Գլխավոր տեղեկություն
Համար
N 691-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.07.2007-17.12.2023)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.02/33(557) Հոդ.769
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.05.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.06.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
20.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.07.2007
Ուժը կորցնելու ամսաթիվ
17.12.2023

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 մայիսի 2007 թվականի N 691-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1927-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և ժամանող ֆիզիկական անձանց կողմից ուղեկցվող բեռների մաքսային հսկողության իրականացման ժամանակ երկուղային համակարգի կիրառման կարգը հաստատելու մասին» N 1927-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման վերնագրում «կարգը հաստատելու» բառերը փոխարինել «կարգի» բառով.

2) որոշման 1-ին կետից, 1-ին կետով հաստատված կարգի վերնագրից հանել «մեկնող և» բառերը.

3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 11-ին և 12-րդ կետերով.

«11. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին կից ուղևորային մաքսային հայտարարագրի ձևի «Ա» դաշտի 2-րդ տողը Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար պարտադիր լրացման ենթակա չէ: Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձինք մաքսային սահմանը հատում են առանց մաքսային հայտարարագիր լրացնելու` բացառությամբ այն դեպքերի, երբ`

ա) մաքսային սահմանով տեղափոխում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված այնպիսի ապրանքներ, որոնց` մաքսային սահմանով տեղափոխումը ենթակա է ոչ սակագնային կարգավորման,

բ) ֆիզիկական անձի կողմից վերաարտահանվում են նախկինում «Ժամանակավոր ներմուծում» կամ «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» ռեժիմով Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքներ,

գ) ֆիզիկական անձը մաքսային հայտարարագիր ներկայացնելու ցանկություն է հայտնում:

12. Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձինք սույն որոշման 11-ին կետով նախատեսված դեպքերում մաքսային հայտարարագիրը ներկայացնում են նախքան մաքսային հսկողության գոտի մուտք գործելը: Մաքսային հսկողության գոտու մուտքը պատկերվում է սպիտակ ֆոնի վրա` կանաչ, կանոնավոր ութանկյուն գրաֆիկական նշանով և «Մաքսային հսկողության գոտու մուտք» բառերով (հայերենով, անգլերենով և ռուսերենով), իսկ ելքը նշվում է 50 սմ լայնությամբ կանաչ գծով:

Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մաքսային հսկողության գոտի առանց գրավոր մաքսային հայտարարագիր լրացնելու մուտք գործող` Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձի մոտ առկա են հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մինչև մաքսային հսկողության գոտու մուտքը հատելը մաքսային մարմնի պաշտոնատար անձը կարող է կանգնեցնել նրան և առաջարկել գրավոր լրացնել մաքսային հայտարարագիրը:

Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մաքսային հսկողության գոտու ելքն առանց մաքսային հայտարարագիրը գրավոր լրացնելու հատած` Հայաստանի Հանրապետությունից մեկնող ֆիզիկական անձը տեղափոխում է հայտարարագրման ենթակա ապրանքներ, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձն իրականացնում է մաքսային հսկողության գործողություններ».

4) որոշման 1-ին կետով հաստատված կարգում`

ա) 1-ին կետից հանել «և Հայաստանի Հանրապետությունից մեկնող» բառերը,

բ) 2-րդ կետը սկզբից լրացնել «Հայաստանի Հանրապետություն ժամանող» բառերով և կետից հանել «թռիչքից առնվազն 30 րոպե, իսկ» բառերը,

գ) կարգին կից ուղևորային մաքսային հայտարարագրի ձևի 2-րդ կետը «Բ» դաշտը» բառերից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Ա» դաշտի 2-րդ տողը Հայաստանի Հանրապետության միջազգային օդանավակայաններով մեկնող և տարանցիկ ուղևորվող ֆիզիկական անձանց համար պարտադիր լրացման ենթակա չէ:»:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 18
Երևան