականի հաշվետու տարվա համար ճանաչվել է հայցային վաղեմության ժամկետը լրացված պարտավորություն (նշված 7.660.000 դրամը հաշվապահորեն ձևակերպվել է «Ուռենի» ՓԲԸ-ի կողմից): Փաստորեն 2005 թվականի ընթացքում «Ուռենի» ՓԲԸ-ն 7.660.000 դրամի չափով ունեցել է պարտավորությունների նվազում, որը համաձայն «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «ժա» կետի՝ որպես պարտավորությունների ներումից ստացվող եկամուտ, ենթակա է ներառման համախառն եկամտի մեջ: Համաձայն «ՀՀ հաշվապահական հաշվառման ստանդարտները հաստատելու մասին» ՀՀ կառավարության 22.12.2005 թվականի թիվ 2159-Ն որոշման 10-րդ ստանդարտի (hաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող դեպքերը) ընկերությունը հաշվեկշռի ամսաթվից հետո տեղի ունեցող ճշգրտման ենթակա փոփոխությունները մինչև ֆինանսական հաշվետվությունը հարկային մարմնին ներկայացնելու ժամանակահատվածը չի արտացոլել 2005 թվականի ֆինանսական հաշվետվություններում, ուստի «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի համաձայն՝ հաշվարկվել է շահութահարկի գծով հարկի գումար՝ 2.639.500 դրամ և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածներով՝ տույժ և տուգանք, ընդհանուր՝ 3.732.200 դրամ:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում հաշվարկվող գործարքների գործառույթների (հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են՝ բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետում սահմանված դեպքերի: Այդ դեպքերից են՝ 2005 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար 100.000 դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար 1 միլիոն դրամը: Ստուգման ընթացքում ստուգողներին ներկայացված փաստաթղթերից պարզվել է, որ ընկերությունը 2005 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում հարկային տեսչություն ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկներում ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով ԱԱՀ-ի հաշվանցման ենթակա գումարների մեջ է ընդգրկել նաև այն գումարները, որոնց համար տվյալ եռամսյակում բանկային փոխանցումներ չի կատարել և այդ գումարները գերազանցել են «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված թույլատրելի չափը: Հիմք ընդունելով «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի և «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածների դրույթները, ընկերությանը ակտի 4-րդ կետով ԱԱՀ-ի գծով գանձման է ենթակա լրացուցիչ 2.146.200 դրամ գումար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել տնտեսական դատարանի վճիռը՝ դիմումի բավարարման մասով:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության 22.01.2007 թվականի թիվ 1022992 ակտի 1-ին կետով արձանագրվել է, որ 01.01.2005 թվականի դրությամբ «Ուռենի» ՓԲԸ-ի կրեդիտորական պարտքերից 5.537.600 դրամը 2005 թվականին դարձել է անհուսալի:

2) «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի նկատմամբ դիմողի ունեցած 7.660.000 դրամ կրեդիտորական պարտքը ՀՀ տնտեսական դատարանի 17.01.2006 թվականի վճռով 2005 թվականի հաշվետու տարվա համար ճանաչվել է որպես հայցային վաղեմության ժամկետը լրացած պարտավորություն:

3) ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության 22.01.2007 թվականի թիվ 1022992 ակտի 4-րդ կետով արձանագրվել է, որ «Ուռենի» ՓԲԸ-ին «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է վերագրվել, քանի որ «Ուռենի» ՓԲԸ-ի կողմից 2005 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակներում հարկային տեսչություն ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում որպես հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներ են ցույց տրվել ՀՀ տարածքում ձեռք բերված այնպիսի ապրանքների և ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց դիմաց բանկային փոխանցումներ չեն կատարվել: Այս կապակցությամբ ստուգողները հաշվարկել և դիմողին լրացուցիչ վճարման են առաջադրել 985.500 դրամ ԱԱՀ, 569.500 դրամ տույժ և 591.200 դրամ տուգանք:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության 22.01.2007 թվականի թիվ 1022992 ակտի 1-ին կետում կատարված հղումը՝ 5.537.600 դրամ կրեդիտորական պարտքը 2005 թվականին անհուսալի դարձած լինելու մասին, արձանագրվել է պատշաճ հիմքերի բացակայությամբ, քանի որ 01.01.2005 թվականի դրությամբ պարտքի առկայության փաստը, որը դատաքննության ընթացքում հաստատվել է նաև «Ուռենի» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահի կողմից ստուգողներին տրամադրված տեղեկանքով, բավարար չէ պարտքի կետանցի օրը որոշելու համար (նշված տեղեկանքը որևէ տեղեկություն չի պարունակում կետանցի կոնկրետ օրվա մասին), իսկ կետանցի օրը հայտնի չլինելու դեպքում հնարավոր չէ որոշել այդ պարտքն անհուսալի դառնալու օրը:

