Գլխավոր տեղեկություն
Տիպ
Արձանագրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.02.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.01.15/2(446)
Ընդունող մարմին
Հայաստանի Հանրապետություն
Ընդունման ամսաթիվ
08.12.2005
Ստորագրման ամսաթիվ
08.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.02.2012

1949 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԺՆԵՎԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆԵՐԻ` ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԱՐԲԵՐԱԿԻՉ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

(Արձանագրություն III)

 

(8-ը դեկտեմբերի, 2005 թ.)

 

Նախաբան

 

Բարձր պայմանավորվող կողմերը`

 

§1) հաստատելով 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի Կոնվենցիաների (մասնավորապես Ժնևի առաջին Կոնվենցիայի 26-րդ, 38-րդ, 42-րդ և 44-րդ հոդվածների) դրույթները և, համապատասխան դեպքերում, դրանց՝ 1977 թ. հունիսի 8-ի Լրացուցիչ արձանագրությունների (մասնավորապես I Լրացուցիչ արձանագրության 18-րդ և 38-րդ հոդվածների և II Լրացուցիչ արձանագրության 12-րդ հոդվածի) դրույթները, որոնք վերաբերում են տարբերակիչ խորհրդանշանների օգտագործմանը,

 

§2) ցանկանալով լրացնել վերոնշյալ դրույթները՝ դրանց պաշտպանական արժեքը և համընդգրկուն բնույթը ուժեղացնելու նպատակով,

 

§3) նշելով, որ սույն Արձանագրությունը չի խախտում Բարձր պայմանավորվող կողմերի այն ամրագրված իրավունքը, ըստ որի նրանք շարունակում են օգտագործել այն խորհրդանշանները, որոնք նրանք օգտագործում են Ժնևի Կոնվենցիաներով և, համապատասխան դեպքերում, դրանց Լրացուցիչ արձանագրություններով ստանձնած իրենց պարտավորություններին համապատասխան,

 

§4) հիշեցնելով, որ Ժնևի Կոնվենցիաների և դրանց Լրացուցիչ արձանագրությունների պաշտպանության ներքո գտնվող անձանց և օբյեկտների նկատմամբ հարգալից վերաբերմունք ցուցաբերելու պարտավորությունը բխում է վերջիններիս միջազգային իրավունքի պաշտպանության տակ լինելու կարգավիճակից և կախված չէ տարբերակիչ խորհրդանշանների, նշանների կամ ազդանշանների օգտագործումից,

 

§5) ընդգծելով, որ տարբերակիչ խորհրդանշաններին չի տրվում որևէ կրոնական, էթնիկական, ռասայական, տարածաշրջանային կամ քաղաքական նշանակություն,

 

§6) հատկապես նշելով Ժնևի Կոնվենցիաներով և, համապատասխան դեպքերում, դրանց Լրացուցիչ արձանագրություններով ճանաչված տարբերակիչ խորհրդանշաններին վերաբերող պարտավորությունների նկատմամբ հարգանքի կարևորությունը,

 

§7) հիշեցնելով, որ Ժնևի առաջին Կոնվենցիայի 44-րդ հոդվածը տարբերակում է խորհրդանշանների օգտագործումը պաշտպանական նպատակով և տարբերանշման նպատակներով,

 

§8) հիշեցնելով նաև, որ այլ պետության տարածքում գործունեություն իրականացնող ազգային ընկերությունները պետք է համոզվեն, որ այն խորհրդանշանները, որ իրենք մտադիր են օգտագործել նման գործունեության շրջանակներում, կարող են օգտագործվել այն երկրում, որտեղ իրականացվում է այդ գործունեությունը, ինչպես նաև տարանցիկ երկրում կամ երկրներում,

 

§9) ընդունելով այն դժվարությունները, որոնց կարող են բախվել որոշ պետություններ և ազգային ընկերություններ գոյություն ունեցող տարբերակիչ խորհրդանշաններն օգտագործելիս,

 

§10) նշելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերակցությունների միջազգային ֆեդերացիայի, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման վճռականությունը` պահպանել ներկայումս իրենց կողմից օգտագործվող անվանումները և խորհրդանշանները,

 

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1. Սույն Արձանագրության կիրառման ապահովումը և կիրառման ոլորտը

 

1. Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են հարգել սույն Արձանագրության դրույթները և ապահովել դրա նկատմամբ հարգանքը ցանկացած հանգամանքում:

2. Սույն Արձանագրությունը հաստատում և լրացնում է 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի չորս Կոնվենցիաներով (Ժնևի Կոնվենցիաներ) և, համապատասխան դեպքերում, դրանց` 1977 թ. հունիսի 8-ի երկու Լրացուցիչ արձանագրությունների (1977 թ. Լրացուցիչ արձանագրություններ) դրույթները, որոնք վերաբերում են տարբերակիչ խորհրդանշաններին, այն է՝ Կարմիր խաչին, Կարմիր մահիկին, Կարմիր առյուծին և արևին, և կիրառվում է այն նույն իրավիճակներում, երբ կիրառվում են այդ դրույթները:

