ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 օգոստոսի 2007 թվականի N 877-Ն
ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ինովացիոն գործունեությանն աջակցության տարեկան ծրագրի իրականացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԻՆՈՎԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է ինովացիոն գործունեությանը պետական աջակցության տարեկան ծրագրի իրականացման կարգը:
2. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում ինովացիոն նախագծերի ֆինանսավորման և համաֆինանսավորման համար հատկացումներ նախատեսվում են միայն մրցութային կարգով ընտրված և ինովացիոն բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) կողմից հաստատված ինովացիոն նախագծերի հայտերի ֆինանսական նախահաշիվների հիման վրա, որոնք, որպես լիազոր մարմնի կողմից կազմվող բյուջետային ֆինանսավորման հայտի հիմնավորում և դրա անբաժանելի մաս, ինովացիոն գործունեությանը պետական աջակցության տարեկան ծրագրի տեսքով (այսուհետ՝ տարեկան ծրագիր) սահմանված կարգով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ մինչև բյուջետային գործընթացն սկսելը:
3. Ինովացիոն նախագծերի ֆինանսավորման մրցույթին մասնակցելու հայտի ձևի տրամադրումը, մրցույթի հայտերի ընդունումը, մրցութային հանձնաժողովի ձևավորումն ու հայտերի փորձագիտական գնահատումը կազմակերպում է լիազոր մարմինը:
II. ԻՆՈՎԱՑԻՈՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՅՏԵՐԸ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼԸ
4. Լիազոր մարմինը սահմանված կարգով ընդունված մրցույթի հայտերը տրամադրում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովին` հայտերի նախնական ընտրության և մասնագիտական փորձաքննության երաշխավորելու համար: Փորձագիտական գնահատման հիմքով մրցութային հանձնաժողովն իրականացնում է դրանց վերջնական ընտրությունը:
5. Մրցութային կարգով ընտրված ինովացիոն նախագծերը հաստատվում են լիազոր մարմնի կողմից: Այդ նախագծերի ծախսերի նախահաշիվները ներառվում են տվյալ տարվան հաջորդող տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծում՝ որպես տարեկան ծրագրի բյուջետային ֆինանսավորման հայտ:
III. ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
6. «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում ընդգրկված տարեկան ծրագրի առանձին ինովացիոն նախագծերի իրականացման համար դրանց ղեկավարների հետ լիազոր մարմինը կնքում է պայմանագրեր, որտեղ սահմանվում են նաև հաշվետվությունների ներկայացման կարգը և ժամկետները:
7. Լիազոր մարմինը հաշվետվությունները տրամադրում է մրցութային հանձնաժողովի քննարկմանը: Մրցութային հանձնաժողովի որոշումը հաստատվում է լիազոր մարմնի կողմից։
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |