Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.08.25/46(345)
Ընդունող մարմին
Վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչություն
Ընդունման ամսաթիվ
06.07.2007
Ստորագրող մարմին
Նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
06.07.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Հայաստանի Հանրապետության
քաղաքացիական գործերով
վերաքննիչ դատարանի վճիռ

Քաղաքացիական գործ թիվ 3-753 (ՎԴ)
2007 թ.

Քաղաքացիական գործ թիվ 07-1111
Նախագահող դատավոր՝ Վ. Ավանեսյան

դատավորներ՝

Դ. Խաչատրյան

Գ. Մատինյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Հ. Մանուկյանի

մասնակցությամբ դատավորներ

Ա. Մկրտումյանի

Ս. Անտոնյանի

Վ. Աբելյանի

Ս. Գյուրջյանի

Է. Հայրիյանի

Ս. Սարգսյանի

 

2007 թվականի հուլիսի 6-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Հովհաննես Գալյանի միջոցով Աթանես Ստեփանյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` նաև դատարան) 2007 թվականի փետրվարի 23-ի թիվ 07-1111 գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Աթանես Ստեփանյանի (այսուհետ նաև` հայցվոր) հայցի ընդդեմ Ռազմիկ Ստեփանյանի (այսուհետ նաև` պատասխանող), երրորդ անձինք Գառնիի գյուղապետարանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու և ժառանգական գույքի նկատմամբ սեփականատեր ճանաչելու պահանջների մասին,


Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

 

Դիմելով դատարան` Աթանես Ստեփանյանը պահանջել է անվավեր ճանաչել Ռազմիկ Ստեփանյանի անվամբ տրված սեփականության իրավունքի վկայականը և իրեն ճանաչել Վարսո Ստեփանյանի ժառանգական գույքի նկատմամբ սեփականատեր:

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 12.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Աթանես Ստեփանյանը Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Հովհաննես Գալյանի միջոցով:

Վճռաբեկ բողոքին պատասխան է ներկայացրել Ռազմիկ Ստեփանյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 218-րդ հոդվածների և 132-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը չի նշել այն ապացույցները, որոնց վրա հիմնված են նրա հետևությունները, այլ սոսկ հիշատակելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ, 1225-րդ և 1227-րդ հոդվածները, որոնք ոչ մի կապ չունեն հայցվորի ներկայացրած պահանջի հետ, վճռի պատճառաբանական մասում նշել է, որ օրենքի նշված դրույթները հիմք ընդունելով դատարանը գտնում է, որ Աթանես Ստեփանյանի հայցն անհիմն է և ենթակա մերժման:

Դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել գործում առկա ՀՀ ազգային արխիվի Աբովյանի ներկայացուցչության 28.07.2006 թվականի տեղեկանքը և Գառնիի գյուղապետի կողմից 15.09.2006 թվականին տրված թիվ 03-1216 տեղեկանքը, որոնցով ապացուցվում է, որ հայցվորը կտակի գոյության մասին իմացել է 28.07.2006 թվականին, և ժառանգության բացման պահին, այն է 1993 թվականի դեկտեմբերից մինչև 1994 թվականի հունիս ամիսը բնակվել է Վարսո Ստեփանյանին պատկանող տանը:

Նշված ապացույցների առկայության պայմաններում դատարանը պատասխանողից չի պահանջել ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքները, այլ հիմնվելով պատասխանողի անհիմն հայտարարության վրա, թե իբր հայցվորը կտակի մասին իմացել է ժառանգության բացման պահից, առանց հիմքի այն համարել է իրականություն:

2) Դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ, 1199-րդ, 1194-րդ, 1201-րդ և 1228-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր և սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ և 1227-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Ըստ Վարսո Ստեփանյանի 25.02.1981 թվականին կազմված կտակի 1-ին կետի` ամբողջ իր գույքը, որը պատկանում է իրեն նա կտակել է իր թոռ` Աթանես Ռազմիկի Ստեփանյանին, իսկ կտակի 2-րդ կետի համաձայն` իր մահից հետո ի հայտ եկող այլ ժառանգներին Վ. Ստեփանյանը զրկել է ժառանգման իրավունքից: Վ. Ստեփանյանի 25.02.1981 թվականին կազմված կտակը վավերացվել է Գառնիի գյուղական խորհրդի (սովետի) նախագահի կողմից:

Պատասխանողը Վ. Ստեփանյանին պատկանող գույքի նկատմամբ որևէ իրավունք չունի և չի կարող ունենալ, քանի որ գործով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է, որ չիմանալով կտակի գոյության մասին հայցվորը բնակվել է կտակարարի հետ ինչպես նրա կենդանության օրոք, այնպես էլ նրա մահվանից հետո և փաստորեն ընդունել է ըստ կտակի ժառանգությունը, իսկ կտակի մասին չիմանալու հանգամանքը հարգելի է դարձնում ըստ կտակի ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետը, որպիսի հանգամանքներում հայցը ենթակա էր բավարարման:

Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի 12.12.2006 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները.

 

 

Դատաքննության ընթացքում հայցվորն ընդունել է այն հանգամանքը, որ իմացել է կտակի գոյության մասին, սակայն չի ցանկացել ընդունել այն, հետևաբար անհիմն է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ դատարանը պատշաճ գնահատման չի արժանացրել ՀՀ ազգային արխիվի Աբովյանի ներկայացուցչության 28.07.2006 թվականի տեղեկանքը և Գառնիի գյուղապետի կողմից 15.09.2006 թվականին տրված թիվ 03-1216 տեղեկանքը, որոնցով ապացուցվում է, որ հայցվորը կտակի գոյության մասին իմացել է 28.07.2006 թվականին:

Դատարանի վճռում հստակ նշված են ապացույցները, որոնց վրա հիմնվել է դատարանը վճիռը կայացնելիս, ավելին, մանրամասն մեկնաբանվել են հայցապահանջի մերժման համար հիմք հանդիսացող հոդվածները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի կիրառելիության վերաբերյալ վճռաբեկ բողոքում նշված փաստարկը նույնպես անհիմն է, քանի որ այն կարգավորում է ժառանգությունն ընդունելու կարգը, իսկ կտակը նույնպես ժառանգության հիմք է համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի 1-ին մասի:

Բողոք բերած անձը չի նշել թե ինչում է արտահայտվում դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ և 1227-րդ հոդվածների սխալ մեկնաբանությունը:

Բողոք բերած անձի կողմից, որպես կիրառման ենթակա վկայակոչված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ, 1199-րդ, 1194-րդ և 2001-րդ հոդվածները առնչություն չունեն սույն վեճի հետ, քանի որ կտակարարին` Վարսո Ստեփանյանին երբևէ որևէ մեկը չի արգելել և չի սահմանափակել կտակ կազմելու ազատությունը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Հայցվորը հանդիսանում է պատասխանողի որդին և Վարսո Ստեփանյանի թոռը:

2) Վարսո Ստեփանյանը 25.02.1981 թվականին կազմված կտակով նշել է, որ մահվան պահին իրեն պատկանող ողջ գույքը կտակում է իր թոռ Աթանես Ստեփանյանին և մյուս ժառանգներին զրկում է ժառանգությունից:

3) Կտակը վավերացվել և մեկ օրինակը պահվել է Գառնիի գյուղական սովետում:

4) Կտակը կազմելու ժամանակ` 25.02.1981 թվականին, Աթանես Ստեփանյանը եղել է 6 տարեկան:

5) Վարսո Ստեփանյանը մահացել է 24.12.1993 թվականին:

6) 28.07.2006 թվականին Աթանես Ստեփանյանը ՀՀ ազգային արխիվից ստացել է Վարսո Ստեփանյանի կտակի պատճենը:

7) 2004 թվականին` պատասխանողի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցման պահին, գյուղապետարանում կտակի օրինակը չի եղել այն ՀՀ ազգային պետական արխիվ հանձնելու պատճառով:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ. 

1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն վերաքննիչ դատարանի վճռի մեջ պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով դատարանը մերժում է այս կամ այն ապաույցները, ինչպես նաև օրենքները և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս:

Դատարանը վճռում նշել է, որ գործի դատաքննությամբ հիմնավորվել է այն փաստը, որ հայցվորը մինչև ժառանգատուի մահը իմացել է կտակի մասին, սակայն նրա մահվանից հետո չի դիմել ըստ կտակի ժառանգությունը ընդունելու համար: Սակայն վերոնշյալ օրենքի համաձայն` դատարանը չի նշել, թե ինչպիսի ապացույցների և հանգամանքների վրա է հիմնված դատարանի նման եզրահանգումը:

Դատարանը չի անդրադարձել և պատշաճ գնահատման չի արժանացրել հայցը հիմնավորող` հայցվորի կողմից ներկայացրած ապացույցներին: Մասնավորապես, ՀՀ ազգային արխիվի Աբովյանի ներկայացուցչության 28.07.2006 թվականի և Գառնիի գյուղապետի կողմից 15.09.2006 թվականին տրված թիվ 03-1216 տեղեկանքները, որոնք կտակի գոյության, հայցվորի՝ ըստ կտակի ժառանգորդ հանդիսանալու մասին տեղեկություններ պարունակող ապացույցներ են:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր է բողոք բերած անձի փաստարկն այն մասին, որ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 48-րդ, 53-րդ, 132-րդ և 218-րդ հոդվածների պահանջները: 
 

2) բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակի հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վարսո Ստեփանյանը կտակը կազմել է 1981 թվականի փետրվարի 25-ին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1193-րդ, 1199-րդ, 1194-րդ և 1201-րդ հոդվածները սույն գործով ենթակա չէին կիրառման, քանի որ կտակը կազմելու հետ կապված հարաբերությունները դադարել են այն վավերացնելու պահին:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ և 1227-րդ հոդվածների խախտմանը, ապա բողոքն այդ հիմքերով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Սույն գործով հաստատված փաստերի հիման վրա Վարսո Ստեփանյանը մահացել է 24.12.1993 թվականին:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի` քաղաքացիական օրենսդրության ակտերը և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն ու կիրառվում են ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների նկատմամբ: Օրենքի գործողությունը մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում է միայն այն դեպքերում, երբ այն ուղղակիորեն նախատեսված է օրենքով:

«Քաղաքացիական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի տասնմեկերորդ բաժնի նորմերը կիրառվում են նաև այն ժառանգությունների նկատմամբ, որոնք բացվել են մինչև օրենսգիրքը գործողության մեջ դնելը, սակայն չեն ընդունվել ժառանգներից ոչ մեկի կողմից և ժառանգման իրավունքով պետության կամ համայնքի սեփականությունը չեն դարձել մինչև 1999 թվականի հունվարի 1-ը:

Նշված իրավանորմերի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ բաժնի նորմերը կիրառելի են սույն գործով դեռևս չդադարած իրավահարաբերությունների նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1185-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը կատարվում է ըստ կտակի և ըստ օրենքի: Ժառանգությունը կատարվում է ըստ օրենքի, եթե չկա կտակ, կամ դրանում սահմանված չէ ամբողջ ժառանգության ճակատագիրը, ինչպես նաև նույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:

Սույն գործով ժառանգների շրջանակը պետք է որոշվեր 25.02.1981 թվականին կազմված կտակով, քանի որ Աթանես Ստեփանյանից բացի մնացած ժառանգները այդ կտակի 2-րդ կետով զրկված են եղել ժառանգությունից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում:

Նույն օրենսգրքի 1228-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմել է դատարան:

Սույն գործով ժառանգության բացման պահից առաջացել է իրավահարաբերություն, որի բովանդակության տարրերից մեկը եղել է Ա.Ստեփանյանի սուբյեկտիվ իրավունքը ժառանգելու տատի ունեցվածքը: Եվ այդ սուբյեկտիվ իրավունքի դադարման փաստը եղել է ժառանգության ընդունման համար օրենքով նախատեսված ժամկետի ավարտը: Հետևաբար, Ա. Ստեփանյանը իրավունք ունի դիմելու դատարան ժառանգությունն ընդունած համարվելու պահանջով` հիմք ընդունելով ժառանգության համար նախատեսված ժամկետի բաց թողման հարգելի պատճառները, քանի որ նրա սուբյեկտիվ իրավունքը գոյություն է ունեցել, սակայն դրա մասին նա օբյեկտիվ պատճառներով չի իմացել:

Այսպիսով, բողոքի հիմքերի մասնակիորեն հիմնավոր լինելը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ և 227-րդ հոդվածների համաձայն վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու և ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճիռը բեկանելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը


Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 23.02.2007 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող՝

Հ. Մանուկյան

Դատավորներ՝

Ա. Մկրտումյան
Ս. Անտոնյան
Վ. Աբելյան

Ս. Գյուրջյան

Է. Հայրիյան
Ս. Սարգսյան