ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-771(ՎԴ) |
Քաղաքացիական գործ թիվ 07-716 | |
Նախագահող դատավոր՝ | Կ. Հակոբյան |
Դատավորներ՝ | Ա. Խառատյան |
Լ. Գրիգորյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի հունիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Յուրի Համբարձումյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ դատարան) 15.01.2007 թվականի թիվ 07-716 քաղաքացիական գործով կայացված վճռի դեմ՝ ըստ Հեղինե Աթոյանի հայցի ընդդեմ Յուրի Համբարձումյանի՝ ալիմենտի գումարի չափը փոփոխելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ հայցվորը պահանջել է 2006 թվականի սեպտեմբեր ամսից յուրաքանչյուր երեխայի համար բռնագանձել ամսական 30 000 ՀՀ դրամ ալիմենտի գումար:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 18.10.2006 թվականի թիվ 2-3337 վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Վճռվել է փոփոխել Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 05.06.2000 թվականի թիվ 2-491 վճռով պատասխանող Յուրի Համբարձումյանից հայցվոր Հեղինե Աթոյանի օգտին բռնագանձվող ալիմենտի չափը և սկսած 29.09.2006 թվականից պատասխանող Յուրի Համբարձումյանից հայցվոր Հեղինե Աթոյանի օգտին բռնագանձել ամսական 7000-ական (յոթ հազար) ՀՀ դրամ ալիմենտ, մինչև հայցվորի խնամքին գտնվող երեխաների՝ 07.07.1990 թվականին ծնված Ռիմա Համբարձումյանի և 26.09.1992 թվականին ծնված Անժելա Համբարձումյանի չափահաս դառնալը:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.01.2007 թվականի թիվ 07-716 վճռով հայցը բավարարվել է ամբողջությամբ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պատասխանող Յուրի Համբարձումյանը Վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբան Ռուզաննա Տեր-Վարդանյանի միջոցով:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ ընտանեկան օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է նույն օրենսգրքի 69-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև խախտել է անձի՝ ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածով երաշխավորված իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Պատասխանողը հայցվորի հետ ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է երկրորդ անգամ, ունի մեկ երեխա՝ Գոռ Յուրիկի Համբարձումյանը, ծնված 30.08.1997 թվականին: Պատասխանողի խնամքին են գտնվում նրա չաշխատող կինը՝ Զարուհի Կիրակոսյանը, որը 29.01.2007 թվականին տրված տեղեկանքի համաձայն վատառողջ է, ունի բուժման, հատուկ սննդակարգի և հատուկ խնամքի կարիք, ինչը պատասխանողից պահանջում է կատարել լրացուցիչ ծախսեր:
Բացի այդ, պատասխանողի խնամքին են գտնվում նրա թոշակառու ծնողները: Այսինքն, հայցվորի խնամքին կան 4 անձինք, և հայցվորին յուրաքանչյուր ամիս 30 000 ՀՀ դրամ վճարելու դեպքում վտանգի տակ է դրվում նրա խնամքի տակ գտնվող անձանց կենսական շահերը:
Ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը հաշվի չի առել պատասխանողի գույքային և ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը:
«Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենսգրքերի, օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի, ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների իմաստով որպես հաշվարկման հիմք չի կարող ընդունվել նույն օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Նշված ակտերում որպես հաշվարկային հիմք ընդունվում է 1000 ՀՀ դրամը:
Հետևաբար, ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը որպես հաշվարկային հիմք պետք է ընդուներ 1000 ՀՀ դրամը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.01.2007 թվականի թիվ 07-716 վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 18.10.2006 թվականի թիվ 2-3337 վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Հեղինե Աթոյանը և Յուրի Համբարձումյանը գրանցված ամուսնության մեջ են եղել 09.02.1991 թվականից:
2) Վերջիններս համատեղ ամուսնության կյանքի ընթացքում ունեցել են երկու երեխա՝ 07.07.1990 թվականին ծնված Ռիմա Համբարձումյանը և 26.09.1992 թվականին ծնված Անժելա Համբարձումյանը:
3) Երևանի Շահումյանի շրջանի ժողդատարանի 10.10.1994 թվականի վճռով թույլատրվել է կողմերին ամուսնալուծվել:
4) Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի 05.06.2000 թվականին կայացված վճռով Յուրի Համբարձումյանից հօգուտ Հեղինե Աթոյանի վճռվել է բռնագանձել ալիմենտ՝ կայուն դրամական գումարով՝ վերջինիս խնամքի տակ գտնվող 07.07.1990 թվականին ծնված Ռիմա Համբարձումյանի և 26.09.1992 թվականին ծնված Անժելա Համբարձումյանի համար՝ մինչև վերջիններիս չափահաս դառնալը՝ ամսական յուրաքանչյուր երեխայի համար 5 000 ՀՀ դրամի չափով:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ՝ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վճռաբեկ բողոքով առաջադրված իրավական հարցին, մասնավորապես նշելով, որ ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը որպես հաշվարկային հիմք չի կարող ընդունել «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում նշված նվազագույն աշխատավարձի չափը, այլ որպես հաշվարկային հիմք պետք է ընդունի 1000 ՀՀ դրամը, և որ ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը պետք է հաշվի առնի պատասխանողի գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը (իրավական հիմնավորումները տես՝ Զոյա Զախարյան ընդդեմ Սամվել Զախարյան, 30.11.2006 թվական, քաղաքացիական գործ թիվ 3-2300 (ՎԴ) (ալիմենտի չափը փոփոխելու պահանջով) Վճռաբեկ դատարանի որոշումների ընտրանի, հատոր առաջին, էջ 406-409):
Սույն գործով ալիմենտի ամենամսյա վճարումների չափը որոշելիս դատարանը հաշվի չի առել այն հանգամանքները, որ պատասխանողը ամուսնացել է երկրորդ անգամ, ունի մանկահասակ երեխա, թոշակառու ծնողներ, իսկ կինը վատառողջ է, ունի բուժման, հատուկ սննդակարգի և հատուկ խնամքի կարիք:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը սույն գործի քննության շրջանակում հաշվի չի առել Վճռաբեկ դատարանի սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի վերը վկայակոչված գործով արտահայտած իրավական դիրքորոշումը:
Այսպիսով, բողոքում նշված հիմքերի առկայությունը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 226-րդ հոդվածի համաձայն ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի վճիռը բեկանելու հիմք է հանդիսանում:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված առաջին ատյանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ պատճառաբանությամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 18.10.2006 թվականին կայացրել է ըստ էության ճիշտ վճիռ:
Վերոգրյալ պատճառաբանությամբ առաջին ատյանի դատարանի սույն գործով կայացված վճռին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 15.01.2007 թվականի թիվ 07-716 վճիռը և օրինական ուժ տալ Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարանի 18.10.2006 թվականի թիվ 2-3337 վճռին:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|