Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 241-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.10.20/14(56) Հոդ.325.3
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.07.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 սեպտեմբերի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007317


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

24 հուլիսի 2007 թ.
ք. Երևան

թիվ 241-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 713-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ և 70-րդ հոդվածները և «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ««Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրքը» հաստատելու մասին» թիվ 713-Ն որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքում» (այսուհետ` կանոնագիրք) կատարել հետևյալ փոփոխությունը.

1.1. Կանոնագրքի 81-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Գ Լ ՈՒ Խ  81

ԲՐՈՔԵՐԱՅԻՆ (ԴԻԼԵՐԱՅԻՆ) ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ԿԱՆՈՆՆԵՐԸ (ԿԱՆՈՆ 76.2Ա-2.)

81.1. Բրոքերային (դիլերային) ընկերությունը պարտավոր է ունենալ գործարքները կարգավորող կանոններ, որոնք պետք է սահմանեն.

81.1.1. իր ֆիդուցիար պարտականությունների շրջանակներում` հաճախորդի կողմից ներդրումային ռիսկերը կրելու ցանկության և կարողության աստիճանը պարզելու նպատակով բրոքերային ընկերության կողմից հաճախորդից պահանջվող տեղեկատվության կազմը և դրա ներկայացման ձևը.

81.1.2. հանձնարարականի ձևը, դրանում ներառվող տեղեկությունները (այդ թվում` պատվերների տեսակները), հանձնարարականի ներկայացման, ինչպես նաև հանձնարարականում փոփոխությունների կատարման կարգը.

81.1.3. գործարքների կնքման և կատարման կարգը.

81.1.4. գործարքի վավերագրի ձևը, դրանում ներառվող տեղեկությունները և գործառնական բաժին դրա ներկայացման կարգը.

81.1.5. ֆոնդային բորսայում ցուցակված կամ չցուցակված վաճառքի արտոնության հիման վրա վաճառվող արժեթղթերով արտաբորսայական գործարքների վերաբերյալ ֆոնդային բորսային տեղեկությունների ներկայացման կարգը.

81.1.6. հաճախորդին հանձնարարականի կատարման արդյունքների և հաճախորդի արժեթղթերի ու դրամական միջոցների մասին տեղեկությունների ներկայացման կարգը և ձևը.

81.1.7. իր կողմից տրամադրվող ծառայությունները, այդ թվում` հաճախորդի հաշվին բրոքերային գործարքների առարկա հանդիսացող գործիքների ընտրության սկզբունքները և շրջանակը.

81.1.8. համապատասխան որակավորում ունեցող յուրաքանչյուր բրոքերի կողմից առանց համապատասխան ղեկավարի վավերացման հանձնարարականի հիման վրա կնքվող գործարքի թույլատրելի առավելագույն սահմանաչափը.

81.1.9. բրոքերային գործունեության շրջանակներում մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների գնագոյացման (ձևավորման) սկզբունքները.

81.1.10. բրոքերային գործունեություն իրականացնելու արդյունքում առաջացող ռիսկերի կանխարգելմանն ուղղված միջոցառումները:

81.2. Եթե բրոքերային ընկերությունը բանկ է, ապա գործարքները կարգավորող կանոնները պետք է նաև սահմանեն.

ա) յուրաքանչյուր հանձնարարականում նշված գումարների առավելագույն սահմանաչափը.

բ) բանկի կառավարման մարմիններին բրոքերային գործունեության վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունների ձևերը և պարբերականությունը, հաշվետվություններ ներկայացնող ստորաբաժանումը:

81.3. Դիլերային գործարքները կարգավորող կանոններով պետք է սահմանվեն սույն կանոնագրքի 81.1.3, 81.1.4, 81.1.5 կետերով նախատեսված ձևերը, տեղեկությունները և կարգերը:

81.4. Բրոքերային (դիլերային) ընկերությունը պետք է սահմանի գործառնական բաժնի, ինչպես նաև գործարքների կնքման և կատարման հետ առնչվող այլ ստորաբաժանումների, դրանց ղեկավարների և աշխատակիցների գործառույթները և դրանց իրականացման կարգը:

81.5. Բրոքերային (դիլերային) ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված գործարքները կարգավորող կանոնները (1 բնօրինակ և 6 պատճեն) ներկայացվում են Կենտրոնական բանկ` սույն բաժնի կանոններն ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա ժամկետում:

81.6. Բրոքերային (դիլերային) ընկերության գործարքները կարգավորող կանոններում կատարված փոփոխությունները և լրացումները ներկայացվում են Կենտրոնական բանկ` իրավասու մարմնի կողմից հաստատվելուց հետո 15-օրյա ժամկետում:

81.7. Բրոքերային (դիլերային) ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված գործարքները կարգավորող կանոնները (1 բնօրինակ և 6 պատճեն) ներկայացվում են Կենտրոնական բանկ` բրոքերային (դիլերային) գործունեության լիցենզիա ստանալուց հետո 30-օրյա ժամկետում:»:                  

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. հուլիսի 30
Երևան