ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1288(Ա) |
Քաղաքացիական գործ թիվ 2/328-2006 | |
Նախագահող դատավոր՝ | Ա. Մկոյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Ս. Սարգսյանի | ||
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մանուշակ Պետրոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ դատարան) 2006 թվականի դեկտեմբերի 5-ի վճռի դեմ՝ ըստ Գոհարիկ Պետրոսյանի հայցի ընդդեմ Մանուշակ Պետրոսյանի՝ 2.576.500 (երկու միլիոն հինգ հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է բռնագանձել պատասխանողից 2004 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ ԱՄՆ մեկ դոլարի փոխարժեքը կազմող 515.3 ՀՀ դրամով հաշվարկված 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարին համարժեք՝ 2.576.500 (երկու միլիոն հինգ հարյուր յոթանասունվեց հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ գումար:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի վճռով հայցը բավարարվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Մանուշակ Պետրոսյանը՝ Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Սեդա Սաֆարյանի միջոցով:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ, 94-րդ և 139-րդ հոդվածները, ՀՀ Սահմանադրության 18-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածների պահանջները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Գործի նյութերում բացակայում է Մանուշակ Պետրոսյանին դատական նիստի վայրի և ժամանակի մասին պատշաճ ծանուցման փաստը հաստատող որևէ ապացույց: Բացի այդ, առկա է Սպիտակի քաղաքապետի 28.11.2006 թվականի գրությունն ուղղված դատավոր Ա. Մկոյանին այն մասին, որ Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3ա/6 հասցեի բնակչուհի Մանուշակ Պետրոսյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից:
Մինչդեռ, գործում առկա չէ որևէ ապացույց՝ դատարանի կողմից պատասխանողի վերջին բնակության վայրի համայնքի ղեկավարին կամ նրա աշխատավայրի տնօրինությանը ծանուցելու մասին:
Վերոնշյալով դատարանը խախտել է նաև ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածով սահմանված՝ իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, ինչպես նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդարացի լսումների իրավունքը:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված՝ արդարացի լսումների իրավունքի համատեքստում առանձին գործերով բացահայտված են «կողմերի հավասարության» և «մրցակցային դատավարության» հասկացությունների բովանդակությունը: Այսպես՝ Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) մեկնաբանել է, որ «միջոցների հավասարությունը» նշանակում է, որ յուրաքանչյուր կողմի պետք է ընձեռվի պատշաճ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ ապացույցներն այնպիսի պայմաններով, որոնք նրա համար չեն ստեղծի անբարենպաստ վիճակ՝ ի հակադրություն հակառակորդի (տե՜ս, Դոմբո Բեհիրն ընդդեմ Նիդեռլանդների գործով 17.10.1993 թվական, 30-35-րդ պարագրաֆներ):
Ռուիզ Մաթեոսն ընդդեմ Իսպանիայի գործով կայացված վճռում Եվրոպական դատարանը հաստատել է, որ մրցակցային դատավարության իրավունքը նշանակում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է իմանա և պետք է հնարավորություն ունենա առարկելու մյուս կողմի ապացույցներն ու առարկությունները (տե´ս, Ռուիզ Մաթեոս ընդդեմ Իսպանիայի գործով 06.23.1993 թվականի վճռի 63-րդ պարագրաֆը):
Վերը նշվածը վկայում է, որ դատական նիստի մասին ծանուցված չլինելու հետևանքով Մանուշակ Պետրոսյանը զրկվել է իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից, այդ թվում՝ հայցի դեմ առարկելու, առարկությունները հիմնավորող փաստարկներ և ապացույցներ ներկայացնելու իրավունքից, ինչն էլ հանգեցրել է դատարանի կողմից փաստերի, ապացույցների միակողմանի գնահատման:
Բացի այդ, Մանուշակ Պետրոսյանը չի ստացել սույն քաղաքացիական գործով կայացված վճիռը:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ինչի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգքի 447-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 877-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ փոխառության պայմանագրի դեպքում փոխատուի կողմից փոխառուին հանձնված և հետագայում վերադարձվելիք դրամական միջոցները պետք է լինեն միևնույն, իսկ տեսակային հատկանիշով որոշվող գույքը՝ նույն տեսակի և որակի: Այսինքն՝ օրենսդիրը, սահմանելով, որ հանձնված դրամի կամ տեսակային հատկանիշով որոշվող այլ գույքի դիմաց պետք է վերադարձվի միևնույն գումարի դրամ կամ փոխատուից ստացված գույքին հավասար քանակի և նույն տեսակի ու որակի գույք, նկատի է ունեցել հենց նույնականությունը՝ համարժեքությունը պահպանելու անհրաժեշտությունը: Այս դեպքում կողմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են, որ որպես փոխառության գումար հանձնվող գույքը 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար է և ոչ թե այլ արժույթ:
Նման դեպքում վճռով որպես փոխառության գումար պայմանագրով սահմանվածից տարբերվող այլ արժույթով արտահայտված գումարն արդեն իսկ հակասում է փոխառության պայմանագրի էությանը և վկայում է դատարանի կողմից պայմանագրի պայմանների ոչ ճիշտ մեկնաբանության մասին:
Դատարանը չի իրականացրել գործում եղած ապացույցի՝ փոխառության պայմանագրի լրիվ, օբյեկտիվ և պատշաճ հետազոտություն, քանի որ համաձայն այդ պայմանագրի 1-ին կետի՝ Գոհար Պետրոսյանը Մանուշակ Պետրոսյանին որպես փոխառություն հանձնել է 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլար գումար և ոչ թե դրան համարժեք ՀՀ դրամ:
3) Դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 409-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանի վճռում անհասկանալի պատճառաբանությամբ նշվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ և 409-րդ հոդվածները, որոնցից առաջինը սահմանում է անձի՝ վնասների հատուցում ստանալու իրավունքը և բացահայտում է վնասների հասկացությունը, իսկ 409-րդ հոդվածը կարգավորում է պարտավորության խախտմամբ առաջացած վնասների հատուցման հետ կապված հարցերը: Վճռում վկայակոչված հոդվածները որևէ առնչություն չունեն սույն վեճի հետ, քանի որ հայցադիմումում, ինչպես նաև վճռում ներկայացված չէ վնասների հատուցման պահանջ և համապատասխան հիմնավորում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Դատարանի կողմից 2006 թվականի նոյեմբերի 24-ին Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3ա/6 հասցեով Մանուշակ Պետրոսյանին է ուղարկվել դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցում: Ուղարկված ծրարը 2006 թվականի նոյեմբերի 30-ին հետ է վերադարձվել դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
3) 2006 թվականի նոյեմբերի 19-ին դատարանում մուտքագրված՝ ՀՀ Լոռու մարզի Սպիտակի քաղաքապետարանի թիվ 034/06-477 գրությամբ հայտնվել է, որ Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3ա/6 հասցեի բնակիչ Մանուշակ Պետրոսյանը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից:
4) Դատարանի կողմից պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին ծանուցում ուղարկելու, համայնքի կողմից դատական ծանուցագիրն ստանալու և ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկված լինելու վերաբերյալ որևէ ապացույց գործում առկա չէ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, Մանուշակ Պետրոսյանին պատշաճ ձևով չի տեղեկացրել 05.12.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին, գործը քննել է նրա բացակայությամբ և կայացրել վճիռ: Քաղաքացիական գործում առկա չէ 05.12.2006 թվականի դատական նիստի ժամանակի և վայրի մասին Մանուշակ Պետրոսյանին ուղարկված դատական ծանուցագիր, կամ վերջինիս պատշաճ ծանուցելու վերաբերյալ որևէ այլ ապացույց:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի էական խախտում: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տե´ս քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի՝ գումարի պահանջի մասին):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
Հիմնավոր է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի խախտման վերաբերյալ վճռաբեկ բողոքի փաստարկը հետևյալ պատճառաբանությամբ.
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Սպիտակ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 3ա/6 հասցեով Մանուշակ Պետրոսյանին ուղարկված դատական ծանուցագիրը հետ է վերադարձվել դատարան՝ «Տեղափոխված» նշումով, ինչը նշանակում է, որ տվյալ դեպքում դատարանի համար ծագում է լրացուցիչ պարտավորություն՝ դատական նիստի վայրի և ժամանակի մասին ծանուցել Մանուշակ Պետրոսյանի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինությանը, և գործի քննությունը սկսել միայն վերջիններիս կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն ստանալուց հետո միայն:
Մինչդեռ, սույն քաղաքացիական գործում բացակայում է դատարանի կողմից պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարին ծանուցում ուղարկելու, համայնքի կողմից դատական ծանուցագիրն ստանալու և ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ հաղորդագրություն դատարան ուղարկված լինելու վերաբերյալ ապացույցը: Հետևաբար, վերոնշյալ հաղորդագրության բացակայության պայմաններում դատարանը չէր կարող գործը քննել և վճիռ կայացնել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված դատավարական իրավունքի նորմերի խախտումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանի վճիռը բոլոր դեպքերում բեկանելու հիմք է:
2) Վճռաբեկ բողոքի 2-րդ և 3-րդ հիմքերին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, քանի որ դատարանը գործը քննել և վճիռ է կայացրել բողոք բերած անձի դատավարական իրավունքների սահմանափակման պայմաններում, ինչի հետևանքով կողմի իրավական փաստարկները և հիմնավորումները չեն դարձել ստորադաս դատարանի քննության առարկա, հետևաբար, դրանք չեն կարող քննարկվել Վճռաբեկ դատարանի կողմից:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի 1-ին հիմքի հիմնավոր լինելը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար վերանայվող դատական ակտը ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
2. Վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի չվճարված մասին անդրադառնալ գործի նոր քննության ժամանակ:
3. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Ս. Սարգսյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Անտոնյան |
|
Ս. Գյուրջյան |
|
Է. Հայրիյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|