Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.25/37(561)
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.07.2007
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
Վճռաբեկ
 դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ 3-1257
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 3-2028(ՎԴ)

Նախագահող դատավոր՝ Հ. Մանուկյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վերսանդիկ Հակոբյանի դիմումը Վճռաբեկ դատարանի 2006 թվականի օգոստոսի 11-ի և 2006 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 3-2028(ՎԴ) որոշումները նոր հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան՝ «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը պահանջել է Վերսանդիկ Հակոբյանին, Հեղինե Ամիրխանյանին, Արմեն և Լուսինե Հակոբյաններին հարկադրել կնքելու հողամասը և դրա վրա գտնվող անշարժ գույքը պետության կարիքների համար վերցնելու պայմանագիր և վտարել զբաղեցրած տարածքից:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2005 թվականի դեկտեմբերի 6-ին կայացրած վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 2006 թվականի հուլիսի 14-ին կայացրած վճռով հայցը բավարարվել է:

Վճռաբեկ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ Վերսանդիկ Հակոբյանի վճռաբեկ բողոքը վերադարձվել է:

Վերսանդիկ Հակոբյանն անհատական դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան:

ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար նաև արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 6-րդ (1-ին և 2-րդ մասեր), 18-րդ (1-ին մաս) և 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

 

2. Դիմումի հիմքերը.

 

ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար նաև արդարադատության արդյունավետության, բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ, 6-րդ (1-ին և 2-րդ մասեր), 18-րդ (1-ին մաս) և 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

 

3. Դիմումի քննության համար նշանակություն ունեցող հանգամանքները.

 

Դիմումի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ հանգամանքները՝
Վճռաբեկ դատարանը դիմում ներկայացրած անձի վճռաբեկ բողոքը վերադարձնելիս հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ, 231.1-րդ, 231.2-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով դիմումը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 3-2028(ՎԴ) որոշումը պետք է թողնել ուժի մեջ, իսկ դիմումը՝ առանց բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը հակասահմանադրական է ճանաչվել վճռաբեկ բողոքների վերադարձման մասին որոշումներում պատճառաբանման պարտադիր պայման օրենքով նախատեսված չլինելու պատճառաբանությամբ, ինչը չի նշանակում, որ Վճռաբեկ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 3-2028(ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը չի պատճառաբանվել: Վճռաբեկ դատարանը 2006 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 3-2028(ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումն ընդունելու համար հիմք է ընդունել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ, 231.1-րդ, 231.2-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները և նշել, որ վճռաբեկ բողոքում նշված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասի հիմնավորումները բավարար չեն գործը վարույթ ընդունելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, գտնելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231.2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, վերադարձրել է ներկայացված վճռաբեկ բողոքը:

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի 2006 թվականի օգոստոսի 11-ի որոշման վերանայման պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն վերանայման ենթակա չէ, քանի որ դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտ է հանդիսանում միևնույն գործով բերված վճռաբեկ բողոքի վերաբերյալ կայացված վերջին որոշումը, տվյալ դեպքում 2006 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 3-2028(ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 2007 թվականի ապրիլի 9-ի թիվ ՍԴՈ-690 որոշումը չի կարող հիմք հանդիսանալ Վճռաբեկ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 3-2028(ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը բեկանելու կամ փոփոխելու համար, քանի որ այդ որոշումը կայացնելիս Վճռաբեկ դատարանը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ և 231.2-րդ հոդվածներով, իսկ կայացված որոշումն իրավական առումով պատճառաբանված է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 237-րդ, 238-րդ և 241.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ դատարանի 2006 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 3-2028(ՎԴ) քաղաքացիական գործով կայացրած որոշումը թողնել ուժի մեջ, իսկ դիմումը՝ առանց բավարարման:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Ս. Գյուրջյան
Է. Հայրիյան
Ս. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան