ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1247(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 07-1277 | |
Նախագահող դատավոր՝ | Լ. Գրիգորյան |
դատավորներ՝ | Կ. Հակոբյան |
Ա. Խառատյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի օգոստոսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ Շիրակի մարզպետի (այսուհետ՝ Մարզպետ) վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 27.04.2007 թվականին թիվ 07-1277 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Հակոբ Հակոբյանի հայցի ընդդեմ Մարզպետի՝ կարգապահական տույժն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի վճարման պահանջների մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է պարտավորեցնել Մարզպետին՝ իր նկատմամբ կիրառված կարգապահական տույժն անվավեր ճանաչելու, վերականգնելու իրեն նախկին աշխատանքում, ինչպես նաև բռնագանձելու հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի իր միջին աշխատավարձը:
Դատարանի 24.01.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանի 27.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է Մարզպետը և գործին մասնակից չդարձած անձ Գ. Սիմոնյանը:
2.1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական իրավունքի խախտում:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Դպրոցի կառավարման խորհրդի 06.02.2007 թվականի թիվ 4 որոշմամբ տնօրեն է ընտրվել Գայանե Սիմոնյանը: Նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Համաձայն Օրենսգրքի 87-րդ հոդվածի՝ այն համարվում է ընտրովի պաշտոն: ՀՀ ԿԳՆ նախարարի 22.12.2000 թվականին հաստատած կարգի համաձայն՝ տնօրենի ընտրության մրցույթի արդյունքները կարող են վերանայվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերաքննիչ դատարանը վճիռ է կայացրել Գայանե Սիմոնյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Վերջինս հանդիսանում է դպրոցի նոր տնօրեն, որ ընտրվել է դպրոցի կառավարման խորհրդի կողմից, իսկ մրցույթն անվավեր չի ճանաչվել և լիազորությունները դադարեցված չեն: Հետևաբար, դատարանի վճիռը կայացվել է նաև նրա իրավունքների և պարտականությունների վերաբերյալ, իսկ վերջինս գործի քննությանը ներգրավված չի եղել:
2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ աշխատանքային օրենսգրքի այսուհետ՝ Օրենսգիրք) 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերը, 121-րդ հոդվածի 2-րդ մասը:
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը, որի հիմքով հայցվորի հետ դադարեցվել է աշխատանքային պայմանագիրը: Վերաքննիչ դատարանը պարզաբանել է, որ Օրենսգրքի 121-րդ հոդվածի համաձայն՝ հայցվորը մեկ տարվա ընթացքում երկու անգամ պետք է ենթարկված լինի կարգապահական տույժի, այնինչ, վերականգնվելուց հետո հայցվորը տույժ չի ունեցել: Վերաքննիչ դատարանը չի կիրառել Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, ըստ որի՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողը թեկուզ մեկ անգամ թույլ է տվել Օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքային կարգապահության կոպիտ խախտում:
Վերաքննիչ դատարանը չի կիրառել նաև Օրենսգրքի 221-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, քանի որ սույն դեպքում վերը նշված ապացույցները հաստատում են, որ հայցվորը թույլ է տվել ՀՀ օրենսդրության, ներքին կանոնադրության կոպիտ խախտումներ:
Վերաքննիչ դատարանը ճիշտ չի մեկնաբանել Օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջը՝ վճռում նշելով, որ իրավունք ունի գործատուն վստահությունը կորցրած անձի հետ պայմանագիրը լուծել, եթե համաձայն Օրենսգրքի 122-րդ հոդվածի աշխատողը վնասել է գործատուի գույքը, կատարել է հափշտակություն, գործատուի գույքի պահպանությունը դրվել է վտանգի տակ, անվստահություն է առաջացրել սպառողների, հաճախորդների մոտ, որի պատճառով գործատուն կրել է և կարող էր կրել վնասներ:
Բողոք բերած անձինք պահանջել են բեկանել քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.04.2007 թվականի թիվ 07-1277 քաղաքացիական գործով կայացված վճիռը:
2.2. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները.
Ըստ Հակոբ Հակոբյանի կողմից վճռաբեկ բողոքին ներկայացված պատասխանի՝
Մարզպետի կողմից սույն գործով կայացված վճռի չկատարումը վկայում է վերջինիս և հայցվորի միջև անբարյացակամ հարաբերությունների մասին:
Վճռաբեկ բողոքում բերված ապացույցները կապ չունեն հայցվորի աշխատանքից ազատման վերաբերյալ Մարզպետի 13.11.2006 թվականի թիվ 432 որոշման հետ: Այդ որոշումով պատասխանողը խախտել է Օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջները, անտեսել է նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Դպրոցի կառավարման խորհրդի 06.02.2007 թվականի թիվ 4 որոշմամբ տնօրեն է ընտրվել Գայանե Սիմոնյանը: Նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր:
2) Գայանե Սիմոնյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
Սույն գործի փաստերի համաձայն՝ հայցվորը հայց է ներկայացրել ընդդեմ Մարզպետի՝ կարգապահական տույժն անվավեր ճանաչելու, դպրոցի տնօրենի նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի վճարման պահանջների մասին: Դպրոցի կառավարման խորհրդի 06.02.2007 թվականի թիվ 4 որոշմամբ տնօրեն է ընտրվել Գայանե Սիմոնյանը: Նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր: Գայանե Սիմոնյանը սույն գործի քննությանը մասնակից չի դարձվել:
Փաստորեն դատարանը, բավարարելով հայցը, վճիռ է կայացրել սույն գործի քննությանը մասնակից չդարձած Գայանե Սիմոնյանի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ:
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպեu նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով անձին երաշխավորվում է հավաuարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը վճիռ է կայացրել գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների և պարտականությունների վերաբերյալ: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը հիմնավոր է համարում և դրա առկայությունը դիտում է որպես բավարար հիմք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
2) Բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանն անհնար է համարում քննության առարկա դարձնել հետևյալ պատճառաբանությամբ:
Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր համարելով՝ այն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով դատական ակտը բեկանելու բավարար հիմք է դիտում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 27.04.2007 թվականի վճիռն ամբողջությամբ և գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` |
Հ. Մանուկյան |
Դատավորներ` |
Ա. Մկրտումյան |
|
Վ. Աբելյան |
|
Ս. Անտոնյան |
|
Ս. Գյուրջյան |
|
Է. Հայրիյան |
|
Ս. Սարգսյան |