Գլխավոր տեղեկություն
Համար
N 909-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (20.08.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.07.14/38(337) Հոդ.873
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.06.2004
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.06.2004
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
30.06.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2004

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

30 հունիսի 2004 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2004 թվականի N 909-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐՑՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Երևանի քաղաքապետի միջնորդությունը` Երևանի գլխավոր պողոտայում քաղաքաշինական ծրագրեր իրականացնելու նպատակով պետության կարիքների համար վերցված տարածքում կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման հայտ ներկայացրած «Էլիտ Փրոջեքթ Շին», «Գլենդել Հիլզ», «Գրիար», «Վիզկոն», «ԳԱՊ բնակշին» ընկերություններին և Մելիք Գասպարյանին հողամասեր տրամադրելու մասին, ինչպես նաև ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ, 74-րդ ու 76-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1151-Ն ու 2004 թվականի մարտի 4-ի N 399-Ն որոշումներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 05.08.04 N 1115-Ն, 21.07.05 N 1074-Ն)

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին կնքել կառուցապատման իրավունքի պայմանագրեր` առանց մրցույթի, ուղիղ բանակցությունների միջոցով, 3 տարի ժամկետով`

ա) «Էլիտ Փրոջեքթ Շին» փակ բաժնետիրական ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Արամի փողոցին հարող հատվածից 2850.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3600.0 քառ. մետր.

բ) Մելիք Գասպարյանի հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Ամիրյան փողոցին հարող հատվածից 4200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար Մելիք Գասպարյանի կողմից իրացվելու է 5384.0 քառ. մետր.

գ) «Գլենդել Հիլզ» փակ բաժնետիրական ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Բուզանդի փողոցին հարող հատվածից 2400.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3078.0 քառ. մետր.

դ) «Գրիար» փակ բաժնետիրական ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Բուզանդի փողոցին հարող հատվածից 6200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 8000.0 քառ. մետր.

ե) «Վիզկոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Բուզանդի փողոցին հարող հատվածից 4200.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 5384.0 քառ. մետր.

զ) «ԳԱՊ բնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ` Երևանի գլխավոր պողոտայի` Արամի փողոցին հարող հատվածից 3000.0 քառ. մետր հողամաս օգտագործելու նպատակով, որի համար ընկերության կողմից իրացվելու է 3850.0 քառ. մետր:

(1-ին կետը փոփ. 05.08.04 N 1115-Ն, 21.07.05 N 1074-Ն)

2. Սահմանել, որ`

ա) որոշման 1-ին կետով կառուցապատման իրավունք ձեռք բերած անձինք համապատասխան հողամասերում իրացման աշխատանքներն ավարտելուց հետո ձեռք են բերում այդ հողամասերի վարձակալության իրավունք` 99 տարի ժամկետով, հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասարեցված վարձավճարով, գնման նախապատվության իրավունքով` սույն որոշման ընդունման պահին գործող հողի կադաստրային արժեքի չափով.

բ) հողամասերը գույքային իրավունքներով ծանրաբեռնվածություններից և շինություններից ազատվում, ու ինժեներական ենթակառուցվածքների կառուցման աշխատանքներն իրականացվում են կառուցապատողների միջոցների հաշվին:

3. Վարձակալության պայմանագրում ամրագրել կառուցապատողների կողմից նոր ստեղծվող գույքի` կառուցվող շենքերի վերգետնյա ընդհանուր մակերեսի յուրաքանչյուր մեկ քառակուսի մետրի հաշվարկով «Հյուսիսային պողոտա և Կասկադ» ծրագրերի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) հաշվին փոխանցման պարտավորություն` 20 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, որպես օժանդակություն քաղաքի կառուցապատման ծրագրերին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հունիսի 30
Երևան