Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49(573)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.08.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ Տ-1182/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1021 (ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Տ. ՆԱԶԱՐՅԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ՝

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ՝

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի
Է. Հայրիյանի
Ս. Սարգսյանի

 

2007 թվականի օգոստոսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ նաև՝ դատարան) 16.03.2007 թվականի թիվ 1182 քաղաքացիական գործով կայացրած վճռի դեմ՝ ըստ հայցի ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության (այսուհետ նաև՝ տեսչություն) ընդդեմ «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ի (այսուհետ նաև՝ ընկերություն)՝ հօգուտ ՀՀ պետական բյուջեի 4.561.200 ՀՀ դրամ վնասի գումար բռնագանձելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ հայցվորը խնդրել է ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 4.561.200 ՀՀ դրամ վնասի գումար, ինչպես նաև վճարված պետական տուրքի 91.224 ՀՀ դրամ գումարը:

Տնտեսական դատարանի 16.03.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն վճռաբեկ բողոքը ներկայացրել է ընկերությունը:

Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 30.03.1999 թվականի թիվ 192 որոշման 5-րդ կետը, ինչի հետևանքով կիրառել է ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 91 «Մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, և չի կիրառել «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» 28.12.1998 թվականի ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձն իր պնդումը հիմնավորել է հետևյալ փաստարկներով.

Ընկերությունը 2006 թվականի առաջին եռամսյակի ընթացքում բնապահպանական և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն է ներկայացրել, որտեղ նշված են թույլատրելի արտանետումների ծավալները: Փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո ընկերությունը մոլիբդենի արտադրություն չի կազմակերպել, իսկ գազի օգտագործումը ծառայել է ոչ արտադրական նպատակների համար, քանի որ ակտում նշված՝ 265,4 հազար խմ գազի օգտագործման դեպքում պետք է արտադրվեր մոտ 200 տոննա մոլիբդեն: Փորձարկման ժամանակաշրջանում 2006 թվականի առաջին եռամսյակում արտադրվել է ընդամենը 9,5 տոննա մոլիբդեն, որը կազմում է արտադրվող թույլատրելի ծավալի 1,2 տոկոսը (մեկ տոննա մոլիբդենի արտադրության համար ծախսվում է 1200 խմ գազ): Ներկայացված վնասի հաշվարկը հիմնականում վերաբերում է ծծմբային անհիդրիդին, որը գազի այրումից չի կարող առաջանալ:

Համաձայն ՀՀ կառավարության 30.03.1999 թվականի թիվ 192 որոշման՝ կառուցվող, վերակառուցվող օբյեկտներին արտանետումներ կատարելու թույլտվություն տրվում է միայն օբյեկտները շահագործման հանձնելու օրվանից 7 օրվա ընթացքում: Հիմք ընդունելով փորձաքննության դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ կառավարության 30.03.1999 թվականի թիվ 192 որոշմամբ՝ ընկերությանը տրվել է մեկ տարի ժամկետով արտանետման թույլտվություն՝ հաշվի առնելով, որ գործարանը 25.05.2006 թվականից հանձնվել է շահագործման:

Դատարանը սույն վեճի նկատմամբ պետք է կիրառեր «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» 28.12.1998 թվականի ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետը, քանի որ սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն չունենալու դեպքում նախատեսված են այլ դրույքաչափեր: Դատարանը նշված օրենքը կիրառելու փոխարեն հիմք է ընդունել հայցվորի կողմից հիշատակված՝ «Մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 25.05.2005 թվականի թիվ 91 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը: Նշված դրույթը վերաբերում է մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակների գերազանցմանը և թույլտվություններում նախատեսված պայմանների և պահանջների խախտմանը, որը սույն վեճին չի առնչվում:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածը, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասը սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն, քանի որ գործարանը ակտը կազմելու օրվա դրությամբ ունեցել է փորձաքննության դրական եզրակացություն և դեռ շահագործման հանձնված չի եղել: Շահագործման հանձնվելուց հետո օրենքով սահմանված կարգով ստացել է արտանետումների թույլտվություն: Ըստ բողոք բերած անձի՝ փորձաքննական դրական եզրակացության առկայության դեպքում մինչև գործարանի՝ սահմանված կարգով շահագործման հանձնելը արտանետման թույլտվություն պահանջելը չի բխում օրենսդրության պահանջներից:

 

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 16.03.2007 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) տեսչության կողմից 11.05.2006 թվականից մինչև 25.05.2006 թվականը կատարվել է ստուգում, ինչի արդյունքում 30.05.2006 թվականին կազմված թիվ 010024 ստուգման ակտով արձանագրվել է, որ «Հոկտեմբերյանի ֆերոսպլավ գործարան» ՍՊԸ-ն ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանում աշխատել է առանց սահմանային թույլատրելի արտանետումների թույլտվության:

2) Ընկերության տնօրենը տեսչության պետի 06.06.2006 թվականի որոշմամբ ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ 100.000 ՀՀ դրամի չափով տուգանքի:

3) 27.01.2006 թվականին ընկերության ֆերոմոլիբդենի արտադրության աշխատանքային նախագծի վերաբերյալ տրվել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական թիվ ԲՓ-05 դրական եզրակացություն:

4) ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 07.06.2006 թվականին ընկերությանը տրվել է անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն:

5) Ընկերության կողմից հարկային տեսչություն ներկայացված՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց բնապահպանական և բնօգտագործման վճարների 2005 թվականի 4-րդ և 2006 թվականի 1-ին եռամսյակների համար հաշվարկ-հաշվետվություններում ընկերությունը արտացոլել է արտանետումների որոշակի քանակություն, որը չի գերազանցել աշխատանքային նախագծով նախատեսված թույլատրելի ծավալը:

6) Գործարանը սահմանված կարգով շահագործման է հանձնվել 25.05.2006 թվականին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքները նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝

բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ կառավարության «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների և արտանետումներ կատարելու թույլտվություններ տալու մասին» 30.03.1999 թվականի թիվ 192 որոշման 5-րդ կետով սահմանվել է, որ նոր կառուցվող, ընդլայնվող և վերակառուցվող օբյեկտների համար կազմակերպություններին այդ օբյեկտները սահմանված կարգով շահագործման հանձնելու օրվանից 7 օրվա ընթացքում՝ մեկ տարի ժամկետով տրվում են արտանետումներ կատարելու թույլտվություններ՝ դրանց կառուցման, ընդլայնման և վերակառուցման նախագծային լուծումների հիման վրա: Այդ ժամկետում կազմակերպությունները պարտավոր են սույն որոշմանը համապատասխան մշակել արտանետումների նորմատիվներ և ստանալ արտանետումներ կատարելու թույլտվություններ:

ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 91 որոշմամբ հաստատվել է «Մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով ազդեցության գնահատման կարգը», որի 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ազդեցությունը գնահատվում է մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության խախտումների, մասնավորապես մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակների գերազանցման և թույլտվություններով նախատեսված պայմանների ու պահանջների խախտման դեպքերում:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում՝ առանց դրական փորձաքննական եզրակացության:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը սահմանել է մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվություն: Նշված հոդվածի 4-րդ մասով մասնավորապես պատասխանատվություն է նախատեսված մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակների գերազանցման և թույլտվություններով նախատեսված պայմանների և պահանջների խախտման համար:

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» 28.12.1998 թվականի ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ ենթակետի համաձայն՝ զրոյական չափաքանակների (սահմանափակումների)՝ օրենսդրության համաձայն սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է նույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի՝

ա) տասնապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում ըստ վճարի օբյեկտների ներքոհիշյալ չափաքանակները`

փոշի

2 տոննա

ածխածնի մոնօքսիդ

1.5 տոննա

ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի)

1.0 տոննա

ծծմբային անհիդրիդ

0.5 տոննա

քլոր

0.1 տոննա

վճարի օբյեկտ հանդիսացող մյուս նյութերի համար

0.05 տոննա,

 

բ) քսանհինգապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները հավասար են կամ գերազանցում են ըստ վճարի օբյեկտների սույն կետի «ա» ենթակետում նշված չափաքանակները:

Վերը հիշատակված նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նորաստեղծ ձեռնարկությունը արտադրական գործունեություն ծավալելու համար այն սահմանված կարգով շահագործման հանձնելու օրվանից 7 օրվա ընթացքում պետք է ստանա արտանետումների թույլտվություն, որի առկայության պայմաններում միայն վերջինս կարող է արտադրական գործունեություն իրականացնել: Այդ թույլտվությունը տրվում է օբյեկտի կառուցման, ընդլայնման և վերակառուցման նախագծային լուծումների հիման վրա: Մինչև գործարանի սահմանված կարգով շահագործման հանձնելն իրականացված փորձարկումների, ոչ արտադրական նպատակներով իրականացված գործունեության համար թույլտվության տրամադրում վերը նշված որոշմամբ նախատեսված չէ: Հետևաբար, Տնտեսական դատարանի եզրահանգումն այն մասին, որ առանց համապատասխան թույլտվության ընկերությունը չէր կարող իրականացնել որևէ գործունեություն՝ կապված գործարանի շահագործման հետ, այդ թվում՝ փորձարկումներ, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում:

Սույն գործի փաստերի համաձայն ընկերության ֆերոմոլիբդենի գործարանը սահմանված կարգով շահագործման է հանձնվել 25.05.2006 թվականին, իսկ 07.06.2006 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ընկերությանը տրվել է անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն: Հետևաբար, «Մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների և ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի մակարդակների նորմատիվների և արտանետումներ կատարելու թույլտվություններ տալու մասին» 30.03.1999 թվականի թիվ 192 որոշման 5-րդ կետի սխալ մեկնաբանման վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում:

ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 91 «Մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով ազդեցության գնահատման կարգը հաստատելու մասին» որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ ազդեցությունը գնահատվում է մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության խախտումների, մասնավորապես մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակների գերազանցման և թույլտվություններով նախատեսված պայմանների ու պահանջների խախտման դեպքերում:

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը սահմանել է մթնոլորտային օդի պահպանության մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվություն: Նշված հոդվածի 4-րդ մասով նախատեսված պատասխանատվությունը վերաբերում է մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակների գերազանցման և թույլտվություններով նախատեսված պայմանների և պահանջների խախտման դեպքերին: Այսինքն՝ որպես վերը նշված իրավական նորմերով կարգավորվող հարաբերությունների սուբյեկտ կարող են հանդես գալ միայն այն սուբյեկտները, որոնք գերազանցել են մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակները և խախտել են թույլտվություններով նախատեսված պայմաններն ու պահանջները:

Սույն գործով պատասխանող ընկերությունում ստուգումն իրականացվել է 11.05.2006 թվականից 25.05.2006 թվականն ընկած ժամանակահատվածում, այսինքն՝ մինչև ընկերությանը ՀՀ բնապահպանության նախարարության կողմից անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտ արտանետելու թույլտվություն տալը: Հետևաբար, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ մթնոլորտի վրա տնտեսական գործունեության հետևանքով ազդեցությունը կարող է գնահատվել մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակների գերազանցման և թույլտվություններով նախատեսված պայմանների ու պահանջների խախտման դեպքերում, այն դեպքում, երբ ընկերությունը օրենքով սահմանված կարգով արտանետման թույլտվություն դեռ չի ունեցել: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարված արտանետումների ծավալները՝ մթնոլորտային օդն աղտոտող ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների մակարդակների գերազանցման և «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի կողմից դրական եզրակացության արժանացած աշխատանքային նախագծով թույլատրելի սահմանները գերազանցելու հանգամանքը դատաքննությամբ ապացուցված չլինելու պայմաններում ՀՀ կառավարության 25.01.2005 թվականի թիվ 91 որոշումը և «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը սույն վեճի նկատմամբ կիրառելի չեն:

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ենթակա նախատեսվող գործունեության իրականացում՝ առանց դրական փորձաքննական եզրակացության:

Սույն գործի փաստերի համաձայն՝ ընկերությունը ստուգման իրականացման պահին ունեցել է ֆերոմոլիբդենի արտադրության աշխատանքային նախագծի վերաբերյալ տրված՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացություն: Հետևաբար, վերը նշված օրենքի 12-րդ հոդվածը դատարանը սխալ է մեկնաբանել, դրանով նախատեսված փորձաքննական եզրակացությունը մեկնաբանելով որպես մինչև գործարանի շահագործման հանձնելը վնասակար արտանետումների թույլտվության անհրաժեշտությունը հիմնավորող փաստարկ:

«Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» 28.12.1998 թվականի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ բնապահպանական վճարների դրույքաչափերը uահմանվում են օրենքով, իսկ բնօգտագործման վճարներինը՝ ՀՀ կառավարության կողմից: Նույն օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ ենթակետով սահմանված են վնասակար նյութերի արտանետումների թույլատրելի ծավալները և վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն չունենալու դեպքում դրանց չափը խախտելու համար սահմանված դրույքաչափերի գործակիցները:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստուգման ժամանակահատվածի դրությամբ ընկերությունը վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն չի ունեցել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վեճի նկատմամբ կիրառելի են «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» 28.12.1998 թվականի ՀՀ օրենքի դրույթները:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն բողոքի հիմքը հիմնավոր համարելով՝ դրա առկայությունը բավարար հիմք է համարում ՀՀ տնտեսական դատարանի 16.03.2007 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ տնտեսական դատարանի 16.03.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան