Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-712
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
07.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2007

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

7 սեպտեմբերի 2007 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Ռ. Պապայանի (զեկուցող),

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց  «2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը` մուտքագրված 2007 թվականի հուլիսի 18-ին:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի` ՀՀ արդարադատության նախարար Գ. Դանիելյանի գրավոր  բացատրությունները, հետազոտելով պայմանագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Պայմանագիրն ստորագրվել է 2007 թ. ապրիլի 15-ին Կահիրեում` Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն տրամադրելու իրավական հիմքն ամրապնդելու նպատակով:

2. Կողմերը պարտավորվում են տրամադրել միմյանց իրավական օգնություն, եթե արարքը, որի համար հարցում է ներկայացվել, քրեորեն պատժելի է երկու Կողմերի օրենքներով։ Կողմի հայեցողությանն է թողնված իրավական օգնության տրամադրումն այն դեպքերում, երբ արարքը, որի առնչությամբ հարցում է ստացվել, հայցվող կողմի օրենսդրությամբ քրեորեն պատժելի չէ: Պայմանագիրը տարածվում է հանցագործությունների կատարման առնչությամբ հետաքննությունների, քննությունների և դատական ընթացակարգերի վրա` համաձայն Կողմերի քրեական օրենսդրությունների։

3. Պայմանագրում նշված են իրավական օգնության շրջանակը, պայմանագրի նպատակների իրագործման համար պատասխանատու կենտրոնական մարմինները (Հայկական կողմի համար գլխավոր դատախազությունը` եթե գործերը գտնվում են նախաքննության փուլում, և արդարադատության նախարարությունը` եթե գործերը դատական վարույթում են կամ վճիռների կատարման փուլում, իսկ Եգիպտական կողմի համար` արդարադատության նախարարությունը), նկարագրված են հարցման ձևն ու բովանդակությունը, հարցումների մերժման կամ հետաձգման հիմքերը։

4.  Փոխադարձ կարգով Հայկական կողմը նաև պարտավորվում է.

- բացառել երկու Կողմերի մասնակցությամբ գործող միջազգային և տարածաշրջանային կոնվենցիաների համաձայն ահաբեկչության հանցագործությունների հարցերով իրավական օգնության մերժումը,

- գաղտնի պահել իրավական օգնության համար հարցումը և դրա բովանդակությունը, լրացուցիչ փաստաթղթերը և հարցման համաձայն կատարված որևէ գործողություն,

- առանց հայցվող կողմի թույլտվության չօգտագործել համապատասխան տեղեկատվությունը կամ վկայություններն այլ նպատակով, հարցումները կատարել հայցվող կողմի օրենքներին և սույն պայմանագրի դրույթներին համապատասխան,

- իրավական օգնությունը տրամադրել ըստ հարցման մեջ նշված ձևի և հատուկ ընթացակարգերի` այնքանով, որքանով դրանք չեն հակասում ՀՀ օրենքներին,

- իր ներքին օրենքներին համապատասխան ջանքեր գործադրել` պարզելու համար հարցման մեջ նշված անձանց և իրերի գտնվելու վայրն ու ինքնությունը։

5. Պայմանագրով երաշխավորվում է վկայություն տալու, փորձաքննություն անցկացնելու կամ այլ ընթացակարգային գործողություններ կատարելու համար հանդես եկող անձի անձեռնմխելիությունը` անկախ նրա քաղաքացիությունից։ Եթե այդ անձը կալանավորված է կամ պատիժ է կրում ազատազրկման ձևով, հայցվող կողմի համաձայնությամբ նա կարող է ժամանակավորապես փոխանցվել հայցող կողմին, ընդ որում, ոչ ավելի, քան 90 օր ժամկետով։ Անձի փոխանցումը մերժվում է, եթե կալանավորված կամ պատիժ կրող անձը չի տալիս իր գրավոր համաձայնությունը, կամ եթե այդ անձի մասնակցությունն անհրաժեշտ է հայցվող կողմի տարածքում դատական ընթացակարգերում։

Պայմանագրի 6-րդ հոդվածը սահմանում է իրավական օգնություն տրամադրելու համար հարցումների մերժման կամ հետաձգման հիմքերն ու կարգը:

Կողմերը նաև պարտավորվում են համագործակցել հանցագործության գործիքների և եկամուտների բացահայտման ոլորտում` հիմք ընդունելով սույն պայմանագրի և ՄԱԿ-ի` 2000 թ. Անդրազգային կազմակերպված հանցագործության դեմ կոնվենցիայի դրույթները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2007 թվականի ապրիլի 15-ին Կահիրեում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև քրեական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին պայմանագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Նախագահող

Գ. Հարությունյան


7 սեպտեմբերի 2007 թվականի
ՍԴՈ-712