Գլխավոր տեղեկություն
Համար
N 1082-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.12.2007-02.10.2008)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49(573) Հոդ.1016
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.12.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2007 թվականի N 1082-Ն

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի և «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներն ապահովելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կանոնակարգման միջոցով ավտոտրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմի տեխնիկական շահագործման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից երկու ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ս. Սարգսյան

 

2007 թ. սեպտեմբերի 24

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2007 թվականի

սեպտեմբերի 13-ի N 1082-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային տրանսպորտի շարժակազմը (այսուհետ` շարժակազմ) շահագործելու ընթացքում տեխնիկապես սարքին վիճակում պահելու և դրա աշխատունակության ապահովման սկզբունքային դրույթները: Սույն կարգի նպատակը Հայաստանի Հանրապետությունում շարժակազմի տեխնիկական շահագործման կանոնակարգման միջոցով դրանց երթևեկության անվտանգության ապահովումն է:

 

II. ԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ

 

2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շարժակազմի տեխնիկական շահագործում իրականացնող բոլոր կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություններ) վրա` իրենց կողմից ծավալված գործունեության մասով:

3. Չհաշվառված, տեխնիկական զննություն չանցած, տեխնիկական, այդ թվում` արգելակման համակարգի կամ ղեկի կառավարման, քարշակման-կցման սարքավորման (ավտոգնացքի կազմում) անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից թույլատրումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: Սույն մասի պահանջների կատարման համար պատասխանատվություն է կրում կազմակերպության ղեկավարը կամ նրա հրամանով նշանակված պատասխանատու անձը:

4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, ինչպես նաև դրանց շարժակազմի շահագործում, տեխնիկական սպասարկում ու նորոգում իրականացնող կազմակերպությունների վրա:

 

III. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

5. Սույն կարգում օգտագործված հասկացություններն ունեն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նշված նշանակությունը:

 

IV. ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

6. Շարժակազմի տեխնիկական շահագործումն ապահովում է դրա տեխնիկապես սարքին վիճակում պահելը, կառուցվածքի տեխնիկական հնարավորությունների առավել օգտագործումն ու շահագործական հուսալիության առաջադրված մակարդակի պահպանումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 965-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող ավտոտրանսպորտային միջոցների էկոլոգիական անվտանգության տեխնիկական կանոնակարգի պահանջները:

7. Աշխատունակ շարժակազմը պատրաստ է շահագործելու համար, եթե այն առանց որևէ նախապատրաստական միջոցառումների, բացառությամբ վառելիքով լցավորելուց և ցուրտ եղանակներին ջերմային նախապատրաստումից, կարող է կատարել աշխատանք:

8. Դետալների արագացված մաշ առաջացնող անսարքություն ունեցող շարժակազմը շահագործման բաց չի թողնվում կամ շահագործման ընթացքում չի շարունակում իր աշխատանքը:

9. Այլ բնույթի անսարքությունները կարող են վերացվել հերթափոխի կամ օրվա համար սահմանված տրանսպորտային աշխատանքն ավարտելուց հետո:

10. Շարժակազմի տեխնիկական շահագործման համակարգը ներառում է`

1) շարժակազմը շահագործման մեջ մտցնելը և շահագործումից հանելը.

2) շարժակազմի տեխնիկական սպասարկման և նորոգման համակարգը.

3) շարժակազմի տեխնիկական սպասարկում և նորոգում իրականացնող կազմակերպությունների արտադրական բազան.

4) շարժակազմի տեխնիկական սպասարկման և նորոգման նորմատիվատեխնիկական փաստաթղթերը.

5) շարժակազմի սարքին վիճակն ապահովող անձնակազմը.

6) շարժակազմի պահպանումը:

11. Շարժակազմի տեխնիկական սպասարկում ու նորոգում իրականացնող կազմակերպությունների արտադրական բազան ներառում է տվյալ բազայում սպասարկվող ու նորոգվող շարժակազմի կառուցվածքին համապատասխան զննման, սպասարկման ու նորոգման կետերը, արտադրամասերը, բաժանմունքները և դրանց սարքավորումները, ինչպես նաև նյութատեխնիկական ապահովումը (սպասարկվող ու նորոգվող շարժակազմի համար նախատեսված պահեստամասերի ու շահագործական նյութերի առկայությունը):

12. Շարժակազմի սարքին վիճակն ապահովող անձնակազմը ներառում է դրա սպասարկման ու նորոգման աշխատանքներում ընդգրկված բանվորներին, տեխնիկներին և ճարտարագետներին (ինժեներներին):

 

V. ՇԱՐԺԱԿԱԶՄԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼԸ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

 

13. Կազմակերպությունների կողմից ձեռք բերված շարժակազմի յուրաքանչյուր միավոր հաշվառվում է տվյալ կազմակերպության ցուցակում և շահագործման է հանձնվում միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանությունում հաշվառվելուց հետո:

14. Շարժակազմի յուրաքանչյուր միավոր (ավտոմոբիլ, կցորդ, կիսակցորդ) ընդունման-հանձնման ակտով ամրացվում է դրա վրա աշխատող վարորդին:

15. Գործող նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով հետագա շահագործման համար ոչ պիտանի դարձած շարժակազմը ենթակա է շահագործումից հանվելու:

16. Շահագործումից հանված շարժակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության հաշվառումից` որպես խոտան:

 

VI. ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

17. Շարժակազմի տեխնիկական բարձր պատրաստվածություն ապահովելու և նորոգումների պահանջարկը նվազեցնելու նպատակով սահմանվում է դրա տեխնիկական սպասարկման և նորոգման պլանային-նախազգուշական համակարգ:

18. Շարժակազմի տեխնիկական սպասարկման և նորոգման պլանային-նախազգուշական համակարգը սահմանում է գործողությունների երկու բաղկացուցիչ մաս՝ ստուգողական ու կատարողական, և նախատեսում է որոշակի վազքից կամ ժամանակահատվածից հետո տեխնիկական սպասարկման գործողությունների ստուգողական և կատարողական մասերի ապահովումը:

19. Շարժակազմի տեխնիկական սպասարկման համակարգը պարունակում է գործողությունների ամբողջություն, որոնք նպատակաուղղված են դրա`

1) աշխատունակ և պատշաճ արտաքին տեսքի պահպանմանը.

2) աշխատանքի հուսալիությանը, երթևեկության անվտանգությանը և շրջակա միջավայր վնասակար արտանետումների նվազեցմանը.

3) տեխնիկական վիճակի ցուցանիշների վատացման ինտենսիվության նվազեցմանը.

4) խափանումների ու անսարքությունների բացահայտմանը, կանխմանը, ինչպես նաև դրանց ժամանակին վերացմանը.

5) վառելիքի և այլ շահագործական նյութերի խնայողությանը:

20. Շարժակազմի տեխնիկական սպասարկման և նորոգման որոշ գործողություններ (յուղման և նմանօրինակ այլ գործողություններ) կարող են կատարվել պլանային կարգով՝ առանց նախնական ստուգման:

21. Սույն կարգով սահմանվող տեխնիկական սպասարկման և նորոգման պլանային-նախազգուշական համակարգը ներառում է շարժակազմի աշխատունակ վիճակի ապահովման համար անհրաժեշտ միջոցների, նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և կատարողների ամբողջությունը:

 

VII. ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ

 

22. Շարժակազմի տեխնիկական սպասարկումը, ըստ կատարվող աշխատանքների պարբերականության և աշխատատարության, ստորաբաժանվում է հետևյալ տեսակների`

1) ամենօրյա տեխնիկական սպասարկում.

2) պարբերական՝ որոշակի վազքից (աշխատատևությունից) հետո կատարվող տեխնիկական սպասարկում.

3) սեզոնային տեխնիկական սպասարկում:

23. Ամենօրյա տեխնիկական սպասարկումը ներառում է երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված ստուգումները և պատշաճ արտաքին տեսքի ապահովման, վառելիքով, յուղով, հովացման ու այլ հեղուկներով լցավորման աշխատանքները, իսկ շարժակազմի որոշ տեսակների համար նաև` թափքի սանիտարական մշակումը:

24. Պարբերական տեխնիկական սպասարկումները ներառում են ստուգման-արատորոշման, ամրակապման, կարգավորման, յուղման, դողային և այլ աշխատանքներ, որոնք նպատակաուղղված են դետալների մաշման ինտենսիվության նվազեցմանը, խափանումների ու անսարքությունների հայտնաբերմանն ու վերացմանը:

25. Պարբերական տեխնիկական սպասարկումներն ստորաբաժանվում են երկու տեսակի, որոնք իրենց պարբերականությամբ բազմապատիկ են:

26. Պարբերական տեխնիկական սպասարկումներն ունեն հետևյալ նշանակումը` տեխնիկական սպասարկում N 1 և տեխնիկական սպասարկում N 2 կամ տեխնիկական սպասարկում-Ա և տեխնիկական սպասարկում-Բ և այլն:

27. Տեխնիկական սպասարկումն ապահովում է շարժակազմի անխափան աշխատանքը` սահմանված պարբերականության սահմաններում:

28. Սեզոնային տեխնիկական սպասարկումները ներառում են տարվա ցուրտ և տաք ժամանակներում շարժակազմի շահագործման նախապատրաստման համար կատարվող աշխատանքները:

29. Սեզոնային տեխնիկական սպասարկումը կարող է համատեղվել տեխնիկական սպասարկում N 2-ի հետ:

 

VIII. ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՆՈՐՈԳՈՒՄԸ

 

30. Շարժակազմի նորոգումը կատարվում է շարժակազմի և դրա բաղկացուցիչ մասերի սարքին կամ աշխատունակ վիճակի և ռեսուրսի վերականգնման ու անխափան աշխատանքի ապահովման նպատակով:

31. Նորոգումը կատարվում է ինչպես ըստ պահանջի՝ անսարք վիճակի հայտնվելուց հետո, այնպես էլ պլանային կարգով` շարժակազմի որոշակի վազքից կամ աշխատատևությունից հետո: Նորոգման երկրորդ ձևը համարվում է պլանային-նախազգուշական:

32. Կախված նպատակից, բնույթից և կատարվող աշխատանքների ծավալից` նորոգումներն ստորաբաժանվում են ընթացիկ, միջին և հիմնական նորոգումների:

33. Ընթացիկ նորոգումը նախատեսվում է վերականգնման կամ փոխարինման միջոցով սահմանային թույլատրելի վիճակի հասած շարժակազմի առանձին ագրեգատների, հանգույցների և դետալների (բացի բազիսային դետալներից) աշխատունակ վիճակ ապահովելու համար:

34. Ընթացիկ նորոգումն ապահովում է ագրեգատների, հանգույցների ու դետալների անխափան աշխատանքը՝ մինչև հերթական տեխնիկական սպասարկում N 2-ը` մնացած վազքից ոչ պակաս վազքի ընթացքում:

35. Միջին նորոգումը, որպես կանոն, կատարվում է ուղևորատար շարժակազմի (ավտոբուսներ և թեթև մարդատար ավտոմոբիլներ) վրա և նախատեսում է հիմնական նորոգում պահանջող շարժիչի փոխարինում, շարժակազմի արատորոշում և ագրեգատների մոտ հայտնաբերված անսարքությունների վերացում՝ դետալների նորոգման կամ փոխարինման միջոցով, թափքի մասնակի նորոգում և ներկում, ինչպես նաև շարժակազմի սարքինության վերականգնումն ապահովող այլ անհրաժեշտ աշխատանքներ:

36. Շարժակազմի, ագրեգատների ու հանգույցների հիմնական նորոգումը նախատեսվում է դրանց ռեսուրսի վերականգնման համար:

37. Շարժակազմի, ագրեգատների ու հանգույցների հիմնական նորոգումը նախատեսում է նորոգման օբյեկտի լրիվ քանդում, արատորոշում, բաղկացուցիչ մասերի վերականգնում կամ նորով փոխարինում, հավաքում, կարգավորում և փորձարկում:

38. Հետագա շահագործման համար ոչ պիտանի տեխնիկական վիճակով շարժակազմի դուրսգրման (լուծարքի) դեպքում օգտագործման համար պիտանի ագրեգատները, հանգույցներն ու դետալները կարող են օգտագործվել նույն մակնիշի այլ շարժակազմի նորոգման համար:

 

IX. ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ԱՐԱՏՈՐՈՇՈՒՄԸ

 

39. Շարժակազմի արատորոշումը համարվում է տեխնիկական սպասարկման և նորոգման տեխնոլոգիական տարր (բաղկացուցիչ մաս):

40. Տեխնիկական սպասարկման ժամանակ արատորոշումն ապահովում է`

1) սահմանային չափերի հետ ցուցանիշների փաստացի նշանակությունների համեմատման միջոցով տեխնիկական վիճակի գնահատումը և հնարավոր անսարքությունների առաջացման կանխորոշումը.

2) գործողությունների կատարման իրական պահանջարկի որոշումը։

41. Նորոգման ժամանակ արատորոշումն ապահովում է անսարք վիճակի և դրա առաջացման պատճառների հայտնաբերումը, դրանց վերացման առավել արդյունավետ եղանակի սահմանումը:

42. Հիմնական նորոգումից առաջ և դրա ընթացքում կատարվող արատորոշման ժամանակ որոշվում է երթևեկության անվտանգությունն ապահովող ագրեգատների ու հանգույցների տեխնիկական վիճակը և շարժակազմի պիտանիությունը շահագործման համար:

43. Տեխնիկական սպասարկում N 2-ից առաջ կատարվող արատորոշման ժամանակ որոշվում է ագրեգատների, հանգույցների ու համակարգերի տեխնիկական վիճակը, ճշտվում տեխնիկական սպասարկման աշխատանքների ծավալները և նորոգման անհրաժեշտությունը:

 

X. ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՆՈՐՈԳՄԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

44. Տեխնիկական սպասարկում N 1-ի պլանավորումը հիմնականում կատարվում է` հաշվի առնելով փաստացի վազքը:

45. Տեխնիկական սպասարկում N 1-ի օրացուցային պլանավորումն իրականացվում է շարժակազմի աշխատանքի կայուն պայմանների դեպքում, երբ հերթափոխային վազքերի տատանումներն աննշան են, և հաշվի է առնվում հնարավոր շուրջօրյա պարապուրդը:

46. Տեխնիկական սպասարկում N 2-ի պլանավորումը կատարվում է փաստացի վազքով կամ օրացույցով՝ վերջինիս դեպքում հաշվի առնելով շուրջօրյա պարապուրդը:

47. Տեխնիկական սպասարկում N 2-ից առաջ իրականացվում է արատորոշում, անհրաժեշտության դեպքում կատարվում է ընթացիկ նորոգում և ճշտվում շարժակազմի տեխնիկական սպասարկում N 2-ի անցկացման օրը:

48. Ավտոտրանսպորտային կազմակերպություններում շարժակազմի տեխնիկական շահագործման հաշվառումն ապահովում է`

1) շարժակազմի յուրաքանչյուր միավորի աշխատանքի պայմանների, վազքի ու տեխնիկական վիճակի մասին տեղեկատվության ժամանակին ստացումը.

2) շարժակազմի տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների պլանավորումը և դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը.

3) սույն կարգին համապատասխան` շարժակազմի յուրաքանչյուր միավորի վրա իրականացված աշխատանքների կատարման հավաստիությունը և կառուցվածքային փոփոխությունների օրինականությունը վերահսկելու հնարավորությունը.

4) շարժակազմի յուրաքանչյուր միավորի ծառայության ամբողջ ժամանակահատվածի ընթացքում դրա վրա տեղադրված գործարանային համարակալում

ունեցող ագրեգատների և հանգույցների շարժը.

5) տեխնիկական սպասարկման և նորոգման անորակ կատարման համար պատասխանատվություն կրող աշխատողների հայտնաբերումը.

6) տեղեկատվության մշակման հնարավորությունը` գրավոր և համակարգչային եղանակով:

49. Ավտոտրանսպորտային կազմակերպությունների ստորաբաժանումների ու կատարողների գործունեության պլանավորման, հաշվառման և գնահատման ձևերը սահմանվում են նշված կազմակերպությունների կողմից:

 

XI. ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒ ՆՈՐՈԳՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ

 

50. Հերթափոխից հետո շահագործումից վերադարձող շարժակազմի ստուգումը և ընդունումը կատարվում են ավտոտրանսպորտային կազմակերպությունների ստուգման տեխնիկական կետերի կողմից:

51. Շարժակազմի շահագործումից վերադառնալու ժամանակ ստուգման տեխնիկական կետում կատարվում է շարժակազմի արտաքին տեսքի և լրակազմության ստուգում, արձանագրվում են անսարքություններն ու խափանումները, անհրաժեշտության դեպքում կազմվում է վնասվածքի մասին ակտ, ձևակերպվում են ընթացիկ նորոգում կատարելու համար անհրաժեշտ փաստաթղթերը:

52. Գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումներն ու նորոգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշմամբ հաստատված գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման հրահանգին համապատասխան:

53. Ամենօրյա տեխնիկական սպասարկման կետերում կատարվում են`

1) շարժակազմի տեխնիկական վիճակի ստուգում՝ զննման միջոցով.

2) յուղի և հովացման հեղուկի մակարդակի ստուգում.

3) դողերում օդի ճնշման ստուգում (դրանք լրացնելով մինչև նորման).

4) վարորդի խցիկի և թափքի մաքրում, լվացում և չորացում:

54. Երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված ստուգումներն իրականացվում են վարորդների կողմից` աշխատանքի դուրս գալուց առաջ, ինչպես նաև շահագործման ընթացքում հերթափոխների միջև վարորդների փոփոխման ժամանակ:

55. Շարժակազմի լվացումն իրականացվում է սանիտարական պահանջների և պատշաճ արտաքին տեսքի ապահովման նպատակով` ըստ պահանջարկի՝ կախված կլիմայական և սեզոնային պայմաններից:

56. Շարժակազմը տեխնիկական սպասարկման կամ նորոգման կանգնեցնելուց առաջ լվացվում և չորացվում է:

57. Սննդամթերքի փոխադրման համար նախատեսված մասնագիտացված շարժակազմի թափքերն ամենօրյա տեխնիկական սպասարկման կետերում ենթարկվում են սանիտարական մշակման, իսկ քիմիական պարարտանյութեր, թունաքիմիկատներ և ռադիոակտիվ նյութեր փոխադրողների թափքերը՝ վնասազերծման:

58. Ամենօրյա տեխնիկական սպասարկումից հետո շարժակազմը պլանի համաձայն ուղարկվում է կայանատեղ, տեխնիկական սպասարկման և նորոգման գոտի կամ տեխնիկական սպասարկման և նորոգման սպասման գոտի:

59. Շարժակազմի պարբերական տեխնիկական սպասարկումները և նորոգումները կատարվում են համապատասխան տեղամասերում, իսկ դրանց վրայից հանված ագրեգատներինն ու հանգույցներինը` նորոգման արտադրամասերում:

60. Աշխատանքների կատարման որակի և աշխատանքի պաշտպանության պահանջների կատարումն ապահովելու, ինչպես նաև աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով տեխնիկական սպասարկման ու ընթացիկ նորոգման բանվորական կետերը կահավորվում են ամբարձիչ-զննման սարքավորումներով (զննման առուներով, ամբարձիչներով, էստակադներով), իսկ նորոգման արտադրամասերը՝ համապատասխան սարքավորումներով, սարքերով, հարմարանքներով և գործիքներով:

 

XII. ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ՈՒ ՆՈՐՈԳՈՒՄԸ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՎԱԶՔԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

 

61. Շահագործման երաշխիքային ժամանակահատվածում շարժակազմի տեխնիկական սպասարկումն ու նորոգումը կանոնակարգվում են արտադրող գործարանների կողմից տրվող շահագործման հրահանգներով:

62. Երաշխիքային վազքի ժամանակահատվածում տեխնիկական սպասարկումը, բացի կանոնակարգվող աշխատանքներից, ներառում է նաև ագրեգատների, մեխանիզմների և համակարգերի արատորոշումը, վնասապահանջի առաջացմանը հանգեցնող անսարքությունների հայտնաբերումն ու վերացումը:

 

XIII. ՇԱՐԺԱԿԱԶՄԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ

 

63. Շարժակազմի միջհերթափոխային պահպանումը կարող է իրականացվել փակ շենքում, ծածկի տակ կամ բաց հարթակներում:

64. Աղբատար, քիմիական պարարտանյութեր, թունաքիմիկատներ, այրիչ և ռադիոակտիվ նյութեր տեղափոխող շարժակազմը պահվում է առանձին կայանատեղերում:

65. Շարժակազմի կայանման գոտում սպասարկման կամ նորոգման աշխատանքներ չեն կատարվում, ինչպես նաև չեն պահվում վառելանյութեր, յուղեր և շուտ բռնկվող այլ նյութեր:

66. Ձմռանը շարժակազմի հուսալի աշխատանքն ապահովելու նպատակով դրանք նախապես նախապատրաստվում են օդի բացասական ջերմաստիճանի պայմաններում շահագործելու համար:

 

XIV. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

67. Ավտոտրանսպորտային կազմակերպությունների շարժակազմի տեխնիկական սպասարկման ու նորոգման արտադրական բազաները պետք է համապատասխանեն տվյալ շահագործական պայմաններին, գործող տեխնիկական նորմատիվներին, շինարարական նորմերին ու կանոններին, անվտանգության ու շրջակա միջավայրի պաշտպանության պահանջներին:

68. Արտադրական բազաների շենքերի և տեխնիկական սպասարկման գոտիների, նորոգման արտադրամասերի ու մյուս արտադրական և օժանդակ շինությունների հատակագծումն ու չափերը, լուսավորությունը, ջեռուցումը, էլեկտրամատակարարումը, ջրամատակարարումը, օդափոխումը և կոյուղին, ինչպես նաև տեխնիկական սպասարկման ու նորոգման կետերի թիվը պետք է համապատասխանեն կազմակերպությունների շարժակազմի տեխնիկական սպասարկման ու նորոգման արտադրական ծրագրերին և շինարարական գործող նորմաներին ու կանոններին:

69. Շարժակազմի տեխնիկական սպասարկման և նորոգման համար օգտագործվող սարքավորումները լրակազմվում են կատարվող աշխատանքներին և ծառայություններին համապատասխան ու պետք է բավարարեն նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջները:

 

XV. ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

70. Ավտոտրանսպորտային կազմակերպությունները սույն կարգով սահմանված տեխնիկական շահագործման պահանջների չկատարման հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների և հասցված նյութական վնասի համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.08.2008, N 1042-Ն 02.10.2008, N 1082-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան