«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
23 մարտի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 մարտի 2006 թվականի N 318-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 1954 թվականի սեպտեմբերի 28-ի «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» կոնվենցիայի դրույթները, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել`
ա) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
բ) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականի նկարագիրը` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ
1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող (սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ցանկացած ժամանակահատվածում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ ում կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում), քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականը պատրաստվում է միասնական նմուշով` հայերեն և անգլերեն:
1.1. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայական ձեռք բերելու կամ վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար անձը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում-հարցաթերթիկ` համաձայն ձևի.
2) ծննդյան վկայականը և դրա պատճենը.
3) 35 x 45 մմ չափսի երկու լուսանկար (գունավոր).
4) դիմում հաշվառման մասին.
5) տեղեկանք բնակության վայրից.
6) նախկին քաղաքացիության երկրի քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ փաստաթուղթ (առկայության դեպքում):
(1.1. կետը լրաց. 29.11.07 N 1405-Ն)
1.2. Քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման հարցերի մասին դիմումները քննարկվում են 30-օրյա ժամկետում:
(1.2. կետը լրաց. 29.11.07 N 1405-Ն)
2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձին կացության վկայական տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից 5 տարի ժամկետով: Գործածության համար պիտանի վկայականի ժամկետը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից կարող է երկարաձգվել ևս 5 տարի ժամկետով:
(2-րդ կետը լրաց. 29.11.07 N 1405-Ն)
3. Կացության վկայականում գրառվում են Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի մասին հետևյալ տեղեկությունները` ազգանունը, անունը, քաղաքացիությունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը, սեռը, ում կողմից է տրվել տվյալ վկայականը և մինչև երբ է այն վավերական:
4. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականում կարող են կատարվել հետևյալ նշումները`
ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից`
օտարերկրյա պետություններում կացության վկայականների վավերության ժամկետների մասին,
օտարերկրյա պետություններ մշտական բնակության մեկնելու դեպքում` մինչև 16 տարեկան երեխաների մասին,
բնակության վայրի մասին,
ազգության մասին (անձի ցանկությամբ).
բ) սահմանապահ ծառայությունների կողմից` օտարերկրյա պետություններ մեկնելու և վերադառնալու մասին.
գ) առողջապահության մարմինների կողմից` արյան խմբի և ռեզուսի մասին (անձի ցանկությամբ):
5. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականն օտարերկրյա պետություններում վավերական է մինչև իրավասու մարմնի կողմից դրանում նշված ժամկետը:
6. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձը կացության վկայականը կորցնելու մասին գրավոր հայտնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը, իսկ օտարերկրյա պետություններում` Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկին:
7. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք ենթակա են հաշվառման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում: Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
8. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետության տարածքում բնակության վայր ընտրելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում ու կարգով:
9. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձինք առանց կացության վկայականի կամ անվավեր վկայականով, ինչպես նաև առանց հաշվառման բնակվելու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
10. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
11. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն որոշմամբ, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև
ԴԻՄՈՒՄ-ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ (ՎԿԱՅԱԿԱՆԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ APPLICATION FORM FOR CERTIFICATE (FOR EXTENDING THE TERM OF THE CERTIFICATE) FOR PERSONAL STATUS OF STATELESS PERSON |
|
1. Ազգանունը, անունը/Sսrname, name ______________________________________ 2. Ծննդյան տարեթիվը և վայրը/Date & place of birth _____________________________ 3. Ազգությունը (անձի ցանկությամբ)/Nationality ________________________________ 4. Սեռը/Sex______________ 5. Հեռախոսահամարը/Telephone ____________________ 6. Հասցեն/Address__________________________________________________ 7. Նախկին քաղաքացիությունը (առկայության դեպքում)/Previoսs citizenship ______________ 8. Զբաղմունքը/Occսpation______________________________________________ 9. Կացության ժամկետը/Dսration of stay _____________________________________ 10. Կացության վկայականի համարը/Certificate N ________________________________ (լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու դեպքում) 11. Տրվել է/Date of issսe __________________________________________ (լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու դեպքում) 12. Վավերական է մինչև/Valid սntil____________________________________ (լրացվում է վկայականի ժամկետը երկարաձգելու դեպքում) 13. Ամսաթիվը/Date _____ 14. Ստորագրությունը/Signatսre________________________
Ծառայողական նշումներ/For official սse only
1. Կացության վկայականի համարը 2. Տրվել է __________ 3. Վավերական է մինչև_______________________________ 4. Կացության վկայականի ժամկետը երկարաձգվել է մինչև__________________________ 5. Կացության վկայականի տրամադրման կամ վկայականի ժամկետի երկարաձգման համար վճարված պետական տուրքի չափը 6. Ստորագրությունը ____________________________________________ |
(Ձևը լրաց. 29.11.07 N 1405-Ն)
Հավելված N 2 |
Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄՇՏԱՊԵՍ ԲՆԱԿՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ
Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, քաղաքացիություն չունեցող անձի կացության վկայականը (այսուհետ վկայական) 88 X 125 մմ չափսի, շագանակագույն, 32 էջանոց փաստաթուղթ է:
Վկայականի շապիկի 1-ին էջի վերևում հայերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը: Շապիկի կենտրոնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը, որից ներքև` հայերեն գլխատառերով տպագրվում են «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ», իսկ դրանից ներքև` անգլերեն և համեմատաբար փոքր գլխատառերով` «REPUBLIC OF ARMENIA CERTIFICATE FOR PERSONAL STATUS OF STATELESS PERSON», իսկ ավելի ներքև` անգլերեն և համեմատաբար ավելի փոքր գլխատառերով` «(CONVENTION OF 28 SEPTEMBER 1954)» բառերը:
Վկայականի շապիկի հակառակ երեսի վերևում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՍՈՒՅՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՆԱԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ` 1954 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԱՄԱՁԱՅՆ:» և «THIS CERTIFICATE IS CONSIDERED TRAVEL DOCUMENT OF STATELESS PERSON ACCORDING TO THE «CONVENTION RELATING TO THE STATUS OF STATELESS PERSONS» OF 28 SEPTEMBER 1954.» նախադասությունները:
Վկայականի շապիկի հակառակ երեսի կենտրոնում տեղադրվում է Հայաստանի Հանրապետության զինանշանը` գունավոր պատկերմամբ: Այդ էջը վերևից և կողքերից երիզվում է զարդանախշերով: Ներքևի մասում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ:» և «THIS CERTIFICATE IS VALID FOR ALL COUNTRIES» նախադասությունները, իսկ դրանից ներքև` հայերեն և անգլերեն` համեմատաբար փոքր գլխատառերով տպագրվում են «1954 Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՆ» և «(CONVENTION OF 28 SEPTEMBER 1954)» բառերը:
Վկայականի 1-ին էջի վերևի մասում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA», իսկ կենտրոնում` «ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ» և «NON-CITIZENSHIP CERTIFICATE» բառերը:
Վկայականի 2-րդ էջի վերևի մասում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» բառերը, որոնցից ներքև հատկացվում են տողեր հետևյալ տեղեկությունների համար`
Ազգանունը
Անունը
Քաղաքացիությունը ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ
Ծնվել է (օրը, ամիսը, տարեթիվը)
Տրվել է
Ում կողմից
Սեռը
Ծննդավայրը
Վավերական է մինչև
Վկայականի տիրոջ ստորագրությունը (signature of holder):
Նշված տեղեկությունների տեսակների անվանումները տպագրվում են հայերեն:
Վկայականի 3-րդ էջի վերևի մասում տպագրվում են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» բառերը, որից ներքև` ձախ անկյունում տպագրվում է փաստաթղթի անվանումը (տեսակը):
Նույն էջում անձի լուսանկարի համար հատկացվում է տեղ 35 X 45 մմ չափսի: Լուսանկարի աջ կողմում հաջորդականությամբ լրացվում են հետևյալ տվյալները`
Ազգանունը
Անունը
Քաղաքացիությունը
Ծնվել է (օրը, ամիսը, տարեթիվը)
Սեռը
Երկրի ծածկագիրը
Ծննդավայրը
Տրվել է
Ում կողմից
Վկայականի համարը
Անձնական համարը
Վկայականը վավերական է:
Նշված տեղեկությունների տեսակների անվանումները տպագրվում են անգլերեն:
Վկայականի 4-րդ էջը հատկացվում է օտարերկրյա պետություններում կացության վկայականի վավերականության ժամկետները նշելու համար: Էջի վերևում հայերեն և անգլերեն տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆ Է ՄԻՆՉԵՎ» և «THIS CERTIFICATE IS VALID FOR FOREIGN COUNTRIES ՍNTIL» բառերը:
Վկայականի 5-րդ և 6-րդ էջերը նախատեսվում են Հայաստանի Հանրապետության պետական իշխանության իրավասու մարմինների կողմից նշումներ կատարելու համար: Էջերի վերևում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՆՇՈՒՄՆԵՐ» և «OBSERVATIONS» բառերը: Վկայականի 7-32-րդ էջերը նախատեսվում են օտարերկրյա պետություններում իրավասու մարմինների կողմից տվյալ երկիր մուտք գործելու թույլտվություններ տալու համար: Էջերի վերևում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՎԻԶԱ» և «VIZA» բառերը: Վկայականի շապիկի նախավերջին էջի կենտրոնում հայերեն և անգլերեն գլխատառերով նշվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է», «ՎԿԱՅԱԿԱՆԸ ԿՐՈՂԻ ՀՈՎԱՆԱՎՈՐՆ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ», «THIS CERTIFICATE IS THE PROPERTY OF THE REPUBLIC OF ARMENIA», «THE HOLDER OF THIS CERTIFICATE IS ՍNDER THE PROTECTION OF THE REPUBLIC OF ARMENIA» բառերը: Նույն էջի ներքևի մասում հայերեն և անգլերեն գլխատառերով տպագրվում են «ՎԿԱՅԱԿԱՆԸ 32 ԷՋԻՑ Է:» և «THIS SERTIFICATE CONTAINS 32 PAGES» նախադասությունները: Վկայականները համարակալվում են դակման միջոցով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.04.2012, N 419-Ն | 01.06.2012, N 318-Ն | |
27.11.2008, N 1398-Ն | 11.12.2008, N 318-Ն | |
29.11.2007, N 1405-Ն | 22.12.2007, N 318-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|