Գլխավոր տեղեկություն
Համար
N 717-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2007-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.07.11/35(559) Հոդ.791
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.06.2007
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.06.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հունիսի 2007 թվականի N 717-Ն

«ԳԱՎԱՌԻ ԻՆԴՈՒՍՏՐԻԱԼ-ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածին, 64-րդ հոդվածի 2-րդ մասին և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2. Սահմանել, որ «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդ է հանդիսանում «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվում է պետական սեփականություն հանդիսացող «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը նախկինում ամրացված` Գավառ քաղաքի Ազատության 25 հասցեում գտնվող ուսումնական շենքն ու ճաշարանային մասնաշենքը` 3625,6 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 28128,8 հազ. դրամ սկզբնական արժեքով, և կիսակառույցը`  20,7 քառ. մետր մակերեսով, իսկ սեփականության իրավունքով` «Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության սեփականությունը հանդիսացող` նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող և պատմամշակութային նշանակություն չունեցող` 4675,7 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել փոխանցման ակտի համաձայն կազմակերպությանը հանձնվող գույքի անհատույց օգտագործման պայմանագիր:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`

1) ապահովել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված` սեփականության իրավունքով հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել նշված գույքի կազմը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.

2) ապահովել «Գավառի ինդուստրիալ մանկավարժական պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

3) ապահովել Գավառի պետական համալսարանի կազմում Գավառի ինդուստրիալ-մանկավարժական պետական քոլեջի միջին և նախնական մասնագիտական կրթական ծրագրերով ուսանողների ուսումնառության բնականոն գործընթացը:

5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 1009-Ն որոշմամբ հաստատված ցանկի 27-րդ կետը:

6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` երկամսյա ժամկետում Գավառի քաղաքապետի և «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ղեկավարի հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հողատարածքի սահմանների ճշտումը և համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը, ինչպես նաև սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները` «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ս. Սարգսյան


2007 թ. հունիսի 28
Երևան