Գլխավոր տեղեկություն
Համար
N 1160-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.04.25/22(546) Հոդ.1081
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2007 թվականի N 1160-Ն

 

«ԱՄԱՍԻԱՅԻ ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հիմնադրման միջոցով ստեղծել «Ամասիայի արհեստագործական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ` կազմակերպություն):

2. Սահմանել, որ կազմակերպության գործունեության հիմնական առարկան և նպատակներն են`

1) հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական կրթական չափորոշիչներին համապատասխան նախնական մասնագիտական (արհեստագործական) որակավորմամբ կադրերի պատրաստումը, ազգային և համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ու քաղաքացու համակողմանի ձևավորումը.

2) անհատի մասնագիտական կրթության, նրա հոգևոր ու ֆիզիկական զարգացման պահանջմունքների բավարարումը.

3) նախնական մասնագիտական (արհեստագործական) և հանրակրթական ծրագրերի (հիմնական և լրացուցիչ) իրականացումը:

3. Թույլատրել կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն.

2) ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության երրորդ աստիճան (ավագ դպրոց).

3) կրթություն` մեծահասակների համար, և կրթության այլ տեսակներ.

4) հրատարակչական գործ.

5) սովորողների համար հանրային սննդի կազմակերպում.

6) հանրակացարանների շահագործման կազմակերպում.

7) սպորտի բնագավառի այլ գործունեություն`

ա. բացօթյա կամ փակ տարածքներում սպորտային միջոցառումների (պրոֆեսիոնալների և սիրողների համար) կազմակերպում և անցկացում,

բ. սպորտային միջոցառումների կազմակերպման և աջակցման գործունեություն:

4. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված` կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել կազմակերպության կանոնադրությունը և կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող գույքի կազմը:

6. Սահմանել, որ կազմակերպությանը սեփականության իրավունքով չեն հանձնվում նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույք, պետական սեփականություն հանդիսացող հողեր, շենքեր, շինություններ և պատմամշակութային նշանակություն ունեցող գույք, իսկ անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանն ամրացված «Ամասիայի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցված` Ամասիա գյուղում գտնվող ուսումնական և ուսումնաարտադրական մասնաշենքերը` համապատասխանաբար 1008.56 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 5346 հազ. դրամ սկզբնական արժեքով, և 1446.72 քառ. մետր ընդհանուր մակերեսով ու 28277 հազ. դրամ սկզբնական արժեքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

7. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ իրականացնել սույն որոշման 6-րդ կետում նշված շենքերի հանձնման-ընդունման աշխատանքները:

8. Կազմակերպության գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել կազմակերպությանը հատկացված միջոցների հաշվին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. հոկտեմբերի 15

Երևան