 

Հոդված 2. Տարբերակիչ խորհրդանշանները

 

1. Սույն Արձանագրությունը լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանը ճանաչում է Ժնևի Կոնվենցիաների տարբերակիչ խորհրդանշանները լրացնող և միևնույն նպատակներով կիրառելի: Տարբերակիչ խորհրդանշաններն օգտվում են միևնույն կարգավիճակից:

2. Այդ լրացուցիչ տարբերակիչ խորհրդանշանը` կազմված ճերմակ ֆոնի վրա պատկերված և իր գագաթի վրա կանգնած կարմիր շրջանակով քառակուսուց, համապատասխանում է սույն Արձանագրության Հավելվածում տեղադրված պատկերին: Սույն Արձանագրության մեջ այդ տարբերակիչ խորհրդանշանը կոչվում է «Երրորդ արձանագրության խորհրդանշան»:

3. Երրորդ արձանագրության խորհրդանշանի օգտագործման պայմանները և դրա նկատմամբ հարգալից վերաբերմունքը նույնական են Ժնևի Կոնվենցիաներով և, համապատասխան դեպքերում, 1977 թ. Լրացուցիչ արձանագրություններով սահմանված տարբերակիչ խորհրդանշանների նկատմամբ կիրառելի պայմաններին:

4. Բարձր պայմանավորվող կողմերի զինված ուժերի բժշկական և կրոնական ծառայությունները, առանց վնաս հասցնելու այն խորհրդանշաններին, որոնք իրենք օգտագործում են ներկա պահին, կարող են ժամանակավորապես օգտագործել սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված տարբերակիչ խորհրդանշաններից ցանկացածը, եթե դա կարող է ուժեղացնել իրենց պաշտպանությունը:

 

Հոդված 3. Երրորդ արձանագրության խորհրդանշանի օգտագործումը տարբերանշման նպատակներով

 

1. Բարձր պայմանավորվող կողմերի ազգային ընկերությունները, որոնք կորոշեն օգտագործել Երրորդ արձանագրության խորհրդանշանը, համապատասխան ազգային օրենսդրության համաձայն խորհրդանշանն օգտագործելիս կարող են տարբերանշման նպատակներով դրանում ներառել.

ա) Ժնևի Կոնվենցիաներով ճանաչված տարբերակիչ խորհրդանշաններից որևէ մեկը կամ այդ խորհրդանշանների համակցությունը, կամ

բ) մեկ այլ խորհրդանշան, որն արդեն իսկ փաստացի օգտագործում է այս կամ այն Բարձր պայմանավորվող կողմը, և որի մասին ավանդապահի միջոցով մինչև սույն Արձանագրության ընդունումն իրազեկվել են մյուս Բարձր պայմանավորվող կողմերը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն:

 

Նման ներառումը պետք է համապատասխանի սույն Արձանագրության Հավելվածում տեղադրված պատկերին:

 

2. Ազգային ընկերությունը, որը կորոշի Երրորդ արձանագրության խորհրդանշանի մեջ ներառել այլ խորհրդանշան, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, կարող է, ազգային օրենսդրությանը համապատասխան, այդ խորհրդանշանն ամրագրել և օգտագործել իր պետության տարածքում:

3. Ազգային ընկերությունները, բացառիկ դեպքերում, ազգային օրենսդրությանը համապատասխան և իրենց աշխատանքը դյուրացնելու նպատակով, կարող են ժամանակավորապես օգտագործել սույն Արձանագրության 2-րդ հոդվածում հիշատակված տարբերակիչ խորհրդանշանը:

4. Սույն հոդվածը չի վերաբերում Ժնևի Կոնվենցիաներով և սույն Արձանագրությամբ ճանաչված տարբերակիչ խորհրդանշանների իրավական կարգավիճակին, ինչպես նաև սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան տարբերանշման նպատակներով կիրառված ցանկացած կոնկրետ խորհրդանշանի իրավական կարգավիճակին:

 

Հոդված 4. Կարմիր խաչի միջազգային կոմիտե և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերակցությունների միջազգային ֆեդերացիա

 

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերակցությունների միջազգային ֆեդերացիան և դրանց պատշաճ կերպով լիազորված աշխատակիցները բացառիկ դեպքերում և իրենց աշխատանքը դյուրացնելու համար կարող են օգտագործել սույն Արձանագրության 2-րդ հոդվածում հիշատակված տարբերակիչ խորհրդանշանը:

