ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2007 թվականի N 909-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի «իգ» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից` հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` ՀԱՇՎԱՌՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՍԱՐՔԱՎՈՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայության (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն) ստորաբաժանումներում հաշվառված տրանսպորտային միջոցների` հաշվառման տվյալների փոփոխությամբ վերասարքավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից թույլտվություն տալու կարգը:
2. Տրանսպորտային միջոցի սեփականատերը (լիազորված անձը) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն ստանալու համար ճանապարհային ոստիկանություն է ներկայացնում դիմում և վերասարքավորման թույլտվություն տալու համար օրենքով նախատեսված վճարի մուծման անդորրագիր:
3. Դիմումում նշվում են տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ անունը, ազգանունը, հայրանունը, տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալները, ինչպես նաև տեղեկություններ կատարվող վերասարքավորման մասին:
4. Դիմումին կից ներկայացվում են գծապատկերներ, գծագրեր, էսքիզներ, հիմնավորող տեխնիկական հաշվարկներ, տրանսպորտային միջոցի ամբողջական տեսքի կամ առանձին մասերի ու հանգույցների լուսանկարներ, ինչպես նաև տեղեկություններ օգտագործվող նյութերի մասին:
5. Պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը թերի ներկայացնելու դեպքում անձին տրվում է 5-օրյա ժամկետ` փաստաթղթերն ամբողջությամբ ներկայացնելու համար:
6. Դիմումն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում ճանապարհային ոստիկանությունում ընդունվում է հետևյալ որոշումներից մեկը`
1) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալու մասին.
2) տրանսպորտային միջոցի վերասարքավորման թույլտվություն տալը մերժելու մասին:
7. Տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն տալը մերժվում է, եթե`
1) վերասարքավորման արդյունքում կարող են խախտվել Հայաստանի Հանրապետության oրենuդրության պահանջները.
2) անձը սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում կամ թերի է ներկայացնում պահանջվող տեղեկությունները կամ փաստաթղթերը.
3) տրանսպորտային միջոցը կամ դրա համարակիր մասերից մեկը գտնվում է հետախուզման մեջ:
8. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված որոշումների մեկ օրինակն ուղարկվում է դիմումատուին, իսկ սույն կարգի 6-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված որոշման երկրորդ օրինակը` նաև տրանսպորտային միջոցի հաշվառման-քննական ստորաբաժանում:
9. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված որոշումների ձևերը հաստատում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.04.2011, N 489-Ն | 21.05.2011, N 909-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|