Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.04.15/9(75)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
10.10.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ քաղաքացիական
վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-1522/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1167 (ՎԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Թումանյան
դատավորներ՝ Տ. Սահակյան
Ն. Հովսեփյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

նախագահությամբ`

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Գյուրջյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Սարգսյանի

2007 թվականի հոկտեմբերի 10-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Նորա Բադալյանի վճռաբեկ բողոքն ըստ Ռուբեն Սահակյանի հայցի ընդդեմ Նորա Բադալյանի՝ ալիմենտ բռնագանձելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.04.2007 թվականի վճռի դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է Նորա Բադալյանից ամսական 30000 ՀՀ դրամ կայուն գումարի չափով բռնագանձել ալիմենտ՝ որպես իր խնամքի տակ գտնվող երկու երեխաների ապրուստի միջոց, մինչև նրանց չափահաս դառնալը:

Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 21.02.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ նաև՝ Դատարան) 27.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է Նորա Բադալյանից հօգուտ Ռուբեն Սահակյանի բռնագանձել կայուն գումարով ալիմենտ՝ յուրաքանչյուր երեխայի համար ամսական 10000 (տասը հազար) ՀՀ դրամի չափով:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նորա Բադալյանը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 218-րդ հոդվածների պահանջները, ինչի հետևանքով սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով:

Դատարանն ալիմենտի չափը սահմանելիս հաշվի չի առել պատասխանողի գույքային, ընտանեկան դրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ նա տառապում է բարձր աճող կարճատեսությամբ, չի աշխատում, որևէ տեղ հաշվառում չունի, ապրում է թոշակառու ծնողների հաշվին: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ նախկինում ընտանիքի կենսաապահովման մակարդակն ապահովվել է հայցվորի վաստակով և այժմ էլ նույն կենսամակարդակը պահպանված է: Այսինքն՝ դատարանն ապացույցները չի գնահատել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա:

2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածը և «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Որպես ալիմենտի չափ սահմանելու հիմնավորում Դատարանի վճռում հղում է կատարվել Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափին:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենսգրքերի, օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության և վարչապետի որոշումների իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել նույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք ընդունվում է 1000 դրամը:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 27.04.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ռուբեն Սահակյանը և Նորա Բադալյանն ամուսնացել են 1991 թվականին: Համատեղ ամուսնությունից ունեն երկու երեխա` 02.09.1992 թվականին ծնված Սահակ Սահակյանը և 10.10.1994 թվականին ծնված Արսեն Սահակյանը:

2) Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 2-2764 վճռով Ռուբեն Սահակյանի և Նորա Բադալյանի ամուսնությունը լուծվել է և երեխաների խնամքն ու դաստիարակությունը հանձնվել է Ռուբեն Սահակյանին:

3) Նորա Բադալյանը տառապում է բարձր աճող կարճատեսությամբ, չունի վարձատրվող աշխատանք, ապրում է թոշակառու ծնողների հաշվին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կայուն դրամական գումարով ալիմենտի չափը որոշում է դատարանը՝ ելնելով երեխայի նախկին կենսաապահովման մակարդակի առավելագույն պահպանման հնարավորությունից՝ հաշվի առնելով կողմերի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:

Սույն գործով պատասխանող Նորա Բադալյանը, համաձայն թիվ 2 բժշկական միավորման տված տեղեկանքի, տառապում է բարձր աճող կարճատեսությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը հաշվի չի առել պատասխանողի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը, մասնավորապես այն, որ պատասխանողը չունի վարձատրվող աշխատանք, ապրում է թոշակառու ծնողների հաշվին, ինչպես նաև այն հանգամանքը, որ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում ընտանիքի կենսաապահովման մակարդակն ապահովվել է հայցվորի վաստակով:

ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր և իր ընտանիքի համար բավարար կենսամակարդակի իրավունք: Սահմանադրական այս երաշխիքը ենթադրում է յուրաքանչյուր անձի առողջության պահպանման և կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ, միջազգայնորեն ընդունված, ֆիզիոլոգիական, առողջապահական և սոցիալական նորմատիվներով հաշվարկված սննդամթերքի և հիմնավորված գործակիցներով հաշվարկված ոչ պարենային ապրանքների նվազագույն քանակի ապահովման իրավունք:

Հաշվի առնելով սույն գործի փաստական հանգամանքները, որոնք վերաբերում են պատասխանողի ընտանեկան և սոցիալական դրությանը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանի դատական ակտի կատարման արդյունքում կարող է առաջանալ պատասխանողի՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված բավարար կենսամակարդակի իրավունքի խախտման իրական վտանգ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտումն հանգեցրել է գործի սխալ լուծման:

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ այն կիրառելի է միայն այն դեպքում, երբ ալիմենտ բռնագանձելու վերաբերյալ պահանջի քննության ընթացքում դատարանում հնարավոր է պարզել ծնողների վաստակի առկայությունը և դրա մեծությունը: Նման պարագայում ՀՀ ընտանեկան օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունը, ելնելով երեխաների քանակից, սահմանում է ալիմենտի մեծությունը` արտահայտված եկամտի որոշակի բաժիններով: Նույն հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությունը, որպես երաշխիք, սահմանում է, որ նման բաժինը՝ յուրաքանչյուր երեխային հասանելիք մասով, չի կարող պակաս լինել նվազագույն ամսական աշխատավարձից: «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենսգրքերի, օրենքների, Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կառավարության և վարչապետի որոշումների իմաստով որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունվել նույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք ընդունվում է 1000 ՀՀ դրամը: Հետևաբար, ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը որպես հաշվարկային հիմք պետք է ընդուներ 1000 ՀՀ դրամը:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքերը հիմնավոր համարելով՝ դրանց առկայությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու բավարար հիմք է դիտում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.04.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ս. Գյուրջյան

 

Վ. Աբելյան

 

Ս. Անտոնյան

 

Ս. Սարգսյան