 

Հոդված 5. Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո իրականացվող գործառությունները

 

Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո իրականացվող գործառություններին մասնակցող բժշկական ծառայությունները և կրոնական անձնակազմը դրանց մասնակցող պետությունների համաձայնությամբ կարող են օգտագործել 1-ին և 2-րդ հոդվածներում հիշատակված տարբերակիչ խորհրդանշաններից որևէ մեկը:

 

Հոդված 6. Խորհրդանշանների անօրինական օգտագործման կանխարգելումը և պատժումը

 

1. Ժնևի Կոնվենցիաների և, համապատասխան դեպքերում, 1977 թ. Լրացուցիչ արձանագրությունների այն դրույթները, որոնք վերաբերում են տարբերակիչ խորհրդանշանների անօրինական օգտագործման կանխարգելմանը և պատժին, հավասարապես կիրառվում են Երրորդ արձանագրության խորհրդանշանի նկատմամբ: Մասնավորապես, Բարձր պայմանավորվող կողմերը ձեռնարկում են միջոցներ, որոնք անհրաժեշտ են 1-ին և 2-րդ հոդվածներում հիշատակված տարբերակիչ խորհրդանշանների և դրանց անվանումների` ցանկացած ժամանակ ցանկացած անօրինական օգտագործումը կանխարգելելու և պատժելու համար, ներառյալ` ոչ պատշաճ օգտագործումը և դրանց նմանակումը հանդիսացող ցանկացած նշանի և անվանման օգտագործումը:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթներից անկախ` Բարձր պայմանավորվող կողմերը կարող են թույլատրել նրանց, ովքեր նախկինում օգտագործել են Երրորդ արձանագրության խորհրդանշանը կամ դրա նմանակումը հանդիսացող ցանկացած այլ նշան, շարունակել օգտագործել այդ խորհրդանշանը` պայմանով, որ զինված ընդհարման ժամանակ այդ խորհրդանշանի օգտագործումը տպավորություն չի ստեղծի, թե այն տրամադրում է Ժնևի Կոնվենցիաներով և, համապատասխան դեպքերում, 1977 թ. Լրացուցիչ արձանագրություններով նախատեսված պաշտպանություն, և պայմանով, որ նման օգտագործման իրավունքը ձեռք է բերվել մինչև սույն Արձանագրության ընդունումը:

 

Հոդված 7. Տեղեկատվության տարածումը

 

Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են հնարավորինս լայնորեն տարածել սույն Արձանագրությունն իրենց երկրներում ինչպես խաղաղ, այնպես էլ զինված ընդհարումների ժամանակ և, մասնավորապես, դրա ուսումնասիրումը ներառել ռազմական պատրաստության ծրագրերում և խրախուսել դրա ուսումնասիրումը քաղաքացիական բնակչության կողմից, որպեսզի այդ փաստաթուղթը հայտնի դառնա զինված ուժերին և քաղաքացիական բնակչությանը:

 

Հոդված 8. Ստորագրումը

 

Սույն Արձանագրությունն ընդունման օրվանից բաց կլինի Ժնևի Կոնվենցիաների Կողմերի ստորագրելու համար և բաց կմնա հետագա տասներկու ամիսների ընթացքում:

 

Հոդված 9. Վավերացումը

 

Սույն Արձանագրությունը պետք է վավերացվի հնարավորինս արագ: Վավերագրերն ի պահ են հանձնվում Շվեյցարիայի Դաշնային Խորհրդին, Ժնևի Կոնվենցիաների և 1977 թ. Լրացուցիչ արձանագրությունների ավանդապահին:

 

Հոդված 10. Միանալը

 

Սույն Արձանագրությունը բաց է այն չստորագրած` Ժնևի Կոնվենցիաների ցանկացած Կողմի համար: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում ավանդապահին:

 

Հոդված 11. Ուժի մեջ մտնելը

 

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում երկու վավերագրերը կամ միանալու մասին փաստաթղթերն ի պահ հանձնելուց վեց ամիս հետո:

2. Սույն Արձանագրությունը վավերացնող կամ հետագայում դրան միացող` Ժնևի Կոնվենցիաների յուրաքանչյուր Կողմի համար այն ուժի մեջ է մտնում վերջինիս կողմից վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնվելու օրից վեց ամիս հետո:

 

Հոդված 12. Պայմանագրային հարաբերությունները սույն Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո

 

1. Եթե Ժնևի Կոնվենցիաների Կողմերը հանդիսանում են նաև սույն Արձանագրության Կողմեր, ապա Կոնվենցիաները կիրառվում են սույն Արձանագրությամբ դրանցում կատարված լրացումներով:

2. Եթե ընդհարման մեջ գտնվող Կողմերից մեկը պարտավորված չէ սույն Արձանագրությամբ, ապա վերջինս պարտադիր է Արձանագրության մասնակից հանդիսացող ընդհարման Կողմերի փոխհարաբերություններում: Բացի դրանից` սույն Արձանագրությունը նրանց համար պարտադիր է այն Կողմերից յուրաքանչյուրի նկատմամբ, որը պարտավորված չէ դրանով, սակայն ճանաչում և կիրառում է դրա դրույթները:

 

Հոդված 13. Փոփոխություններ և լրացումներ

 

1. Բարձր պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը կարող է առաջարկել սույն Արձանագրության փոփոխություններ և լրացումներ: Առաջարկված ցանկացած փոփոխության և լրացման տեքստ ուղարկվում է ավանդապահին, որը բոլոր Բարձր պայմանավորվող կողմերի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերակցությունների միջազգային ֆեդերացիայի հետ խորհրդակցելուց հետո որոշում է, թե անհրաժե՞շտ է արդյոք խորհրդաժողով հրավիրել առաջարկված փոփոխությունը և լրացումը քննարկելու համար:

2. Ավանդապահն այդ խորհրդաժողովին հրավիրում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին, ինչպես նաև Ժնևի Կոնվենցիաների մասնակիցներին՝ անկախ նրանից` ստորագրել են նրանք սույն Արձանագրությունը, թե ոչ:

 

Հոդված 14. Չեղյալ հայտարարելը

 

1. Այն դեպքում, երբ Բարձր պայմանավորվող կողմը չեղյալ է հայտարարում սույն Արձանագրությունը, ապա չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում միայն չեղյալ հայտարարման մասին փաստաթուղթն ստանալուց մեկ տարին լրանալուց հետո: Սակայն եթե մեկ տարին լրանալուց հետո չեղյալ հայտարարող Կողմը հայտնվի զինված ընդհարման կամ օկուպացիայի իրավիճակում, ապա չեղյալ հայտարարելն ուժի մեջ չի մտնի մինչև զինված ընդհարման կամ օկուպացիայի ավարտը:

2. Չեղյալ հայտարարման մասին ծանուցումը գրավոր ուղարկվում է ավանդապահին, որն այն ուղարկում է բոլոր Բարձր պայմանավորվող կողմերին:

3. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է միայն չեղյալ հայտարարման մասին հայտնած Կողմի նկատմամբ:

4. 1-ին կետին համապատասխան արված ոչ մի չեղյալ հայտարարում չի շոշափում այն պարտավորությունները, որոնք զինված ընդհարման կամ օկուպացիայի կապակցությամբ սույն Արձանագրության համաձայն արդեն ստանձնել է չեղյալ հայտարարող Կողմը ցանկացած գործողության առնչությամբ, որը կատարվել է մինչև այդ չեղյալ հայտարարման ուժի մեջ մտնելը:

 

Հոդված 15. Ծանուցումներ

 

Ավանդապահը ծանուցում է Բարձր պայմանավորվող կողմերին, ինչպես նաև Ժնևի Կոնվենցիաների Կողմերին՝ անկախ նրանից` ստորագրել են նրանք սույն Արձանագրությունը, թե ոչ.

ա) սույն Արձանագրության տակ դրված ստորագրությունների, վավերագրերի և միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելու մասին՝ 8-րդ, 9-րդ և 10-րդ հոդվածներին համապատասխան,

բ) սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին՝ դրա ուժի մեջ մտնելուց հետո 10 օրվա ընթացքում՝ 11-րդ հոդվածին համապատասխան,

գ) նամակագրության մասին՝ 13-րդ հոդվածին համապատասխան,

դ) չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայտարարությունների մասին՝ 14-րդ հոդվածին համապատասխան:

 

Հոդված 16. Գրանցում

 

1. Ուժի մեջ մտնելուց հետո սույն Արձանագրությունն ավանդապահն ուղարկում է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարություն` գրանցելու և հրապարակելու համար՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան:

2. Ավանդապահը Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությանը նաև ծանուցում է իր ստացած բոլոր վավերագրերի, միանալու մասին փաստաթղթերի, սույն Արձանագրությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հայտարարությունների մասին:

 

Հոդված 17. Նույնական տեքստեր

 

Սույն Արձանագրության բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ է հանձնվում ավանդապահին, որը դրա հաստատված պատճեններն ուղարկում է Ժնևի Կոնվենցիաների բոլոր Կողմերին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ
ԵՐՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆԸ
(Արձանագրության 2-րդ հոդվածի 2-րդ կետ և 3-րդ հոդվածի 1-ին կետ)

 

Ներմուծեք նկարագրությունը_2095

 

 

Հայաստանի Հանրապետության համար Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2012 թ. փետրվարի 12-ին