ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ 07-1083 |
Քաղաքացիական գործ թիվ 3-1193 (ՎԴ) |
Նախագահող դատավոր՝ | Կ. Հակոբյան |
դատավորներ՝ | Ա. Խառատյան |
Ա. Թումանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ` |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ` |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի |
2007 թվականի սեպտեմբերի 5-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սամվել Տայանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.04.2007 թվականի թիվ 07-1083 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Ելենա Տայանի հայցի ընդդեմ Սամվել Տայանի, երրորդ անձ «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Աիդա Աբրահամյանի՝ առուվաճառքի պայմանագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջի մասին, և Սամվել Տայանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ելենա Տայանի՝ ընդհանուր գույքից բնեղենով իր բաժինն առանձնացնելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է մասնակի՝ 2.13 կետի մասով, անվավեր ճանաչել իր և Ալբերտ Ոսկանյանի միջև 14.05.2003 թվականի կնքված անշարժ գույքի (այգետնակի) առուվաճառքի պայմանագիրը և իրեն ճանաչել ամբողջ այգետնակի և այգեգործական հողամասի սեփականատեր:
Սամվել Տայանը ներկայացրել է հակընդդեմ հայց՝ պահանջելով վիճելի այգետնակից և դրան կից հողամասից բնեղենով առանձնացնել իրեն սեփականության իրավունքով պատկանող բաժինը՝ 1/2-րդ մասը:
Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 14.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.04.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը՝ մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պատասխանող Սամվել Տայանը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ, 51-րդ և 53-րդ հոդվածները:
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Դատարանը հիմք է ընդունել միայն Ելենա Տայանի կողմից ներկայացված բանավոր բացատրությունները, իսկ վերջինս դատաքննության ընթացքում գրավոր ապացույցներ չի ներկայացրել: Փաստորեն դատարանը բանավոր բացատրությունները վեր է դասել գրավոր ապացույցներից: Մինչդեռ ապացուցելու պարտականությունը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով կրում է Ելենա Տայանը: Ներկայացված հայցը 51-րդ հոդվածի համաձայն, կարող էր հիմնավորվել միայն որոշակի գրավոր ապացույցներով, այլ ոչ թե սկզբնական հայցին կից ներկայացված փաստաթղթերով: Արդյունքում դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն:
2) Դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկով.
Ելենա և Սամվել Տայանների ամուսնությունը ՔԿԱԳ համապատասխան մարմնում գրանցվել է 1995 թվականին, և վերջիններս ապրել են համատեղ մինչև 2006 թվականի կեսերը: Այգետնակը կից հողատարածքով ամուսինները ձեռք են բերել համատեղ կյանքի ընթացքում՝ 2003 թվականին: Համատեղ կյանքի ընթացքում Սամվել Տայանը իր եկամուտների հաշվին ներդրումներ է կատարել այգետնակի վերանորոգման գործում՝ ինչով էապես բարձրացրել է վիճելի տան արժեքը:
3) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասը և 190-րդ հոդվածի 1-ին մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով կամ առանց որոշելու:
Վերաքննիչ դատարանի կողմից չի կիրառվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն՝ բաժինները համարվում են հավասար, եթե բաժնային սեփականության մասնակիցների բաժինները չեն կարող որոշվել օրենքի հիման վրա կամ սահմանված չեն բոլոր մասնակիցների համաձայնությամբ: Սամվել Տայանն իր կողմից կատարված աշխատանքների և վաստակած գումարների դիմաց (որոնք ծախսվել են համատեղ) Ելենա Տայանից որևէ ստացական չի պահանջել, ուստի Կոտայքի մարզ, գյուղ Պտղնի 15 թաղամաս, թիվ 9 հասցեում գտնվող գույքը՝ այգետնակը (ամառանոցը)՝ կից 730 քմ մակերեսով հողատարածքով, պետք է դիտել որպես Ելենա և Սամվել Տայանների համատեղ սեփականություն՝ հավասար բաժիններով:
4) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասը, 197-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և 279-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերող անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի կանոններով:
Սամվել Տայանը փորձել է օգտվել իր իրավունքներից, որոնք ամրագրված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, որոնց համաձայն՝ ընդհանուր սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից, իսկ ընդհանուր սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:
Բողոքարկվող վճռով Սամվել Տայանից իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը փաստորեն հարկադրաբար վերցվում է, այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից ոչ մեկը սույն գործով առկա չէ:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.04.2007 թվականի վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ելենա և Սամվել Տայանները ամուսնացել են 1995 թվականին և մինչև օրս գտնվում են գրանցված ամուսնության մեջ: Ամուսնությունը գրանցված է ՔԿԱԳ-ի համապատասխան մարմնում:
2) Մինչև ամուսնությունը Ելենա Տայանը Երևան քաղաքում ունեցել է երեքսենյականոց բնակարան:
3) Ամուսնության ընթացքում՝ 04.04.2003 թվականին Ելենա Տայանը գնել է մեկսենյականոց բնակարան, որը ամուսինների համատեղ ուժերով վերանորոգվել է: Բնակարանը հանդիսացել է ամուսինների մշտական բնակության վայրը:
4) Բնակարանը Ելենա Տայանը վաճառել է 04.04.2003 թվականին:
5) Վիճելի այգետնակը և վերջինիս կից հողամասը Ելենա Տայանը ձեռք է բերել 14.05.2003 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով:
6) Պայմանագրի 2.13 կետի համաձայն՝ գնորդ Ելենա Տայանի ամուսին Սամվել Տայանը հանդիսանում է գնվող գույքի համասեփականատեր:
7) Վիճելի այգետնակում ամուսինների համատեղ միջոցներով անցկացվել են ջրի, գազի խողովակներ, հեռախոսագիծ:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝
1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ համապատասխան տեղեկությունները հաստատվում են գրավոր և իրեղեն ապացույցներով, իսկ նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց բացատրություններով: Հայցվորի կողմից տրված բացատրությունները չեն կարող թերագնահատվել գրավոր ապացույցների նկատմամբ: Ինչ վերաբերում է դիմողի փաստարկին այն մասին, որ հայցապահանջը դատարանում կարող էր հիմնավորվել միայն որոշակի ապացույցներով, այլ ոչ թե սկզբնական հայցին կից ներկայացված փաստաթղթերով, ևս անհիմն է, քանի որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 1-ին մասի՝ վերաքննիչ դատարանը կաշկանդված չէ վերաքննիչ բողոքով և գործում եղած, ինչպես նաև լրացուցիչ ներկայացվող ապացույցներով քննում է գործը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործին մասնակցող անձանց ներկայացրած լրացուցիչ ապացույցներն ընդունվում են վերաքննիչ դատարանում, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է առաջին ատյանի դատարանում այդ ապացույցները ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով: Այսինքն՝ դատարանը ընդունելով սկզբնական հայցին կից ներկայացված փաստաթղթերը՝ գործել է դատավարական օրենքի սահմաններում:
Սակայն, դատարանը հաշվի չառնելով այն փաստը, որ քաղաք Երևան, Բաբայան փողոցի 16-րդ շենքի թիվ 29 հասցեի բնակարանը ձեռք է բերվել ամուսինների համատեղ կյանքի ընթացքում, առանց հիմնավոր ապացույցների հաստատված է համարել այն հանգամանքը, որ վիճելի այգետնակը ձեռք է բերվել բացառապես Ելենա Տայանի միջոցներով և հանդիսացել է Ելենա Տայանի սեփականությունը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բնակարանի վաճառքի և այգետնակի գնման գործարքների միայն ժամանակագրական հերթականությունը չի կարող հիմք հանդիսանալ պնդելու, թե վերջին գործարքը կնքվել է նախորդի հասույթի հաշվին: Գործում առկա ապացույցներով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ վիճելի այգետնակը ձեռք է բերվել միայն Ելենա Տայանի անձնական միջոցների հաշվին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման վերաբերյալ բողոք բերած անձի փաստարկը հիմնավոր է համարում:
2) Բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ նրանց միջև կնքված պայմանագրով: Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով:
Տվյալ դեպքում ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը, անկախ նրանից՝ որ ամուսինն է ձեռք բերել, ձեռք է բերվել ընդհանուր, թե ամուսիններից մեկին պատկանող միջոցներով, ստեղծվել է կամ պատրաստվել է երկուսի, թե մեկի կողմից, ում անունով է ձևակերպված, միևնույն է, հանդիսանում է ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ վիճելի այգետնակը ձեռք է բերվել ամուսիններ Ելենա և Սամվել Տայանների համատեղ կյանքի ընթացքում, հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը:
3) Բողոքը երրորդ հիմքով հիմնավոր չէ հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է ընդհանուր բաժնային և ընդհանուր համատեղ սեփականության հասկացությունները, համաձայն որի՝ գույքը կարող է ընդհանուր սեփականությանը պատկանել՝ սեփականության իրավունքում սեփականատերերից յուրաքանչյուրի բաժինը որոշելով (բաժնային սեփականություն) կամ առանց այդ բաժինները որոշելու (համատեղ սեփականություն):
Նույն օրենսգրքի 190-րդ հոդվածը վերաբերում է բաժնային սեփականության իրավունքում բաժինները որոշելու հարաբերություններին:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածները սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն, քանի որ դրանցից մեկի (189-րդ հոդվածի) կիրառման անհրաժեշտությունը սույն գործի քննությամբ չի ծագել, իսկ մյուսը (190-րդ հոդվածը) սույն վեճի նկատմամբ ընդհանրապես կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է ընդհանուր բաժնային սեփականության հարաբերություններին:
4) Բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ընդհանուր գույքը բաժանելու և դրանից բաժին առանձնացնելու հիմքերը և կարգը սահմանվում են նույն օրենքի 197-րդ հոդվածի կանոններով, իսկ 197-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի պահանջել առանձնացնելու իր բաժինն ընդհանուր գույքից: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ բաժնային սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանելու կամ դրանից նրանցից մեկի բաժինն առանձնացնելու եղանակի և պայմանների մասին համաձայնության բացակայության դեպքում բաժնային սեփականության մասնակիցն իրավունք ունի դատական կարգով պահանջել ընդհանուր գույքից բնեղենով առանձնացնելու իր բաժինը:
Քանի որ սույն վեճի հիմքում ընկած են ամուսինների համատեղ սեփականության հարաբերությունները, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ և 197-րդ հոդվածների կանոնները կիրառման ենթակա են:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի առաջին հիմքը մասնակի հիմնավոր, երկրորդ, չորրորդ հիմքերը հիմնավոր է համարում և դրանց առկայությունը բավարար է գտնում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի ուժով ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239 հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Սամվել Տայանի վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 06.04.2007 թվականի վճիռը և քաղաքացիական գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Վ. Աբելյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|