Գլխավոր տեղեկություն
Համար
N 43-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (29.10.2007-16.06.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.08.15/19(105) Հոդ.179
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
30.04.2004
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2004
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2013

«ԳՐԱՆՑՎԱԾ է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
31 մայիսի 2004 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 60004127

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

30 ապրիլի 2004 թ.

ք. Երևան 

N 43-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները (հավելված):

2. (2-րդ կետը խմբ. 21.12.05 N 213-Ն, ուժը կորցրել է 28.09.07 N 389-Ն)

3. Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում զանգվածային լրատվական միջոցներով հրապարակել Ընկերության կողմից սպասարկվող տարածքներում ջրամատակարարման գրաֆիկներն ըստ համայնքների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`

Ռ. Նազարյան

 

Հավելված


Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2004 թ. ապրիլի 30-ի
N 43-Ն որոշմամբ

 

ԵՐԵՎԱՆԻ «ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Սույն պահանջները վերաբերում են խմելու ջրի մատակարարման այն համակարգերին, որոնք գտնվում են Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետև` Ընկերություն) հաշվեկշռում կամ շահագործվում են նրա կողմից:

1. Մատակարարվող խմելու ջրի որակը պետք է բավարարի «Խմելու ջուր: Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջները: Որակի հսկողություն» N 2-III-Ա 2-1 սանիտարական կանոններին և նորմերին (գրանցված է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում 2002 թվականի դեկտեմբերի 28-ին, N 10002340):

1.1 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Երևան քաղաքում`

1) բոլոր սպառողներին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ,

2) սպառողների առնվազն 93 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ,

3) սպառողների առնվազն 70 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ,

4) սպառողների առնվազն 50 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,

5) սպառողների առնվազն 40 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ,

6) սպառողների առնվազն 37 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

(1.1 կետը լրաց. 28.09.07 N 389-Ն)

1.2 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն Պռոշյան, Առինջ, Քասախ, Քանաքեռավան, Զովունի, Մերձավան, Ուշի, Նոր Երզնկա, Սաղմոսավան, Բալահովիտ, Գետամեջ, Նոր Գեղի, Ռադիոկայան, Մրգաշեն, Արտամետ, Պտղնի, Վերին Պտղնի, Թաիրով, Փարաքար, Ջրվեժ, Խարբերդ, Խարբերդի զոնալ կայան, Դիտակ, Բարձրաշեն, Ջրաշեն, Ջրամբար, Գառնի, Արամուս, Կաթնաղբյուր, Մայակովսկի գյուղերում`

1) բոլոր սպառողներին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ,

2) սպառողների առնվազն 80 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ,

3) սպառողների առնվազն 66 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ,

4) սպառողների առնվազն 40 տոկոսին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ,

5) սպառողների առնվազն 8 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:

(1.2 կետը լրաց. 28.09.07 N 389-Ն)

1.3 Ընկերությունը պարտավոր է իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն մինչև 2008 թվականի հունվարի 1-ը Եղվարդ քաղաքի բոլոր սպառողներին ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 2-ժամյա ջրամատակարարմամբ, իսկ 2008 թվականի հունվարի 1-ից` ժամը 700-2400-ն ընկած ժամանակահատվածում` նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ:

(1.3 կետը լրաց. 28.09.07 N 389-Ն)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 28.09.07 N 389-Ն)

3. Ընկերությունը պարտավոր է զանգվածային լրատվական կամ այլ միջոցներով սպառողներին նախապես իրազեկել տվյալ տարածքի ջրամատակարարման հաստատված գրաֆիկների մասին, իսկ դրանցում կատարվող փոփոխությունների դեպքում` առնվազն 2 օր առաջ:

4. Ընկերությունը պարտավոր է ապահովել խմելու ջրի ճնշումը բազմաբնակարան շենքի և առանձնատան մուտքագծում` առնվազն վերջին հարկի հատակի նիշի վրա եղած հաշվարկային ճնշմանը ավելացրած 0,05ՄՊա (5մ ջրի սյուն): Մուտքագծում փաստացի ճնշումը չպետք է գերազանցի 0,6ՄՊա-ն (60մ ջրի սյուն):

5. Ընկերությունը պարտավոր է սպառողներին տրամադրել վթարային ծառայության, ինչպես նաև տարածքային սպասարկման ստորաբաժանման այն հեռախոսահամարները և հասցեները, որոնցով սպառողները կարող են ստանալ կամ հաղորդել տեղեկատվություն` ներառյալ ահազանգեր, բողոքներ, հարցադրումներ և այլն, այդ թվում` ջրի որակի մասին: Ստացված տեղեկատվությունը գրանցվում է հատուկ մատյանում:

6. Խմելու ջրի մատակարարման համակարգում պլանային աշխատանքներ իրականացնելու պատճառով ջրամատակարարումը լրիվ կամ մասնակի դադարեցվելու կամ ջրամատակարարման հաստատված գրաֆիկը խախտելու դեպքում Ընկերությունը պարտավոր է աշխատանքներն սկսելուց երկու օր առաջ սպառողներին իրազեկել այդ աշխատանքների կատարման և ջրամատակարարումը վերսկսելու կանխատեսվող ժամկետի մասին, որը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 24 ժամը:

7. Մատակարարման համակարգում վթարների դեպքում Ընկերությունը պարտավոր է օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ մասին տեղյակ պահել համապատասխան մարմիններին, հնարավորինս սեղմ ժամկետում իրազեկել սպառողներին վթարի և այն վերացնելուց հետո խմելու ջրի մատակարարման վերսկսման ժամկետի մասին: Բնականոն ջրամատակարարման վերսկսման ժամկետը չպետք է գերազանցի հաստատված գրաֆիկով նախատեսված խմելու ջրի վերջին մատակարարումից հետո 36 ժամը:

8. Սույն պահանջների 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված ժամկետներում խմելու ջրի մատակարարումը որևէ պատճառով չվերականգնելու դեպքում Ընկերությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 22-ի N 130-Ն որոշմամբ հաստատված «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոններով» սահմանված կարգով ջրազրկված տարածքների սպառողներին անվճար ապահովել խմելու ջրի որակին ներկայացվող պահանջներին համապատասխանող ջրով:

9. Եթե Ընկերությունը չի կատարել 8-րդ կետի պահանջը, ապա նա պարտավոր է սպառողների տվյալ ամսվա վճարման ենթակա գումարը նվազեցնել թերմատակարարված ջրի արժեքի քառապատիկի չափով (թերմատակարարված ջրի քանակը որոշվում է նախորդ 3 ամսվա միջին օրական ծախսի և թերմատակարարված օրերի արտադրյալով):

10. Եթե մատակարարվող խմելու ջրի որակը չի համապատասխանում սույն պահանջների 1-ին կետի պայմանին, ապա Ընկերությունն այդ մասին սահմանված կարգով տեղեկացնում է համապատասխան իրավասու մարմիններին, ձեռնարկում անհրաժեշտ բոլոր միջոցները ջրի որակը նշված նորմերին համապատասխանեցնելու համար` զանգվածային լրատվական և հնարավոր այլ միջոցներով տեղեկացնելով սպառողներին: