Գլխավոր տեղեկություն
Համար
N 885-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.08.2007-28.11.2009)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.01.16/3(302) Հոդ.901
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.08.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2007 թվականի N 885-Ն

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել տեխնոլոգիական հրահանգին ներկայացվող պահանջները՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. օգոստոսի 7
Երևան


 

Հավելված
ՀՀ կառավարության 2007 թվականի
հունիսի 28-ի N 885-Ն որոշման

ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն պահանջներով սահմանվում են արտադրվող սննդամթերքի տեխնոլոգիական հրահանգների (այսուհետ` տեխնոլոգիական հրահանգներ) մշակման և հաստատման ընդհանուր դրույթները:

 

II. ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

2. Սույն որոշման մեջ կիրառվում է հետևյալ հասկացությունը՝

բաղադրագիր՝ տեխնոլոգիական փաստաթուղթ, որը մշակվում է որոշակի սննդամթերքի (համասեռ սննդամթերքի խմբի) համար և պարունակում է սննդամթերքի բնութագիրը, զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշները, ինչպես նաև դրա արտադրության համար պահանջվող հումքի և նյութերի ծախսը:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3. Տեխնոլոգիական հրահանգները և դրանց անբաժանելի մաս կազմող բաղադրագրերը համարվում են համասեռ սննդամթերքի խմբին ներկայացվող ընդհանուր պահանջներ սահմանող ստանդարտների և (կամ) տեխնիկական պայմանների լրացուցիչ փաստաթղթեր:

4. Տեխնոլոգիական հրահանգները և բաղադրագրերը չպետք է կրկնեն սահմանված կարգով ընդունված ստանդարտների կամ տեխնիկական պայմանների պահանջները, այլ պետք է միայն հստակեցնեն դրանք:

5. Տեխնոլոգիական հրահանգներով և բաղադրագրերով սահմանված ցուցանիշները, նորմերը, բնութագրերը, տեխնոլոգիական գործելակարգերը (ռեժիմները) և տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը չպետք է հակասեն տվյալ սննդամթերքի և դրա արտադրության գործընթացում օգտագործվող հումքի, նյութերի, տարայի և փաթեթավորման նյութերի նորմատիվ իրավական ակտերով և (կամ) ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին:

6. Որոշակի սննդամթերքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի առկայության դեպքում տեխնոլոգիական հրահանգում ընդգրկվում է սննդամթերքի բաղադրագիրը՝ հումքի և նյութերի ծախսերի նորմերի սահմանմամբ:

7. Որոշակի սննդամթերքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի բացակայության դեպքում տեխնոլոգիական հրահանգը մշակվում է ստանդարտների, տեխնիկական պայմանների, բաղադրագրերի մշակման հետ միաժամանակ՝ սահմանելով հումքի և նյութերի ծախսերի նորմերը:

8. Տեխնոլոգիական հրահանգները մշակվում են արտադրության գործընթացի կամ դրա որոշակի փուլերի համար՝ արտադրությունը կազմակերպելու և սննդամթերքի թողարկումն ապահովելու նպատակով, և հաստատվում են արտադրողի կողմից:

9. Նոր սննդամթերքի արտադրություն կազմակերպելու համար սննդամթերքի փորձնական խմբաքանակի որակական ցուցանիշները կամ փորձնական տեխնոլոգիական գործընթացները ճշտելու նպատակով մշակվում են ժամանակավոր տեխնոլոգիական հրահանգներ՝ մեկ տարվանից ոչ ավելի գործողության ժամկետով կամ սննդամթերքի որոշակի խմբաքանակի համար:

 

IV. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ

 

10. Տեխնոլոգիական հրահանգը պետք է պարունակի`

1) սննդամթերքի անվանումը,

2) պատրաստի սննդամթերքի բնութագիրն ու բաղադրամասերը,

3) օգտագործվող հումքի, տարափաթեթավորման ու պիտակավորման նյութերի ցանկը, դրանց բնութագրերը, ընդունմանը, պահմանը և փոխադրմանը ներկայացվող պահանջները կամ հղումներ դրանց ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին,

4) արտադրության տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը, տվյալ տեխնոլոգիական գործընթացի կատարման համար օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումը (առկայության դեպքում) և այն գործելակարգերը (ռեժիմները), որոնք կարևոր են սննդամթերքի անվտանգության ապահովման համար,

5) սննդամթերքի ընդունման, փոխադրման ու պահման պայմանները,

6) սննդամթերքի, օգտագործվող հումքի, տարափաթեթավորման ու պիտակավորման նյութերի փորձարկումների կատարման համար նմուշառման կարգը և փորձարկման մեթոդները կամ հղումներ դրանք սահմանող նորմատիվ փաստաթղթերին,

7) սննդամթերքի բաղադրագիրը, եթե դա առանձին փաստաթղթով չի ներկայացված,

8) տեխնոլոգիական հրահանգի հաստատման տարեթիվը, ամիսը, օրը,

9) տեխնոլոգիական հրահանգը հաստատող անձի անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը:

11. Տեխնոլոգիական հրահանգում, ըստ անհրաժեշտության, կարող են նշվել նաև մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերին, արտադրական թափոններին, կեղտաջրերին և այլնին ներկայացվող պահանջները:

 

V. ԲԱՂԱԴՐԱԳԻՐԸ

 

12. Բաղադրագրերը մշակվում են մեկ տեսակի սննդամթերքի կամ համասեռ սննդամթերքի խմբի համար:

13. Բաղադրագրերում, ըստ անհրաժեշտության, նշվում են`

1) սննդամթերքի զգայորոշման և ֆիզիկաքիմիական ցուցանիշների և այլ հատկությունների համառոտ բնութագրերը,

2) տեղեկություններ 100 գ սննդամթերքի սննդային և էներգետիկ արժեքի մասին (հատուկ նշանակության սննդամթերքի համար),

3) սննդամթերքի արտադրման համար օգտագործվող հումքի և նյութերի անվանումները,

4) կիրառվող հումքի և նյութերի որակին ներկայացվող պահանջները՝ վկայակոչելով դրանց ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերը (եթե տեխնոլոգիական հրահանգներում կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում դրանք վկայակոչված չեն),

5) պատրաստի սննդամթերքի սահմանված միավորի (խմբաքանակ) արտադրման համար հումքի և նյութերի ծախսի նորմերը (կամ հիմնական հումքի միավորի վրա լրացուցիչ հումքի ծախսը),

6) արտադրության ընթացքում կորուստների, այդ թվում` թափոնների սահմանային նորմերը (եթե չկա առանձին փաստաթուղթ),

7) սննդամթերքի բաղադրամասերի համար սահմանային թույլատրելի շեղումները՝ ըստ զանգվածի և հիմնական ֆիզիկաքիմիական ցուցանիշների, եթե դրանք չկան տեխնոլոգիական հրահանգում կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերում:

14. Բաղադրագրերը կարող են լինել առանձին տեխնոլոգիական փաստաթղթի տեսքով, եթե նույն տեխնոլոգիական հրահանգով արտադրվում են տեխնոլոգիական պարբերաշրջանով համանման մի քանի անվանման համասեռ արտադրատեսակներ:

15. Եթե սննդամթերքի տարբեր տեսակներ արտադրվում են տարբերվող տեխնոլոգիական գործընթացներով, ապա բաղադրագրերը, որպես բաղկացուցիչ մաս, կարող են ընդգրկվել համապատասխան տեխնոլոգիական հրահանգներում:

 

VI. ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԱԳՐԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՄԱՍԵՐԸ

 

16. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի բաժինների կառուցվածքը և բովանդակությունը որոշվում են տվյալ սննդամթերքի արտադրության առանձնահատկությունների հիման վրա:

17. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի կառուցվածքը, շարադրանքը և ձևավորումն իրականացվում են սույն որոշման պահանջներին համապատասխան:

18. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի ներածական մասում նշվում են այն փաստաթղթերի անվանումները կամ նշագրերը (առկայության դեպքում), որոնց հիման վրա դրանք մշակվել են:

19. Եթե բաղադրագիրը տեխնոլոգիական հրահանգի մաս է կազմում, ապա տեխնոլոգիական հրահանգի տիտղոսաթերթի վրա տեխնոլոգիական հրահանգի անվանումը կազմվում է այդ երկու փաստաթղթերի անվանումից (օրինակ՝ «Տեխնոլոգիական հրահանգ և բաղադրագիր»):

20. Անհրաժեշտության դեպքում տեխնոլոգիական հրահանգների կառուցվածքում կարելի է ընդգրկել աղյուսակներ, նկարներ՝ սխեմաներ, գրաֆիկական պատկերներ, գծագրեր, ուրվագծեր և այլն:

21. Բաղադրագրերն անհրաժեշտ է շարադրել աղյուսակների տեսքով, որոնցից առաջ և հետո տրվում է պարզաբանում:

22. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի շապիկները կազմվում են համաձայն N 1 ձևի, իսկ տիտղոսաթերթը՝ համաձայն N 2 ձևի:

23. Հաշվի առնելով սննդամթերքի առանձնահատկությունները՝ տիտղոսաթերթի ձևը, անհրաժեշտության դեպքում, կարող է փոխվել:

24. Տեխնոլոգիական հրահանգի և բաղադրագրի վերջին էջում, անհրաժեշտության դեպքում, տեքստից հետո կարող են զետեղվել փաստաթուղթը մշակող, դրա մշակմանը մասնակցող, համակատարող կազմակերպության, ինչպես նաև շահագրգիռ այլ կազմակերպության, որի հետ համաձայնեցված է, ստորաբաժանման ղեկավարի կամ կատարողների ստորագրությունները:

25. Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի գործողության ժամկետը սահմանվում է տվյալ սննդամթերքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի գործողության ժամկետին (առկայության դեպքում) համապատասխան:

26. Ժամանակավոր տեխնոլոգիական հրահանգների գործողության ժամկետը սահմանվում է տվյալ տեսակի սննդամթերքի փորձնական խմբաքանակի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի գործողության ժամկետին համապատասխան:

27. Տեխնոլոգիական հրահանգները և բաղադրագրերը պետք է ունենան արտադրողի կողմից նախատեսված նշագրեր:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան


Ձև N 1

Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի շապիկի ձևը

___________________________________________________________________
(փաստաթուղթը հաստատող կազմակերպության անվանումը)

 

___________________________________________________________________
(սննդամթերքի անվանումը (տեսակը, տարատեսակը)

 

___________________________________________________________________
(փաստաթղթի անվանումը` մեծատառերով)

 

___________________________________________________________________
(փաստաթղթի նշագիրը կամ համարը)

 

 

___________________________________________________________________
(փաստաթուղթը հաստատող կազմակերպության գտնվելու վայրը)



____ ___________ 200     թ.

Ձև N 2

Տեխնոլոգիական հրահանգների և բաղադրագրերի տիտղոսաթերթի ձևը

___________________________________________________________________
(կազմակերպության անվանումը)


 

ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՄ`

____________________________
(կազմակերպության անվանումը)
____________________________
(ղեկավարի պաշտոնը, ստորագրությունը, անունը և ազգանունը)

 ____ ___________ 200     թ.

Կ.Տ.

___________________________________________________________________
(սննդամթերքի անվանումը (տեսակը, տարատեսակը) և փաստաթղթի անվանումը)

___________________________________________________________________
(փաստաթղթի անվանումը)

___________________________________________________________________
(փաստաթղթի նշագիրը կամ համարը)



 

Գործարկման թվականը  ___________________


 

__________________________________
(մշակող ստորաբաժանման (ծառայության) ղեկավարի պաշտոնը,

 


__________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

____ ___________ 200     թ.