Գլխավոր տեղեկություն
Համար
N 67-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.04.2005-18.06.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.03.06/13(248) Հոդ.211
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.01.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
06.02.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.03.2003
Ուժը կորցնելու ամսաթիվ
18.06.2005

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

6 փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հունվարի 2003 թվականի N 67-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1063 հրամանագիրը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը վերակազմակերպելու մասին» N 915-Ն և օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական հակահրդեհային ծառայությունը վերակազմակերպելու մասին» N 1142-Ն որոշումները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան 

 

2003 թ. հունվարի 27

Երևան

 
 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 67-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը (այսուհետ` վարչություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Վարչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Վարչության լիազորությունները սահմանվում են «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Սեյսմիկ պաշտպանության մասին» և «Հրդեհային անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Վարչությունում պետական ծառայությունը հատուկ ծառայություն է: Վարչության ռազմականացված ստորաբաժանումները համալրվում են համաձայն «Զինապարտության մասին» և «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների: Վարչությունում կարող են լինել քաղաքացիական ծառայողներ։

6. Վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու վարչության հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Վարչությունը կազմված է վարչության պետից, վարչության գործունեությունն ապահովող կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներից ու զորամասերից: Վարչության համակարգում ընդգրկվում են նաև վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները:

8. Վարչության նպատակները և խնդիրներն են`

ա) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառներում միասնական պետական քաղաքականության իրականացումը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառների նորմատիվային կարգավորման գործառույթների իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական հակահրդեհային ծառայության մատուցումը և Հայաստանի Հանրապետության պետական հրդեհային հսկողության իրականացումը.

դ) փրկարարական, վթարային փրկարարական, անհետաձգելի վթարավերականգնողական և հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը.

ե) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերով՝ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների գործունեության համակարգումն ու վերահսկումը.

զ) քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրները լուծելու նպատակով տեղեկատվության ստացման, ամփոփման ու որոշումների մշակման աշխատանքների իրականացումը.

է) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակներ առաջացնող երևույթների ուսումնասիրությունը և արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը.

ը) արտակարգ իրավիճակների առաջացման հնարավոր պատճառ համարվող օբյեկտների, առարկաների, գործընթացների, նախագծերի և լուծումների պետական փորձաքննության կազմակերպումը.

թ) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների) սոցիալական ապահովության և իրավական պաշտպանության իրականացումը:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Վարչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) իր իրավասության սահմաններում օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերը մշակելը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության ու Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.

բ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների կողմից մշակվող ու իրականացվող արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման պետական ծրագրերի համակարգում.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետին քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլաններն ամբողջությամբ կամ մասամբ գործողության մեջ դնելու վերաբերյալ առաջարկություն ներկայացնելը.

դ) «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալության կառավարման իրականացում.

ե) արտակարգ իրավիճակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կողմից իրականացվող միջոցառումների համակարգում, ինչպես նաև իրականացվող միջոցառումներին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների ներգրավման ապահովում՝ ըստ փոխգործողությունների պլանների.

զ) քաղաքացիական պաշտպանության միջոցառումների և արտակարգ իրավիճակների վերացման ֆինանսավորման հարցերի վերաբերյալ առաջարկությունների մշակում և այդ նպատակով հատկացված նյութական ու ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման ապահովում.

է) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց և քաղաքացիների կողմից՝ իրավական ակտերով նախատեսված հրդեհային անվտանգության պահանջների կատարման նկատմամբ հսկողության իրականացում.

ը) հրդեհների և հրդեհային անվտանգության կանոնների խախտման գործերով հետաքննության կազմակերպում և պատասխանատվության միջոցների կիրառում.

թ) հրդեհների պետական միասնական հաշվառման կազմակերպում և համակարգում.

ժ) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հակահրդեհային ծառայությունների արտագնա հակահրդեհային տեխնիկայի հաշվառում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փրկարարական, վթարային փրկարարական, հրդեհաշիջման ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներում ներգրավում.

ժա) կազմակերպությունները պահպանող պետական հակահրդեհային ծառայության ռազմականացված ստորաբաժանումների ստեղծում՝ կազմակերպությունների ներկայացմամբ, դրանց համալրման նորմատիվների հաստատում.

ժբ) իր իրավասության սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում.

ժգ) պետական կառավարման մարմինների հետ համատեղ արտակարգ իրավիճակներին առնչվող բնապահպանության բնագավառի հայեցակարգերի մշակմանը մասնակցություն.

ժդ) փրկարար ուժերի և հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների գործունեության համակարգում.

ժե) պետական, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, փրկարար ուժերի, հակահրդեհային ստորաբաժանումների ու կազմավորումների նախապատրաստում՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնահարցերով.

ժզ) փրկարարների, հակահրդեհային ստորաբաժանումների և կազմավորումների անձնակազմի ատեստավորում.

ժէ) բնակչության ուսուցման կազմակերպում` քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների հիմնահարցերով.

ժը) իր բնագավառում գիտատեխնիկական և նախագծային աշխատանքների կազմակերպում և որպես դրանց պատվիրատու հանդես գալը.

ժթ) արտակարգ իրավիճակներում բնակչությանն օպերատիվ օգնության ապահովման նպատակով սննդամթերքի, բժշկական և այլ նյութատեխնիկական միջոցների ու պաշարների կուտակման և օգտագործման կարգի վերաբերյալ առաջարկություններ մշակելը և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը.

ի) արտակարգ իրավիճակների կանխման և կանխարգելման միջոցառումների ապահովման նպատակով պետական, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) հավաստի տեղեկատվության ստացում, վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթիկներ, տեղեկագրեր) ներդրում, հավաքագրված տվյալների և տեղեկատվությունների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրների վարում.

իա) օբյեկտների, այդ թվում` շենքերի, շինությունների նախագծման և շինարարության ընթացքում հրդեհային անվտանգության պահանջների կատարման վերահսկում.

իբ) քաղաքացիական պաշտպանության հարցերով տնտեսության զորահավաքային ծրագրերի և պլանների մշակմանը մասնակցություն.

իգ) քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծում.

իդ) բնակչության պաշտպանության կենտրոնացված ազդարարման համակարգի գործունեության կազմակերպում.

իե) պաշտպանական շինությունների կառուցման նպատակային ծրագրերի մշակմանը մասնակցություն՝ քաղաքացիական պաշտպանության մասով.

իզ) Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետ վարչության մարտական և զորահավաքային պատրաստականության խնդիրների համաձայնեցում.

իէ) Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման դիմակայմանը մասնակցություն.

իը) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքների համակարգում.

իթ) Հայաստանի Հանրապետության տարածքում և դրանից հանրապետության համար վտանգավոր հեռավորության վրա հնարավոր ուժեղ երկրաշարժի կանխատեսման հաստատում.

լ) Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմաշրջանացման, դրա խիտ բնակեցված շրջանների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարբեր մասշտաբների սեյսմամիկրոշրջանացման և սեյսմիկ ռիսկի քարտեզների հաստատում.

լա) հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների տարածքների սեյսմիկ ռիսկի փորձագիտական գնահատումների հաստատում.

լբ) բարձր սեյսմիկ վտանգի գոտիներում սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով շենքերի և շինությունների խոցելիության օպերատիվ գնահատմանը մասնակցություն.

լգ) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակում.

լդ) իր իրավասությունների սահմաններում կազմակերպությունների անվտանգության վկայագրերի փորձաքննությանը և հաստատմանը մասնակցություն.

լե) քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, հրդեհային անվտանգության և սեյսմիկ պաշտպանության նպատակներով նախատեսված միջոցների, գույքի ու սարքավորումների արտադրության նախապատրաստման գործընթացում որպես պետական պատվիրատու հանդես գալը և այդ աշխատանքների իրականացմանը մասնակցություն.

լզ) իր իրավասությունների սահմաններում արտակարգ իրավիճակների կանխման ու կանխարգելման աշխատանքներում պետական գաղտնիքի պահպանմանն ուղղված գործունեության կազմակերպում.

լէ) իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության իրականացում.

լը) կառավարման մարմիններին ու բնակչությանն իրազեկման և տեղեկատվության կազմակերպում՝ քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հարցերի մասին.

լթ) իրեն հանձնված պետական գույքի տիրապետում և օգտագործում.

խ) քաղաքացիների նամակների (առաջարկությունների, դիմումների և բողոքների) քննարկման կազմակերպում՝ հասնելով դրանցում բարձրացված հարցերի օրինական լուծմանը և քաղաքացիների նամակներում հաղորդվող՝ վարչության ստորաբաժանումների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացմանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

10. Վարչությունը կառավարում է վարչության պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Վարչության պետն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` վարչության պետի ներկայացմամբ: Վարչության պետն իր գործունեությունն իրականացնում է միանձնյա ղեկավարման սկզբունքով և պատասխանատու է վարչությանն առաջադրված խնդիրների իրականացման համար:

Վարչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

11. Վարչության պետն իրականացնում է վարչությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

12. Վարչության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

13. Վարչության պետը`

ա) ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ.

բ) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

գ) ղեկավարում է վարչության գործունեությունը, պատասխանատու է վարչությանն առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

դ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

ե) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ վարչության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ վարչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

զ) վարչության համակարգում զինծառայության կազմակերպման գործում օգտվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմնի ղեկավարի իրավասություններից.

է) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընդունում է զինվորական ծառայության, նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից.

ը) վարչության համակարգի զինվորական և քաղաքացիական անձնակազմին ներկայացնում է պետական պարգևների.

թ) վարչության անձնակազմի նկատմամբ օգտվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կանոնագրքերով և աշխատանքային օրենսդրությամբ սահմանված լիազոր մարմնի ղեկավարի իրավասություններից.

ժ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան որոշում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

ժա) կատարում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.

ժբ) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչության, կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև վարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

ժգ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում գործունեության ստուգման արդյունքները, հաստատում վարչության տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժդ) վերահսկողություն է իրականացնում վարչությանն ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.

ժե) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում վարչության կանոնադրությունը և կառուցվածքը.

ժզ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում վարչության աշխատողների թիվը.

ժէ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

ժը) սահմանված կարգով կազմավորում և վերակազմավորում է վարչության կազմի մեջ մտնող զորամասերը, վարչության ստորաբաժանումները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համալրում է վարչության անձնակազմը, իրականացնում նյութատեխնիկական, ֆինանսական, կադրային և այլ ապահովում.

ժթ) արձակում է հրամաններ (անհրաժեշտության դեպքում գործադիր իշխանության այլ մարմինների հետ համատեղ), հաստատում կանոնադրություններ, հրահանգներ, կանոնակարգեր և այլ նորմատիվ փաստաթղթեր և ստուգում դրանց կատարումը.

ի) իրականացնում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված գործառույթներ.

իա) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

14. Վարչության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, վարչության պետի պարտականությունները կատարում է պետի տեղակալներից մեկը:

15. Վարչության պետի տեղակալը`

ա) համակարգում է վարչության համակարգի աշխատանքները` վարչությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված բնագավառներում.

բ) իր լիազորության սահմաններում համակարգում է վարչության` իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ վարչության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.

գ) վարչության նպատակներին և խնդիրներին համապատասխան իրականացնում է իրեն հանձնարարված բնագավառների` վարչության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.

դ) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է վարչության պետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում վարչության համակարգի մարմինների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.

զ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

ը) պարբերաբար վարչության պետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.

թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում վարչության պետի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում վարչության պետին.

ժ) վարչության պետին ներկայացնում է առաջարկություններ նրա իրավասությանը վերաբերող հարցերի մասին.

ժա) վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

16. Վարչության պետն ունի խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև կատարում է պարտականությունների բաշխում:

17. Վարչության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Պուշկինի 25:

 

IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

18. Վարչության գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից կնքված գործարքներով ձեռք բերված և վարչության տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում:

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ վարչությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

19. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու վարչության գույքը:

20. Վարչությունն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու իր գույքը:

 

V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

21. Վարչության կառուցվածքը ներառում է վարչության գործունեությունն ապահովող կառուցվածքային (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումներ (գործակալություններ) ու զորամասեր:

Վարչության խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են վարչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

22. Վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է վարչության պետը:

23. Վարչության առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` վարչության պետի ներկայացմամբ:

24. Վարչության առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող մարմին է:

25. Վարչության առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև վարչության առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

26. Վարչության առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

27. Վարչության առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և վարչության ու իր հայերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

 

VI. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

28. Վարչության ֆինանսավորումն իրականացվում է վարչության գլխավոր ֆինանսիստի միջոցով: Վարչության գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է վարչության ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում վարչության պետի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

29. Վարչության գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, վարչության ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

30. Վարչությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:

31. Վարչության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2003 թվականի

հունվարի 16-ի N 67-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Վարչության պետի աշխատակազմ

Օպերատիվ կառավարման վարչություն

Քաղաքացիական պաշտպանության գործերի վարչություն

Պետական հակահրդեհային ծառայություն (վարչություն)

Արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման վարչություն

Թիկունքի և սպառազինության վարչություն

Ֆինանսատնտեսագիտական վարչություն

Կադրերի և կազմակերպչական վարչություն

Միջազգային համագործակցության վարչություն

Լրատվության կենտրոն

Քարտուղարություն

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

«Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն» գործակալություն

Պետական հրդեհային տեսչություն

 

III. Զորամասեր

 

(հավելվածը լրաց. 10.03.05 N 382-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան