Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 335-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2007-30.09.2009)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.12.17/33(273) Հոդ.428
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.10.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.09.2009

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 դեկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 05007442

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

30 հոկտեմբերի 2007 թ.

թիվ 335-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ» 3/06 ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ապահովագրական բրոքերային կազմակերպությունների և դրանց պատասխանատու անձանց վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկատվությանը ցանկը, ձևերը և պարբերականությունը» կանոնակարգ 3/06-ը՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան

 

2007 թ. նոյեմբերի 5

Երևան

 

 

 

Հավելված

 

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի հոկտեմբերի 30-ի
թիվ 335-Ն որոշմամբ

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԸ, ՁԵՎԵՐԸ ԵՎ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3/06

 

Գ Լ ՈՒ Խ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական բրոքերային կազմակերպությունների և դրանց պատասխանատու անձանց վերաբերյալ տեղեկատվության հրապարակման նվազագույն պահանջները և հրապարակման կարգը:

2. Ապահովագրական բրոքերային կազմակերպությունները սույն կանոնակարգով սահմանված տեղեկատվությունը հրապարակում են առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլում՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա վերջին օրը և (կամ) հրապարակում և օրական կտրվածքով թարմացնում են իրենց ինտերնետային կայքում:

3. Ապահովագրական բրոքերային կազմակերպությունները սույն կանոնակարգով սահմանված տեղեկատվությունը մամուլում հրապարակելու դեպքում, հրապարակելուց հետո հնգօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) պատասխանատու ստորաբաժանմանն են ներկայացնում այդ տեղեկատվությունը պարունակող թերթի (ամսագրի) օրինակը:

4. Ապահովագրական բրոքերային կազմակերպությունը ինտերնետային կայքում տեղեկատվության հրապարակման դեպքում, ինտերնետային կայքի գործարկման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, Կենտրոնական բանկ է ներկայացնում ինտերնետային կայքի հասցեն: Ինտերնետային կայքի հասցեի փոփոխության դեպքում կայքի նոր հասցեն տրամադրվում է Կենտրոնական բանկին փոփոխությունից հետո՝ 5 աշխատանքային օրվա ժամկետում:

 

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

5. Ապահովագրական բրոքերային կազմակերպությունները իրենց ինտերնետային կայքում և (կամ) մամուլում հրապարակում են առնվազն հետևյալ տեղեկատվությունը՝

1) ապահովագրական բրոքերային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունները,

2) ապահովագրական բրոքերային կազմակերպության պատասխանատու անձանց (գործադիր տնօրեն կամ վարչության նախագահ, վարչության անդամներ, գործադիր տնօրենի տեղակալ, գլխավոր հաշվապահ, ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձ) ցանկը՝ ներառյալ պատասխանատու անձանց անունը, ազգանունը, ապահովագրական բրոքերային կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնը, ապահովագրական բրոքերի գործառնություններ իրականացնող ֆիզիկական անձի՝ Կենտրոնական բանկի ռեգիստրում գրանցման համարը,

3) ապահովագրական բրոքերային կազմակերպության գլխամասի, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հասցեն, հեռախոսահամարը, ինտերնետային կայքի հասցեն,

4) Կենտրոնական բանկի ապահովագրական բրոքերային կազմակերպությունների ռեգիստրի գրանցման համարը,

5) ապահովագրական բրոքերային կազմակերպությունում նշանակալից մասնակցություն ունեցող անձանց ցանկը, մասնակցության չափը, նշանակալից մասնակիցների գործունեության տեսակը (իրավաբանական անձանց համար), ինչպես նաև այն ընկերությունների ցանկը, գործունեության տեսակը, որոնց կանոնադրական կապիտալում ապահովագրական բրոքերային կազմակերպությունն ունի նշանակալից մասնակցություն և մասնակցության չափը,

6) օրենքների, նորմատիվ իրավական այլ ակտերի ցանկը և (կամ) հղում դրանց դրույթներին, որոնք կարգավորում են ապահովագրական բրոքերի ծառայությունների մատուցումը,

7) ապահովագրական բրոքերային կազմակերպության լիցենզիայի համարը և սերիան:

6. Եթե ապահովագրական բրոքերային կազմակերպությունն ընդգրկված է որևէ խմբի, միության կամ ցանկացած այլ հիմքով իրենց ֆինանսական հաշվետվությունները համախմբող անձանց կազմում, ապա հրապարակում է նաև համապատասխանաբար խմբի, միության կառուցվածքը՝ սխեմայի տեսքով, կամ հղում է տրվում համապատասխան ինտերնետային էջին, որտեղ առկա է այդ կառուցվածքի գծապատկերային (սխեմատիկ) նկարագրությունը:

7. Ապահովագրական բրոքերային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հրապարակվող (գովազդվող) տեղեկությունները չեն կարող պարունակել ապակողմնորոշող բառեր կամ արտահայտություններ:

 

Գ Լ ՈՒ Խ  3

 

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

8. Ապահովագրական բրոքերային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունները պետք է հասանելի լինեն հաճախորդների համար ապահովագրական բրոքերային կազմակերպության գլխամասային գրասենյակում, մասնաճյուղերում և ներկայացուցչություններում՝ առանձին գրքույկների կամ հաճախորդների համար հասանելի ձևով:

9. Ապահովագրական բրոքերային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հրապարակվող տեղեկություններում, ինչպես նաև տպագրված առանձին գրքույկներում պետք է առկա լինեն մատուցվող բոլոր ծառայությունների ցանկը, ինչպես նաև այն հեռախոսահամարները, որոնցով հաճախորդը կկարողանա սպառիչ տեղեկություններ ստանալ ապահովագրական բրոքերային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

10. Ապահովագրական բրոքերային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ հրապարակված տեղեկությունները ներկայացվում են պարզ և սպառողների համար մատչելի լեզվով:

11. Ապահովագրական բրոքերային կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկություններում առնվազն պետք է առկա լինի ապահովագրական բրոքերային կազմակերպության միջոցով ապահովագրավճարների, ապահովագրական հատուցումների, վերաապահովագրավճարների, վերաապահովագրողից ստացվող հատուցումների փոխանցումների իրականացման տևողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս, եթե ապահովագրական բրոքերային կազմակերպությունը իրականացնում է նման գործառնություն: