Գլխավոր տեղեկություն
Համար
N 1256-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (07.07.2007-18.06.2016)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.09.27/50(505) Հոդ.1031
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.08.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
13.09.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.10.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.06.2018

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 օգոստոսի 2006 թվականի N 1256-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. սեպտեմբերի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2006 թվականի
օգոստոսի 24-ի N 1256-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` պետական կառավարման մարմին) քրեակատարողական վարչությունը (այսուհետ` վարչություն) պետական հիմնարկ է, որը պետական կառավարման մարմնի ենթակայության քրեակատարողական ծառայության (այսուհետ` ծառայություն) կառավարման կենտրոնական մարմինն է:

2. Վարչությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և դրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) կողմից:

3. Իր գործունեության ընթացքում վարչությունը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով, սույն կանոնադրությամբ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Վարչությունն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Վարչության անվանումն է`

հայերեն լրիվ` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն,

հայերեն կրճատ` Քրեակատարողական վարչություն,

ռուսերեն լրիվ` Óãîëîâíî-èñïîëíèòåëüíîå óïðàâëåíèå ìèíèñòåðñòâà þñòèöèè Ðåñïóáëèêè Àðìåíèÿ,

ռուսերեն կրճատ` Óãîëîâíî-èñïîëíèòåëüíîå óïðàâëåíèå,

անգլերեն լրիվ` Criminal-executive Department of the Ministry of Justice of the Republic of Armenia,

անգլերեն կրճատ` Criminal-executive Department:

6. Վարչության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արշակունյաց 63:

7. Վարչությունն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր` հայերենով, ռուսերենով, անգլերենով անվանմամբ կլոր կնիք:

Վարչությունը կարող է ունենալ այլ կնիքներ, դրոշմակնիքներ, դրոշմակներ, իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանշան և այլ անհատականացման միջոցներ:

8. Վարչության պարտավորությունների կատարման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետությունը:

 

II. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

9. Վարչությունն իր խնդիրներն ու գործառույթներն իրականացնում է իր համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, համապատասխան պաշտոնատար անձանց, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկների միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Վարչությունն ապահովում է քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) ընդհանուր ղեկավարումն ու վերահսկողությունը` ըստ համապատասխան ոլորտների:

11. Վարչության հիմնական խնդիրներն են`

ա) իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված, դատարանի նշանակած պատիժները (այսուհետ` պատիժներ) օրենքով սահմանված կարգով կատարելը,

բ) պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց վրա և պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումը հետաձգելու դեպքերում դատապարտյալների վրա դատարանի դրած պարտականությունների կատարման նկատմամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելը,

գ) անձանց` օրենքով սահմանված հիմքերով և կարգով կալանքի տակ պահելը,

դ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների (այսուհետ` քրեակատարողական հիմնարկ) պահպանությունը, ազատությունից զրկելու ձևով պատիժ կրող դատապարտյալների և կալանավորված անձանց փոխադրումը կազմակերպելը,

ե) քրեակատարողական հիմնարկներում օրինականություն, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների` իրենց իրավունքներից և ազատություններից օգտվելու երաշխիքներ ապահովելը,

զ) քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց, այդ հիմնարկների անձնակազմերի և այնտեղ գտնվող այլ անձանց անվտանգությունն ապահովելը,

է) կալանավորված անձանց և դատապարտյալների կյանքի ու առողջության պահպանման, անձնական և մշակութային, կրթական և հոգևոր զարգացման համար պատշաճ պայմաններ ապահովելը,

ը) կալանավորված անձանց և դատապարտյալների` քրեակատարողական հիմնարկում գտնվելու կապակցությամբ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ կազմակերպելը,

թ) քրեակատարողական հիմնարկների և մարմինների նյութատեխնիկական և սոցիալական պայմանների բարելավումն ապահովելը,

ժ) կալանավորված անձանց և դատապարտյալների զբաղվածությունն ապահովելը,

ժա) օրենքով նախատեսված այլ խնդիրներ:

12. Վարչության հիմնական գործառույթներն են`

ա) պետական կառավարման մարմին քրեակատարողական ծառայության ոլորտին առնչվող օրենսդրական ակտերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը,

բ) պետական կառավարման մարմնի ղեկավարին այլ պետությունների համապատասխան մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ պայմանագրային կամ այլ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը, իր իրավասության սահմաններում պայմանագրեր կնքելը,

գ) իր առջև դրված խնդիրների իրականացման գործընթացն ուսումնասիրելն ու վերլուծելը և բացահայտված թերություններն ու բացթողումները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելը,

դ) իր կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարումն իրականացնելը և դրանց գործունեության արդյունավետության բարձրացման համար պայմաններ ստեղծելը,

ե) դատարանների դատավճիռների և քրեական գործերով կայացված որոշումների համաձայն, յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկի համար սահմանված առավելագույն լրակազմին համապատասխան` կալանավորված անձանց և դատապարտյալների տեղաբաշխման աշխատանքները կազմակերպելը,

զ) կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու համար միջոցներ ձեռնարկելը,

է) քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումներին մեթոդական և գործնական աջակցություն ցուցաբերելը,

ը) քրեակատարողական ծառայության արխիվային քարտադարան վարելը, կալանավորված անձանց և դատապարտյալների  քարտային տվյալների, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառվող խրախուսանքի և տույժի միջոցների մասին տվյալների համակարգչային մուտքագրումն ու պահպանումն ապահովելը, վերջիններիս հաշվառման և հաշվառումից հանելու հետ կապված այլ գործառույթներ իրականացնելը,

թ) քրեակատարողական հիմնարկներում գտնվող կալանավորված անձանց և դատապարտյալների հետ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ կազմակերպելն ու իրականացնելը, այդ աշխատանքների կատարման ընթացքն ուսումնասիրելն ու վերլուծելը, թերությունները վերացնելու համար միջոցներ ձեռնարկելը, նշված խնդիրների լուծման համար այլ գործողություններ կատարելը,

ժ) քրեակատարողական ծառայությանը վերաբերող փաստաթղթերի` ժամանակին և պատշաճ ընդունման, հաշվառման, առաքման և պահպանման գործընթացն իրականացնելը,

ժա) քրեակատարողական վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից յուրաքանչյուր հաջորդ տարվա համար ներկայացված հայտ-պահանջագրերն ամփոփելը, դրանց հիման վրա գնումների անվանացանկ կազմելը և վարչության համապատասխան բաժին ներկայացնելը, դրա հիման վրա գնման հայտեր կազմելը,

ժբ) դատարանների կողմից դատավճիռների և քրեական գործերով կայացված որոշումների պատշաճ կատարման, քրեակատարողական հիմնարկներում կանոնակարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն  իրականացնելը,

ժգ) քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի նկատմամբ մշտական հսկողություն իրականացնելը, բացասական հետևանքներ առաջացնող և իրավիճակը վատթարացնող արտակարգ իրավիճակների ժամանակ անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ ձեռնարկելը` իրավիճակը կայունացնելու համար, ծառայողական ստուգումներ կամ քննություններ անցկացնելը, դրանց պատճառները պարզելն ու վերլուծելը, ինչպես նաև միջոցառումներ մշակելը և իրականացնելը` հետագայում նման դեպքերը բացառելու նպատակով,

ժդ) դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ օրինապահ վարքագիծ ձևավորելու նպատակով հոգեբանական, սոցիալական, մանկավարժական և այլ ծրագրեր մշակելն ու իրականացնելը` համագործակցելով հասարակական և այլ կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ,

ժե) կալանավորված անձանց և դատապարտյալների կրթությունը և մասնագիտական պատրաստվածությունն ապահովելու նպատակով միջոցներ ձեռնարկելը,

ժզ) քրեակատարողական հիմնարկների շենքերի, շինությունների, ինժեներատեխնիկական միջոցների սպասարկման և շահագործման հետ կապված աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը, դրանց պահպանության, կալանավորված անձանց և դատապարտյալների հուսալի մեկուսացման, նրանց նկատմամբ հսկողության արդյունավետության բարձրացման և նրանց կողմից իրենց պարտականությունների  կատարման և անվտանգության ապահովման  համար միջոցներ ձեռնարկելը,

ժէ) քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրեր կազմելը, կատարված աշխատանքների մասին կիսամյակային և տարեկան հաշվետվություն պատրաստելը,

ժը) համաներման և ներման ակտերի կատարումը սահմանված կարգով կազմակերպելը,

ժթ) վարչության և քրեակատարողական հիմնարկների ֆինանսական և նյութատեխնիկական, այդ թվում` ինժեներատեխնիկական, պահպանության և կապի միջոցներով, զենքով, զինամթերքով, հատուկ և անհատական պաշտպանության միջոցներով  ապահովումը կազմակերպելը, ինչպես նաև դրանց բաշխման, պահպանման, օգտագործման նկատմամբ հսկողություն իրականացնելը,

ի) իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով պետական այլ մարմինների և կազմակերպությունների հետ համագործակցելը, այլ կազմակերպությունների հետ համագործակցելու, կապերն ընդլայնելու հարցերում քրեակատարողական հիմնարկներին աջակցելը, բանակցություններ վարելը և պայմանագրեր կնքելը,

իա) քրեական պատիժների կատարման, ինչպես նաև կալանավորված անձանց և դատապարտյալների մասին վիճակագրական ու տեղեկատվական բնույթի տվյալներն ընդհանրացնելն ու վերլուծելը,

իբ) աշխատանքի առաջավոր ձևերն ու մեթոդները, այդ թվում` այլ երկրների փորձը կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների աշխատանքային գործունեության մեջ ներդնելու համար միջոցներ ձեռնարկելը,

իգ) քրեակատարողական ծառայողների ատեստավորումը կազմակերպելը և անցկացնելը,

իդ) վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացներին ուղեգրելու գործընթացը կազմակերպելը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու, առաջին բժշկական օգնություն ցուցաբերելու և այլ հարցերի հետ կապված՝ քրեակատարողական ծառայողների ուսումնական ծրագրեր կազմելը,

իե) քրեակատարողական ծառայությունում քրեակատարողական ծառայողի պաշտոնում նշանակվող անձանց հանդիսավոր երդման արարողությունը, քրեակատարողական ծառայողների ծառայության անցնելու, ծառայությունից ազատվելու, այլ պաշտոնի փոխադրվելու, ինչպես նաև կոչումների շնորհման գործընթացը կազմակերպելը,

իզ) քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սննդամթերքով, հանդերձանքով, անկողնային և սանիտարահիգիենիկ պարագաներով, կենցաղային սպասարկման սարքավորումներով, խոհանոցային պարագաներով և գույքով, ինչպես նաև համակարգի անձնակազմին ծառայողական հանդերձանքով ապահովելը,

իէ) վարչության կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների շենքերում և շինություններում, դրանց հարակից տարածքներում աշխատանքի անվտանգության, հիգիենիկ-հակահամաճարակային և հակահրդեհային կանոնների պահպանությունն ապահովելը, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը, քրեակատարողական հիմնարկների հրշեջ պահպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպմանը  վերաբերող հարցերի լուծմանը մասնակցելը,

իը) վարչության, դրա կառուցվածքային ստորաբաժանումների և քրեակատարողական հիմնարկների մոբիլիզացիոն պատրաստվածությունն ապահովելը, ռազմական դրության և արտակարգ իրավիճակների պայմաններում գործելու պատրաստականության աստիճանի բարձրացման նկատմամբ հսկողություն իրականացնելը,

իթ) քրեակատարողական հիմնարկների կենցաղային օբյեկտների, էներգահամակարգերի, ջրագծերի, գազիֆիկացման, կապիտալ շինարարության, գույքի, սարքավորումների, կահավորանքի և տրանսպորտային միջոցների ապահովումն իրականացնելը, հիմնարկների վերանորոգման աշխատանքների ծրագրեր մշակելը, համապատասխան նախագծանախահաշվային աշխատանքներ պատվիրելը,

լ) քրեակատարողական վարչության` որպես բյուջետային հիմնարկի, պահպանման ծախսերի նախահաշիվ կազմելը, սահմանված կարգով հաշվապահական հաշվառում կատարելը, հաշվետվություններ կազմելը և դրանք պետական կառավարման մարմնի ղեկավարին ներկայացնելը, ինչպես նաև իրավասու մարմիններին, կատարվող ֆինանսատնտեսական գործունեության օրինականության ու նպատակահարմարության, պետական միջոցների խնայողաբար ու արդյունավետ օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, ֆինանսատնտեսական գործունեության բարելավման և կատարվող ծախսերի կրճատման հետ կապված հարցերը վերլուծելը և առաջարկություններ  ներկայացնելը,

լա) պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից սահմանած կարգով ինքնուրույն գործավարություն վարելը,

լբ) անձնակազմի կողմից հանդերձանք կրելու կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելը,

լգ) քրեակատարողական հիմնարկների զարգացման ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցելը,

լդ) քրեակատարողական ծառայողների անձնական անվտանգության ապահովման նպատակով` սահմանված կարգով նրանց զենքով, զինամթերքով և անհատական պաշտպանության հատուկ միջոցներով ապահովելը,

լե) օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ իրականացնելը:

 

III. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

13. Վարչության գործունեության կառավարումն իրականացնում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` օրենքներով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

14. Վարչության գործունեության ղեկավարումն իրականացնում է վարչության պետը:

15. Վարչության պետը`

ա) ղեկավարում և հսկում է քրեակատարողական ծառայության գործունեությունը (բացառությամբ քրեակատարողական տեսչության),

բ) ապահովում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք), Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության այլ օրենքների ու իրավական ակտերի պահանջների, ինչպես նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանների և ցուցումների կատարումը,

գ) ընդունում է քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) գործունեության կազմակերպման վերաբերյալ հրամաններ, տալիս է ցուցումներ, անհրաժեշտության դեպքում հայտարարում է տագնապ, այդ թվում` ուսումնական տագնապ, կամ ուժեղացված ծառայություն,

դ) միջնորդություն է ներկայացնում պետական կառավարման մարմնի ղեկավարին քրեակատարողական ծառայողներին (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների) խրախուսելու կամ նրանց նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու մասին,

ե) քննարկում է քրեակատարողական ծառայողների (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների) նկատմամբ ներկայացված բողոքները,

զ) վերացնում է քրեակատարողական ծառայողների (բացառությամբ քրեակատարողական տեսչության ծառայողների) անօրինական հրամանները և ցուցումները,

է) նշանակում և անցկացնում է ծառայողական քննություններ,

ը) ծառայողական քննության ժամանակահատվածում կարող է ժամանակավորապես դադարեցնել իր կողմից պաշտոնի նշանակված քրեակատարողական ծառայողի լիազորությունները,

թ) լսում է վարչության և քրեակատարողական հիմնարկների գործունեության մասին հաշվետվություններ,

ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում վարչությանը և քրեակատարողական հիմնարկներին ամրացված կամ դրանց օգտագործմանը հանձնված սեփականության պահպանության նկատմամբ, հանդիսանում է բյուջետային հատկացումների կարգադրիչը,

ժա) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն կազմակերպում է դատապարտյալների և կալանավորված անձանց այլ պետությունների իրավասու մարմիններին հանձնելու և դրանցից ընդունելու հետ կապված աշխատանքները,

ժբ) օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված` վարչության և քրեակատարողական հիմնարկների գործունեության նպատակներին և խնդիրներին համապատասխան` պետական կառավարման մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ քրեակատարողական հիմնարկի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ,

ժգ) իր իրավասության սահմաններում խրախուսանքի կամ կարգապահական տույժի է ենթարկում քրեակատարողական ծառայողներին և վարչության վարձու աշխատողներին,

ժդ) քրեակատարողական վարչության ծառայողներին և վարձու աշխատողներին տրամադրում է հերթական, կարճաժամկետ և լրացուցիչ արձակուրդներ, իրականացնում նրանց` սահմանված կարգով ծառայողական գործուղումները` Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև` նրա սահմաններից դուրս,

ժե) հսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների կողմից աշխատանքային կարգապահության, նրանց կողմից աշխատանքային պարտականությունների ժամանակին և պատշաճ կատարման նկատմամբ,

ժզ) պետական կառավարման մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ ծառայության կառուցվածքի, իր տեղակալների միջև պարտականությունների բաշխման, անձանց քրեակատարողական ծառայության պաշտոններում նշանակելու կամ պաշտոնից ազատելու վերաբերյալ (բացառությամբ քրեակատարողական տեսչության պաշտոնների), իր կողմից նշանակված քրեակատարողական ծառայողներին փոխադրում է այլ պաշտոնի,

ժէ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբի քրեակատարողական ծառայողներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,

ժը) իր իրավասության սահմաններում շնորհում է քրեակատարողական ծառայողների կոչումները,

ժթ) իր իրավասության սահմաններում իրականացնում է քրեակատարողական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավական, սոցիալական և անձնական անվտանգության ապահովումը,

ի) իր իրավասության սահմաններում իրականացնում է քաղաքացիների ընդունելություն, Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման և արտակարգ դեպքերի փաստերի հիման վրա արձակում է համապատասխան հրաման ծառայողական ստուգումներ կամ ուսումնասիրություններ կատարելու վերաբերյալ,

իա) ծառայությունում (բացառությամբ քրեակատարողական տեսչության) սահմանված կարգով անցկացնում է խորհրդակցություններ, որտեղ քննարկվում են քրեակատարողական ծառայողների հաշվետվությունները, ինչպես նաև նրանց միջև փորձի փոխանակման, աշխատանքային ծրագրերի կատարման ընթացքի և ծառայության խնդիրներին առնչվող այլ հարցեր,

իբ) տալիս է ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր,

իգ) աշխատանքի է նշանակում և աշխատանքից ազատում ծառայության վարձու աշխատողներին,

իդ) համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ,

իե) հաստատում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքային ծրագրերը,

իզ) տալիս է թույլտվություն` քրեակատարողական հիմնարկներ զանգվածային լրատվության միջոցների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված կրոնական կամ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքի և ելքի համար,

իէ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(15-րդ կետը խմբ., փոփ. 06.06.07 N 684-Ն)

16. Վարչության պետի առաջին տեղակալը և տեղակալը`

ա) համակարգում են իրենց հանձնարարված բնագավառում վարչության և քրեակատարողական հիմնարկների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները, կատարում  աշխատանքների վերլուծություն,

բ) իրենց լիազորությունների սահմաններում համագործակցում են պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ,

գ) իրենց հանձնարարված բնագավառում համակարգում են զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները,

դ) վարչության պետին են ներկայացնում տեղեկատվություն իրենց հանձնարարված բնագավառում տիրող իրավիճակի, ինչպես նաև ծառայությունում պաշտոն զբաղեցնելու համապատասխան թեկնածուի ընտրության և ներկայացման վերաբերյալ,

ե) ապահովում են իրենց հանձնարարված բնագավառում պետական կառավարան մարմնի ղեկավարի և վարչության պետի` սահմանված կարգով ընդունված իրավական ակտերի պահանջների պատշաճ և ժամանակին կատարումը,

զ) վարչության պետին միջնորդություն են ներկայացնում ծառայողներին արտահերթ կոչումներ շնորհելու, նրանց նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսանքի միջոց կիրառելու վերաբերյալ,

է) իրենց իրավասության սահմաններում ընդունում են որոշումներ, տալիս ցուցումներ,

ը) իրականացնում են օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:

17. Վարչության պետի բացակայության դեպքում նրան փոխարինող անձին նշանակում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

 

IV. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Քրեակատարողական ծառայության հիմնական խնդիրներն արդյունավետ իրականացնելու նպատակով վարչության պետը հսկողություն է իրականացնում քրեակատարողական ծառայության (բացառությամբ քրեակատարողական տեսչության) գործունեության նկատմամբ:

19. Վարչության պետը հսկողությունն իրականացնում է վարչության կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող ուսումնասիրությունների և ստուգայցերի միջոցով:

20. Վարչության կառուցվածքային ստորաբաժանումներն իրենց  ուսումնասիրություններն իրականացնում են քրեակատարողական հիմնարկների համապատասխան ստորաբաժանումների և վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի տարածքային մարմինների (այսուհետ` տարածքային մարմին) կողմից ներկայացված հաշվետվությունների, աշխատանքային ծրագրերի ուսումնասիրությունների ամփոփման արդյունքների հիման վրա:

21. Քրեակատարողական ծառայությունում (բացառությամբ քրեակատարողական տեսչության) ուսումնասիրություններն իրականացվում են քրեակատարողական հիմնարկներ և տարածքային մարմիններ պլանավորված և ոչ պլանավորված այցելությունների միջոցով` առանձին ոլորտին առնչվող հարցերի կամ հիմնարկի գործունեության համալիր ուսումնասիրման նպատակով:

22. Ուսումնասիրությունն իրականացվում է վարչության պետի հրամանի կամ ցուցումի համաձայն:

23. Ուսումնասիրության արդյունքներով կազմվում է արձանագրություն կամ տեղեկանք` երկու օրինակից, որի մեկ օրինակը տրվում է ուսումնասիրվող  մարմնի կամ հիմնարկի ղեկավարին:

24. Քրեակատարողական ծառայությունում (բացառությամբ քրեակատարողական տեսչության) վարչության կառուցվածքային ստորաբաժանումների ստուգայցերն իրականացվում են վարչության պետի համապատասխան հրամանի հիման վրա, որում նշվում են ստուգայց իրականացնող ստորաբաժանման անվանումը, քրեակատարողական ծառայողի անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը, ստուգայցի նպատակը և ժամկետը: Վարչության պետի հրամանով ստուգայց իրականացնելու յուրաքանչյուր դեպքի համար կարող է ստեղծվել ստուգայց կամ ստուգայցեր իրականացնող հանձնաժողով, որի նախագահին նշանակում է վարչության պետը:

Ստուգայց անցկացնելու մասին հրամանում չնշված ծառայողները չեն կարող մասնակցել ստուգայցին: Ստուգայց իրականացնող քրեակատարողական ծառայողի կողմից իր պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինող քրեակատարողական ծառայողը նշանակվում է վարչության պետի համապատասխան հրամանի հիման վրա:

25. Ստուգայց իրականացնող ծառայողը (ծառայողները) կամ հանձնաժողովի անդամներն ստուգայցն իրականացնում են  հրամանում նշված նպատակի շրջանակներում:

26. Ստուգայցի ընթացքում նոր հանգամանքներ ի հայտ գալու դեպքում ստուգայցի նպատակները  կարող են փոխվել վարչության պետի կողմից` ստուգայց իրականացնող ծառայողի, իսկ հանձնաժողովի առկայության դեպքում`  հանձնաժողովի նախագահի գրավոր հիմնավորմամբ:

27. Ստուգայցի ժամկետը չպետք է գերազանցի հրամանում նշված ժամկետը: Ստուգայցի ժամկետն անհրաժեշտության դեպքում կարող է երկարաձգել վարչության պետը` ստուգայց իրականացնող ծառայողի, իսկ հանձնաժողովի առկայության դեպքում` հանձնաժողովի նախագահի գրավոր հիմնավորմամբ:

28. Ստուգայցի արդյունքներով ստուգայց իրականացնող ծառայողների կողմից կազմվում է միասնական արձանագրություն, որին ծանոթանում են այն մարմնի կամ հիմնարկի ներկայացուցիչները, որտեղ կատարվել է ստուգայցը: Արձանագրության մեջ նկարագրվում են ստուգայցի արդյունքները և դրանց վերաբերյալ ներկայացվում են համապատասխան առաջարկություններ: Արձանագրությանը (դրա առանձին դրույթներին) համաձայն չլինելու դեպքում ստուգայցին մասնակցած ծառայողի հատուկ կարծիքը կցվում է արձանագրությանը  կամ ներառվում դրանում:

29. Ստուգայցի արդյունքների հիման վրա կազմված արձանագրությունը հրամանով նախատեսված ժամկետում ներկայացվում է վարչության պետի քննարկմանը, որին մասնակցում են ստուգայց իրականացնող ծառայողը, իսկ հանձնաժողովի առկայության դեպքում` դրա նախագահը և այն մարմնի կամ հիմնարկի ղեկավարը կամ նրան փոխարինող անձը, որտեղ կատարվել է ստուգայցը:

30. Ստուգայց իրականացնող ծառայողներն իրենց լիազորություններն իրականացնելիս`

ա) իրավունք ունեն անարգել մուտք գործելու այն մարմնի կամ հիմնարկի համապատասխան ստորաբաժանումներ, որտեղ կատարվում է ստուգայցը,

բ) պահանջելու փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգայցի նպատակներին,

գ) սահմանել ժամկետներ բացահայտված այն թերությունների և խախտումների վերացման համար, որոնք չեն առաջացնում քրեական պատասխանատվություն,

դ) վարչության պետին ներկայացնելու առաջարկություններ քրեական պատասխանատվություն առաջացնող բացահայտված չարաշահումների և այլ խախտումների կապակցությամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ,

ե) վերցնելու փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ և այլ անհրաժեշտ իրեր, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգայցի նպատակներին և չեն խոչընդոտում այն մարմնի կամ հիմնարկի բնականոն գործունեությունը, որտեղ կատարվում է ստուգայցը` այդ մարմնի կամ հիմնարկի ղեկավարի հետ կազմելով  համապատասխան արձանագրություն, որում նշվում են դրանց վերադարձման ժամկետները, և արձանագրության մեկ օրինակը հանձնվում է տվյալ ենթակա մարմնի կամ հիմնարկի ղեկավարին,

զ) իրականացնելու ստուգայցի նպատակին առնչվող այլ գործառույթներ:

31. Ստուգայց իրականացնող ծառայողները պարտավոր են չխոչընդոտել այն մարմինների կամ հիմնարկների բնականոն գործունեությունը, որտեղ կատարվում է ստուգայցը:

Ստուգայց իրականացնող քրեակատարողական ծառայողները պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցված փաստաթղթերի և այլ իրերի ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետներում վերադարձման համար:  

 

V. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ ԵՎ ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ

 

32. Վարչության քրեակատարողական ծառայողների և վարձու աշխատողների գործառական պարտականությունները և իրավունքների շրջանակները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Իրենց պարտականությունները կատարելիս քրեակատարողական ծառայողները և վարձու աշխատողները ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, պետական կառավարման մարմնի կանոնադրությամբ, պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամաններով և ցուցումներով, սույն կանոնադրությամբ և աշխատանքային ծրագրերով, ինչպես նաև պետական կառավարման մարմնում սահմանված աշխատանքային ներքին կարգապահության կանոններով:

33. Վարչության քրեակատարողական ծառայողները և վարձու աշխատողները հաշվետու են ըստ վերադասության և գործում են աշխատանքային ծրագրին համապատասխան:

34. Վարչության քրեակատարողական ծառայողները պարտավոր են պահպանել կարգապահական կանոնակարգը, ժամանակին ներկայանալ ծառայության, տագնապի ազդանշան ստանալուն պես ներկայանալ ծառայության և գործել այդ ժամանակահատվածի համար տրված հրամանների, ցուցումների և որոշումների համաձայն:

35. Վարչության քրեակատարողական ծառայողները և վարձու աշխատողները պարտավոր են բարեխղճորեն օգտագործել ծառայողական պարտականությունները կատարելու համար իրենց տրամադրված գույքը, հատուկ միջոցները, զենքն ու զինամթերքը, կապի, տրանսպորտային և այլ միջոցներ:

 

VI. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

36. Վարչության գույքը ձևավորվում է հիմնադրի կողմից վարչությանն ամրացված գույքից, որը հաշվառվում է վարչության հաշվեկշռում:

37. Հիմնադրի կողմից վարչությանը հանձնված գույքը ենթակա է հաշվառման` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

38. Վարչության պահպանման ծախսերը ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

39. Վարչությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

 

VII. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

40. Վարչությունը վերակազմակերպվում է, ինչպես նաև` դրա գործունեությունը դադարում է հիմնադրի որոշմամբ:

41. Վարչության գործունեությունը դադարեցված է համարվում դրա մասին հիմնադրի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

42. Վարչության գործունեությունը դադարելու դեպքում նրան ամրացված գույքի տնօրինման կարգը սահմանվում է ծառայության գործունեությունը դադարեցնելու մասին որոշմամբ:

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան