Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-713
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

7 սեպտեմբերի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև հանձնման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` մուտքագրված 2007 թ. հուլիսի 18-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի` ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի գրավոր բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Պայմանագիրն ստորագրվել է 2007 թ. ապրիլի 15-ին` Կահիրեում: Պայմանագրի նպատակը հանցագործության դեմ պայքարում Կողմերի միջև համագործակցությունն առավել արդյունավետ կազմակերպելն է:

Պայմանագրում նախատեսված են հանձնման հիմքերը, հանձնումը մերժելու պարտադիր և կամընտրային հիմքերը, հանձնման հարցումը և դրանց կից փաստաթղթերը ներկայացնելու կարգը, հանձնման ենթակա անձի ժամանակավոր կալանքի, նրան երրորդ պետությանը վերահանձնելու պայմանները, հետաձգված կամ պայմանական հանձնման կարգը, պայմանագրի դրույթների կատարման նպատակների համար Կողմերի հաղորդակցման կենտրոնական մարմինների շրջանակը, պայմանագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի լուծման կարգը:

2. Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- պայմանագրի դրույթներին և ՀՀ օրենքներին համապատասխան Եգիպտոսի Արաբական Հանրապետության հարցման հիման վրա հանձնել ՀՀ տարածքում փնտրվող ցանկացած անձի` հանձնման ենթակա հանցագործություն կատարելու համար նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կամ այդպիսի հանցագործության կապակցությամբ կայացրած դատավճիռն ի կատար ածելու նպատակով,

- հանձնված անձի նկատմամբ չհարուցել վարույթ, նրան չձերբակալել կամ նրա անձնական ազատությունը ցանկացած այլ կերպ չսահմանափակել մինչև հանձնումը նրա կատարած հանցագործության համար, որն ուրիշ է, քան այն, որի համար նա հանձնվել է` բացառությամբ պայմանագրով նախատեսված որոշ դեպքերի,

- հանցագործության իրավական նկարագրությունը փոփոխվելու դեպքում, հանձնված անձի նկատմամբ վարույթ հարուցել կամ պատիժ սահմանել միայն այն դեպքում, եթե հանցագործությունն իր նոր նկարագրությամբ կարող է առաջացնել հանձնում պայմանագրի համաձայն և առնչվում է նույն փաստերին, որոնց հիման վրա հանձնումն իրականացվել է,

- մեկից ավելի պետությունների կողմից միևնույն կամ տարբեր հանցագործությունների համար հանձնման վերաբերյալ հարցման միաժամանակ ներկայացման դեպքում, որպես հայցվող պետություն որոշումը կայացնել ազատորեն` նկատի ունենալով բոլոր հանգամանքները, հատկապես հանձնման ենթակա անձի քաղաքացիությունը, հետագայում փոխադարձ հանձնման հնարավորությունը, հարցումների ստացման ժամկետները, հանցագործությունների ծանրության աստիճանը և կատարման վայրը,

- հանձնման ենթակա անձի հանձնումը կամ ընդունումը կանխվելու դեպքում ապահովել, որպեսզի հանձնման ենթակա անձն ազատ արձակվի պայմանավորված օրվանից 30 օր հետո,

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան, առանց վնասելու երրորդ կողմի իրավունքները, առգրավել ու փոխանցել այն իրերը, որոնք կարող են պահանջվել որպես ապացույց այն հանցագործության առնչությամբ, որի համար հանձնման հարցում է արվել. այն իրերը, որոնք ձեռք են բերվել այն հանցագործության արդյունքում, որի համար հանձնման հարցում է արվել, և որոնք ձերբակալման ժամանակ գտնվել են հանձնման ենթակա անձի տնօրինության տակ կամ հայտնաբերվել են հետագայում,  կամ որոնք առաջացել են  հանցագործությունից ատացված եկամտի դիմաց, 

-  որպես հայցվող կողմ` կրել հանձնման հետ կապված ընթացակարգերի ծախսերը, իսկ որպես հայցող կողմ` հանձնման ենթակա անձի հանձնման հետ կապված տրանսպորտային տեղափոխման և տարանցման ծախսերը,

- պայմանագիրը կիրառել դրա ուժի մեջ մտնելուց հետո արված հարցումների նկատմամբ, եթե նույնիսկ համապատասխան արարքները կամ անգործությունը տեղի են ունեցել մինչև այդ օրը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև հանձնման մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


7 սեպտեմբերի 2007 թվականի
ՍԴՈ-713

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան