Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2008.09.03/55(645)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.07.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Լոռու մարզի առաջին ատյանի

դատարանում դատավճիռ կայացրած

դատարանի կազմը՝

նախագահող դատավոր՝ Վ. Ղազարյան

 Գործ ՎԲ-112/07

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

13 հուլիսի 2007 թ.

ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ղուկասյանի

 

Մ. Սիմոնյանի

 

Ս. Օհանյանի

 

 

քարտուղար

Ք. Մարտիրոսյանի

մասնակցությամբ

դատախազ

Գ. Ջհանգիրյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գ. Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը Սամվել Սուրենի Ռևազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճռի դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Անհայտ անձի կողմից Ադելինա Հակոբյանի պայուսակը բացահայտ հափշտակելու փաստի առթիվ 2006 թվականի նոյեմբերի 15-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով:

2006 թվականի նոյեմբերի 18-ին ձերբակալվել է Սամվել Սուրենի Ռևազյանը, որը նոյեմբերի 21-ին ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

2007 թվականի հունվարի 9-ին Սամվել Ռևազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 176-րդ հոդվածի 1-ին մասով:

2007 թվականի հունվարի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի դատարան:

Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճռով Սամվել Ռևազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման` ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով` 3 (երեք) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով` 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով վերջնական սահմանվել է ազատազրկում 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի սկիզբը հաշվվել է 2006 թվականի նոյեմբերի 18-ից:

Առաջին ատյանի դատարանի դատավճիռը վերաքննության կարգով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Վճռաբեկ դատարանի 2007 թվականի մայիսի 24-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի առաջին մասի 1-ին և 3-րդ կետերով:

 

2. Գործի փաստական հանգամանքները.

 

Սամվել Ռևազյանը դատապարտվել է այն բանի համար, որ 2006 թվականի նոյեմբերի 15-ին` ժամը 21.00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի 2-5 Ա տան դիմաց բացահայտ հափշտակել է Ադելինա Հակոբյանի` 15.000 ՀՀ դրամ արժեքով ձեռքի պայուսակը, որի մեջ եղել են 6000 դրամ, 15.000 ՀՀ դրամ արժեքով 1 հատ «Սոնի Էրիկսոն» մակնիշի բջջային հեռախոս` խոսելաքարտով, 10.000 ՀՀ դրամ արժեքով 1 հատ ոսկյա մատանի, 3100 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով բիժուտերիա հանդիսացող զարդեր, ինչպես նաև Ադելինա Հակոբյանի անձնագիրը, սոցիալական քարտը, փաստաբանի վկայականը և գրասենյակի ու տան բանալիները:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Գործի նյութերով հիմնավորվել է, որ Սամվել Ռևազյանը, նկատելով պայուսակը ձեռքին տուժողին, համոզված է եղել, որ այնտեղ կարող են լինել արժեքավոր իրեր, գումար և դրանց տիրանալու ուղղակի դիտավորությամբ բացահայտ հափշտակել է այն: Նա կողոպուտը կատարել է հիվանդանոցում գտնվող հորը ֆինանսական օգնություն ցույց տալու համար: Իր բոլոր ցուցմունքներում Ս. Ռևազյանը նշել է, որ պայուսակը հափշտակելուց և այնտեղ եղած արժեքավոր իրերն ու դրամը վերցնելուց հետո դրանում հայտնաբերել է նաև տուժողի փաստաթղթերը: Գիտակցելով վերջինիս համար այդ փաստաթղթերի կարևորությունն ու նշանակությունը, դրանք պայուսակի հետ գետը չի նետել, այլ պահել է տանը` հետագայում որևէ կերպ տուժողին հանձնելու նպատակով: Նա նշել է նաև, որ տուժողի փաստաթղթերն օգտագործելու նպատակ չի ունեցել: Չնայած վերը շարադրվածին, Ա. Հակոբյանի փաստաթղթերը հափշտակելու վերաբերյալ Ս. Ռևազյանի ուղղակի կամ անուղղակի դիտավորությունը հիմնավորող որևէ ապացույց ձեռք չբերելով, նախաքննության մարմինն անհիմն կերպով նրան մեղսագրել է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով արարքը: Ինչպես նախաքննության մարմինը, այնպես էլ դատարանը չեն հիմնավորել տուժողի փաստաթղթերը հափշտակելու Ս. Ռևազյանի դիտավորությունը: Հետևաբար Ս. Ռևազյանին ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտելու վերաբերյալ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճիռն անօրինական է: Փաստորեն թույլ է տրվել քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման, ուստի բողոքի հեղինակը խնդրում է բեկանել և կարճել Սամվել Ռևազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը և այդ մասով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը` արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ, իսկ դատավճռի մնացած մասը ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով թողնել անփոփոխ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանել փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելու կամ վնասելու համար: Այն կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություն է: ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածը պարունակում է երկու ինքնուրույն հանցակազմ: Այս հոդվածի 1-ին մասը պատասխանատվություն է սահմանում քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթղթեր հափշտակելու համար: Նշված հանցագործության անմիջական օբյեկտը անձնական փաստաթղթերի հետ վարվելու սահմանված կարգն է: Քաղաքացիներից կարևոր անձնական փաստաթղթերի հափշտակությունը տուժողի համար նրա օրինական իրավունքների և շահերի իրականացման դժվարություններ է ստեղծում:

Անձնագրից բացի, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության առարկա կարող են լինել կարևոր այլ անձնական փաստաթղթերը (ծառայական վկայականը, կենսաթոշակային գրքույկը, աշխատանքային գրքույկը, ատեստատը, բարձրագույն կրթության վկայականը և այլն):

Այս հանցագործության օբյեկտիվ կողմը դրսևորվում է քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթղթերը հափշտակելու՝ օրինական տիրապետողից ապօրինաբար և անհատույց վերցնելու մեջ: Փաստաթղթերի հափշտակության եղանակները նույնն են, ինչ որ գույքի հափշտակության դեպքում: Այն կարող է կատարվել ցանկացած ոչ բռնի միջոցով (գաղտնի, բացահայտ, խաբեության միջոցով և այլն): Փաստաթղթերը հափշտակելիս բռնության կիրառումը՝ կախված կիրառված բռնության բնույթից, պետք է լրացուցիչ որակվի ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ գլխի հոդվածներով (կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործություններ):

Քաղաքացու անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը սուբյեկտիվ կողմից բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ: Արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով որակելու համար անհրաժեշտ է, որպեսզի անձը գիտակցի, որ հափշտակում է հատկապես կարևոր անձնական փաստաթղթեր և ցանկանում է կատարել դա: ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվությունը վրա է հասնում միայն անձնագիրը կամ կարևոր այլ փաստաթուղթը հափշտակելու ուղղակի դիտավորության ապացույցների առկայության դեպքում: Տուժողի գույքի փոխարեն սխալմամբ կարևոր անձնական փաստաթղթեր հափշտակելը պետք է որակվի որպես անձնական գույքի հափշտակության փորձ: Եթե այդ փաստաթղթերը հափշտակվել են այլ իրերի հետ, օրինակ՝ գտնվել են հափշտակված հագուստի գրպանում, ապա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով կարող է որակվել միայն այն դեպքում, եթե հանցավորը տեղյակ է, որ իրերի հետ հափշտակում է նաև կարևոր փաստաթղթեր: Ինքնըստինքյան հափշտակված իրերի մեջ անձնագրի կամ կարևոր այլ փաստաթղթերի գտնվելը, եթե չի պարզվել դրանք հափշտակելու դիտավորությունը, ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվություն առաջ բերող հանգամանք չէ:

Այսպիսով՝ անձնական իրերի հետ կարևոր անձնական փաստաթղթերի հափշտակությունը, եթե բացակայում է այդ փաստաթղթերը հափշտակելու դիտավորությունը, չի կարող որակվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով:

Ինչպես երևում է գործի նյութերից, որպես կասկածյալ և մեղադրյալ հարցաքննվելիս Սամվել Ռևազյանը ցուցմունքներ է տվել, որ իրենց ընտանիքը գտնվել է նյութապես ծանր վիճակում, հիվանդանոցում բուժվող հորը դուրս գրելու համար գումար է պետք եղել, իր ծանոթներից չի կարողացել պարտքով գումար վերցնել և տուժողի պայուսակը հափշտակել է միայն գումար հայթայթելու համար: Պայուսակում եղած փաստաթղթերի մասին տեղյակ չի եղել և դրանք տեսնելով՝ մոլորվել է, սակայն գետը չի նետել` մտածելով, որ որոշ ժամանակ անց կտանի և աննկատ կգցի Հալաբյան փողոցում, որպեսզի կարողանան փաստաթղթերը գտնել: Դրա համար էլ այդ փաստաթղթերը պահել է տանը, սակայն իր մտադրությունը չի հասցրել իրականացնել: Ինքը չի իմացել, որ պայուսակում փաստաթղթեր կան, փաստաթղթեր հափշտակել չի ցանկացել, դրանք իրեն պետք չեն եղել և այդ փաստաթղթերից օգտվելու նպատակ չի ունեցել (գ/թ 38-43, 63-67):

Դատապարտյալի մայրը՝ Անահիտ Ռամազյանը նույնպես հայտնել է, որ իրենց ընտանիքը գտնվել է նյութապես ծանր վիճակում, իր ամուսինը երկար ժամանակ բուժվել է հիվանդանոցում, նրան դուրս գրելու համար գումար էր պետք, ընտանիքի ողջ հոգսը Սամվելի վրա էր (գ/թ 98-99):

Նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև դատապարտյալի եղբայր Արա Ռևազյանը (գ/թ 100-102):

Այսպիսով՝ դատապարտյալ Սամվել Ռևազյանը բացահայտ հափշտակել է տուժողի պայուսակը, որի մեջ այլ իրերի հետ (բջջային հեռախոս, ոսկյա մատանի, 6.000 ՀՀ դրամ, բիժուտերիա հանդիսացող զարդեր և այլն) եղել է նաև տուժող Ա. Հակոբյանի անձնագիրը, սոցիալական քարտը և փաստաբանի վկայականը: Ինչպես մինչև պայուսակը տուժողից հափշտակելը, այնպես էլ հափշտակման բուն պրոցեսում Ս. Ռևազյանը տեղյակ չի եղել պայուսակում անձնագրի կամ կարևոր այլ փաստաթղթերի առկայության մասին:

Փաստորեն Ս. Ռևազյանի գործողություններում բացակայում է Ա. Հակոբյանի անձնագիրը և կարևոր այլ փաստաթղթերը հափշտակելու սուբյեկտիվ կողմը՝ ուղղակի դիտավորությունը, ուստի նրա արարքում չկա ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը: Այս պայմաններում անհիմն կերպով Ս. Ռևազյանին վերագրելով ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը` դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել է այն օրենքը, որը ենթակա չէր կիրառման:

Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, դատարանի դատավճիռը բեկանելու հիմք են: Հետևաբար, անհրաժեշտ է Ս. Ռևազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի առաջին մասով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը բեկանել և նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 408-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Բողոքը բավարարել: Սամվել Սուրենի Ռևազյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով և 324-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով բեկանել և դադարեցնել քրեական հետապնդումը` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Դատավճռի մնացած մասը թողնել անփոփոխ:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ղուկասյան
  Մ. Սիմոնյան
  Ս. Օհանյան