Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.12.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.12.26/66.1
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.12.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.12.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1008

Քաղաքացիական գործ թիվ 3-1758(ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան
Դատավորներ՝

Կ. Հակոբյան
Լ. Գրիգորյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ա. Մկրտումյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

 

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի դեկտեմբերի 12-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ալվարդ Սավգուլյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 04.04.2007 թվականի վճռի դեմ` ըստ Ալվարդ Սավգուլյանի հայցի ընդդեմ Էմմա Սահակյանի` բնակելի տարածության նկատմամբ օգտագործման իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց 

 

1.Գործի դատավարական նախապատմությունը. 

 

Դիմելով դատարան՝ Ալվարդ Սավգուլյանը պահանջել է ճանաչել իր և դստեր՝ Էմմա Ղազարյանի, բնակելի տարածության օգտագործման իրավունքն Երևանի, Նոր Նորքի 1-ին մ/շ 88 շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ:

ՀՀ Ավան և Նոր-Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի 11.12.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 04.04.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ալվարդ Սավգուլյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Էմմա Սահակյանը: 

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված՝ անձի՝ դատաքննությանը մասնակից դարձվելու իրավունքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը գործը քննել է Ալվարդ Սավգուլյանի բացակայությամբ, առանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու: 

2) Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր և չի կիրառել ՀՀ բնակարանային օրենսգրքի 120-րդ հոդվածը և «ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, հայցի մերժման հիմքում դնելով այն հանգամանքը, որ Ալվարդ Սավգուլյանը բնակելի տարածության օգտագործման իրավունք ձեռք բերելու համար սեփականատիրոջ հետ չունի նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնություն, հաշվի չի առել այն հանգամանքը, որ Ալվարդ Սավգուլյանը և Հայկ Ղազարյանն ամուսնացել են 12.07.1994 թվականին և այդ պահից մինչև ամուսնալուծությունն ընդհանուր համատեղ կյանք և տնտեսություն են վարել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ իրավահարաբերությունները ծագել են 1994 թվականին, ինչի պայմաններում չպետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը, այլ պետք է կիրառեր ՀՀ բնակարանային օրենսգրքի 120-րդ հոդվածը, որը չի կիրառել:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 04.04.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության կամ փոփոխել: 

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները. 

 

Վերաքննիչ դատարանի վճիռն օրինական է, հիմնավորված, իսկ վճռաբեկ բողոքն անհիմն է, չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի պահանջներից, հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքին:

Պատասխանողը, որպես վեճի առարկա բնակարանի սեփականատեր, դրա նկատմամբ Ալվարդ Սավգուլյանի օգտագործման իրավունքի համաձայնություն չի տվել, և այդ կապակցությամբ վերջիններիս միջև ոչ մի պայմանագիր չի կնքվել: Հետևաբար, բացակայում է պատասխանողի բնակարանի նկատմամբ Ալվարդ Սավգուլյանի և վերջինիս դստեր օգտագործման իրավունքը ճանաչելու հիմքը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը՝

04.04.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Ալվարդ Սավգուլյանին պատշաճ ձևով տեղեկացնելու վերաբերյալ գործում որևէ ապացույց առկա չէ: Վերաքննիչ դատարանը գործը քննել է նրա բացակայությամբ: 

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ

1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով:

Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Ալվարդ Սավգուլյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ ու վճիռ կայացրել: Քաղաքացիական գործում առկա չէ 04.04.2007 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Ալվարդ Սավգուլյանին ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում անդրադարձել և գնահատման առարկա է դարձրել այն դեպքերը, երբ դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածը և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, արձանագրել է կողմերի իրավահավասարության և մրցակցության դատավարական սկզբունքների խախտում և, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, բեկանել է դատական ակտը (իրավական հիմնավորումները տե՜ս` Շենգավիթի թաղապետարան ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոներ, Արամ, Ֆրունզ և Նարեկ Մարկոսյաններ, 21.12.2006թ., քաղաքացիական գործ թիվ 3-2236/Ա (բնակելի տարածության օգտագործման իրավունքը փոխհատուցմամբ դադարեցնելու պահանջով), Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 473-476):

Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի համարում կրկին անդրադառնալ նշված իրավական հարցի գնահատականին:

2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ Վերաքննիչ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի իրավունքների խախտմամբ, որի հետևանքով բողոք բերած անձի իրավական հիմնավորումները չեն հանդիսացել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն քննարկվում Վճռաբեկ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը 

 

Ո Ր Ո Շ Ե Ց 

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 04.04.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման: 

 

Նախագահող`

Ա. Մկրտումյան

Դատավորներ`

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

 

Է. Հայրիյան

 

Ս. Սարգսյան