ՀՀ կառավարության 19.12.2002 թվականի թիվ 2052-Ն որոշմամբ հաստատված «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման դեբիտորական և կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման» կարգի (այսուհետ՝ Կարգ) 21-րդ կետի համաձայն՝ կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի: Նույն Կարգի 4-րդ կետի համաձայն, կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված, եթե այն չի մարվել Կարգի 2-րդ կետում նշված հիմքերով (պայմանագրով, օրենսդրությամբ կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով) սահմանված ժամկետում, ընդ որում, կրեդիտորական պարտքի մարման ժամկետը փոխադարձ համաձայնությամբ երկարաձգվելու դեպքում կրեդիտորական պարտքը համարվում է կետանցված նոր ժամկետում չմարելու դեպքում, իսկ մարման ժամկետ սահմանված չլինելու և ցպահանջ կրեդիտորական պարտքի պարագայում՝ այդ պարտքն առաջացնող գործարքի (գործառնության փաստի) կատարման օրվան հաջորդող 60 օրվա ընթացքում չմարվելու դեպքում: Վկայակոչված նորմերում պարունակվող բառերի տառացի նշանակությունից ակնհայտ է, որ կրեդիտորական պարտքի անհուսալիության մասին դատողություններ անելու համար անհրաժեշտ է ստույգ տեղեկություններ ունենալ այդ պարտքի ծագման հիմքերի և մարման ժամկետի մասին, որպիսի տեղեկությունների բացակայությունը բացառում է պարտքի կետանցման փաստի ճշգրիտ արձանագրման հնարավորությունը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ վիճելի պարտքն անհուսալի է համարվել 2005 թվականի դրությամբ: Իսկ պարտքի կետանցը որոշելու համար անհրաժեշտ է նախ պարզել պարտքի մարման վերջնաժամկետը: Իսկ վերջնաժամկետը որոշելու համար, անհրաժեշտ է համապատասխան ապացույց, որով կարող է հաստատվել պարտքի տրամադրման օրվա և այն մարելու ճշգրիտ ժամկետը: Միայն այդպես է հնարավոր որոշել պարտքի կետանցի օրը, իսկ դրա հիման վրա՝ պարտքն անհուսալի դառնալու պահը:

Վերոնշյալ հիմնավորումներով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածների խախտման մասին բողոքի փաստարկը Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում, քանի որ եթե հայտնի չէ պարտքի առաջացման և մարման ճշգրիտ ժամկետը, ապա խոսք չի կարող գնալ դրա կոնկրետ ամսաթվի դրությամբ որպես անհուսալի պարտք ճանաչելու և դրա հետևանքով հարկային ենթադրյալ պարտավորության չկատարման համար հաշվարկված տույժերի և տուգանքների մասին:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ Ծառայության 22.01.2007 թվականի թիվ 1022992 ակտի 1-ին կետի պնդումն այն մասին, որ «Երևանի էլեկտրացանց» ՊՓԲԸ-ի նկատմամբ «Ուռենի» ՓԲԸ-ի ունեցած 7.660.000 դրամ կրեդիտորական պարտքը 2005 թվականի հաշվետու տարվա համար ճանաչվել է որպես հայցային վաղեմության ժամկետը լրացած պարտավորություն, չի բխում Տնտեսական դատարանի 17.01.2006 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռի բովանդակությունից, քանի որ նշված վճռի համաձայն՝ 7.660.000 դրամ գումարի մասով պարտքն առաջացել է մինչև 2002 թվականը և պարտատերն այդ մասով իր իրավունքի խախտման մասին իմացել է մինչև 2002 թվականը:

Ինչ վերաբերում է Ծառայության 22.01.2007 թվականի թիվ 1022992 ակտի 4-րդ կետին, ապա նշված կետով «Ուռենի» ՓԲԸ-ին վերագրված խախտումը արձանագրվել է պատշաճ հիմքերի բացակայությամբ, քանի որ համաձայն «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի՝ արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում իրականացված գործարքների մասով ոչ բանկային փոխանցումներով վճարված գումարները հաշվանցվում են, եթե ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքի գումարը (առանց ավելացված արժեքի հարկի)՝ 2005 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 100.000 ՀՀ դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ մեկ միլիոն դրամը:

Սույն գործի փաստերից ելնելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստուգման ակտում նշված սահմանափակումների պահանջները «Ուռենի» ՓԲԸ-ի կողմից խախտված լինելու հանգամանքը հիմնավորված չէ, իսկ դրա վերաբերյալ որևէ հիմնավորում դատարանին չի ներկայացվել: Հետևաբար, սույն բողոքի՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետը և 43-րդ հոդվածը չկիրառելու վերաբերյալ հիմքը, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ծառայության վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ Տնտեսական դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ գնահատել է գործում առկա բոլոր ապացույցները և կայացրել է հիմնավոր և պատճառաբանված վճիռ՝ վեճին տալով ըստ էության ճիշտ լուծում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ տնտեսական դատարանի 19.07.2007 թվականի վճիռը թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:


Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

Ս. Գյուրջյան

 

Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան