Գլխավոր տեղեկություն
Համար
N 1039-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2007-27.05.2010)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.10.03/49(573) Հոդ.993
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.08.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.06.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 օգոստոսի 2007 թվականի N 1039-Ն

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի N 12 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 8-ի «Բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 12 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. սեպտեմբերի 18
Երևան

 

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
օգոստոսի 30-ի N 1039-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում բույսերի պաշտպանության միջոցների պետական գրանցման գործընթացը:

2. Բույսերի պաշտպանության միջոցի (միջոցների) գրանցման համար լիազորված մարմին է ներկայացվում հայտ` «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 7-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներին համապատասխան:

3. Հայտին կից փաստաթղթերը ներկայացվում են հայերենով, 2 օրինակից, որոնցից մեկը մնում է լիազորված մարմնում, իսկ մյուսը տրվում է բույսերի պաշտպանության միջոցների գրանցման հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) քարտուղարին` հանձնաժողովի անդամներին տրամադրելու համար:

4. Հայտն ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում` լիազորված մարմինն ուսումնասիրում է հայտին կից փաստաթղթերի ցանկի ամբողջականությունը և այն հանձնում հանձնաժողովի քարտուղարին, վերջինս էլ երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանք տրամադրում է հանձնաժողովի անդամներին: Եթե հայտին կից փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա լիազորված մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձնում է հայտատուին:

5. Հանձնաժողովը 30-օրյա ժամկետում քննարկում է բույսերի պաշտպանության միջոցի (միջոցների) գրանցման համար ներկայացված հայտը, դրան կից փաստաթղթերը և լիազորված մարմնին է տալիս բույսերի պաշտպանության միջոցի (միջոցների) գրանցման մասին եզրակացություն:

6. Լիազորված մարմինը բույսերի պաշտպանության միջոցի (միջոցների) գրանցման համար հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո 10-օրյա ժամկետում ընդունում է որոշում բույսերի պաշտպանության միջոցի գրանցման և Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական ու կենսաբանական միջոցների անվանացանկում ընդգրկելու մասին:

7. Լիազորված մարմինը բույսերի պաշտպանության միջոցի (միջոցների)` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տալիս է գրանցման վկայագիր:

8. Բույսերի պաշտպանության միջոցի գրանցման վկայագրի ձևը հաստատում է լիազորված մարմինը:

9. Հանձնաժողովը բույսերի պաշտպանության միջոցի գրանցման համար տալիս է բացասական եզրակացություն, եթե այն՝

1) չի համապատասխանում բույսերի պաշտպանության միջոցների հիգիենիկ նորմատիվներին (մարդու օրգանիզմում օրվա թույլատրելի սահմանային չափաբաժին, հողում թույլատրելի սահմանային քանակ, ջրամբարների ջրում թույլատրելի սահմանային քանակ, աշխատանքային գոտու օդում թույլատրելի սահմանային քանակ, մթնոլորտային օդում թույլատրելի քանակ և թույլատրելի առավելագույն մակարդակը սննդամթերքում).

2) պարունակում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելված քիմիական նյութերից որևէ մեկը:

10. Լիազորված մարմինը հանձնաժողովի բացասական եզրակացությունն ստանալուց հետո եռօրյա ժամկետում ընդունում է որոշում բույսերի պաշտպանության միջոցի (միջոցների) գրանցումը մերժելու վերաբերյալ և դրա մասին տեղեկացնում հայտատուին։

11. Լիազորված մարմնի` բույսերի պաշտպանության միջոցի (միջոցների) գրանցումը մերժելու վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան