Գլխավոր տեղեկություն
Համար
N 1307-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (04.08.2007-26.12.2010)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.11.19/57(292) Հոդ.1067
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.10.2003
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2003
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.11.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2003

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

3 նոյեմբերի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հոկտեմբերի 2003 թվականի N 1307-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Ստեղծել ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով` հետևյալ կազմով`

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ (հանձնաժողովի նախագահ)

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի ավիացիոն անվտանգության գծով տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայության խորհրդատու

Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի վարչական մարմինների վարչության պետ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների գործադիր մարմինների ղեկավարներ

Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործողների գործադիր մարմինների ղեկավարներ

Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներ:

(2-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

3. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին` եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել հանձնաժողովի կանոնադրությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2003 թ. հոկտեմբերի 22
Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2003 թվականի

հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման

 

Ա Զ Գ Ա Յ Ի Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը (այսուհետ` ազգային ծրագիր) սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության սկզբունքները և նպատակ ունի ապահովելու միջազգային ու ներքին քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը, անխափան և արդյունավետ գործունեությունը ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի և հանրության կյանքն ու առողջությունը` անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության կանոնակարգերի (կանոններ, կարգեր, հրահանգներ) մշակման ու դրանցով սահմանված կազմակերպչական միջոցառումների իրականացման միջոցով:

(1-ին կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

2. Ազգային ծրագիրն ուղղված է Հայաստանի Հանրապետությունից թռիչքներ կատարող ազգային և օտարերկրյա շահագործողների, ինչպես նաև միջազգային քաղաքացիական ավիացիան սպասարկող օդանավակայանների ավիացիոն անվտանգության ապահովմանը:

3. Ազգային ծրագրում հաշվի են առնված Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N 17 հավելվածով սահմանված ավիացիոն անվտանգությանը վերաբերող միջազգային ստանդարտների և երաշխավորված պրակտիկայի պահանջները:

4. Ազգային ծրագրի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումներ (հաղորդակցություններ) իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների օդանավ շահագործողների (ավիաընկերությունների), ինչպես նաև այն օդանավակայանների ու օդանավերի բազավորման վայրերի վրա, որտեղ իրականացվում են քաղաքացիական ավիափոխադրումների սպասարկումներ:

5. Օտարերկրյա պետությունների տարածքներում Հայաստանի Հանրապետության օդանավերի նկատմամբ ազգային ծրագրի դրույթները կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում տվյալ երկրում գործող օրենսդրությանը:

 

II. ԾՐԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

6. Ավիացիոն անվտանգություն` միջոցառումների համալիր, նյութական և մարդկային ռեսուրսներ, որոնք նախատեսված են անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանության համար:

7. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողություններն են՝

ա) թռիչքի ընթացքում օդանավի անօրինական զավթումը,

բ) օդանավի անօրինական զավթումը գետնի վրա,

գ) օդանավակայաններում և թռիչքում գտնվող օդանավում պատանդ վերցնելը,

դ) օդանավ, օդանավակայան և աերոնավիգացիոն միջոցներ ու ծառայություններ բռնի ներխուժելը,

ե) օդանավակայանում և օդանավում հանցավոր նպատակներով զենքի, վտանգավոր սարքավորումների ու նյութերի և միացությունների տեղադրումը,

զ) կեղծ տեղեկատվության հաղորդումը, որը վտանգի տակ է դնում թռիչքում և գետնի վրա գտնվող օդանավի, ուղևորների, անձնակազմի անդամների, վերգետնյա անձնակազմի կամ հասարակության անվտանգությունն օդանավակայանային համալիրում կամ քաղաքացիական ավիացիայի համակարգի ծառայությունների տարածքներում:

(7-րդ կետը խմբ. 28.06.07 N 763-Ն)

8. Ուղեբեռ` ուղևորների անձնական իրերը, ձեռքի իրերը, օդանավի անձնակազմի, ինչպես նաև սահմանված կարգով նրա կազմում գրանցված անձանց իրերը, որոնք, քաղաքացիական ավիացիայի շահագործողի համաձայնությամբ, ձևակերպված են օդանավով փոխադրելու համար:

8.1. տարանցիկ ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայանից մեկնում են այն չվերթով, որով ժամանել են:

(8.1 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

8.2. տարանցիկ ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայանից փոխադրվում են այն չվերթով, որով բերվել են օդանավակայան:

(8.2 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

8.3. տրանսֆեր ուղևորներ` ուղևորներ, որոնք օդանավակայան են ժամանել մեկ չվերթով, սակայն մեկնում են մեկ այլ չվերթով:

(8.3 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

8.4. տրանսֆեր ուղեբեռներ` ուղեբեռներ, որոնք օդանավակայան են բերվել մեկ չվերթով, սակայն օդանավակայանից փոխադրվում են մեկ այլ չվերթով:

(8.4 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

9. Ուղեբեռ, որը փոխադրվում է մի քանի փոխադրողի միջոցով` ուղևորի ուղեբեռ, որն ուղևորների փոխադրման ընթացքում ենթակա է տեղափոխման` մեկ շահագործողի օդանավից մյուս շահագործողի օդանավ:

10. Օդանավային պիտույքներ` նյութեր, իրեր, այդ թվում` սննդամթերք, որոնք օդանավ են տրվել օգտագործելու կամ վաճառելու նպատակով:

11. Բեռ` ցանկացած գույք` բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, որը փոխադրվում է տվյալ օդանավով:

11.1. փոստ` փոստային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ընդունված, ձևակերպված ու դրանց կողմից ուղարկված թղթակցություններ և այլ առարկաներ:

(11.1 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

11.2. գրանցված գործակալ` գլխավոր վարչության կողմից ճանաչված և սերտիֆիկացված ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն օդանավ շահագործողի հետ իրականացնում է առևտրային գործունեություն բեռի, փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների փոխադրման նպատակով և ապահովում է դրանց նկատմամբ անվտանգության վերահսկողությունը:

(11.2 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

12. Ներօբյեկտային վերահսկողություն` ընկերության տարածքում (օդանավակայաններ, օբյեկտներ) գործող կանոններ, որոնք սահմանում են աշխատողների, ուղևորների, այցելուների, տրանսպորտային միջոցների մուտքը, գտնվելը և տեղաշարժը վերահսկելի ու հատուկ վերահսկելի գոտիներում, ինչպես նաև օդանավակայանի, օբյեկտների, ուղևորների, օդանավերի անձնակազմերի և աշխատողների պաշտպանության ապահովումն անօրինական միջամտության գործողություններից:

13. Շահագործող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը շահագործում է օդանավ (օդանավեր) կամ առաջարկում է ծառայություն (ծառայություններ) քաղաքացիական ավիացիայի և օդային տրանսպորտի բնագավառում:

14. Հատուկ վերահսկելի գոտի` օդանավակայանի գոտի, կառույցներ կամ տարածքներ, որտեղ մուտքը սահմանափակ է և վերահսկվում է թռիչքների անվտանգության ու ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով:

15. Վերահսկելի գոտի` ընկերության (օդանավակայանի) աշխատանքային հրապարակ և դրան հարակից տարածքներ, ինչպես նաև շինություններ, որտեղ մուտքը վերահսկվում է:

16. Օդանավերի տեխնիկական սպասարկման գոտի` ընկերության (օդանավակայանի) հողային տարածք, կառույց, սարքավորումներ ու միջոցներ, որոնք նախատեսված են օդանավերի տեխնիկական սպասարկման համար (կառամատույց, անգար, արհեստանոցներ, շինություններ, տրանսպորտային միջոցների կայանատեղեր և այլն):

17. Ավիացիոն անվտանգության հսկողություն` հատուկ միջոցառումներ, որոնք իրականացվում են օդանավ, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ զենքի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի և այլ վտանգավոր առարկաների փոխադրումը կանխելու համար:

18. Օդանավի կայանատեղ` կառամատույցում առանձնացված տեղ` օդանավը կայանելու համար:

19. Զննում` ընթացակարգ` տեխնիկական միջոցների օգտագործմամբ (կամ առանց դրանց օգտագործման), որը նպատակ է հետապնդում հայտնաբերելու զենք, պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ, որոնք կարող են օգտագործվել անօրինական միջամտության գործողությունների համար կամ հանգեցնել վթարի:

20. Անցագիր` փաստաթուղթ, որը տրվում է ընկերության (օդանավակայանի, շահագործողի) կառուցվածքային ստորաբաժանումներում աշխատող անձանց կամ այն անձանց, որոնց որևէ պատճառով անհրաժեշտ է թույլատրված մուտք օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ, ինչպես նաև ընկերության այլ վերահսկելի տարածքներ: Դրա նպատակն է ճանաչել անձին և պարզեցնել մուտքի թույլտվության ձևակերպումները: Նման փաստաթղթերի (անցագրերի) թվին են պատկանում նաև տրանսպորտային միջոցների համար տրվող փաստաթղթերը:

21. Կառամատույց` ուղևորներին նստեցնելու կամ իջեցնելու, ուղեբեռի, բեռի, փոստի բեռնաթափման կամ բեռնաբարձման, օդանավի կանգառի, տեխնիկական սպասարկման, լցավորման նպատակով նախատեսված օդանավակայանի տարածք:

22. Կառամատուցային ուղևորատար տրանսպորտային միջոց` տրանսպորտային միջոց, որն օգտագործվում է դեպի օդանավ և օդանավից դեպի ուղևորային համալիր` ուղևորների տեղափոխման համար:

23. Ավիացիոն անվտանգության ծրագիր` միջոցառումների ծրագիր, որը նախատեսված է քաղաքացիական ավիացիան անօրինական միջամտության գործողություններից պաշտպանելու համար:

24. Անցագրային վերահսկողություն` սահմանված կարգ, որը նախատեսում է անձի կամ տրանսպորտային միջոցի թույլատրված մուտքն օդանավակայանի և օբյեկտի վերահսկելի կամ հատուկ վերահսկելի գոտիներ:

25. Ստերիլ գոտի` անվտանգության հսկողության ցանկացած կետի և օդանավի միջև ընկած գոտի, որի մուտքը խստիվ վերահսկվում է:

26. Վտանգավոր բեռներ` առարկաներ և նյութեր, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալ ուղևորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանը և թռիչքների անվտանգությանը:

 

 III. ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

27. Ազգային ծրագիրը մշակված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի, «Ավիացիայի մասին», «Զենքի մասին» և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ օրենքների ու իրավական ակտերի, ինչպես նաև Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի և դրա հավելվածների, օդանավերում կատարված հանցագործությունների ու մի շարք այլ ակտերի մասին կոնվենցիայի (Տոկիոյի կոնվենցիա), օդանավերի անօրինական զավթումների դեմ պայքարի մասին կոնվենցիայի (Հաագայի կոնվենցիա), քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին կոնվենցիայի (Մոնրեալի կոնվենցիա) և միջազգային օդանավակայաններում բռնության անօրինական ձեռնարկումների դեմ պայքարի մասին Մոնրեալի կոնվենցիային կից արձանագրության, անօրինական միջամտության գործողություններից քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ համագործակցելու մասին համաձայնագրի հիման վրա:

 

IV. ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄԸ

 

 1. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

28. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի անվտանգության միջոցառումների իրականացման հարցերը համակարգող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն է (այսուհետ` գլխավոր վարչություն):

29. Ավիացիոն անվտանգության ապահովման հարցերով` գլխավոր վարչությունը`

ա) պատասխանատու է ազգային ծրագրի մշակման, ներդրման, իրականացման և պահպանման համար, վերահսկում է օդանավակայաններում ազգային ծրագրի դրույթների կիրառման ընթացքը, ներդրված ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և դրանց որակի ուսումնասիրման ու գնահատման համար կատարում տեսչական ստուգումներ.

բ) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների, ազգային ծրագրի տարբեր ոլորտների համար պատասխանատու մարմինների գործողությունների փոխհամաձայնեցման միջոցառումների իրականացումը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավի շահագործողների հետ համատեղ իրականացնում է ազգային ծրագրով նախատեսված խնդիրները, պահանջում է վերացնել տեսչական ստուգումների ընթացքում հայտնաբերված թերությունները և խախտումները.

դ) համագործակցում է օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հետ, ըստ անհրաժեշտության, քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի առնչությամբ, քննարկում է օտարերկրյա պետություններից ստացված` օդանավում թռիչքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարող զինված անձանց ուղեկցությամբ դեպի Հայաստանի Հանրապետություն թռիչքները թույլատրելու մասին դիմումները և լուծում դրանցում բարձրացված հարցերը.

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով քննարկում և հաստատում է Հայաստանի Հանրապետության տարածքից միջազգային օդային փոխադրումներ կամ ներքին օդային փոխադրումներ իրականացնող ազգային և օտարերկրյա շահագործողների, միջազգային ու ներքին օդային փոխադրումներն սպասարկող օդանավակայանների և օդային երթևեկության սպասարկումներ իրականացնող ընկերությունների ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք կարող են մերժվել, եթե հակասում են «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի N 17 հավելվածով սահմանված դրույթներին.

զ) մասնակցում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում վերանայում ազգային ծրագրի դրույթները, վերագնահատում անօրինական միջամտության գործողություններից հետո անվտանգության միջոցառումներն ու ընթացակարգերը և թերությունների վերացման համար ձեռնարկում անհրաժեշտ գործողություններ.

է) մասնակցում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից բխող քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովմանն ուղղված իրավական ակտերի մշակմանը, իրականացնում է քաղաքացիական ավիացիայի անվտանգության ապահովման որակի հսկողության ազգային ծրագրի մշակման և պահպանման միջոցառումներ, ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրներից ելնելով քննարկում և հաստատում է օդանավակայաններում նոր կառուցվող շինությունների նախագծման ու կառուցման և գոյություն ունեցող շինությունների վերակառուցման նախագծերը.

ը) Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության (ԻԿԱՕ) ստանդարտներով սահմանված անվտանգության պահանջների կատարման ապահովման նպատակով կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ավիացիոն ծառայությունների և ենթակառուցվածքների նկատմամբ իրականացնում է պետական վերահսկողություն:

(29-րդ կետը խմբ., լրաց. 09.02.06 N 166-Ն, 28.06.07 N 763-Ն)

 

 2. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄԻՆԸ

 

30. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերով սահմանված միջոցառումների իրականացումն ապահովվում է օդանավակայանների գործադիր մարմինների (այսուհետ` գործադիր մարմիններ) կողմից: Այդպիսի գործադիր մարմիններ են «Զվարթնոց» օդանավակայանում` օդանավակայանի կոնցեսիոները, «Շիրակ» օդանավակայանում` «Շիրակ» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը, «Ստեփանավան» օդանավակայանում` «Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության գործադիր մարմինը:

Ավիացիոն անվտանգության ոլորտում գործադիր մարմինների պարտականություններն են`

ա) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրի մշակման ու իրականացման ապահովումը,

բ) օդանավակայանի անվտանգության գծով պատասխանատու աշխատողի նշանակումը,

գ) ազգային ծրագրի պահանջների համաձայն ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեի ստեղծումը,

դ) օդանավակայանում նոր ստեղծվող ծառայությունների և ենթակառուցվածքների նախագծման ու կառուցման, գոյություն ունեցող ծառայությունների և ենթակառուցվածքների վերակառուցման ընթացքում ավիացիոն անվտանգության ոլորտի պահանջների ապահովումը:

31. Յուրաքանչյուր օդանավակայան, ելնելով ազգային ծրագրի դրույթներից և տեղական առանձնահատկություններից, մշակում է իր ավիացիոն անվտանգության ծրագիրը:

32. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պետք է նախատեսի ավիացիոն անվտանգության ապահովման նորմեր, կանոններ, ընթացակարգեր և կազմակերպչական միջոցառումներ` ինչպես սովորական, այնպես էլ արտակարգ իրավիճակներում գործելու համար:

33. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագրի բաժիններն են`

ա) ընդհանուր դրույթներ, որտեղ սահմանվում են ծրագրի նպատակը, իրականացման միջոցները և կիրառման ոլորտները,

բ) ավիացիոն անվտանգության կազմակերպումը, որտեղ նշվում են`

օդանավակայանի գործունեության ընդհանուր նկարագիրը, գտնվելու վայրը, շահագործողի, վարձակալների և օտարերկրյա շահագործողների անվանումները,

օդանավակայանի գործունեության ուղղությունները, այն օդանավերի տեսակները, որոնք բազավորվում են տվյալ օդանավակայանում և թռիչքներ կատարում այդտեղից,

օդանավակայանի աշխատակարգը,

օդանավակայանի ավիացիոն անվտանգության ապահովման լիազորված ծառայությունները, դրանց աշխատակարգը, գործառույթները, իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը,

անօրինական միջամտությունների դեպքերում համագործակցող մարմինները, նրանց լիազորությունները և գործառույթները,

օդանավակայանի գործունեությանն առնչվող այլ մարմիններ և կազմակերպություններ,

ավիացիոն անվտանգության հարցերով տեղեկատվության ստացման և տարածման կարգը, նման տեղեկատվությանը ծանոթանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, կապի միջոցների տեսակները անանուն զանգերի դեպքում գործողությունների կարգը,

օդանավակայանում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների ֆինանսավորման կարգը, աղբյուրները և ուղղությունները,

զանգվածային լրատվության միջոցներին տեղեկատվության հաղորդման կարգը.

գ) ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները, որտեղ նշվում են`

օդանավակայանի, օդանավերի և օբյեկտների պահպանության միջոցառումների մանրամասն նկարագիրը,

օդանավակայանի տարածքի և օբյեկտների պահպանության իրականացման կարգը,

օդանավակայանի վերահսկողության գոտիների սահմանումը,

անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգը,

օդանավակայանի տարածքը և առանձին օբյեկտները շրջափակող պարիսպների առկայությունը և վիճակը,

օդանավակայանի տարածքում հսկիչ-անցագրային կետերի առկայությունը և կահավորումը,

օդանավակայանի կողմից զենքի ու զինամթերքի ձեռքբերման և օգտագործման կարգը,

օդանավակայանի տարածքի և օբյեկտների լուսավորության ու ազդանշանային համակարգերով ապահովվածության աստիճանը,

օդանավակայանի տարածքում պահեստային դարպասների առկայությունը և օգտվելու կարգը,

վերահսկելի գոտիներում այցելուների, ինչպես նաև կազմակերպությունների տրանսպորտային միջոցների առկայության ժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումները,

բեռնային պահեստների և օդանավերի միջև իրականացվող փոխադրումների ժամանակ անվտանգության ապահովման նպատակով իրականացվող միջոցառումները,

հատուկ չվերթների անվտանգության ապահովման կարգը,

այն ծառայությունների անվանումների և պաշտոնատար անձանց ազգանունները, որոնք պատասխանատու են ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման համար.

դ) ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ուղեբեռների, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, ինչպես նաև օդանավերի նախաթռիչքային զննումների, ավիաընկերությունների աշխատողների, օդանավերի նկատմամբ կիրառվող անվտանգության հսկողության ընթացակարգը, որտեղ նշվում են`

ավիացիոն անվտանգության ծառայության անվանումը, ծառայության աշխատողների ընտրության, ստուգման, ուսուցման և աշխատանքի նշանակման կարգը,

տվյալ օդանավակայանում սահմանված` ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ուղեբեռների, բեռների անվտանգության հսկողության ընթացակարգը և կանոնների նկարագրությունը,

օդանավերի նախաթռիչքային և հետթռիչքային զննման զննման կարգը,

ուղևորների հաշվառման և գրանցման կարգը,

անվտանգության հսկողության իրականացման ընթացքը, դրա համար նախատեսված տեխնիկական միջոցների առկայությունը,

օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի սպառիչ ցանկը,

արգելված առարկաների բացահայտման դեպքում` դրանք վերցնելու կարգը փոխադրման ընդունված, սակայն մշակման ընթացքում սխալմամբ տվյալ չվերթից հետ մնացած չուղեկցվող ուղեբեռի զննման և փոխադրման ընդունման կարգը,

անվտանգության հսկողությունն անցած ուղևորների և նման հսկողություն չանցած ուղևորների միջև շփման բացառումն ապահովող միջոցառումները,

ստերիլ գոտու առկայությունը,

թռիչքից հրաժարվելու կամ թռիչքին չներկայանալու դեպքում հաշվառում անցած և ուղեբեռը գրանցած ուղևորի ուղեբեռի հանման և զննման ընթացակարգը,

վառելիքաքսուքային նյութերի` պահեստից մինչև օդանավ փոխադրման կարգը,

օդանավ տարվող սննդի զննման և օդանավ փոխադրման կարգը,

օդանավի մաքրման ժամանակ կիրառվող անվտանգության միջոցառումները.

ե) հատուկ կարգավիճակ ունեցող ուղևորների նկատմամբ իրականացվող անվտանգության հսկողության միջոցառումները, որտեղ նշվում են`

հատուկ կարևոր չվերթների սպասարկման ժամանակ ավիացիոն անվտանգության հատուկ միջոցառումների իրականացումը,

պաշտոնատար անձանց, դիվանագետների, պաշտոնական պատվիրակությունների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող անվտանգության հսկողության ընթացակարգը,

հաշմանդամների, վտարված, կալանքի տակ գտնվող ուղևորների և նրանց ուղեկցող անձանց նկատմամբ իրականացվող անվտանգության հսկողության ընթացակարգը.

զ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 615 որոշմամբ հաստատված քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման կանոններով սահմանված անվտանգության հսկողության միջոցառումների իրականացումն օդանավով ուղևորների կողմից զենքի և ռազմամթերքի թույլատրված փոխադրման ժամանակ` նշելով`

զենքի և ռազմամթերքի ձևակերպման, փոխադրման ընդունման, դեպի օդանավ տեղափոխման, օդանավի բեռնային խցիկում տեղադրման ու փոխադրման կարգը,

ավիացիոն անվտանգության ծառայության, ոստիկանության աշխատողների և օդանավի անձնակազմի անդամների պարտականությունները զենքի ու ռազմամթերքի ձևակերպման և փոխադրման ժամանակ,

զենք կրելու իրավունք ունեցող անձանց օդանավ մուտք գործելու կարգը և անվտանգության ապահովման միջոցառումները` հատուկ բեռների ու փոստի, զինվորական կարգախմբերի (պահակախմբերի) ուղեկցման ժամանակ.

է) օդանավի պահպանության միջոցառումները, որտեղ նշվում են`

օդանավակայանում օդանավերի պահպանության կարգը, օդանավի անձնակազմի և ավիաընկերության պատասխանատվությունը, օդանավի պահպանության ուժեղացման լրացուցիչ միջոցառումները,

օդանավի արտաքին զննման կարգը,

անվտանգության ապահովման միջոցառումները թռիչքի ընթացքում` ըստ օդանավերի տիպերի.

ը) ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները, որտեղ նշվում են`

ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների առկայությունը, տեխնիկական բնութագիրը, տեղադրման, օգտագործման և տեխնիկական սպասարկման կարգը,

անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները շահագործող և սպասարկող մասնագետներին ներկայացվող պահանջները.

թ) անօրինական միջամտության գործողությունների դեպքում նախատեսվող հակազդման միջոցառումների իրականացումը, որոնցում ներառվում են հատուկ ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների, ինչպես նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունների խնդիրները և միջոցառումների իրականացման կարգը.

ժ) ավիացիոն անվտանգության ոլորտի կադրերի պատրաստումը, որում ներառվում են ավիացիոն անվտանգության ծառայությունների ու ենթակառուցվածքների աշխատողների գործնական և տեսական նախապատրաստման ձևերն ու մեթոդները, դրանց սերտիֆիկացման կարգը, վերապատրաստման ժամկետները և մասնագիտական պատրաստականության ստուգման կարգը:

(33-րդ կետը լրաց., խմբ. 09.02.06 N 166-Ն)

34. Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծրագիրը պարտադիր ուսումնասիրում են օդանավակայանի բոլոր ղեկավար պաշտոնատար անձինք, ծրագրի իրականացմանը մասնակցող բոլոր աշխատողները, իսկ ծրագրի պահանջների կատարմանն անմիջականորեն մասնակցող աշխատողների համար մշակվում են տարբեր իրադրություններում գործողությունների կատարման հրահանգներ:

35. «Արմենիա» միջազգային օդանավակայաններ», «Շիրակ» օդանավակայան» և «Ստեփանավան» օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինները պատասխանատվություն են կրում օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծրագրերի ներդրման ու իրականացման համար:

 

 3. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ՎԱՐՁԱԿԱԼՆԵՐԸ

 

36. Օդանավակայանի տարածք կամ այդ տարածքում գտնվող օբյեկտի յուրաքանչյուր վարձակալ (կազմակերպություն, համապատասխան կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանում, ծառայություն), որը գտնվում է օդանավակայանային համալիրի և թռիչքադաշտի միջև ընկած սահմանում կամ որի միջոցով հնարավոր է ստանալ օդանավակայանային համալիրից դեպի թռիչքադաշտ մուտքի թույլտվություն, պատասխանատու է իրեն պատկանող շինությունների մուտքի (ելքի) հսկման համար:

 

 4. ՕԴԱՆԱՎ ՇԱՀԱԳՈՐԾՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

37. Հայաստանի Հանրապետության տարածքում օդային փոխադրումներ (հաղորդակցություններ) իրականացնող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների օդանավ շահագործողները (այսուհետ` ավիաընկերություն) մշակում են իրենց ավիացիոն անվտանգության ծրագրերը, որոնք ներկայացվում են լիազոր մարմնի հաստատմանը: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերը հաստատում է լիազոր մարմնի ղեկավարը՝ հրամանով, ներկայացվելուց հետո մեկամսյա ժամկետում: Օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերում կատարված փոփոխությունները և լրացումները լիազոր մարմնի կողմից հաստատվում են սույն կետով սահմանված կարգով:

(37-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

38. Ավիաընկերության ավիացիոն անվտանգության ծրագրով սահմանվում են այն գործնական միջոցառումներն ու ընթացակարգերը, որոնք պետք է իրականացվեն անօրինական միջամտության գործողություններից ավիաընկերության գործունեությունը պաշտպանելու նպատակով: Ավիաընկերության ավիացիոն անվտանգության ծրագիրը ներառում է`

ա) ծրագրի նպատակները, խնդիրները և դրանց իրականացմանն ուղղված ավիաընկերության պարտականությունները.

բ) անվտանգության հարցերով ավիաընկերության պատասխանատու աշխատողի նշանակումը.

գ) ավիացիոն անվտանգության ապահովման ծառայությունը, նրա խնդիրների, իրավունքների, պարտականությունների և պատասխանատվության սահմանումը.

դ) անվտանգության ապահովման միջոցառումները, որոնք ներառում են`

անվտանգության ապահովման նպատակով օդանավի նախաթռիչքային զննումը տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավի զննման կարգը,

օդանավի անձնակազմի և ավիացիոն (սպասարկող) անձնակազմի օդանավ մուտք գործելու կարգը,

թռիչքի ընթացքում անվտանգության ապահովումը և անձնակազմի խցիկի պաշտպանվածությունը,

օդանավում ներքին կապի առկայությունը,

զենքի և ռազմամթերքի ձևակերպման ու փոխադրման կարգը,

ավիացիոն անվտանգության ծառայության, ոստիկանության աշխատողների և օդանավի անձնակազմի անդամների պարտականությունները զենքի ու ռազմամթերքի ձևակերպման ու փոխադրման ժամանակ,

օդանավով զենքի և ռազմամթերքի թույլատրված փոխադրման ժամանակ իրականացվող անվտանգության նկատմամբ հսկողության միջոցառումները,

զենք կրելու իրավունք ունեցող անձանց օդանավ մուտք գործելու կարգը,

անվտանգության ապահովման միջոցառումները` հատուկ բեռների և փոստի, զինվորական կարգախմբերի (պահակախմբերի) ուղեկցման ժամանակ.

ե) օդանավի պահպանության միջոցառումները, որտեղ նշվում են`

օդանավակայանում օդանավերի պահպանության կարգը,

կայանատեղում գտնվող օդանավի նկատմամբ հսկողությունը, օդանավի անձնակազմի և ավիաընկերության պատասխանատվությունը, օդանավի պահպանության ուժեղացման լրացուցիչ միջոցառումները,

օդանավի արտաքին զննման կարգը,

անվտանգության ապահովման միջոցառումները թռիչքի ընթացքում` ըստ օդանավերի տիպերի.

զ) ընթացակարգեր, որոնք իրականացվում են տարանցիկ կանգառներում ուղևորների կողմից օդանավում մոռացված կամ թաքցված զենքը, պայթուցիկ սարքերը և այլ վտանգավոր իրեր բացահայտելու նպատակով,

օդանավում տեղ զբաղեցրած ուղևորների, այդ թվում` նաև տարանցիկ և տրանսֆեր ուղևորների գրանցված ուղեբեռի պատկանելության պարզումը,

բեռների, սուրհանդակային և շտապ առաքումների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավային սննդի և գրանցված ուղեբեռի պաշտպանության միջոցառումներ,

քրեական և վարչական պատասխանատվության ենթարկված ուղևորների փոխադրման կարգը,

օդային տրանսպորտով փոխադրման համար վտանգավոր բեռների փոխադրման կարգը.

է) արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում խափանման և հակազդման միջոցառումների մշակում` ներառելով`

թռիչքի ընթացքում կիրառվող ընթացակարգերը,

անօրինական միջամտության գործողությունների դեպքում օդանավի հրամանատարի, օդանավի անձնակազմի անդամների և բորտուղեկցորդների գործողությունների կարգը,

օդանավի անձնակազմի անդամների և բորտուղեկցորդների գործողություններն այն դեպքում, երբ հայտնաբերված է կասկածելի առարկա կամ ենթադրվում է օդանավում դրա առկայությունը,

ուղևորների տարահանումը և օդանավի զննումը հատուկ այդ նպատակով նախատեսված կանգառում,

հատուկ կարևոր չվերթների ժամանակ ավիացիոն անվտանգության հատուկ միջոցառումների իրականացումը,

վտանգի ռեալ սպառնալիքի ժամանակ ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը,

օդանավի անձնակազմի անդամներին ու բորտուղեկցորդներին ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումներին ծանոթացնելու և ուսուցանելու կարգը:

(38-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

 

 5. ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐՆ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

 

39. Ավիացիոն անվտանգության ապահովման համար` իրենց վերաբերող մասով գործառույթներ են իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:

40. Ավիացիոն անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գործառույթներն են`

ա) ազգային ծրագրով սահմանված անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,

բ) պետական և օդանավակայանային մակարդակով այլ շահագրգիռ մարմինների հետ համատեղ քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների հակազդման միջոցառումների կազմակերպումը և անցկացումը,

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում գործելու համար միջոցառումների պլանների մշակումը` օդանավի առևանգմանը, դիվերսիային, պայթյունի վտանգին կամ այլ վտանգների, գետնի վրա հարձակումներին ու զանգվածային անկարգություններին հակազդման և դրանց նկատմամբ հսկողության սահմանման նպատակով,

դ) այնպիսի պատասխան միջոցառումների իրականացումը, որոնք ներառում են (սակայն չեն սահմանափակվում) ահաբեկիչների դեմ պայքարի, զենքի կիրառմամբ միջամտության, պատանդների վերցման ժամանակ բանակցություններ վարող, պայթուցիկ սարքեր հայտնաբերող և չեզոքացնող խմբերի օգտագործումը,

ե) օպերատիվ շտաբի աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը, հատուկ ստորաբաժանումների ուժերով անմիջականորեն քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության գործողություններին հակազդման միջոցառումներին մասնակցությունը,

զ) քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության գործողությունների սպառնալիքների հակազդման ու կանխման միջոցառումների մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն զեկույցներ և խորհրդատվական տեղեկություններ ներկայացնելը,

է) քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ահաբեկչական ակտերի և դրանց սպառնալիքների մասին տեղեկատվության հավաքումը, գնահատումն ու տրամադրումը համապատասխան մարմիններին, ինչպես նաև օդանավակայան շահագործող ընկերությունների գործադիր մարմիններ դրանց պատճառների և պայմանների վերացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

ը) համապատասխան աշխատողների ծանոթացումն ավիացիոն անվտանգության ոլորտի գործընթացներին և ընթացակարգերին` իրենց վերաբերող մասով,

թ) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների դեպքերի քննությանն իր իրավասության սահմաններում մասնակցությունը:

41. Ավիացիոն անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործառույթներն են`

ա) օդանավակայանի տարածքում կատարված, կատարվող, նախապատրաստվող հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը, խափանումը, հետախուզման մեջ գտնվող անձանց հայտնաբերումը և ձերբակալումը, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս օդանավակայանների հսկվող գոտիներ, այդ թվում` օդանավ անարգել մուտք գործելը` դրանց մասին իրազեկելով օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությանը,

բ) օդանավակայանային համալիրում հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը,

գ) ստերիլ և հատուկ վերահսկելի գոտիներին հարող տարածքներում գտնվող աշխատասենյակներից իրավախախտումների կանխման և խափանման նպատակով տեսադիտման սարքավորումների միջոցով ստերիլ գոտում ուղևորների սպասարկման գործընթացի դիտարկումների իրականացումը, ինչպես նաև իրավախախտման դեպքի առկայության պարագայում ստերիլ գոտի անարգել մուտք գործելը և անհետաձգելի միջոցառումների իրականացումը,

դ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ արտակարգ իրավիճակներում գործելու համար միջոցառումների պլանավորումը` օդանավի զավթմանը և առևանգմանը, դիվերսիայի, պայթյունի վտանգին կամ այլ վտանգների, գետնի վրա հարձակումներին ու զանգվածային անկարգություններին հակազդելու և դրանց նկատմամբ հսկողություն սահմանելու նպատակով,

ե) քաղաքացիական ավիացիայի դեմ ուղղված ահաբեկչական ակտերի և դրանց սպառնալիքների մասին տեղեկատվության հավաքումը, գնահատումը և տրամադրումը համապատասխան մարմիններին, ինչպես նաև օդանավակայան շահագործող ընկերությունների գործադիր մարմիններ դրանց պատճառների և պայմանների վերացման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

զ) ավիացիոն անվտանգության ոլորտի գործընթացներին և ընթացակարգերին համապատասխան աշխատողներին ուսուցանելը` իրենց վերաբերող մասով,

է) իր իրավասության սահմաններում քաղաքացիական ավիացիայի գործունեության նկատմամբ անօրինական միջամտության գործողությունների դեպքերի քննությունը:

42. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կազմակերպում է`

ա) նախարարության համապատասխան ստորաբաժանումների կողմից ազգային ծրագրով սահմանված նորմերի, կանոնների և ընթացակարգերի կատարումը,

բ) հակաօդային պաշտպանության և ռազմական ավիացիայի ստորաբաժանումների համագործակցությունը քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների կանխման միջոցառումների իրականացման ընթացքում:

43. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մասնակցում է`

ա) քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ անօրինական միջամտության գործողությունների հարցերով օպերատիվ շտաբի աշխատանքներին,

բ) օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցությամբ կատարված անօրինական միջամտության գործողությունների դեմ իրականացվող պատասխան միջոցառումներին` իրենց վերաբերող մասով,

գ) նշված իրադրությունները կարգավորող արտաքին քաղաքականության հարցերի մշակման գործառույթների իրականացմանը,

դ) ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության միջոցառումների իրականացման ժամանակ Հայաստանի Հանրապետության կողմից անհրաժեշտ դիվանագիտական գործառույթների իրականացմանը:

 

 V. ՀԱՄԱՁԱՅՆԵՑՈՒՄ ԵՎ ԿԱՊ

 

1. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

44. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի խնդիրներն են`

ա) քաղաքացիական ավիացիայի անվտանգության բնագավառում պետական քաղաքականության հիմնադրույթների մշակումը,

բ) ավիացիոն անվտանգության ապահովման աշխատանքները կանոնակարգող իրավական ակտերի նախագծերի մշակումը,

գ) քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրությունն ու վերլուծությունը` ավիացիոն անվտանգությանը վերաբերող մասով:

45. Ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողովի աշխատակարգը և լիազորությունները սահմանվում են հանձնաժողովի կանոնադրությամբ, որը հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

 2. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՆ

 

46. Ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի յուրաքանչյուր օդանավակայանում:

47. Ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեի խնդիրներն են`

ա) ազգային ծրագրով սահմանված ավիացիոն անվտանգության նորմերի, կանոնների և ընթացակարգերի կատարման միջոցառումների իրականացումը,

բ) օդանավակայանի կարևորագույն օբյեկտների, այդ թվում` խոցելի կետերի ցանկի կազմումը և այդ կետերի անվտանգության ապահովման վիճակի պարբերաբար ստուգումը,

գ) ելնելով սպառնալիքի տեսակից և աստիճանից` համարժեք անվտանգության միջոցառումների իրականացումը` ինչպես սովորական պայմաններում, այնպես էլ ռեալ սպառնալիքի ու արտակարգ իրավիճակների դեպքերում,

դ) գլխավոր վարչությանը տեղեկատվություն տալն օդանավակայանում ավիացիոն անվտանգության ապահովման համար իրականացվող միջոցառումների, ինչպես նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության ապահովմանն ուղղված այն խնդիրների մասին, որոնք օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմնի իրավասության սահմաններում չեն կարող լուծվել,

ե) ավիացիոն անվտանգության համակարգի աշխատողների ուսուցման կազմակերպումը և գործնական պատրաստականության անհրաժեշտ մակարդակի ապահովումը:

48. Ավիացիոն անվտանգության օդանավակայանային կոմիտեի կազմը, լիազորությունները և աշխատակարգը սահմանվում են նրա կանոնադրությամբ, որը հաստատում է օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմինը:

(48-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

 

 3. ԿԱՊԸ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ

 

49. Ավիացիոն անվտանգության ապահովման ոլորտում միջազգային համագործակցությունն իրականացվում է գործող միջազգային իրավական փաստաթղթերի համաձայն և նպատակ ունի կատարելագործելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի գործունեությանն առնչվող անօրինական միջամտության գործողությունների դեմ պայքարի մեթոդներն ու միջոցները, բարելավելու անօրինական միջամտության գործողությունների կարգավորման ժամանակ այլ պետությունների համապատասխան մարմինների հետ համագործակցությունը, ուսումնասիրելու և օգտագործելու օդանավերի զավթման կանխման` արտասահմանյան համապատասխան ծառայությունների փորձը, կանխելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն ուղղված այլ հանցավոր արարքները:

50. Ավիացիոն անվտանգության ոլորտում միջազգային համագործակցությունը պլանավորում և աշխատանքները համակարգում է գլխավոր վարչությունը:

51. Ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով բազմակողմանի միջազգային համագործակցությունն իրականացվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության միջոցով:

52. Ավիացիոն անվտանգության ոլորտում օտարերկրյա պետությունների հետ երկկողմանի համագործակցությունն իրականացվում է օդային հաղորդակցության մասին միջազգային պայմանագրերի հիման վրա:

53. Երկկողմանի համագործակցությունը կազմակերպում է գլխավոր վարչությունը:

54. Օտարերկրյա պետությունների համապատասխան մարմինների հետ օդային հաղորդակցության մասին երկկողմանի համագործակցության պայմանագրերի կնքման դեպքում անհրաժեշտ է համաձայնության գալ հետևյալ հարցերում`

ա) օդային հաղորդակցության մասին պայմանագրում ավիացիոն անվտանգության վերաբերյալ դրույթների ներառում.

բ) քաղաքացիական ավիացիայի գործունեությանն առնչվող անօրինական միջամտության գործողությունների դեմ պայքարի մասին համաձայնագրի կնքում:

55. Օդային հաղորդակցության մասին համաձայնագրին կից արձանագրության մեջ արտացոլվում են հետևյալ հարցերը`

ա) կապերի հաստատում` նշելով պաշտոնատար անձանց հասցեները, հեռախոսի ու ֆաքսի համարները, օդագնացության ամրագրված հեռահաղորդակցության հասցեն (AFTN),

բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ծրագրի առանձին մասերի տրամադրում օտարերկրյա պետություններին, ինչպես նաև օդանավ շահագործողների մասին տեղեկատվության փոխանակում,

գ) ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստումը կարող է իրականացվել նաև օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև ուսումնական ծրագրերի փոխանակում,

դ) քաղաքացիական ավիացիայի գործունեության մեջ տեղ գտած անօրինական միջամտության գործողությունների դեմ պայքարի, դրա կանխման հետ կապված տեղեկատվության և փորձի փոխանակում, այդ թվում` փոխադարձ ծանոթացում միջազգային օդանավակայաններում կիրառվող անվտանգության միջոցներին,

ե) անօրինական միջամտության գործողություններին հակազդման ընթացքում առաջացող իրավական հարցերի կարգավորում,

զ) պայմանավորվածություն կողմերի տարածքում անօրինական միջամտության ենթարկված օդանավին վայրէջքի հնարավորություն տալու մասին,

է) օդանավի և ուղևորի վերադարձման սկզբունքը,

ը) իրավական օգնության ցուցաբերում անօրինական միջամտության գործողություն կատարած հանցագործների քննության և պատասխանատվության ենթարկման դեպքում,

թ) օտարերկրյա իրավասու մարմնի խնդրանքով` քրեական պատասխանատվության ենթարկման նպատակով հանցագործներին վերադարձնելու միջոցների ձեռնարկում,

ժ) հանցագործությունների կանխման նպատակով ուժի գործադրում և օդանավի նկատմամբ հսկողության վերականգնում,

ժա) սպառնալիքի ուժեղացման դեպքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերում և օտարերկրյա օդանավերում պայթուցիկ նյութերի կամ սարքերի տեղադրման մասին ազդանշանի ստացման ժամանակ իրականացվող գործողությունների ընթացակարգը,

ժբ) օդանավում պայթուցիկ նյութերի կամ սարքերի հայտնաբերման ընթացակարգը,

ժգ) օդանավակայաններում ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների զննման համար օգտագործվող տեխնիկական միջոցների մասին տեղեկատվության փոխանակում:

(55-րդ կետը խմբ. 09.02.06 N 166-Ն)

56. Ավիացիոն անվտանգության ապահովման համար ձեռնարկվող միջոցների արդյունավետության բարձրացման նպատակով գլխավոր վարչությունը կազմակերպում է քաղաքացիական ավիացիայի գործունեության մեջ տեղ գտած անօրինական միջամտության գործողությունների փաստերի հետ կապված միջադեպերի կամ դրա սպառնալիքի մասին տեղեկատվության հավաքումը և տարածումը, ինչպես նաև, ելնելով տեղեկատվության բնույթից և գաղտնիության աստիճանից, միջոցներ է ձեռնարկում` այն լայն տարածումից պաշտպանելու համար:

57. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների դեպքում տեղեկատվության փոխանցման համար անհատույց օգտագործվում են ինչպես օդանավակայանի, այնպես էլ օդանավ շահագործողների, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կապի միջոցները: Նշված կապի միջոցներն առաջնահերթ կարգով հատկացվում են գլխավոր վարչության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան պաշտոնատար անձանց:

58. Քաղաքացիական ավիացիայի գործունեության դեմ ուղղված անօրինական միջամտության գործողությունների մասին տեղեկատվության և դրա փոխանցման կարգը սահմանում է գլխավոր վարչությունը:

59. Անօրինական միջամտության ենթարկված օդանավի մասին ամբողջ տեղեկատվությունը և ավիացիոն անվտանգության կազմակերպչական միջոցառումներ իրականացնելու մասին որոշումը հաղորդվում են ենթադրվող վայրէջքի օդանավակայանին և օդանավի թռիչքի երթուղին ընդգրկող պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներին ու օդանավակայանների տնօրինությանը: Այդ տեղեկատվությունը պարբերաբար լրացվում է թռիչքի ընթացքում և օդանավում առկա իրադրության փոփոխման դեպքերում:

60. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական միջամտության ենթարկված օտարերկրյա օդանավի վայրէջքի մասին անհապաղ պետք է հայտնել`

ա) բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և պաշտոնատար անձանց,

բ) այն պետությանը, որտեղ գրանցված է օդանավը,

գ) այն պետությանը, որը շահագործում է օդանավը,

դ) այն պետությանը, որի քաղաքացիները զոհվել կամ ստացել են մարմնական վնասվածքներ,

ե) այն պետությանը, որի քաղաքացիները պահվում են որպես պատանդներ,

զ) այն պետությանը, որի քաղաքացիները գտնվում են օդանավում (եթե դրա մասին հայտնի է):

61. Օդանավի զավթման կամ անօրինական միջամտության այլ կարգի գործողության մասին անհապաղ տեղեկացվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:

(61-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

 

 4. ԿԱՊԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

 62. Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության հետ կապն իրականացվում է գլխավոր վարչության միջոցով:

63. Գլխավոր վարչությունը Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն է ներկայացնում տեղեկատվություն ազգային ծրագրի X գլխով սահմանված կարգով քաղաքացիական ավիացիայի դեմ անօրինական միջամտության գործողությունների մասին:

 

 VI. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ, ՕԴԱՆԱՎԵՐԻ, ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

 1. ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԸ

 

64. «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում վերահսկողության ենթակա գոտիները` որպես հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ: Այդ գոտիներ մուտքը սահմանափակ է:

65. Մուտքը հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ վերահսկվում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից` համաձայն ազգային ծրագրի, ինչպես նաև օդանավակայանների և օդանավ շահագործողների ավիացիոն անվտանգության ծրագրերի:

66. Այն տարածքները, որոնք գտնվում են օդանավակայանների սահմաններից դուրս և գլխավոր վարչության կողմից կարող են սահմանվել որպես սահմանափակ մուտքի գոտիներ, հետևյալն են`

ա) տարածքներ, որտեղ տեղակայված են ռադիոլոկացիոն սարքավորումներ,

բ) տարածքներ, որտեղ տեղակայված են նավիգացիոն սարքավորումներ,

գ) վառելիքաքսուքային նյութերի պահեստավորման տարածքներ,

դ) բեռնային պահեստներ,

ե) սննդի արտադրամասեր,

զ) նյութատեխնիկական մատակարարման պահեստներ,

է) խմելու ջրի ջրամբարներ,

ը) ավտոհավաքակայաններ:

 

 2. ՀԱՏՈՒԿ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿԵԼԻ ԳՈՏԻՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

67. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիների պահպանությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 16-ի N 940-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում օդանավերի և օբյեկտների պահպանության կարգի:

(67-րդ կետը խմբ. 09.02.06 N 166-Ն)

68. Սահմանափակ մուտքի գոտի հանդիսացող յուրաքանչյուր տարածք ընդհանուր կամ ոչ սահմանափակ ճանաչված մուտքի գոտիներից բաժանվում է համապատասխան պահպանական պարսպապատնեշով:

69. Օդանավակայանի սահմանափակ մուտքի գոտիներ և օդանավակայանի սահմաններից դուրս տեղակայված սահմանափակ մուտքի գոտիներ մուտքը (ելքը) վերահսկվում է անցագրային համակարգի հաստատման և իրականացման միջոցով, իսկ պահպանվում է պահպանության ազդանշանային համակարգերի ներդրման ու կիրառման կամ պահակակետային ծառայության իրականացման միջոցով: Օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմինը պատասխանատու է սահմանափակ մուտքի գոտիներում անցագրային վերահսկողության, պահպանության կազմակերպման և իրականացման համար:

70. Օդանավակայանի տարածքը, այդ թվում` ուղղությունային և վայրէջքային փարոսների աշխատանքային տեղամասերը, օդային երթևեկությունը կառավարող օբյեկտները, ռադիոտեխնիկական և լուսատեխնիկական սարքավորումները, վառելիքաքսանյութերի պահեստները, առևտրային պահեստները, փոստային-բեռնային բաժանմունքները, սննդի արտադրամասերը` իրենց ամբողջ երկայնքով, պետք է ցանկապատված լինեն և ունենան զգուշացնող ցուցանակներ հսկվող գոտի անցնելու արգելքի մասին:

71. Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում, վառելիքաքսուքային նյութերի պահեստներում, սննդի արտադրամասերում և բեռնային պահեստներում սահմանվում է անցագրային վերահսկողություն: Այդ նպատակով ցանկապատված տարածքի մուտքերում սարքավորվում են հսկիչ-անցագրային կետեր: Անցագրային վերահսկողություն է սահմանվում նաև տրանսպորտային միջոցների մուտքի (ելքի) նկատմամբ:

72. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային վերահսկողության կարգը սահմանվում է գլխավոր վարչության կողմից:

73. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիների հսկիչ-անցագրային կետերը սարքավորվում են մեխանիկական դարպասներով, ուղեփակոցով, բեռների զննման համար նախատեսված հրապարակներով և տեսախցիկներով: Աշխատողների ելքի և մուտքի հսկման համար գործում են անցագրային հսկման ավտոմատացված համակարգեր, տեսախցիկներ և պտուտակադռներ:

74. Օդանավակայանի տարածքի և այնտեղ տեղաբաշխված առանձին օբյեկտների նկատմամբ հսկողությունը պետք է իրականացվի օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կողմից, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև շահագործողների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից:

75. Օդանավակայանի տարածքը և օդային երթևեկության կառավարման կարևոր օբյեկտները պետք է կանոնավորապես պահպանվեն պահակակետերի, պարեկային կարգախմբի և տեսահսկման սարքավորումների միջոցով, անհրաժեշտության դեպքում կարող է իրականացվել նաև զինված պահպանություն: Օդանավակայանի ցանկապատի երկայնքով և մինչև օդային երթևեկության կառավարման օբյեկտները պետք է կառուցվեն ճանապարհներ:

76. Երեկոյան ժամերին և գիշերվա ընթացքում օդանավերի, օբյեկտների և հսկիչ-անցագրային կետերի բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով դրանք պետք է ապահովվեն լուսավորության միջոցներով:

 

 3. ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

77. Սահմանափակ մուտքի գոտիներ մուտքի (ելքի) իրավունք ունեն`

ա) սահմանված կարգով հաշվառում և գրանցում անցած ուղևորները.

բ) սահմանափակ մուտքի գոտու հաստատված ձևի անցագիր ունեցող աշխատողները:

78. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունն իրականացվում է օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից:

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներում անցագրային և ներօբյեկտային վերահսկողությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 21-ի N 1142-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կարգի:

(78-րդ կետը փոփ., լրաց. 09.02.06 N 166-Ն)

79. Օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի անցագրեր հատկացնում է տվյալ օդանավակայանի գործադիր մարմինը, որը, օդանավակայանի հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ մուտքի մշտական կամ ժամանակավոր անցագրեր հատկացնելիս, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության` օդանավակայանի գծային բաժնի միջոցով ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հարցում է կատարում անցագրի ստացման հայտում նշված անձանց վերաբերյալ քրեական պատասխանատվության ենթարկված լինելու մասին տվյալների ստացման համար: Նշված հարցումները կատարվում են առնվազն յուրաքանչյուր հինգ տարին մեկ անգամ:

(79-րդ կետը խմբ. 28.06.07 N 763-Ն)

80. Գլխավոր վարչության կողմից Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավ շահագործող ընկերությունների (ավիաընկերություն) օդանավի անձնակազմի անդամներին, բորտուղեկցորդներին և ինժեներատեխնիկական անձնակազմին հատկացվում են թռիչքային անցագրեր:

81. Հայաստանի Հանրապետության օդանավակայանների կառավարում իրականացնող ընկերությունների գործադիր մարմինները պատասխանատու են սահմանափակ մուտքի գոտիներ մուտքի (ելքի) նկատմամբ վերահսկողության, սահմանափակ մուտքի գոտիները սահմանափակող պաշտպանիչ պարիսպների վիճակի, հսկիչ-անցագրային կետերի որոշման, կահավորման և անխափան աշխատանքի համար:

 

 4. ԱՆՁԱՆՑ ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

82. ՈՒղևորներին թույլատրվում է մուտք գործել սահմանափակ մուտքի գոտիներ`

ա) ուղևորների փոխադրման փաստաթղթերը ներկայացնելուց հետո:

Նման փոխադրման փաստաթղթեր են տվյալ չվերթի ավիատոմսը և ուղևորի անձնագիրը կամ անձը (ինքնությունը) հաստատող անձնագրին փոխարինող այլ փաստաթուղթ (ծննդյան վկայական, փախստականի ճամփորդական փաստաթուղթ): Հայաստանի Հանրապետությունում ներքին օդային փոխադրումների իրականացման դեպքում կարող է ներկայացվել նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողի զինվորական գրքույկը.

բ) շահագործողի կողմից ուղևորին տրված նստեցման կտրոնի բնօրինակը, որտեղ պետք է նշված լինեն հաշվառված ուղևորի ազգանունը, հաշվառման համարը և նստատեղի համարը:

83. Օդանավի անձնակազմի անդամների մուտքը (ելքը) օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ (գոտիներից) իրականացվում է թռիչքային անցագրերով:

84. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ անցագրեր տվող պատասխանատու մարմինները և նրանց պաշտոնատար անձինք պարտավոր են ստուգել հայտատուի կողմից ներկայացված սահմանափակ մուտքի գոտիներ անցագրեր ստանալու թույլտվության մասին բոլոր հայտերը` անցագրի հատկացման հիմքերի վավերականությունը պարզելու նպատակով:

85. Յուրաքանչյուր անցագիր պետք է ներառի հետևյալ տվյալները`

ա) անունը, ազգանունը, պաշտոնը.

բ) լուսանկարը.

գ) անցագրի գործողության ժամկետը.

դ) սահմանափակ մուտքի գոտիների նշագրումը.

ե) անցագիր հատկացնող կազմակերպության կնիքը.

զ) անցագիր հատկացնող կազմակերպության պատասխանատու անձի ստորագրությունը:

Բոլոր աշխատողները, նախքան անցագրեր ստանալը, օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից իրազեկվում են տվյալ օդանավակայանում կիրառվող ավիացիոն անվտանգության կանոնների, այն է` մուտքի հսկողության, օդանավակայանների և օդանավերի պահպանության, անցագրային և ներօբյեկտային վերահսկողության, ուղևորների անվտանգության ապահովման նպատակով իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողության միջոցառումների մասին:

(85-րդ կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

 

 5. ՄՈՒՏՔԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ

 

86. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքն իրականացվում է համապատասխան անցագրերով:

87. Տրանսպորտային միջոցի անցագիրը պետք է մշտապես փակցված լինի դրա տեսանելի մասում և ներառի հետևյալ տվյալները`

ա) տրանսպորտային միջոցի հաշվառման համարը,

բ) տրանսպորտային միջոցի պատկանելությունը,

գ) անցագրի գործողության ժամկետը,

դ) թույլատրված սահմանափակ մուտքի գոտիները:

87.1. Օդանավակայանների սահմանափակ մուտքի գոտիներ տրանսպորտային միջոցների մուտքի դեպքում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով սահմանափակ մուտքի գոտու հսկիչ անցագրային կետում պետք է իրականացվեն տրանսպորտային միջոցների զննումներ: Զննման ենթակա են`

ա) դռների գրպանիկները, սրահի պահախցիկը, արևիկների հետնամասերը,

բ) առջևի նստատեղերի հետևի գրպանները, նստատեղերի տակերը և ոտնափոսերը,

գ) բեռնախցիկը,

դ) անվադողերի հարակից վայրերը,

ե) շարժիչի հատվածը:

Տրանսպորտային միջոցների համապատասխան տեղամասերի զննումից հետո դրա մասին գրառում է կատարվում անցագրային կետի մատյանում:

(87.1 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

88. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն գործունեություն իրականացնող յուրաքանչյուր իրավաբանական անձ պարտավոր է իրեն պատկանող տրանսպորտային միջոցների վարորդներին ապահովել սահմանափակ մուտքի գոտիներում տրանսպորտային միջոցը վարելու թույլտվությամբ, ինչպես նաև` հրահանգավորել հատուկ վերահսկելի գոտում սահմանված անվտանգության միջոցառումների պահպանման ու տրանսպորտային միջոցների շահագործման կարգի մասին:

 

 6. ՕԴԱՆԱՎԸ

 

89. Օդանավերը շահագործողները պատասխանատու են իրենց օդանավերի անվտանգության համար:

90. Այն ժամանակահատվածում, երբ օդանավը չի շահագործվում և չի սպասարկվում, դրա դռները պետք է լինեն փակված, իսկ ուղևորներին նստեցնելու սարքավորումները (սանդուղքներ, շարժասանդուղքներ և այլն)` հավաքված:

91. Օդանավը մշտապես պետք է գտնվի անձնակազմի, ինժեներատեխնիկական ծառայության ներկայացուցիչների կամ ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո: Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը պարտադիր կարգով պետք է ենթարկվեն նախաթռիչքային զննման:

(91-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

92. Օդանավի թռիչքից առաջ ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողներն օդանավի անձնակազմի անդամի և օդանավ շահագործողի ինժեներատեխնիկական անձնակազմի ներկայացուցչի հետ համատեղ իրականացնում են օդանավի նախաթռիչքային զննում, որից հետո նրանց կողմից զննման արդյունքների մասին զեկուցում են օդանավի հրամանատարին, որն իրականացված զննման մասին նշումներ է կատարում օդանավի գրքում և օպերատիվ տեխնիկական սպասարկման քարտ-կարգագրի «զննում» սյունակում: Օդանավի նախաթռիչքային զննման կարգը սահմանում է գլխավոր վարչությունը:

(92-րդ կետը խմբ. 28.06.07 N 763-Ն)

92.1. Տասներկու ժամից ավելի կանգառում գտնվելուց հետո շահագործման ենթակա օդանավերը պետք է ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման աշխատողների կողմից ենթարկվեն մակերեսային կամ մանրամասն նախաթռիչքային զննման: Մակերեսային զննման ընթացքում իրականացվում է օդանավի, ուղևորասրահների և բեռնախցերի դիտողական զննում, իսկ մանրամասն զննումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2005 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները հաստատելու մասին» N 102-Ն հրամանին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում գտնվող օտարերկրյա օդանավերը զննվում են տվյալ օդանավերի անձնակազմերի կողմից:

(92.1 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

92.2. Օտարերկրյա օդանավերի զննման միջոցառումների որակի հսկողության նպատակով տեսչական ստուգումների կարող են ենթարկվել նաև տարանցիկ կանգառներ իրականացրած օդանավերը: Նման դեպքերում կիրառվում են օդանավի դիտողական զննման ընթացակարգեր, որոնց ժամանակ իրականացվում են ուղևորասրահում ուղևորների նստատեղերի վերևների բեռնախցիկների, ուղևորասրահների պահարանների, օդանավի զուգարանների, աղբամանների, նստատեղերի գրպանների, դրանց տակերի և օդանավի անձնակազմի խցիկի զննում:

(92.2 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

92.3. Տրանզիտ կանգառներ իրականացրած օտարերկրյա օդանավերի անձնակազմերի կողմից իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումների նկատմամբ վերահսկողություն է իրականացնում գլխավոր վարչությունը:

(92.3 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

93. Օդանավակայանում օդանավի վերջին կանգառի ժամանակ այն հանձնվում է օդանավակայանի կամ շահագործողի ավիացիոն անվտանգության ծառայություն` պահպանության` համապատասխան գրանցում կատարելով ընդունման-հանձնման մատյանում:

94. Օդանավն անձնակազմին հանձնվում է միայն անձնակազմի անդամի ներկայությամբ, որն ընդունում է օդանավը` ընդունման մասին գրառում կատարելով ընդունման-հանձնման մատյանում:

95. Եթե առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ օդանավը կարող է դառնալ անօրինական միջամտության գործողությունների օբյեկտ, ապա`

ա) դրա մասին տեղեկացվում է շահագործողին, ազգային անվտանգության և ոստիկանության մարմիններին.

բ) կատարվում է օդանավի զննում.

գ) իրականացվում է օդանավի կայանատեղի ուժեղացված պահպանություն, ձեռնարկվում են հետևյալ լրացուցիչ միջոցները`

փակվում և կնքվում են օդանավի մուտքի դռները, բեռնային և վթարային մուտքերի դռնակները,

օդանավերի վրա տեղադրվում են հատուկ հակաառևանգման փակվող սարքեր,

իրականացվում է օդանավի պահպանություն` ավիացիոն անվտանգության ծառայության պահակակետերի կամ պարեկային կարգախմբի միջոցով:

96. Եթե առկա են բավարար հիմքեր` կասկածելու, որ օդանավը կարող է ենթարկվել հարձակման` գետնի վրա, ապա`

ա) դրա մասին հնարավորինս շուտ տեղեկացվում է օդանավակայանի իրավասու մարմիններին.

բ) ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` օդանավի անվտանգության ապահովման համար` համաձայն օդանավակայաններում արտակարգ իրավիճակներում գործող պլանների:

 

 7. ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԱՌԱՎԵԼ ԿԱՐԵՎՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐ

 

97. Օդանավակայանների տարածքում առկա նավիգացիոն սարքավորումները և օբյեկտները պետք է մշտապես գտնվեն պահպանության ներքո: Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայություններն իրականացնում են օդանավակայանների պահպանությունը: Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության օդային երթևեկության սպասարկում իրականացնող ընկերությունն իր ուժերով կազմակերպում է օդային երթևեկության կառավարման ու սպասարկման օբյեկտների պահպանությունը:

Ազգային ծրագրի իմաստով օդային երթևեկության կառավարման ու սպասարկման օբյեկտներ են`

ա) «Իրտիշ» ռադիոլոկացիոն համակարգը.

բ) օդային երթևեկության կառավարման ավտոմատ համակարգը.

գ) 85օ- մոտակա առբերող ռադիոփարոսը.

դ) 80 - վայրիջման ռադիոփարոսը.

ե) 80 - ուղեբեր ռադիոփարոսը.

զ) 75 - ավտոմատ ռադիոուղևորոշիչը.

է) մեկնարկային դիսպետչերական կետը.

ը) ավիադիսպետչերական կետը:

98. «Զվարթնոց» օդանավակայանի տարածքից դուրս գտնվող և պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոցներ և օբյեկտներ են`

ա) մայրուղային ռադիոլոկացիոն համակարգը.

բ) հեռավոր առբերող ռադիոփարոսը.

գ) 265օ- առանձին առբերող ռադիոկայանը.

դ) «Երևան» առանձին առբերող ռադիոկայանը.

ե) «Սևան» առանձին առբերող ռադիոկայանը.

զ) «Անդրանիկ» առանձին առբերող ռադիոկայանը.

է) «Մռավյան» վերահաղորդիչ ռադիոկայանը.

ը) «Մեղրի» առանձին առբերող ռադիոկայանը.

թ) «Սիսիան» առանձին առբերող ռադիոկայանը:

99. «Շիրակ» օդանավակայանի տարածքում ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո պետք է գտնվեն հետևյալ կարևորագույն նավիգացիոն միջոցները և օբյեկտները`

ա) 19օ- մոտակա առբերող ռադիոփարոսը.

բ) հրամանատարական դիսպետչերական կետը.

գ) դիսպետչերական ռադիոռադարը.

դ) վայրիջման ռադիոփարոսը.

ե) ուղեբեր ռադիոփարոսը.

զ) ավիադիսպետչերական կետը:

100. «Շիրակ» օդանավակայանի տարածքից դուրս գտնվող և պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոց և օբյեկտ է 19օ-հեռավոր առբերող ռադիոփարոսը:

101. «Ստեփանավան» օդանավակայանի տարածքում ավիացիոն անվտանգության ծառայության պահպանության ներքո պետք է գտնվեն հետևյալ կարևորագույն նավիգացիոն միջոցները և օբյեկտները`

ա) հրամանատարական դիսպետչերական կետը.

բ) դիսպետչերական ռադիոռադարը.

գ) ավտոմատ ռադիոուղևորոշիչը:

102. «Ստեփանավան» օդանավակայանի տարածքից դուրս գտնվող և պահպանության ենթակա նավիգացիոն կարևորագույն միջոցներ և օբյեկտներ են`

ա) 306օ- հեռավոր առբերող ռադիոփարոսը.

բ) 306օ- մոտակա առբերող ռադիոփարոսը:

 

 VII. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

1. ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ, ԲԵՌՆԵՐԻ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

103. Ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավերի անձնակազմերի անդամների, նրանց ձեռքի իրերի, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի իրավունք ունեցող անձանց, նրանց ձեռքի իրերի և նշված գոտիներ մուտք գործող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացվող ավիացիոն անվտանգության հսկողությունը պարտադիր է ու նպատակ ունի կանխելու զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների, գելերի և աերոզոլների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավեր: Արգելվում է 100 միլիլիտր տարողությունից ավելի հեղուկներ, գելեր և աերոզոլներ պարունակող ապակյա և պլաստիկ շշերի, տարաների, սրվակների, պոլիէթիլենային տոպրակների ու փաթեթավորումների փոխադրումն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և օդանավերի ուղևորասրահներ: Օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված հեղուկների, գելերի և աերոզոլների ցանկը սահմանում է գլխավոր վարչությունը:

Ավիացիոն անվտանգության հսկողությունը կազմակերպվում ու իրականացվում է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգի պահանջների համաձայն:

Ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից` ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների հաշվառումից ու գրանցումից, մաքսային և սահմանային ստուգումներից հետո: Ավիացիոն անվտանգության հսկողություն իրականացնող ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողները պետք է ունենան համապատասխան սերտիֆիկատներ: Ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների հաշվառման ու գրանցման ժամանակ ուղևորներին պետք է հարցում կատարվի ուղեբեռի պատկանելության, դրանց պարունակության, ուղեբեռում փոխադրման համար արգելված առարկաների ու նյութերի առկայության մասին:

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստման, վերապատրաստման, սերտիֆիկացման կարգերը, ինչպես նաև նրանց աշխատանքների որակի սկզբնական և պարբերական ստուգումների ու գնահատումների չափանիշները սահմանում է գլխավոր վարչությունը:

(103-րդ կետը փոփ., լրաց. 09.02.06 N 166-Ն, խմբ. 28.06.07 N 763-Ն)

103.1. Բոլոր չվերթների ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների հաշվառման ու գրանցման ժամանակ օդանավակայանների ուղևորային փոխադրումների ծառայությունների կողմից լրացվում է ուղևորային և բեռնային մանիֆեստ, որում նշվում են ուղևորի անունը, ազգանունը, սեռը, անձնագրի տվյալները, ավիատոմսի համարը, ուղևորի կողմից փոխադրման հանձնված ուղեբեռի համարը, քաշը, քանակը, սահմանված անվճար քաշից ավելի ուղեբեռի` վճարման ենթակա քաշը, օդանավի բեռնախցում ուղեբեռների տեղերը, չուղեկցվող ուղեբեռների մասին տվյալները: Գրանցված ուղևորների և փոխադրման ընդունված ուղեբեռների քանակը պետք է համապատասխանի օդանավ նստած և օդանավի բեռնախցիկներ բարձրացված ուղեբեռների քանակին: Այն ուղեբեռները, որոնք մշակման ընթացքում սխալմամբ չեն փոխադրվել տվյալ չվերթով և փոխադրվում են այլ չվերթով (փոխադրման ընդունված չուղեկցվող ուղեբեռներ), զննվում են միևնույն օպերատորի կողմից, միևնույն զննման կետում, երկու անկյան տակ:

(103.1 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

104. Ավիացիոն անվտանգության հսկողությունից ազատվում են`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը.

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը.

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետը.

դ) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները.

ե) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանները և օտարերկրյա պետություններում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանները.

զ) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:

105. Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում պետք է իրականացվի հաշվառված ուղևորների և փոխադրման ընդունված ուղեբեռների 10 տոկոս ընտրական կրկնակի զննում` ձեռքով կամ զննման սարքավորման և պայթուցիկ նյութեր հայտնաբերող սարքավորման (գազաանալիզատոր) միջոցով` միևնույն օպերատորի կողմից, նույն զննման կետում` դրա մասին գրառում կատարելով համապատասխան մատյանում:

(105-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն, խմբ. 28.06.07 N 763-Ն)

105.1. Կրկնակի զննում է իրականացվում`

ա) ուղևորի մոտ փոխադրման համար արգելված նյութերի և առարկաների առկայության կամ հայտնաբերման մասին տեղեկություն ստանալու դեպքում,

բ) հաշվառման և գրանցման ընթացակարգերից հետո թռիչքին ուղևորի չներկայանալու դեպքում, երբ հանվում է թռիչքին չներկայացած ուղևորի ուղեբեռը,

գ) ավիացիոն անվտանգության հսկողություն անցած ուղևորի և նման հսկողություն չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ շփման դեպքում,

դ) շահագործողի ներկայացրած դիմումների դեպքերում:

(105.1 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

105.2. Եթե ավիացիոն անվտանգության հսկողության հատուկ տեխնիկական սարքավորումները բացակայում են կամ անսարք են, ապա կարող է իրականացվել ուղևորների և նրանց ուղեբեռների դիտողական զննում: Դիտողական զննում կարող է իրականացվել նաև ռենտգենահեռուստատեսային սարքավորման միջոցով զննված ձեռքի իրերում օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի, դրանց նմանօրինակների, կասկածելի կամ անճանաչելի առարկաների արտապատկերման դեպքերում:

(105.2 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

105.3. Որպես ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառում` ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում կարող է իրականացվել ուղևորների ընտրանքային զննում:

(105.3 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

105.4. Ուղևորների հաշվառման, գրանցման կամ սպասարկման այլ ընթացակարգերի անցումից հետո, թռիչքին չներկայանալու, թռիչքից հրաժարվելու, ինչպես նաև ավիացիոն անվտանգության հսկողությունից հրաժարվելու կամ իր ձեռքի իրերը զննման ներկայացնելուց հրաժարվելու դեպքերում ուղևորին չի թույլատրվում թռիչքի, ուղևորների կողմից փոխադրման հանձնված ուղեբեռը հանվում է օդանավից, ուղևորն իր ուղեբեռի հետ միասին պահվում է օդանավակայանի ոստիկանության բաժնում` մինչև տվյալ չվերթի օդանավի վայրէջքը ժամանման օդանավակայանում, և, ելնելով անվտանգության նկատառումներից, իրականացվում է օդանավի, ուղևորների, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների կրկնակի զննում:

(105.4 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

105.5. Ուղղաթիռադաշտերից կամ ուղղաթիռահրապարակներից ուղղաթիռներով ուղևորների և բեռների առևտրային փոխադրումների իրականացման դեպքերում ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների, փոստի, ինչպես նաև ուղղաթիռի ավիացիոն անվտանգության հսկողությունը (զննումը) իրականացվում է ուղղաթիռի անձնակազմի անդամների կողմից` ուղղաթիռի հրամանատարի հսկողության պայմաններում: Զննման գործընթացի կազմակերպման և իրականացման համար պատասխանատվություն է կրում ուղղաթիռի հրամանատարը:

(105.5 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

105.6. Օդանավակայանների զննման կետերում ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգի անցումից հետո մինչև օդանավ նստեցնելը, ուղևորները պետք է գտնվեն ստերիլ գոտիներում: Ստերիլ գոտիներ մուտքի իրավունք ունեն միայն ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգն անցած ուղևորները, ինչպես նաև այդ գոտիներում ուղևորների սպասարկման և վերահսկողության գործառույթներ իրականացնող ծառայությունների աշխատողները:

(105.6 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

105.7. Որոշակի չվերթների նկատմամբ ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումների իրականացման խնդրանքով օտարերկրյա պետությունների ավիացիոն իշխանությունների կամ օտարերկրյա օդանավ շահագործողների կողմից գլխավոր վարչություն դիմումներ ներկայացվելու դեպքերում ավիացիոն անվտանգության լրացուցիչ միջոցառումներն իրականացվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ստորաբաժանման կողմից՝ գլխավոր վարչության հսկողության ներքո:

(105.7 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

106. Օդանավակայաններից մեկնող ուղևորների ավիացիոն անվտանգության հսկողությունն իրականացվում է մետաղափնտրիչ կամրջակի, ձեռքի մետաղափնտրիչի, ուղեբեռի զննման ստացիոնար ռենտգենյան սարքավորումների և պայթուցիկ նյութերի խտությունը որոշելու միջոցով հեքսոգեն ու նմանատիպ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերող գազաանալիզատորների միջոցով: Մետաղափնտրիչների, ռենտգենյան սարքավորումների և գազաանալիզատորների օգտագործման կարգը, զննման ենթակա առարկաների սարքավորումների ու իրերի պատկերների պարամետրերը, դրանց չափագրման պայմաններն ու տեխնիկական սպասարկման կարգը սահմանում է գլխավոր վարչությունը:

(106-րդ կետը խմբ. 09.02.06 N 166-Ն)

107. Օդանավով փոխադրման համար արգելված բոլոր առարկաներն ու իրերը, որոնք հայտնաբերվում են զննման ընթացքում, վերցվում են ավիացիոն անվտանգության հսկողություն իրականացնող ծառայության աշխատողների կողմից, և կազմվում է արձանագրություն: Հրազենի, պայթուցիկ նյութերի կամ փոխադրման համար արգելված այլ զենքի հայտնաբերման դեպքում դրա մասին անմիջապես տեղեկացվում է ոստիկանության մարմիններին, իսկ վերցված առարկաներն ուղևորի և կազմված արձանագրության հետ միասին հանձնվում են նրանց:

108. Այն ուղևորին, որը հրաժարվում է ավիացիոն անվտանգության հսկողությունից կամ հրաժարվում է զննման ներկայացնել իր ձեռքի իրերն ու ուղեբեռը, չի թույլատրվում թռիչք:

109. Պետք է բացառվի անվտանգության հսկողությունն անցած ուղևորների շփումը նման հսկողություն չանցած ուղևորների, այդ թվում` նաև ուղևորների սպասարկմանը չառնչվող քաղաքացիական ավիացիայի աշխատողների հետ:

Ավիացիոն անվտանգության հսկողություն անցած և նման հսկողություն չանցած ուղևորների շփման դեպքերում ձեռնարկվում են հետևյալ միջոցները`

ա) ստերիլ գոտին ամբողջովին ազատվում է և օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայությունն իրականացնում է դրա ամբողջական զննում.

բ) թռիչքի պատրաստվող ուղևորներն անցնում են կրկնական զննում, որից հետո միայն նրանց թույլատրվում է մուտք գործել օդանավ.

Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացակարգերն անցնելուց հետո ուղևորները հրավիրվում են թռիչքի: Մինչև օդանավ նստեցումը ստերիլ գոտու ելքի կամ օդանավի մուտքի մոտ փոխադրումների ծառայության տվյալ չվերթի ուղևորների հաշվառում կատարած աշխատողների կողմից իրականացվում է ուղևորի և նստեցման կտրոնի նույնականացում, որից հետո ուղևորները մուտք են գործում օդանավ:

(109-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

109.1. Օդանավակայաններում պետք է կառուցվեն տարանցիկ և տրանսֆեր ուղևորների համար նախատեսված սպասասրահներ` բացառելու համար տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփումը զննման ընթացակարգ չանցած ուղևորների և այլ անձանց հետ: Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները չպետք է մուտք ունենան օդանավակայանների այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները:

(109.1 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

109.2. Եթե տեղի է ունեցել տարանցիկ և տրանսֆեր ուղևորների շփում զննման ընթացակարգ չանցած ուղևորների կամ այլ անձանց հետ, ինչպես նաև տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի այն տեղամասերը, որտեղ պահվում են նրանց հաշվառված ուղեբեռները, ապա այդ ուղևորները, մինչև օդանավ նստեցնելը, պետք է ենթարկվեն կրկնակի զննման:

(109.2 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

109.3. Տարանցիկ ուղևորներին կարող է թույլատրվել մինչև օդանավի թռիչքը գտնվել օդանավում` բացառությամբ այն դեպքերի, երբ օդանավի վրա կատարվում են տեխնիկական սպասարկման աշխատանքներ, և նրանց իջեցումն անհրաժեշտ է, ինչպես նաև այն դեպքերում, երբ, ելնելով անվտանգության նկատառումներից, պետք է իրականացվի օդանավի զննում:

(109.3 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

109.4. Արգելվում է տարանցիկ և տրանսֆեր ուղևորներին, առանց նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի, իջեցնել օդանավից՝ ուղևորի ավիատոմսում նշված ժամանման օդանավակայանից բացի այլ օդանավակայաններում:

(109.4 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

109.5. Տարանցիկ և տրանսֆեր ուղևորները կարող են չենթարկվել զննման, եթե անվտանգության համար պատասխանատու լիազոր մարմինը գտնում է, որ թռիչքի օդանավակայանում իրականացվող անվտանգության միջոցառումները համարժեք են ժամանման երկրում իրականացվող ավիացիոն անվտանգության միջոցառումներին: Ելնելով ավիացիոն անվտանգության նկատառումներից` օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից պետք է հսկողություն սահմանվի տարանցիկ և տրանսֆեր ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռի նկատմամբ:

(109.5 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

109.6. Եթե տարանցիկ ուղևորներին թույլատրվել է իջնել օդանավից, ապա ուղևորների կողմից օդանավի ուղևորասրահներում թողնված առարկաների և իրերի հայտնաբերման նպատակով պետք է իրականացվի օդանավի զննում: Եթե տարանցիկ և տրանսֆեր ուղևորները մուտք են գործել օդանավակայանի ընդհանուր սպասասրահ, իսկ նրանց ուղեբեռը հանվել է օդանավից կամ պետք է փոխադրվի այլ օդանավ, ապա նման ուղևորները և նրանց ուղեբեռները պարտադիր կարգով ենթակա են զննման:

(109.6 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

109.7. Եթե որևէ տարանցիկ կամ տրանսֆեր չվերթի նկատմամբ առկա է վտանգի իրական սպառնալիք, ապա կատարվում է ուղևորների իջեցում, իրականացվում է ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի, օդանավային պիտույքների, օդանավի անձնակազմի անդամների և օդանավի զննում:

(109.7 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

 

 2. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԴԱՆԱՎԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԸ, ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

110. Օդանավերի անձնակազմերը, օդանավակայանների աշխատողները և նրանց կողմից հատուկ վերահսկելի գոտի տարվող բոլոր առարկաներն ու իրերը ենթարկվում են հսկողության` ուղևորների համար սահմանված կարգով:

 

 3. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

111. Դիվանագետներն ավիացիոն անվտանգության հսկողություն են անցնում ուղևորների համար սահմանված կարգով:

Դիվանագիտական փոստը զննման ենթակա չէ, զինված սուրհանդակների ուղեկցությամբ օդանավերով փոխադրվող հատուկ բեռներն ու փոստը ենթարկվում են զննման` բացառապես տեխնիկական միջոցներով:

(111-րդ կետը փոփ. 09.02.06 N 166-Ն)

112. Հաշմանդամ, կարդիոստիմուլյատորներ ունեցող ուղևորները զննվում են մյուս ուղևորներից առանձին: Այդ դեպքում ուղևորը և նրա ձեռքի իրերը զննվում են`

ա) ռենտգենյան սարքավորման օգնությամբ կամ դիտողական զննման միջոցով,

բ) ձեռքի մետաղափնտրիչի օգնությամբ:

 

 4. ԶԵՆՔԻ ԹՈՒՅԼԱՏՐՎԱԾ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

113. Զենքն օդանավով փոխադրվում է «Ավիացիայի մասին» և «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 615 որոշմամբ, ինչպես նաև այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների հատուկ վերահսկելի և վերահսկելի գոտիներ զինված անձանց մուտքն արգելվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

(113-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

 

 5. ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՈՒՆԵՑՈՂ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՒՄԸ

 

114. Հատուկ կարգավիճակ ունեցող ուղևորներ են հանդիսանում`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը,

բ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը,

գ) Հայաստանի Հանրապետության վարչապետը,

դ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը,

ե) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարը և անդամները,

զ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները և Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները,

է) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի հրավերով պաշտոնական այցով ժամանող պաշտոնական պատվիրակությունների անդամները:

Հատուկ կարգավիճակ ունեցող ուղևորների փոխադրման կարգը և առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Ուղեկցման ենթակա անձինք են հանդիսանում ոստիկանական, ազգային անվտանգության մարմինների կարգախմբով ուղեկցվող անձինք, հաշմանդամները, Հայաստանի Հանրապետությունից վտարված անձինք կամ օտարերկրյա պետություններից վտարված Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, կալանքի տակ գտնվող անձինք, հոգեկան խանգարում ունեցող անձինք:

Ուղեկցման ենթակա անձանց փոխադրման կարգը և առանձնահատկությունները սահմանվում են գլխավոր վարչության կողմից:

(114-րդ կետը խմբ. 09.02.06 N 166-Ն)

(5-րդ բաժինը խմբ. 09.02.06 N 166-Ն)

 

6. ԳՐԱՆՑՎԱԾ ՈՒՂԵԲԵՌԸ

 

115. Օդանավեր շահագործող և ուղևորային փոխադրումների սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները պետք է ապահովեն, որպեսզի օդանավով փոխադրման ընդունվի միայն ավիատոմս ունեցող ուղևորի` հաշվառված և գրանցված ուղեբեռը: Արգելվում է որպես ուղեբեռ փոխադրման ընդունել տվյալ չվերթի հետ առնչություն չունեցող անձանց պատկանող առարկաները, իրերը, փաթեթները, ծանրոցները:

(115-րդ կետը խմբ. 28.06.07 N 763-Ն)

115.1. Օդանավեր շահագործող և ուղևորային փոխադրումների սպասարկումներ իրականացնող կազմակերպությունները, ելնելով անվտանգության նկատառումներից, պետք է ապահովեն, որպեսզի իրենց ուղևորային փաստաթղթերը և ուղեբեռը հաշվառման ներկայացնեն միայն տվյալ չվերթի ուղևորները, ինչպես նաև օդանավ շահագործողի ներկայացուցչի կողմից հարցում կատարվի ուղևորին ուղեբեռի պատկանելության, դրա փաթեթավորման և պարունակության մասին:

(115.1 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

115.2. Ուղևորների և օդանավով փոխադրման ընդունված ուղեբեռների համապատասխանության ստուգման նպատակով գլխավոր վարչության կողմից կարող է կիրառվել ուղևոր/ուղեբեռ համապատասխանության և ուղեբեռի պատկանելության հաստատման ընթացակարգ:

(115.2 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

115.3. Փոխադրման ընդունված այն ուղեբեռները, որոնք մշակման ընթացքում սխալմամբ չեն փոխադրվել տվյալ չվերթով, ենթարկվում են զննման, նրանց վրա փակցվում է համապատասխան ձևաթուղթ, որի վրա նշվում են չվերթի համարը, ուղղությունը, օրը, ուղևորի անունը, ազգանունը, զննման ժամը, օրը, ում կողմից է կատարվել զննումը, որից հետո նման ուղեբեռները հանձնվում են պահեստ: Նույն միջոցառումներն են իրականացվում նաև օդանավակայան ժամանող չվերթներով սխալմամբ ուղարկված, կտրոններ չունեցող և առանց ուղեկցողի ուղարկված ուղեբեռների նկատմամբ:

(115.3 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

115.4. Զննված ուղեբեռի, ինչպես նաև բեռների, փոստի, օդանավային պիտույքների փոխադրման ընդունումից հետո դրանց հետ չթույլատրված շփումը բացառելու նպատակով օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների կողմից իրականացվում է դրանց պահպանում` մինչև դրանք օդանավ բարձելը:

(115.4 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

116. Օդանավ շահագործողներն ապահովում են, որպեսզի ուղևորների հաշվառված ուղեբեռը փոխադրվի օդանավ` միայն դրանց զննումից հետո: Արգելվում է փոխադրման ընդունել տվյալ չվերթի հետ առնչություն չունեցող անձանց ուղեբեռը:

(116-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն, խմբ. 28.06.07 N 763-Ն)

116.1. Փոխադրման ընդունված` չուղեկցվող ուղեբեռը պետք է զննվի առնվազն երկու տարբեր անկյան տակ, միևնույն զննման կետում և միևնույն տեսուչի կողմից, որից հետո պետք է կազմվի չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տեղեկանք՝ նշելով, թե որ չվերթով չի փոխադրվել տվյալ ուղեբեռը, չփոխադրվելու պատճառը, չուղեկցվող ուղեբեռի կտրոնի համարանիշը, երբ է զննումը կատարվել, որ զննման կետում, ում կողմից: Տեղեկանքը լրացնելուց հետո այն փակցվում է չուղեկցվող ուղեբեռին: Չուղեկցվող ուղեբեռի զննման մասին տվյալները գրանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 944-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված բեռի և փոստի զննման հաշվառման մատյանում:

(116.1 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

117. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման նպատակով իրականացվում է փոխադրման ընդունված բեռների զննում:

(117-րդ կետը խմբ. 28.06.07 N 763-Ն)

117.1. Օդանավակայանների գործադիր մարմինները և գրանցված գործակալները պարտավոր են ապահովել ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումների իրականացումը` բեռների ընդունման, մշակման, դեպի օդանավ փոխադրման և օդանավ բարձման փուլերում: Ավիացիոն անվտանգության պահանջների խախտման դեպքերում բեռները փոխադրման չեն ընդունվում: Օդանավակայանների գործադիր մարմինները կազմակերպում են փոխադրման ընդունված բեռների նախաթռիչքային զննում, որն իրականացվում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանումների կողմից:

(117.1 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

117.2. Գրանցված գործակալին ճանաչում և սերտիֆիկատ է տրամադրում գլխավոր վարչությունը:

(117.2 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

117.3. Բեռների նախաթռիչքային զննումն իրականացվում է օդանավակայանների բեռնային համալիրների զննման տեղամասերում, համապատասխան ձևակերպումներից հետո: Զննման գործընթացի ժամանակ իրականացվում են հետևյալ միջոցառումները`

ա) բեռի դիտողական զննում,

բ) բեռի զննում` հատուկ տեխնիկական սարքավորումների միջոցով,

գ) բեռի զննում` փորձարկման խցիկների միջոցով,

դ) բեռի զննում` պայթուցիկ նյութեր և միացություններ հայտնաբերող գազաանալիզատորների միջոցով, բեռի զննում` հատուկ այդ նպատակով վարժեցված շների միջոցով:

(117.3 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

117.4. Բեռների զննումից հետո դրանց վրա փակցվում է բեռի զննման գործընթացի իրականացման փաստը հավաստող պիտակ՝ «Զննված է» մակագրությամբ: Զննման ենթարկված բեռները պետք է մշտապես գտնվեն օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության աշխատողների հսկողության ներքո: Բեռների հետ համատեղ կամ որպես բեռ փոխադրման ընդունված անձնական իրերը նույնպես ենթակա են զննման:

(117.4 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

117.5. Օդանավակայանների գործադիր մարմինները պարտավոր են ապահովել տարանցիկ բեռների անվտանգությունը: Օդանավակայանի կողմից փոխադրման ընդունված տարանցիկ բեռները ենթակա են զննման այն դեպքում, երբ օդանավով փոխադրման ընթացքում չեն իրականացվել ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները:

(117.5 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

 

 7. ՓՈՍՏԻ, ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԵՎ ՇՏԱՊ ԱՌԱՔՈՒՄՆԵՐԸ

 

118. Օդանավերով փոխադրման համար նախատեսված փոստը, սուրհանդակային և շտապ առաքումները, նախքան դրանց օդանավ բարձումը, ենթարկվում են ավիացիոն անվտանգության հսկողության: Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում փոստի, սուրհանդակային և շտապ առաքումների սպասարկման կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(118-րդ կետը խմբ. 09.02.06 N 166-Ն)

 

 8. ԱՎԻԱՍՆՈՒՆԴԸ ԵՎ ՕԴԱՆԱՎԱՅԻՆ ՊԻՏՈՒՅՔՆԵՐԸ, ՕԴԱՆԱՎ ՄԱՔՐՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(Վերնագիրը լրաց. 28.06.07 N 763-Ն)

 

119. Ավիասնունդը և օդանավային պիտույքները ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության` դրանց միջոցով զենքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի և այլ վտանգավոր առարկաների օդանավ փոխադրումը կանխելու նպատակով:

119.1. Օդանավ շահագործողներին ավիասնունդ տրամադրող կազմակերպությունները, ինչպես նաև օդանավերի մաքրման ծառայություններ մատուցող կազմակերպությունները պետք է մշակեն և գլխավոր վարչության հաստատմանը ներկայացնեն իրենց անվտանգության ծրագրերը:

(119.1 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

119.2. Ավիասնունդ տրամադրող կազմակերպությունների տեղամասերի արտադրատարածքները պետք է լինեն ցանկապատված, այդտեղ պետք է սահմանվի անցագրային վերահսկողություն: Ավիասննդի արտադրամաս ներկրվող մթերքները, օդանավ տարվող բոլոր տեսակի հեղուկները և սննդամթերք պատրաստելու համար անհրաժեշտ նյութերն ու պարագաները պարտադիր կարգով ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության: Ավիացիոն անվտանգության հսկողության պետք է ենթարկվեն նաև ավիասննդի արտադրամաս մուտք գործող աշխատողները և այցելուները:

(119.2 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

119.3. Օդանավերի մաքրման համար նախատեսված նյութերն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ մուտքի ժամանակ ենթակա են ավիացիոն անվտանգության հսկողության՝ դրանց միջոցով զենքի, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ, ռադիոակտիվ նյութերի, հեղուկների և այլ վտանգավոր առարկաների մուտքն օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներ և փոխադրումը դեպի օդանավ կանխելու համար:

(119.3 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

119.4. Սույն հավելվածի 119.3-րդ կետում նշված նյութերի պահպանության համար օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում պետք է նախատեսվեն պահեստարաններ, որոնք պետք է գտնվեն մշտական հսկողության տակ:

Արգելվում է չզննված մաքրող նյութերի, հեղուկների և մաքրման պարագաների փոխադրումն օդանավ:

(119.4 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

 

9. ՕԴԱՆԱՎԻ ՀԱՏՈՒԿ ԶՆՆՈՒՄՆԵՐԸ

 

120. Օդանավերը թռիչքից առաջ և հետո ենթարկվում են նախաթռիչքային և հետթռիչքային զննումների: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավերի զննման կանոնները սահմանվում են գլխավոր վարչության կողմից:

(120-րդ կետը խմբ. 09.02.06 N 166-Ն)

121. Անօրինական միջամտությունների մասին ահազանգերի դեպքում օդանավը, ուղեբեռը և բեռը զննվում են օդանավակայանի աշխատանքային հրապարակներից անվտանգ հեռավորության վրա գտնվող` այդ նպատակով առանձնացված հատուկ կայանատեղերում:

122. Եթե զննմամբ չեն հայտնաբերվել պայթուցիկ նյութեր կամ այլ վտանգավոր առարկաներ և իրեր, սակայն սպառնալիքը շարունակվում է, ապա օդանավը, ուղեբեռը և բեռը մնում են հատուկ կայանատեղում այնքան ժամանակ, որքան նախատեսված է տվյալ չվերթի կատարման համար:

123. Անվտանգության ապահովման լրացուցիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով օդանավ շահագործողի դիմելու դեպքում օդանավակայանը շահագործող ընկերության գործադիր մարմինը պարտավոր է անվտանգության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել օդանավի անվտանգության ապահովման համար (օդանավի զննում, պահպանում, ուղեբեռի և բեռների զննում, ուղևորների և նրանց ձեռքի իրերի կրկնակի զննում): Այդպիսի դեպքերում պետք է երաշխավորվի նման ծառայությունների համար վճարումը:

 

 10. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՕԴԱՆԱՎՈՒՄ

 

124. ՈՒղևորների փոխադրման համար նախատեսված օդանավերը պետք է սարքավորված և ապահովված լինեն`

ա) օդաչուական խցիկի գնդակաանթափանց դռներով, որոնք պետք է ունենան լայնանկյուն դիտողական սարք` դռան առջևի տարածության և կից ուղևորասրահի դիտման նպատակով,

բ) օդաչուական խցիկի և ուղեկցորդների միջև հատուկ ազդանշանային և հաղորդակցական սարքով (սարքերով),

գ) քողարկված անցումներով (սողանցքներով), որոնք կապահովեն հատուկ խմբի հանկարծակի մուտքն ուղևորասրահ` 2 և ավելի տեղերից,

դ) հակաառևանգման սարքերով, որոնք կբացառեն շարժիչների չթույլատրված աշխատանքը և օդանավի թռիչքը,

ե) թռիչքի ժամանակ ուղևորներից վերցված նյութերի և առարկաների պահպանման համար նախատեսված` փակվող հատուկ տեղամասերով,

զ) հրահանգչական փաստաթղթերով` անօրինական միջամտության գործողությունների ժամանակ անձնակազմի գործողությունների, թռիչքի ընթացքում օդանավում հատուկ զննման անցկացման և օդանավում հայտնաբերված պայթուցիկ նյութերի հետ վարվելու կարգի մասին:

125. Թռիչքի ընթացքում ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների անվտանգության ապահովման նպատակով, օդանավի հրամանատարի որոշմամբ, կարող է իրականացվել ուղևորների և նրանց ձեռքի իրերի զննում:

 

 VIII. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

 

126. ՈՒղևորների, նրանց ուղեբեռի ու բեռների ավիացիոն անվտանգության հսկողության համար յուրաքանչյուր օդանավակայան պետք է ունենա օդանավով փոխադրման համար արգելված առարկաների և իրերի հայտնաբերման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցներ:

127. Այն օդանավակայանները, որոնք ոչ լրիվ են ապահովված ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներով, պետք է ունենան անհրաժեշտ պայմաններ և անձնակազմ` ուղևորների ուղեբեռի և բեռների դիտողական զննման համար:

128. Ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցները պետք է տեղադրվեն այնպիսի սրահներում, որոնք համապատասխանում են նման տեխնիկայի շահագործմանը ներկայացվող պահանջներին:

129. Ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցների մշտական աշխատունակության ապահովման համար դրանց շահագործումը և տեխնիկական սպասարկումը պետք է իրականացվեն համապատասխան պատրաստականություն ունեցող մասնագետների կողմից:

130. Ավիացիոն անվտանգության հատուկ տեխնիկական միջոցներն ընտրվում, գնվում և ներդրվում են օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմնի կողմից` համաձայնեցվելով գլխավոր վարչության հետ:

131. Օդանավակայանում ավիացիոն անվտանգության ապահովման համար պետք է օգտագործվեն հետևյալ հատուկ տեխնիկական միջոցները`

ա) ռենտգենահեռուստատեսային անշարժ ներսադիտակներ (ինտրոսկոպ)` ներքին պարունակության ստվերային պատկերով հեռուստաէկրանին ձեռքի իրերը, ուղեբեռը և բեռները դիտելու համար: Ռենտգենահեռուստատեսային ներսադիտակներն իրենց ռադիացիոն անվտանգությամբ պետք է համապատասխանեն ընդհանուր սանիտարական կանոնների պահանջներին և չվնասեն կինո-, ֆոտոնյութերը: Ներսադիտակները պետք է թափանցեն մինչև 7 մմ և ավելի հաստություն ունեցող պողպատը, ունենան մոխրագույնի բազմակի աստիճանավորում և ստանան 0,4 մմ պղնձե լարի պատկերը,

բ) անշարժ մետաղափնտրիչ սարքեր` ուղևորների մոտ փոխադրման համար արգելված զենքի, ռազմամթերքի, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութերի ու առարկաների հայտնաբերման համար: Մետաղափնտրիչները պետք է ունենան բարձր ընտրողականություն, ցուցատախտակ, ապահովեն անձնական օգտագործման իրերից և այլ առարկաներից տագնապի նվազագույն քանակի ազդանշանների ստացումը, ցույց տան հայտնաբերված առարկաների գտնվելու տեղերը,

գ) շարժական դյուրակիր մետաղափնտրիչներ` ուղեբեռում փոխադրման համար արգելված զենքի, ռազմամթերքի, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութերի ու առարկաների հայտնաբերման, ինչպես նաև կրկնակի զննման համար պայթուցիկ նյութերի խտությունը որոշելու միջոցով հեքսոգեն ու նմանատիպ այլ պայթուցիկ նյութեր հայտնաբերող գազաանալիզատորներ,

դ) աբոնենտային համարը ֆիքսող սարքավորում` անանուն հեռախոսահաղորդման հեղինակի որոշման և հայտնաբերման համար: Նման սարքավորում տեղադրվում է օդանավակայանի տեղեկատվական բյուրոներում, ինչպես նաև օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության և ոստիկանության հերթապահ մասերում:

(131-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

 

 IX. ԱՆՁՆԱԿԱԶՄԸ

 

 1. ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

132. Ավիացիոն անվտանգության համար պատասխանատու լիազորված մարմիններն ավիացիոն անվտանգության աշխատանքները կազմակերպելիս պետք է կարևորեն մարդկային գործոնը, վարեն ուշադիր և հետևողական կադրային քաղաքականություն, սահմանեն տարիքի, առողջության, կրթության անհրաժեշտ չափանիշներ` ելնելով այն գործառույթներից, որոնք պետք է կատարի այս կամ այն աշխատողը` կոնկրետ աշխատատեղում կամ պաշտոնում:

Հայաստանի Հանրապետության օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի հավաքագրման, ընտրության և աշխատանքի ընդունման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

(132-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

133. Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայության ստորաբաժանումներում աշխատանքի ընդունվելու նպատակով դիմած քաղաքացիները, մինչև աշխատանքի ընդունվելը, պետք է անցնեն հարցազրույց՝ նրանց մտքի ճկունությունը, արագ կողմնորոշվելու ունակությունը, հուսալիությունը, ընդհանուր վարվելակերպը և տրամադրվածությունը պարզելու համար, ինչպես նաև մասնագիտացված ավիաբժշկական հաստատություններում անցնեն նախնական բժշկական ստուգում և առնվազն տարեկան մեկ անգամ` պարբերաբար բժշկական զննում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(133-րդ կետը խմբ. 28.06.07 N 763-Ն)

134. Հաշվի առնելով քաղաքացիական ավիացիայում ավիացիոն անվտանգության աշխատանքների հատուկ բնույթը` բոլոր թեկնածուները պետք է ենթարկվեն նախնական ստուգման` նրանց բնակության վայրի, աշխատանքային գործունեության, ընտանեկան դրության, դատվածության կամ քրեական պատասխանատվության մասին տեղեկությունների ճշտման նպատակով: Ազգային ծրագրով սահմանված չափանիշները չբավարարելու դեպքում չի թույլատրվում անձին ընդունել աշխատանքի:

134.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության (զննման) գործառույթներ իրականացնելու իրավունք ունեն Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության կողմից ճանաչված անվտանգության ուսումնական կենտրոններում համապատասխան մասնագիտական պատրաստականություն ստացած և սերտիֆիկացված անձինք:

(134.1 կետը լրաց. 28.06.07 N 763-Ն)

 

2. ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

 

135. Ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունները ազգային ծրագրի կատարումն ապահովելու նպատակով մշակում և իրականացնում են իրենց ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստման ու վերապատրաստման ծրագրեր, որոնք ենթակա են հաստատման գլխավոր վարչության կողմից:

Ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի արդյունավետության ապահովման նպատակով գլխավոր վարչությունը մշակում և իրականացնում է վերապատրաստման ծրագրեր քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության անձնակազմի համար` ներառելով վերապատրաստումը մարդկային հնարավորությունների բնագավառում:

(135-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

136. Ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների պատրաստումն ու վերապատրաստումն իրականացվում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության մշակած ծրագրերի համաձայն:

 

 X. ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

137. Անօրինական միջամտության գործողությունների դեմ կիրառվող պատասխան միջոցառումների նպատակն ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների կյանքի և առողջության պահպանումն է:

138. Հայաստանի Հանրապետության օդանավակայանները պետք է լինեն բաց և հասանելի` անօրինական միջամտության գործողությունների օբյեկտ դարձած օդանավերի համար: Այդ օդանավերը պետք է ապահովվեն օդային երթևեկության կառավարման մարմինների սպասարկման, կապի միջոցների, լուսաազդանշանային սարքավորումների, օդանավակայանի գետնավորման ուղու և թռիչք-վայրէջքային գոտու օգտագործման գերակայությամբ:

139. Անօրինական միջամտության գործողություններին արդյունավետ հակազդելու նպատակով մշակվում և ընդունվում են միջոցառումների մանրամասն համաձայնեցված պլաններ, որոնք պետք է նախատեսեն հակազդման գործողություններ` անօրինական միջամտության գործողության յուրաքանչյուր դեպքի, ինչպես նաև օդանավերի վթարային վայրէջքների ու որոնողական-փրկարարական աշխատանքների կազմակերպման համար` հաշվի առնելով տեղական առանձնահատկությունները, թռիչքների յուրահատկությունները, առկա ուժերի և որոնողական-փրկարարական միջոցների առկայությունը:

140. Պարտադիր պետք է նախատեսվեն հակազդման գործողություններ հետևյալ դեպքերում`

ա) գետնի վրա օդանավի զավթման,

բ) թռիչքի ընթացքում օդանավի զավթման,

գ) օդանավի կամ օդանավակայանի կարևոր օբյեկտների նկատմամբ կիրառվող անօրինական միջամտության գործողությունների,

դ) օդանավի կամ օդանավակայանի կարևոր օբյեկտների նկատմամբ կիրառվող անօրինական միջամտության գործողությունների սպառնալիքի,

ե) անանուն սպառնալիքի, որի դեպքում պարտադիր կարգով իրականացվում են`

օդանավի ուղեբեռների և բեռների զննում` մեկուսացված հատուկ սրահներում,

օդանավի նախաթռիչքային և հետթռիչքային զննում,

օդանավի զննում` թռիչքի ընթացքում:

141. Օդանավի կամ կարևոր օբյեկտի նկատմամբ նախապատրաստվող անօրինական միջամտության գործողության մասին տեղեկատվության ստացման դեպքում օդանավակայան շահագործող ընկերության գործադիր մարմինը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում ավիացիոն անվտանգության ուժեղացման համար, այդ թվում` օդանավերի և կարևոր օբյեկտների պահպանության, օդանավակայանի ամբողջ տարածքի հսկողության ամրապնդման, կողմնակի անձանց հայտնաբերման ու վնասազերծման համար:

142. Օդանավերը զավթելու և առևանգելու դեպքերում արտակարգ իրադրության կարգավորմանն ուղղված գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

143. Անօրինական միջամտության գործողությունների դեպքում հակազդման միջոցառումները ղեկավարող շտաբի աշխատանքներն ապահովելու նպատակով օդանավակայաններ շահագործող ընկերությունների գործադիր մարմինները պետք է առանձնացնեն և հատկացնեն հատուկ սրահներ` ապահովված կապի միջոցներով ու օդանավակայանի տարածքի տեսադիտման սարքերով: Հնարավորության սահմաններում հրամանատարական կետերը պետք է ապահովվեն անօրինական միջամտության գործողությունների օբյեկտ հանդիսացող օդանավի հետ կապով:

144. Անօրինական միջամտության գործողությունների դեպքում պատասխան գործողությունների օպերատիվ ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը:

145. Այն դեպքում, երբ անօրինական միջամտության գործողությունների ենթարկված օդանավը մտնում է Հայաստանի Հանրապետության օդային տարածք և ցանկանում է վայրէջք կատարել Հայաստանի Հանրապետության որևէ օդանավակայանում, օդային երթևեկության կառավարման կենտրոնն օդանավի թռիչքի անվտանգության ապահովման նպատակով պարտավոր է ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն, հաշվի առնելով ինքնաթիռի վթարային վայրէջքի հնարավորությունը, և ձեռնարկել պատշաճ գործողություններ, թռիչքի բոլոր փուլերն արագացնելու համար` ներառյալ վայրէջքի թույլտվության հատկացումը:

146. Վայրէջքից հետո օդանավն ուղարկվում է մեկուսացված կանգառ, որից հետո հետագա գործողություններն իրականացվում են «Նաբաթ» օպերացիայի պլանին համապատասխան: Անօրինական միջամտության գործողության ենթարկված օդանավի թռիչքը Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից թույլատրվում է միայն այն դեպքում, երբ օդանավում գտնվող ուղևորների և օդանավի անձնակազմի անդամների կյանքին իրական վտանգ է սպառնում:

(146-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

147. Այն դեպքում, երբ անօրինական միջամտության ենթարկված օդանավն անցնում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքով, օդային երթևեկության կառավարման կենտրոնը պարտավոր է թռիչքի անվտանգության ապահովման նպատակով այդ օդանավին ցուցաբերել ամեն տեսակի աջակցություն` Հայաստանի Հանրապետության օդային տարածքում օդանավի գտնվելու ամբողջ ընթացքում: Օդային երթևեկության կառավարման կենտրոնը թռիչքի մասին ամբողջ տեղեկատվությունը պետք է հաղորդի այն պետություններին, որոնց տարածքով անցնում է տվյալ օդանավի հայտնի կամ հավանական երթուղին, հայտնի կամ ենթադրվող վայրէջքի օդանավակայանին, որպեսզի հնարավոր լինի ձեռնարկել անհրաժեշտ անվտանգության միջոցներ:

148. Հայաստանի Հանրապետության տարածքում անօրինական միջամտության գործողությունների իրականացման դեպքում համապատասխան տեղեկատվությունը հաղորդվում է`

ա) այն պետությանը, որտեղ գրանցված է տվյալ օդանավը,

բ) օդանավ շահագործող պետությանը,

գ) այն պետությանը, որի քաղաքացիները միջադեպի ընթացքում զոհվել, վիրավորվել կամ բռնվել են,

դ) բոլոր այն պետություններին, որոնց քաղաքացիները գտնվում են նշված օդանավում:

149. Անօրինական միջամտության գործողությունների մասին տեղեկատվությունը նաև հաղորդվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը:

150. Քաղաքացիական ավիացիայի նկատմամբ կատարված անօրինական միջամտության գործողությունների դեպքում քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պատրաստում և Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն է ուղարկում հետևյալ 2 փաստաթուղթը`

ա) անօրինական միջամտության գործողությունների մասին նախնական ծանուցում` Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության որևէ աշխատանքային լեզվով (ռուսերեն, անգլերեն, արաբերեն, իսպաներեն, ֆրանսերեն)` անօրինական միջամտության գործողությունների իրականացման պահից 30 օրվա ընթացքում,

բ) անօրինական միջամտության գործողությունների մասին վերջնական ծանուցում` անօրինական միջամտության գործողությունների իրականացման պահից 60 օրվա ընթացքում:

151. Անօրինական միջամտության գործողություններից հետո պետք է իրականացվի միջադեպի վերլուծություն` ձեռնարկված հակազդման միջոցների արդյունավետության աստիճանը պարզելու և անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու համար:

Ելնելով անօրինական միջամտության գործողությունների բնույթից և հետևանքներից` հակազդման միջոցառումների մասնակիցներից վերցվում են գրավոր հաշվետվություններ, որտեղ նրանք պետք է հայտնեն իրենց գործողությունների, դերի, առաջացած խնդիրների, անձնակազմի անդամների և ուղևորների հետ փոխգործունեության, կապի միջոցների արդյունավետության մասին, ինչպես նաև կարծիք հայտնեն հակազդման գործողությունների պլանի վերանայման կամ փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ:

Քննարկման և վերլուծության արդյունքներն ավիացիոն անվտանգության հարցերով լիազորված մարմինն իր երաշխավորությունների հետ միասին տրամադրում է բոլոր մասնակիցներին` ընդհանուր իրավիճակի բարելավման և բացահայտված թերությունների վերացման ուղղությամբ միջոցների ձեռնարկման համար:

Բոլոր այն փոփոխությունները, որոնց քննարկումից հետո ավիացիոն անվտանգության հարցերով լիազորված մարմինն անհրաժեշտ կհամարի կիրառել թերությունների վերացման համար, սեղմ ժամկետներում պետք է հայտնի Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպություն:

(151-րդ կետը լրաց. 09.02.06 N 166-Ն)

 

 XI. ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

152. Ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները ֆինանսավորվում են ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունների հաշվին:

153. Կատարված ծախսերի ֆինանսավորման նպատակով ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունները կարող են իրենց կողմից մատուցված ավիացիոն անվտանգության ծառայությունների (ուղևորների հատուկ զննում, օդանավերի և օբյեկտների պահպանություն) դիմաց գանձել վճարներ:

154. Ավիացիոն անվտանգության գործառույթներ իրականացնող ընկերությունների կողմից ավիացիոն անվտանգության ծառայությունների սակագները ներկայացվում են գլխավոր վարչություն` հաստատման:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան
 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան