«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 նոյեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007425
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
30 հոկտեմբերի 2007 թ. |
թիվ 331-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլուխը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 2) կատարել հետևյալ լրացումը.
1.1. Կանոնակարգ 2-ը լրացնել նոր 49.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«49.1 Պարտադիր պահուստավորման ենթակա չեն ներգրավված այն նպատակային միջոցները, որոնք Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով համարվել են նպատակային ծրագրերի ֆինանսավորման նպատակով ներգրավված (այսուհետ՝ նպատակային միջոցներ): Որպեսզի նպատակային միջոցների գծով պարտադիր պահուստավորման մասհանումներ չկատարվեն, բանկերը նպատակային միջոցների ներգրավման պայմանագրերը և նպատակային միջոցների հաշվին նպատակային ծրագրերի ֆինանսավորման (տեղաբաշխման) պայմանագրերը կամ պայմանագրերի օրինակելի ձևերը (այսուհետ՝ տեղաբաշխման պայմանագրեր) ներկայացնում են Կենտրոնական բանկ: Եթե Կենտրոնական բանկի խորհրդի կողմից 15 օրացուցային օրվա ընթացքում բանկին չի ներկայացվում առարկություն` միջոցները նպատակային ծրագրերի ֆինանսավորման նպատակով ներգրավված համարվելու վերաբերյալ, ապա նշված միջոցները համարվում են նպատակային ծրագրերի ֆինանսավորման նպատակով ներգրավված, և բանկերը դրանց դիմաց պահուստավորում չեն իրականացնում: Նպատակային միջոցներ են համարվում բանկերի կողմից ներգրավված այն միջոցները, որոնք բավարարում են հետևյալ պայմաններին միաժամանակ.
1. ներգրավվել են ֆիզիկական անձ չհանդիսացող անձանցից (սուբյեկտներից), և
2. ներգրավվել են ավելի քան մեկ տարի ժամկետով: Ընդ որում, ներգրավված միջոցի մայր գումարը (կամ մայր գումարի մի մասը) ներգրավման պահից սկսած մեկ տարվա ընթացքում մարման ենթակա չպետք է լինի, և
3. ներգրավվել են Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող նպատակային ծրագրերի ֆինանսավորման նպատակով, և
4. մեկ ծրագրով (պայմանագրով) փաստացի ներգրավված միջոցների հանրագումարը (մայր գումարը) գերազանցում է 300 միլիոն ՀՀ դրամը:
Այն դեպքերում, երբ Կենտրոնական բանկի խորհրդի հիմնավոր կարծիքով նախկինում նպատակային ճանաչված ներգրավված միջոցները կամ դրանց մի մասը չեն ուղղվել Կենտրոնական բանկ ներկայացված նպատակային միջոցների ներգրավման և տեղաբաշխման պայմանագրերով նախատեսված ծրագրերի ֆինանսավորմանը կամ օգտագործվել են ծրագրերով նախատեսված պայմաններից զգալի շեղումներով, բանկը ներգրավված նպատակային միջոցների գծով պարտադիր պահուստավորում իրականացնում է սույն կանոնակարգով սահմանված չափով: Ընդ որում, այդ միջոցների պահուստավորումը վերսկսվում է Կենտրոնական բանկի խորհրդի որոշմանը հաջորդող պարտադիր պահուստավորման հերթական ժամանակահատվածի սկզբից:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունման պահից:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Տ. Սարգսյան |
2007 թ. հոկտեմբերի 31 Երևան |