Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.08.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.02.04/7(673)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
01.08.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
01.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ տնտեսական դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ ՏՎ-45/2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-1155 (ՏԴ)
2007 թ.

Նախագահող դատավոր՝ Ե. ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

  դատավոր՝ Է. ՄՈՒՐԱԴՅԱՆ

  Տ. ՆԱԶԱՐՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ՝

Հ. Մանուկյանի

 

մասնակցությամբ դատավորներ՝

Ա. Մկրտումյանի
Է. Հայրիյանի
Վ. Աբելյանի
Ս. Գյուրջյանի

 

2007 թվականի օգոստոսի 1-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Ջերմուկ» ՓԲԸ-ի վճռաբեկ բողոքն ըստ «Երևանի կենտրոնական բազա» ՓԲԸ-ի հայցի ընդդեմ «Ջերմուկ» ՓԲԸ-ի՝ 2.224.360 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջի մասին ՀՀ տնտեսական դատարանի 26.04.2007 թվականին թիվ ՏՎ-45/2007 գործով կայացված վճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան՝ «Երևանի կենտրոնական բազա» ՓԲԸ-ն պահանջել է «Ջերմուկ» ՓԲԸ-ից բռնագանձել 2.224.360 ՀՀ դրամ գումար:

ՀՀ տնտեսական դատարանի 18.05.2005 թվականի վճռով «Երևանի կենտրոնական բազա» ՓԲԸ-ի հայցը բավարարվել է:

Վճռաբեկ դատարանի 02.09.2005 թվականի որոշմամբ ՀՀ տնտեսական դատարանի 18.05.2005 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նույն դատարան՝ նոր քննության:

ՀՀ տնտեսական դատարանի 26.04.2007 թվականի վճռով հայցը կրկին բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոքը ներկայացրել է «Ջերմուկ» ՓԲԸ-ն:

«Երևանի կենտրոնական բազա» ՓԲԸ-ն ներկայացրել է վճռաբեկ բողոքի պատասխան:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը բերվել է հետևյալ հիմքով՝ ներքոհիշյալ հիմնավորմամբ.

1) ՀՀ տնտեսական դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 48-րդ և 51-րդ, 53-րդ հոդվածները, 54-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը:

Ըստ բողոք բերած անձի հայցվորի պահանջները կարող էին հիմնավորվել միայն «լրացուցիչ համաձայնագրի» բնօրինակի առկայությամբ, որը սակայն գործի նյութերում առկա չէ: Միևնույն ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով «Ջերմուկ» ՓԲԸ-ից վերցված հաշվապահական փաստաթղթերի վերլուծության արդյունքում հնարավոր չէ հաստատել կոնկրետ պարտավորությունների առկայության կամ բացակայության հանգամանքը:

Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ տնտեսական դատարանի վճիռը և կայացնել նոր դատական ակտ:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

ՀՀ տնտեսական դատարանը վճիռ կայացնելիս ղեկավարվել է 2000-2003 թվականների դեբիտորական-կրեդիտորական հաշվառման քարտերով, 01.08.2002 թվականին և 14.02.2005 թվականին կազմված փոխադարձ հաշվարկների ակտերով, որոնց հիման վրա էլ հաստատել է «լրացուցիչ համաձայնության» առկայության փաստը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) «Ջերմուկ» ՓԲԸ-ի և «Երևանի կենտրոնական բազա» ՓԲԸ-ի միջև 01.07.2000 թվականին կնքվել է թիվ 2 անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը, որի հիման վրա «Երևանի կենտրոնական բազա» ՓԲ ընկերությունը «Ջերմուկ» ՓԲ ընկերությանը վարձակալությամբ հանձնել է Երևան քաղաքի Մասիսի 5 հասցեում գտնվող պահեստային շինության տարածքներից առաջին և երկրորդ խցիկները ու գրասենյակային մասը: Որպես ամսավճար սահմանվել է 100.000 ՀՀ դրամ գումար:

2) Նույն ընկերությունների միջև 07.07.2000 թվականին կնքվել է շշալցված հանքային ջրի մատակարարման թիվ 47 պայմանագիրը, որի ուժով «Ջերմուկ» ՓԲԸ-ն պարտավորվել է «Երևանի կենտրոնական բազա» ՓԲԸ-ին մատակարարել «Ջերմուկ» շշալցված հանքային ջուր, իսկ «Երևանի կենտրոնական բազա» ՓԲԸ-ն պարտավորվել Է վճարել դրանց համար:

3) Սույն քաղաքացիական գործի նյութերում առկա է նաև «Ջերմուկ» ՓԲԸ-ի և «Երևանի կենտրոնական բազա» ՓԲԸ-ի միջև 07.07.2000 թվականին կնքված «Լրացուցիչ համաձայնագրի» լուսապատճենը: Նշված համաձայնագրի լուսապատճենի բովանդակությունից բխում է, որ այն հանդիսացել է նշված երկու ընկերությունների միջև 01.07.2000 թվականին կնքված թիվ 2 վարձակալության պայմանագրի անբաժանելի մաս: Քննարկվող համաձայնագրի 1-ին կետում սահմանված է եղել, որ. «Կողմերը գալիս են համաձայնության, որ 2000 թվականի հուլիսի 1-ի թիվ 2 «տարածքի վարձակալման պայմանագրի» 1-ին կետով «Վարձակալին» օգտագործման հանձնված երկրորդ պահեստախցիկի ամսական վարձավճարի չափը սահմանում են 100000 դրամ գումար»: Նույն համաձայնագրի 2-րդ կետը սահմանում է, որ «Ջերմուկ» ՓԲ ընկերությունը երկրորդ պահեստախցիկի վարձավճարի 100.000 դրամ ամենամսյա գումարով հաշվանցման եղանակով մարում է 07.07.2000 թվականի թիվ 47 պայմանագրով «Երևանի կենտրոնական բազա» ՓԲԸ-ին հանձնված «Ջերմուկ» հանքային ջրի արժեքը:

4) Նույն ընկերությունների միջև 01.01.2002 թվականին կնքվել է նույն գույքի վերաբերյալ վարձակալության պայմանագիր: Պայմանագրով վարձավճարի չափը սահմանվել է 100.000 ՀՀ դրամ գումար՝ յուրաքանչյուր ամսվա համար:

5) 01.01.2003 թվականին նույն կողմերը կնքել են նույն տարածքների վարձակալության պայմանագիր, որով որպես ամսական վարձավճար սահմանված է եղել 100.000 ՀՀ դրամ գումար:

6) 23.07.2007 թվականին «Կենտրոնական բազա» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարվել է:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա է կարճման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածը սահմանում է գործի վարույթի կարճման հիմքերը: Այդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե՝ գործին մասնակցող իրավաբանական անձը լուծարվել է:

Սույն գործի փաստերի համաձայն՝ սույն գործով հայցվոր «Կենտրոնական բազա» փակ բաժնետիրական ընկերությունը 23.07.2007 թվականին լուծարվել է:

Վերոնշյալը հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թիվ ՏՎ-45/2007 քաղաքացիական գործի վարույթը պետք է կարճել:

Քաղաքացիական գործի վարույթի կարճման պայմաններում Վճռաբեկ դատարանը սույն վճռաբեկ բողոքի հիմքերին անդրադառնալը աննպատակահարմար է համարում այն պատճառաբանությամբ, որ դրանց հիմնավորվածության վերաբերյալ եզրահանգումները սույն գործի լուծման հարցում որևէ էական նշանակություն չեն կարող ունենալ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ տնտեսական դատարանի 26.04.2007 թվականի թիվ ՏՎ-45/2007 գործով կայացված վճիռը բեկանել և քաղաքացիական գործի վարույթը կարճել:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան

Է. Հայրիյան

Վ. Աբելյան
Ս. Գյուրջյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան