Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.09.03/44(568)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
13.07.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
13.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ քրեական գործերով վերաքննիչ

դատարանի որոշում

Քրեական գործ թիվ 29100407

կայացրած դատարանի կազմը՝

նախագահող դատավոր՝ Գ. Մելիք-Սարգսյան

դատավորներ՝ Կ. Ղազարյան, Մ. Պետրոսյան

ՎԲ-115/07

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

13 հուլիսի 2007 թ.

ք. Երևան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Դ. Ավետիսյանի

մասնակցությամբ դատավորներ

Հ. Ղուկասյանի

 

Մ. Սիմոնյանի

 

Ս. Օհանյանի

 

 

քարտուղար

Ք. Մարտիրոսյանի

դատախազներ

Գ. Մարկոսյանի

 

Ա. Մելքոնյանի

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանի վճռաբեկ բողոքը մեղադրյալ Տարոն Ռազմիկի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 27-ի որոշումը փոփոխելու և Տ. Հակոբյանին կալանքից գրավի կիրառմամբ ազատելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 2-ի որոշման դեմ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Նախաքննության մարմնի կողմից 2007 թվականի փետրվարի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ այն փաստի առթիվ, որ 2007 թվականի փետրվարի 6-ին` ժամը 05-ի սահմաններում, Տարոն Ռազմիկի Հակոբյանը դյուրավառ հեղուկի օգտագործմամբ հրկիզման եղանակով դիտավորությամբ ոչնչացրել և վնասել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 10-րդ կիլոմետրին հարող Աղձք գյուղի տարածքում տեղակայված և Վարթկես Հագոփյանին պատկանող «Պանդոկ» ռեստորանային համալիրի երկու շենքերը` իրենց հարմարություններով և կահավորված գույքով, ինչպես նաև առանձին կառույց աշխատանքային գրասենյակը` տուժողին պատճառելով առանձնապես խոշոր չափերի` շուրջ 42 միլիոն դրամի գույքային վնաս:

Տ. Հակոբյանը 2007 թվականի փետրվարի 6-ին ձերբակալվել է, և 2007 թվականի փետրվարի 9-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ բավարարվել է Արագածոտնի մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Գ. Առաքելյանի հարուցած միջնորդությունը, և Տ. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը` երկու ամիս ժամկետով` մինչև 2007 թվականի ապրիլի 6-ը:

ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 27-ի որոշմամբ բավարարվել է ՀԿԳ ավագ քննիչ Գ. Առաքելյանի հարուցած միջնորդությունը, և հաշվի առնելով Տ. Հակոբյանին վերագրվող արարքի բնույթը, հանրային վտանգավորությունը` Տ. Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է երկու ամսով` նկատի ունենալով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար են մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու համար:

Այդ որոշման դեմ Տ. Հակոբյանի շահերի պաշտպան Զ. Փոստանջյանի կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որում նա խնդրել է մեղադրյալի նկատմամբ կալանավորման փոխարեն ընտրել այլընտրանքային խափանման միջոց` կիրառել գրավ` պատճառաբանելով, որ քննիչի միջնորդությունը հաստատող ապացույցներ առաջին ատյանի դատարանին չեն ներկայացվել, դատաքննությանը չի մասնակցել պաշտպանը, դատարանը չի քննարկել կալանքը գրավով փոխարինելու նպատակահարմարության հարցը, կալանքի ժամկետը երկարացվել է` միայն հաշվի առնելով արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված մյուս հանգամանքները, որով խախտվել է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի դրույթները, համաձայն որոնց` գրավի կիրառումը չի կարող կախվածության մեջ դրվել հանցագործության ծանրության աստիճանից:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 2-ի որոշմամբ Տ. Հակոբյանի շահերի պաշտպան Զ. Փոստանջյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրվող Տ. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 27-ի որոշումը փոփոխվել է, և Տարոն Հակոբյանը կալանքից ազատվել է գրավի կիրառմամբ: Գրավի չափ է սահմանվել մեկ միլիոն դրամը:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 2-ի որոշումը պատճառաբանվել է այն հանգամանքներով, որ Տ. Հակոբյանը նախկինում արատավորված և դատված չի եղել, բնութագրվում է դրականորեն, ունի մշտական բնակության վայր և աշխատանք, ամուսնացած է, խնամքին են երկու անչափահաս երեխաներ, ըստ ապրանքագիտական փորձաքննության եզրակացության` պատճառված նյութական վնասը կազմում է ոչ թե 42 միլիոն դրամ, այլ 16,5 միլիոն դրամ, վնասված օբյեկտի պատկանելության հարցը վիճարկվում է քաղաքացիական դատավարության կարգով, մեղադրյալը չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, Տ. Հակոբյանի հետագա պատշաճ վարքագիծը և գրավի կիրառման անհրաժեշտությունը երաշխավորում են գյուղապետարանն ու ավագանին, ինչպես նաև ՀՀ ԱԺ մի շարք պատգամավորներ: Վերոգրյալի հիման վրա վերաքննիչ դատարանը հետևություն է արել, որ կոնկրետ դեպքում մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի է և բխում է Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-ր կետի դրույթներից:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ. Սարգսյանը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 2-ի որոշման դեմ բերել է վճռաբեկ բողոք:

ՀՀ վճռաբեկ դատարանը 2007 թվականի մայիսի 22-ի որոշմամբ բողոքը ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով սահմանված հիմքերով:

 

2. Վճռաբեկ բողոքի պահանջը, փաստարկները և հիմքերը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտում. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավի կիրառումը թույլատրվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների համար կալանավորված մեղադրյալների համար, մինչդեռ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով Տ. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` համարվում է ծանր հանցագործություն:

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը հիմնվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի վրա: Մինչդեռ բողոքի հեղինակի կարծիքով` Կոնվենցիայի վերլուծությունը վերաքննիչ դատարանին նման հետևության հանգելու հնարավորություն չի ընձեռում:

Բողոք բերած անձը մատնանշում է, որ վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ մեղադրյալ Տ. Հակոբյանը թշնամական հարաբերությունների մեջ է տուժող Վ. Հագոփյանի հետ, և բավարարված չլինելով համապատասխան գույքի նկատմամբ սեփականության իրավունքի հաստատման վերաբերյալ հարցի քաղաքացիաիրավական լուծմամբ (ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2005 թվականի սեպտեմբերի 7-ին օրինական ուժի մեջ մտած վճռով, որը ուժի մեջ է թողնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 2006 թվականի նոյեմբերի 28-ի որոշմամբ` նշված շինությունները սեփականության իրավունքով պատկանում են Վ. Հագոփյանին)` դիտավորությամբ հրկիզել է այն, իսկ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, չի զղջացել կատարածի համար, ավելին` օգնության եկած անձանց թույլ չի տվել հանգցնել հրդեհը և նախաքննության ընթացքում տուժողին պատճառված վնասը հատուցելու փորձ չի արել, և այդ կապակցությամբ միմյանց միջև հաստատված թշնամական հարաբերություններից ելնելով ու գտնվելով ազատության մեջ, կարող է կատարել այլ ծանր հանցագործություն:

Վերոգրյալի հիման վրա բողոքի հեղինակը եզրահանգում է, որ նախաքննության մարմնի նման հիմնավորումը բխել է և պայմանավորված է եղել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի պահանջներից. Տ. Հակոբյանը, ազատության մեջ գտնվելով, կարող է խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց և խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը:

Բողոքատուն փաստարկում է նաև, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված է, որ Տ. Հակոբյանը զղջում է կատարվածի համար: Մինչդեռ նշված եզրահանգումը գործի տվյալներով հիմնավորված չէ: Բողոք բերած անձի կարծիքով գործի տվյալներով հիմնավորված չէ վերաքննիչ դատարանի այն հետևությունը, որ մեղադրյալը չի թաքնվի վարույթն իրականացնող մարմնից, և որ նրա հետագա պատշաճ վարքագիծը և գրավի կիրառման անհրաժեշտությունը երաշխավորում են Ուջանի գյուղապետարանը և ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ: Պատգամավորների կամ գյուղապետարանի նման միջամտությունը բողոքի հեղինակը համարում է միջամտություն արդարադատության իրականացմանը:

Բացի այդ, վերաքննիչ դատարանի որոշման մեջ չի նշվել, թե մեղադրյալի հետագա պատշաճ վարքագիծը և գրավի կիրառման անհրաժեշտությունը ինչով են պայմանավորված:

Վճռաբեկ բողոք բերած անձը խնդրել է բեկանել ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 2-ի որոշումը մեղադրյալ Տ. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 27-ի որոշումը փոփոխելու և Տ. Հակոբյանին կալանքից գրավի կիրառմամբ ազատելու մասին, և օրինական ուժ տալ Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 27-ի որոշմանը Տ. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքի ժամկետը երկարացնելու մասին:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել հետևյալ պատճառաբանություններով.

3.1. Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար մեղադրվող անձանց գրավի կիրառմամբ կալանքից ազատ արձակելու հնարավորությունը.

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի` գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի համաձայն՝ «Գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի տրամադրության տակ մեղադրյալի գտնվելն ապահովելու նպատակով»:
Այսպիսով, ՀՀ ներքին օրենսդրության հիման վրա` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար գրավի կիրառումն անթույլատրելի է, իսկ Տ. Հակոբյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության համար, որն ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի՝ ծանր հանցագործություն է:

Մինչդեռ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը գտել է, որ «կոնկրետ դեպքով մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի է և բխում է մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներից»:

Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի՝ «Սույն հոդվածի 1-ին մասի (c) ենթակետի դրույթներին համապատասխան ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

Խնդրո առարկա հարցի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը հստակ արտահայտված է սույն գործին փաստական և իրավական առումներով նման Կաբալերոն ընդդեմ Միացյալ Թագավորության (Caballero v. THE UNITED KINGDOM, Application no. 32819/96, 08.02.2000 թ.) և Էս Բի Սին ընդդեմ Միացյալ Թագավորության (S.B.C. v. THE UNITED KINGDOM, Application no. 39360/98, 19.06.2001 թ.) գործերով վճիռներում: Դրանցում Եվրոպական դատարանը դիրքորոշում է հայտնել, որ այն պայմաններում, երբ գրավի կիրառմամբ անձին ազատ արձակելու հարցի քննարկման հնարավորությունը որոշակի գործերով ի սկզբանե արգելված է օրենսդրությամբ, ապա մինչդատական վարույթի ժամանակ կալանքի հարցի լուծման նկատմամբ դատական վերահսկողության նման սահմանափակումը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում է (տե/ս Կաբալերոյի գործով վճռի §§18-21-ը, Էս Բի Սիի գործով վճռի § 22-ը և § 23-ը):

Այսպիսով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմից բխում է, որ անձի կալանավորման հարցը լուծելիս ՀՀ իրավասու դատարանները լիազորված են քննարկել դատաքննությանը մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա այդպիսի միջոց է գրավը:

Ըստ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 4-րդ մասի` միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը:

Հետևաբար` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված իրավանորմը ՀՀ իրավունքի բաղկացուցիչ մասն է, և ՀՀ իրավասու դատարանները, անկախ անձին մեղսագրված հանցագործության ծանրության աստիճանից, լիազորված են քննարկել մեղադրյալին գրավի կիրառմամբ կալանքից ազատ արձակելու հնարավորության հարցը:

3.2. ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը.

Քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 2-ի որոշումը բեկանելու մասին վճռաբեկ բողոքի պահանջը բավարարելու կամ մերժելու հարցը լուծելու համար Վճռաբեկ դատարանն ըստ էության պետք է պատասխանի հետևյալ հարցին. արդյոք Տ. Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 27-ի որոշումը փոփոխելու և Տարոն Հակոբյանին մեկ միլիոն դրամ գրավի կիրառմամբ կալանքից ազատելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 2-ի որոշումն օրինական է և հիմնավորվա՞ծ, թե՞ ոչ:

Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին որոշումը ենթակա է անհապաղ քննման նախաքննության կատարման վայրի դատարանում, դատավորի կողմից միանձնյա` միջնորդություն ներկայացրած անձի, մեղադրյալի, նրա օրինական ներկայացուցչի, պաշտպանի մասնակցությամբ, եթե նա մասնակցում է գործին»: Նույն հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ քննելով միջնորդությունը՝ դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը: Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի անթույլատրելիության կամ գրավի գումարի մասին որոշումը»:

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը որոշելիս դատարանն իրավունք ունի ճանաչել մեղադրյալին գրավով ազատելու հնարավորությունը և նշանակել գրավի գումարը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից»։

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝

1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին.

2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին.

3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին»։

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարանը որոշում է կայացնում տվյալ խափանման միջոցը վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին»:

Ինչպես երևում է վերը մեջբերված իրավադրույթներից՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցերում առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի իրավասությունն էականորեն տարբերվում է: Առաջին ատյանի դատարանը լիազորված է քննիչի կամ դատախազի միջնորդության հիման վրա ըստ էության լուծում տալ մեղադրյալին կալանավորելու (կալանքի ժամկետը երկարացնելու) կամ կալանքից ազատ արձակելու հարցին: Մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանը, ինչպես տվյալ միջնորդությունը քննարկելիս, այնպես էլ հետագայում, լիազորված է կալանքը փոխարինելու դրա այլընտրանքային խափանման միջոց գրավով:

Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածին համապատասխան` վերաքննիչ դատարանն իրավասու է միայն իրականացնելու որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում:

Ընդ որում, այս գործունեությունն իրականացնելիս ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն իրավասու չէ ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ բաժնի դրույթներով, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 384-րդ հոդվածի հիման վրա այդ բաժնի դրույթներով պետք է ղեկավարվել միայն առաջին ատյանի դատարանի վերջնական որոշումների` գործն ըստ էության լուծող, վարույթն սկսելը կամ դրա շարունակվելը բացառող որոշումների բողոքարկման և դրանց դատական վերանայման պարագայում: Իսկ մեղադրյալին կալանավորելու կամ չկալանավորելու, կալանքի ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների բողոքարկման և բողոքի քննության կարգը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներով ստացել է առանձին օրենսդրական կանոնակարգում:

Հետևաբար` մեղադրյալին կալանավորելու կամ չկալանավորելու, կալանքի ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների բողոքարկման և բողոքի քննության ընթացքում վերաքննիչ դատարանն իրականացնում է ոչ թե գործի ամբողջ ծավալով ըստ էության քննություն (վերաքննություն), այլ ավելի սահմանափակ գործունեություն` համապատասխան որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում:

Մասնավորապես` եթե բողոքարկվել է մեղադրյալին կալանավորելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, վերաքննիչ դատարանն իրավասու չէ անդրադառնալ կալանքը գրավով փոխարինելու հարցին: Մինչդատական վարույթի ընթացքում առաջին ատյանի դատարանի կայացրած՝ անձի կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշման բողոքարկման դեպքում կալանքը գրավով փոխարինելու հարցի լուծման լիազորությամբ օրենսդիրը վերաքննիչ դատարանին չի օժտել: Օրենքի այս մեկնաբանությունը հիմնված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասի վրա, որը սահմանում է քննարկվող գործերով դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումների սպառիչ ցանկը, և այն չի ներառում ստորադաս դատարանի որոշման փոփոխումը և ստորադաս դատարանի ընտրած խափանման միջոց կալանքի փոխարեն գրավի կիրառումը:

Այսինքն` օրենսդիրն անձին կալանավորելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման՝ վերադասության կարգով դատական ստուգման առարկայի մեջ գրավի հարցի լուծումը չի ներառել: Փոխարենը, այդ դեպքերում պաշտպանության կողմն ազատ է ցանկացած պահի կալանավորված անձին գրավով ազատելու (կալանքը գրավով փոխարինելու) միջնորդություն հարուցել առաջին ատյանի դատարան (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մաս), քանի որ գրավը կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մաս):

Մինչդեռ գործի նյութերից երևում է, որ ո/չ մեղադրյալ Տ. Հակոբյանը և ո/չ էլ նրա պաշտպանն առաջին ատյանի դատարանին չեն դիմել մեղադրյալին կալանքից գրավով ազատելու միջնորդությամբ, այլ նույն պահանջով բողոք են ներկայացրել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան:

Հետևաբար` Տ. Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշումը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը կայացրել է այն պայմաններում, երբ օրենքով լիազորված չէր նման որոշում կայացնելու: Ուստի դրանով վերաքննիչ դատարանը թույլ է տվել օրինականության սկզբունքի խախտում (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ հոդված), ինչը քրեադատավարական օրենքի էական խախտում է (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 406-րդ և 398-րդ հոդվածներ) և որոշումը բեկանելու հիմք:

Ինչ վերաբերում է մեղադրյալ Տ. Հակոբյանի կալանքի ժամկետը երկարացնելու օրինականությանը և հիմնավորվածությանը, ապա այդ հարցը վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի պահանջի առարկա չի հանդիսացել, հետևաբար՝ չի վիճարկվել, այն դուրս է նաև վճռաբեկ դատարանում քննարկվող գործի քննության սահմաններից:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները՝ դատարանը գտավ, որ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի որոշումը պետք է բեկանել և օրինական ուժ տալ Տ. Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 27-ի որոշմանը:

Այդ պայմաններում մեղադրյալ Տ. Հակոբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավը ենթակա է վերացման, իսկ որպես գրավ մուծված մեկ միլիոն ՀՀ դրամը ենթակա է վերադարձման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ խափանման միջոց գրավի կիրառման հարցով առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Ելնելով վերը շարադրված հիմնավորումներից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 92-րդ հոդվածով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրվող Տարոն Ռազմիկի Հակոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարացնելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 27-ի որոշումը փոփոխելու և Տարոն Հակոբյանին 1 միլիոն դրամ գրավի կիրառմամբ կալանքից ազատելու մասին ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի 2007 թվականի մայիսի 2-ի որոշումը, և օրինական ուժ տալ Տ. Հակոբյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի 2007 թվականի մարտի 27-ի որոշմանը:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ղուկասյան
  Մ. Սիմոնյան
  Ս. Օհանյան