ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՔԱՂԱՔԱՑԻ ԱԼԲԵՐՏ ՄՈՎՍԵՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 57 ՀՈԴՎԱԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
23 հոկտեմբերի 2007թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ՝
դիմող` քաղ. Ա. Մովսեսյանի,
գործով որպես պատասխանող կողմ ներգրավված՝ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության պետ Ա. Խաչատրյանի,
համաձայն ՀՀ Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետի, 101 հոդվածի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 25, 38 և 69 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Ալբերտ Մովսեսյանի դիմումի հիման վրա` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։
Գործի քննության առիթը քաղ. Ա. Մովսեսյանի` 19.04.2007 թ. դիմումն է սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով գործով զեկուցողի հաղորդումը, դիմողի` Ա. Մովսեսյանի և պատասխանողի` ՀՀ Ազգային ժողովի բացատրությունները, հետազոտելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2002 թվականի նոյեմբերի 19-ին և ուժի մեջ մտել 2003 թ. ապրիլի 10-ից:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածը սահմանում է.
«Չստացված կենսաթոշակի գումարները վճարվում են անցած ժամանակահատվածի համար, սակայն կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող երեք տարուց ոչ ավելի:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումարները վճարվում են առանց ժամկետի սահմանափակման:
Նշված դեպքերում չստացված կենսաթոշակի գումարը վճարվում է միանվագ»:
2. Քաղաքացի Ա. Մովսեսյանը 1972-1985 թթ. աշխատել է Երևանի թիվ 73 դպրոցում` որպես կերպարվեստի ուսուցիչ, միաժամանակ համատեղության կարգով նույն մասնագիտությամբ աշխատել է նաև Երևանի թիվ 49 դպրոցում: Նա 2006 թ. օգոստոսի 4-ին դիմել է ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (ՍԱՊՀ) Էրեբունու տարածքային կենտրոն` աշխատանքի հատուկ պայմաններում աշխատելու և երկարամյա ծառայության համար տրվող մասնակի կենսաթոշակ նշանակելու, ինչպես նաև նշանակմանը նախորդող երեք տարիների համար չվճարված կենսաթոշակի գումարը միանվագ վճարելու խնդրանքով: ՀՀ ՍԱՊՀ Էրեբունու տարածքային կենտրոնը մերժել է Ա. Մովսեսյանին, և վերջինս դիմել է Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան` խնդրելով նշված կենտրոնին պարտավորեցնել իրեն մասնակի կենսաթոշակ նշանակել, ինչպես նաև նշանակմանը նախորդող երեք տարիների համար չվճարված կենսաթոշակի գումարը միանվագ վճարել: Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2006 թ. դեկտեմբերի 4-ի վճռով հայցը բավարարվել է: ՀՀ ՍԱՊՀ Էրեբունու տարածքային կենտրոնի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2007 թվականի հունվարի 23-ի վճռով Ա. Մովսեսյանի հայցը բավարարվել է մասնակիորեն: Ա. Մովսեսյանը դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատ, որն իր 29.03.2007 թ. որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձրել է:
3. Ա. Մովսեսյանը 19.04.2007 թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` գտնելով, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածը հակասում է ՀՀ Սահմանադրության 37 հոդվածի պահանջներին, և այն անհրաժեշտ է անվավեր ճանաչել:
Դիմողը մասնավորապես մատնանշում է, որ վիճարկվող իրավական ակտի 57 հոդվածն առաջացնում է իրավական անորոշություն և իրավակիրառական պրակտիկայում մեկնաբանվում է տարբեր կերպ:
Դիմողի կարծիքով, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածով սահմանված դրույթը ոչ հստակ է ձևակերպված և հնարավորություն չի տալիս միանշանակ հետևություն անել այն մասին, որ այն վերաբերում է թե կենսաթոշակ նշանակելու համար դիմում տալուց հետո չստացված կենսաթոշակի գումարը վճարելուն (ինչպես մեկնաբանել է վերաքննիչ դատարանը), թե Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված սոցիալական ապահովության իրավունք ձեռք բերելու համար անհրաժեշտ պայմանները վրա հասնելու և կենսաթոշակ նշանակելու համար դիմում ներկայացնելու միջև ընկած ժամանակահատվածում չստացված կենսաթոշակի գումարը վճարելուն (ինչպես մեկնաբանել է Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը):
Դիմողի կարծիքով, իր, ինչպես նաև Էրեբունի և Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի և Լեզվի պետական տեսչության մեկնաբանությամբ ու համոզմամբ, նշված օրենքի 57 հոդվածը չի վերաբերում արդեն իսկ նշանակված կենսաթոշակին, նման պահանջ չի դնում:
Ելնելով վերոհիշյալից, դիմողը գտնում է, որ նշված օրենքի 57 հոդվածի իրավական անորոշության հետևանքով խախտվում է իր կենսաթոշակի իրավունքը:
4. Պատասխանող կողմը գտնում է, որ դիմողի փաստարկները հիմնավոր չեն, և դիմումը ենթակա է մերժման հետեւյալ նկատառումներով:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86 հոդվածի 1-ին մասի համաձայն. «Իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները:
Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը»:
Նույն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 6-րդ մասի համաձայն. «Իրավական ակտի կառուցվածքը պետք է լինի կուռ` տրամաբանորեն միասնական, հաջորդական ու համակարգված»: Մինչդեռ, ըստ պատասխանողի` դիմողը «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածը վերլուծում է` չառաջնորդվելով նույն օրենքի միասնական տրամաբանությամբ: Օրենքի այլ հոդվածների վերլուծությունը ցույց է տալիս, որ խոսքն այստեղ իրականում վերաբերում է նշանակված, բայց չստացված կենսաթոշակներին: Վիճարկվող օրենքի 50 հոդվածի համաձայն` կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմումն ընդունելու օրը, իսկ 51 հոդվածի համաձայն` կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից: Որևէ բացառություն վերոհիշյալ հոդվածներում սահմանված չէ: Բացի դրանից, օրենքի 57 հոդվածում օգտագործվում են «չստացված կենսաթոշակ» և «կենսաթոշակ վճարելու համար դիմելու» բառակապակցությունները:
Ըստ պատասխանողի, եթե այդ բառակապակցությունները մեկնաբանվում են տառացի, ապա «չստացված» բառը չի ներառում «չնշանակված» իմաստը, իսկ «կենսաթոշակ վճարելու համար դիմելը» իմաստային առումով տարբերվում է «կենսաթոշակ նշանակելու համար դիմելուց»: Այսպիսով, կենսաթոշակ կարող է ստացվել միայն դրա նշանակվելուց հետո, ինչպես և կենսաթոշակ վճարելու մասին դիմում կարելի է գրել միայն արդեն իսկ նշանակված, սակայն զանազան պատճառներով չստացված կենսաթոշակի համար:
Ելնելով վերոգրյալից, պատասխանողը գտնում է, որ դիմողի բերած հիմնավորումներն ու եզրահանգումը բավարար հիմք չեն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածը ՀՀ Սահմանադրության 37 հոդվածի պահանջներին հակասող ճանաչելու համար:
5. Քննությամբ պարզվեց, որ ըստ էության դիմողի կողմից վիճարկվում է ոչ թե «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածը` ամբողջությամբ, այլ հոդվածի 1-ին մասի դրույթը:
6. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունը, հռչակելով իրեն որպես սոցիալական պետություն, ՀՀ Սահմանադրության 37 հոդվածով նախատեսում և երաշխավորում է յուրաքանչյուր անձի սոցիալական ապահովության իրավունքը, որն իր բովանդակության մեջ ընդգրկում է նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը` օրենքով սահմանված ձևերով ու ծավալով: Սահմանադրության 37 հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության և օրենքով նախատեսված այլ դեպքերում սոցիալական ապահովության իրավունք: Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով»:
Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայով (12 հոդված) և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրով (9 հոդված) Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է պարտավորություններ` երաշխավորելու մարդկանց սոցիալական ապահովության, ներառյալ սոցիալական ապահովագրության իրավունքը:
7. ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված պահանջները «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում իրացվել են հետեւյալ կարգով: Օրենքի 11 հոդվածով սահմանվում են կենսաթոշակի հետևյալ տեսակները` ապահովագրական և սոցիալական: Դրանցից առաջինը նշանակվում է անձի աշխատանքային գործունեության և դրա ընթացքում արված պարտադիր սոցիալական ապահովության վճարների հիման վրա, իսկ երկրորդը` ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում:
Օրենքի 50 հոդվածի 1-ին և 2-րդ մասերը նախատեսում են. «Կենսաթոշակը քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նշանակում է կենսաթոշակային սոցիալական ապահովագրություն իրականացնող լիազոր մարմնի ստորաբաժանումը... ըստ Հայաստանի Հանրապետությունում նրա հաշվառման վայրի, իսկ հաշվառման վայր չունեցող անձին կենսաթոշակ նշանակվում է ըստ նրա փաստացի բնակության վայրի:
Կենսաթոշակ նշանակելու համար դիմելու օր է համարվում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով դիմումն ընդունելու օրը»:
Այսինքն` ընդհանրապես կենսաթոշակի հետ կապված` անձի և իրավասու մարմնի միջև իրավահարաբերություններ առաջանալու համար որպես իրավաբանական փաստ օրենսդիրը դիտում է, ՀՀ կառավարության կողմից 29.05.2003 թ. թիվ 793 որոշմամբ սահմանված կարգով, դիմում ներկայացնելը և այդ դիմումի հիման վրա կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ ընդունված անհատական իրավակիրառական ակտը:
Օրենքի 51 հոդվածի համաձայն կենսաթոշակը նշանակվում է`
1) դիմելու օրվանից,
2) բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե կենսաթոշակի նշանակման դիմումը տրվել է այդ օրվանից հետո` եռամսյա ժամկետում,
3) կերակրողի մահվան օրվանից, եթե կենսաթոշակի նշանակման դիմումը տրվել է այդ օրվանից հետո` վեցամսյա ժամկետում:
Նշված հոդվածի և 57 հոդվածի վիճարկվող դրույթի վերլուծությունը ցույց է տալիս, որ անձին կենսաթոշակ նշանակվում է դիմելու օրվանից` բացառությամբ 51 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի: Սակայն այս դեպքերում ևս օրենսդիրը սահմանում է որոշակի ժամկետ (եռամսյա և վեցամսյա ժամկետ): Իսկ մնացած դեպքերում, անկախ նրանից, թե կենսաթոշակի իրավունքը ծագելուց հետո որքան ժամանակ է անցել, կենսաթոշակը նշանակվում է դիմելու օրվանից, և 57 հոդվածի վիճարկվող դրույթում «Չստացված կենսաթոշակի գումարները» արտահայտությունը վերաբերում է կենսաթոշակ նշանակելուց հետո որոշակի հանգամանքների բերումով չստացված կենսաթոշակի համար դիմում ներկայացնելուն և կենսաթոշակը վճարելուն:
8. ՀՀ Սահմանադրության 37 հոդվածի 2-րդ նախադասության համաձայն. «Սոցիալական ապահովության ծավալն ու ձևերը սահմանվում են օրենքով»: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն` կենսաթոշակ կարող է ստացվել միայն դրա նշանակվելուց հետո, ինչպես և կենսաթոշակ վճարելու մասին դիմում կարելի է գրել միայն արդեն իսկ նշանակված, սակայն զանազան պատճառներով չստացված կենսաթոշակի համար: Ընդ որում, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածը չի սահմանափակում անձի` ՀՀ Սահմանադրության 37 հոդվածով նախատեսված իրավունքի լրիվ ծավալով իրացումը, հետևաբար, դիմողի փաստարկները հիմք չեն հանդիսանում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածը ՀՀ Սահմանադրության 37 հոդվածի պահանջներին հակասող ճանաչելու համար:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 1-ին կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 57 հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Նախագահող |
Վ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|