ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N ԱԽ-5-Ո-14
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԼԵՌՆԻԿ ԱԹԱՆՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ
նախագահությամբ | Հ. Մանուկյանի |
մասնակցությամբ ԱԽ անդամներ |
Ա. Թումանյանի, Ա. Խաչատրյանի, |
Լ. Մեհրաբյանի, Ս. Անտոնյանի, | |
Հ. Մովսեսյանի, Ն. Տավարացյանի, | |
Մ. Մարտիրոսյանի, Մ. Սիմոնյանի, | |
Վ. Աբելյանի, Տ. Բարսեղյանի | |
քարտուղարությամբ |
Մ. Հարթենյանի |
մասնակցությամբ դատավոր |
Լ. Աթանյանի |
ՀՀ արդարադատության նախարար |
Գ. Դանիելյանի |
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ |
Գ. Կոստանյանի |
2007 թվականի հուլիսի 11-ին քաղաք Երևանում Արդարադատության խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ), քննելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությունը` Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկ ներկայացնելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
ՀՀ արդարադատության նախարարի 15.03.2007 թվականի թիվ 41-Ա հրամանով կարգապահական վարույթ է հարուցվել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանի նկատմամբ:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գ. Կոստանյանը, հրապարակելով միջնորդությունը, Խորհրդին հայտնեց.
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը դատավոր Լ. Աթանյանի նախագահությամբ քննության է առել թիվ 1-11/02 քրեական գործն ըստ մեղադրանքի Միշա Հարությունյանի ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ կետով:
Դատապարտյալ Մ. Հարությունյանը և նրա գործով պաշտպան Հ. Ալումյանը 29.10.2003 թվականին հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ վիճարկելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3, 6.1, 6.2, 6.3d կետերով իրեն երաշխավորված իրավունքների խախտումները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննության առնելով ներկայացված հայցը, 05.07.2005 թվականին որոշում է կայացրել մասնակի անընդունելիության մասին, որտեղ անընդունելի է ճանաչել Կոնվենցիայի 3, 6.2, 6.3d հոդվածների խախտման առնչությամբ ներկայացված պահանջները, իսկ 6.1 հոդվածի մասով հայցի քննությունը հետաձգել մինչև ՀՀ կառավարության հետ քննարկումը:
Տվյալ հայցի առնչությամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը նախապատրաստելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից ուսումնասիրվել է Միշա Հարությունյանի դեմ քրեական գործը և պարզվել, որ գործը քննող դատավորի կողմից խախտվել են ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը, 22-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6.1-րդ հոդվածը:
Նշված խախտումները հիմնավորվում են հետևյալ փաստարկներով.
Գործի քննության ընթացքում պաշտպան Հ. Ալումյանը վիճարկել է գործով մեղադրյալ Մ. Հարությունյանի և վկաներ Գ. Տավարածյանի և Կ. Անտոնյանի կողմից տրված ցուցմունքները` դրանց թույլատրելիության տեսանկյունից: Պաշտպանը մասնավորապես պնդել է, որ վերջիններս այդ ցուցմունքները տվել են ՌՈ ստորաբաժանման աշխատակիցների կողմից կիրառված խոշտանգումների արդյունքում, ինչի վերաբերյալ արդեն հարուցված քրեական գործի մասին վերջինս հայտնել է դատարանին:
Պաշտպանության կողմի նման միջնորդություններին և վկաների տված ցուցմունքներին գնահատական տալով` դատավորը դատավճռի պատճառաբանական մասում նշել է. «Դատարանը, գնահատական տալով Գուրգեն Տավարածյանի, Կարեն Անտոնյանի նախաքննության և դատաքննության ժամանակ տված հակասական ցուցմունքներին, գտնում է, որ իրականում հետաքննության մարմնի կողմից բռնություն է գործադրվել ճշմարտությունը բացահայտելու համար»:
ՀՀ արդարադատության նախարարի ներկայացուցիչը նշեց նաև, որ կարգապահական վարույթ հարուցելու և համապատասխանաբար Խորհրդին միջնորդությունը բերելու ժամանակ դեռ առկա չէր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Հարությունյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, հետևաբար, ՀՀ արդարադատության նախարարությունը զերծ էր մնում խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցները մեղադրանքի հիմքում դրված լինելու փաստը վկայակոչելուց և սահմանափակվել էր միայն այդ ենթադրյալ ապացույցներն օգտագործելու դատավորի եզրահանգումներով: Իսկ արդեն 28.06.2007 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրեց վճիռ, որով հաստատված համարեց Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցները մեղադրանքի հիմքում դրված լինելու հանգամանքը:
Գ. Կոստանյանը հավելեց նաև, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանը թույլ է տվել ոչ միայն ՀՀ Սահմանադրության, օրենքի և ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ, այլև նյութական վնաս է պատճառել Հայաստանի Հանրապետությանը և էական վնաս հասցրել ՀՀ հեղինակությանը և վարկանիշին:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ արդարադատության նախարարը միջնորդում է Խորհրդին` Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առաջարկ ներկայացնել ՀՀ Նախագահին:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանն ընդունեց օրենքների խախտման փաստի առկայությունը և Խորհրդին հայտնեց, որ խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ցուցմունքները որպես ապացույց դատարանի կողմից չեն գնահատվել, և արվածը մտքերի սխալ շարադրանքի արդյունքն է: Դատարանը վկայակոչել է դատական նիստի ժամանակ Գ. Տավարածյանի և
Կ. Անտոնյանի պնդումն այն մասին, որ իրենց ծեծի են ենթարկել, բացի այդ քրեական գործի 4 հատորներում գրված է. «մեզ առավոտյան ծեծում էին, երեկոյան ծեծում էին, գիշերը ծեծում էին», և այն, ինչ նշված է դատավճռում, դատարանի մտքերը չեն, նման արտահայտությունները, պարզապես, չէին կարող անտեսվել դատարանի կողմից: Դատարանը տեսել է ծեծը և մատնանշել այն:
Քննարկելով ներկայացված միջնորդությունը, ուսումնասիրելով միջնորդությանը կից ներկայացված փաստաթղթերը և դատավորի բացատրությունը, Խորհուրդը գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը դատավոր Լ. Աթանյանի նախագահությամբ քննության է առել թիվ 1-11/02 քրեական գործն ըստ մեղադրանքի Միշա Հարությունյանի ՀՀ քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածի 2-րդ կետով և 19.06.2002 թվականին կայացրել դատավճիռ:
Դատավորը դատավճռի պատճառաբանական մասում նշել է. «Դատարանը, գնահատական տալով Գուրգեն Տավարածյանի, Կարեն Անտոնյանի նախաքննության և դատաքննության ժամանակ տված հակասական ցուցմունքներին, գտնում է, որ իրականում հետաքննության մարմնի կողմից ՌՈ բաժնում բռնություն է գործադրվել ճշմարտությունը բացահայտելու համար»:
Նման գնահատական տալով` դատավորը, փաստորեն, ընդունել է խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցները և դրել մեղադրանքի հիմքում, դրանով իսկ ոչ միայն արդարացրել է նշված անձանց նկատմամբ իրականացված խոշտանգումները, այլև թույլ տվել ինչպես ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով, այնպես էլ միջազգային պայմանագրերով սահմանված սկզբունքների խախտումներ:
Խորհուրդը հարկ է համարում մատնանշել, որ առաջին ատյանի դատարանի կողմից Միշա Հարությունյանի դեմ քրեական գործով դատավճիռը կայացնելու պահին գործել է ՀՀ Սահմանադրության 1995 թվականի խմբագրությունը, և որ դատարանի կողմից խախտվել են ՀՀ Սահմանդրության 19-րդ և 42-րդ հոդվածները և ոչ ՀՀ Սահմանադրության 17-րդ և 22-րդ հոդվածները, ինչը մատնանշված է միջնորդության մեջ: Այսպես`
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն` մարդուն չի կարելի ենթարկել խոշտանգումների, դաժան կամ նրա արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի և պատժի:
ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` արգելվում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցների օգտագործումը: Ընդ որում, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի, քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել բռնությամբ, սպառնալիքով, խաբեությամբ, անձին ծաղրի ենթարկելով, ինչպես նաև այլ անօրինական գործողություններով:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի համաձայն` ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Իսկ Կոնվենցիայի 6.1 հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքը ենթադրում է նաև խոշտանգումների արդյունքում ձեռք բերված ապացույցները մեղադրանքի հիմքում դրվելու անթույլատրելիությունը:
Ի թիվս վերոնշյալ խախտումների` խախտվել է նաև ՀՀ կողմից վավերացված «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի 15-րդ հոդվածի պահանջն այն մասին, որ յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որպեսզի ցանկացած վկայություն, որը տրվել է խոշտանգման արդյունքում ցանկացած դատավարության ընթացքում չվկայակոչվի որպես ապացույց:
Խորհուրդը գտնում է, որ դատավորը ոչ միայն ուղղակիորեն խախտել է ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի և «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» կոնվենցիայի պահանջները, այլև վտանգի տակ է դրել ՀՀ կողմից վավերացված միջազգային մի շարք պայմանագրերով ստանձնած խոշտանգումների արգելման, դատապարտման և արդար դատաքննություն երաշխավորելու իր պարտականության կատարումը:
Միաժամանակ Խորհուրդը փաստում է. որպեսզի դատավորի նկատմամբ կիրառվի ՀՀ դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` դատավորի լիազորությունների դադարեցման միջնորդությամբ ՀՀ Նախագահին դիմելու կարգապահական տույժի տեսակը, անհրաժեշտ է նույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պայմանների առկայությունը, այն է` խախտումները պետք է լինեն կոպիտ կամ պարբերական, ինչի հետևանքով դատավորն այլևս անհամատեղելի է այդ պաշտոնի համար: Բացի այդ, նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը, ինչպես նաև կարգապահական տույժ կիրառելիս Արդարադատության խորհուրդը հաշվի է առնում նաև դատավորի անձը, մեղքի աստիճանը, առկա տույժերը, դատավորին բնութագրող ուշադրության արժանի այլ հանգամանքներ:
Լեռնիկ Աթանյանը դատավորի պաշտոնը ստանձնել է 1999 թվականից, մինչ օրս չունի կարգապահական տույժ, աչքի է ընկել օրինավոր և պատասխանատու վարքագծով:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը գտնում է, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Աթանյանի կողմից թույլ տրված ՀՀ Սահմանադրության, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված նորմերի խախտումները հիմք են հանդիսանում դատավորին կարգապահական տույժի ենթարկելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի 5-րդ կետով, ՀՀ դատական օրենսգրքի 111-րդ հոդվածով, 157-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ ենթակետով, 161-րդ հոդվածով` Խորհուրդը.
Ո Ր Ո Շ Ե Ց
Միջնորդությունը բավարարել մասնակիորեն. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանին հայտարարել խիստ նկատողություն` զուգորդված մեկ տարի ժամկետով աշխատավարձի 25 տոկոսից զրկելով:
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Արդարադատության խորհրդի անդամներ` |
Ա. Թումանյան Ա. Խաչատրյան Լ. Մեհրաբյան Հ. Մովսեսյան Մ. Մարտիրոսյան Մ. Սիմոնյան Ն. Տավարացյան Ս. Անտոնյան Վ. Աբելյան Տ. Բարսեղյան |