Գլխավոր տեղեկություն
Համար
N 46
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.12.2011-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.12.2011
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

24 նոյեմբերի 2011 թվականի N 46

14. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2011 թ. դեկտեմբերի 7

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2011 թ.

նոյեմբերի 24-ի նիստի N 46

արձանագրային որոշման

 

Հ ա յ ե ց ա կ ա ր գ

 

 Հայաստանի Հանրապետության հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման ԵՎ վերակառուցման

 

1. Ներածություն

 

1.1 Առկա իրավիճակի վերլուծություն

 

Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհները նախագծվել և կառուցվել են 40-50 տարի առաջ, և հաշվարկվել են ավտոմեքենաների մեկ առանցքի վրա 6-8 տոննա բեռնվածության համար, ինչպես նաև ավտոմեքենաների միջին շահագործական արագությունը չի գերազանցել 60 կմ/ժ: Ներկայումս ավելացել է 1 առանցքի վրա բեռնվածությունը` 11-13 տոննա, ինչպես նաև միջին արագությունը: Ճանապարհի հիմքի ամրության չբավարարելու և նախկինում կառուցված հիմքի շահագործման ժամկետի լրանալու պատճառով ներկայումս սպասարկող ավտոճանապարհները չեն կարող բավարարել ժամանակակից պահանջներին: Վերջին 7 տարիների ընթացքում Հանրապետությունում գոյություն ունեցող 1686,5 կմ միջպետական նշանակություն ունեցող ճանապարհներից վերանորոգվել է ընդամենը 205 կմ:

Ավտոմոբիլային ճանապարհների բնագավառում կատարված ներդրումների արդյունքում որոշ չափով բարելավվել է ճանապարհային ցանցի վիճակը: Օրինակ` նպատակային և արդյունավետ վերականգնողական միջոցառումների իրականացման արդյունքում ճանապարհային ցանցի որոշ վերականգնված հատվածների (միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հատվածներ) ծածկի անհարթության միջինացված գործակիցը (IRI) 1998թ-ի 7.8 մմ/մ արժեքից 2010թ-ին նվազել է մինչև 4.0 մմ/մ արժեքը:

 

1.2 Նախատեսվող միջոցառումներ

 

Հայաստանի Հանրապետություն ներկրվող և արտահանվող ապրանքների փոխադրումների զգալի մասը իրականացվում է ավտոմոբիլային տրանսպորտով: Հաշվի առնելով նշված փաստը` անհրաժեշտություն է առաջանում իրականացնել Հայաստանի Հանրապետությունը հարևան երկրների հետ կապող տարանցիկ մայրուղիների վերակառուցման աշխատանքներ: Վերակառուցման արդյունքում հնարավոր կլինի մայրուղիները համապատասխանեցնել միջազգային ստանդարտներին, ապահովել անվտանգ երթևեկությունը և զգալի նվազեցնել բեռնափոխադրումների ծախսերը, ինչի արդյունքում կնվազեն նաև Հայաստանի Հանրապետություն ներկրվող ապրանքների արժեքները:

Հաշվի առնելով այն, որ Հայաստան-Վրաստան սահմանը այժմ ծառայում է որպես Հայաստանի միակ առևտրային միջանցք` ցամաքով դեպի Ռուսաստան և Եվրոպա, ու ներկայումս ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող բեռնափոխադրումների մեծ մասը կատարվում է Վրաստանի սահմանից, ապա ներկայացվող հայեցակարգի մեջ ընդգրկված են այն տարանցիկ մայրուղիները, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության կենտրոնը Վրաստանի հետ կապող տարանցիկ ուղիներ: Այդ ուղիներն են`

 Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան-Բագրատաշեն/Վրաստանի սահման, երկարությունը` 200.1 կմ որից 63կմ I-ին տեխ. կարգ, ինտենսիվությունը` 31860 մեք./օր (Աբովյան ՃՈ կետ),

 Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Ստեփանավան-Գոգավան/Վրաստանի սահման, երկարությունը 154,7կմ որից 11 կմ I-ին տեխ. կարգ, ինտենսիվությունը` 16431 մեք./օր (Աշտարակի ՃՈ կետ)

 Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն/Վրաստանի սահման, երկարությունը 191,1կմ, որից 11 կմ I-ին տեխ. կարգ (տես` Նկար 1):

Հաշվի առնելով կրկնվող հատվածները` վերանորոգվող և վերականգնվող ճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 440,7 կմ:

 Բացի վերոնշյալ տարանցիկ ճանապարհներից, պետք է նշել նաև M1-ը Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա/Վրաստանի սահման, երկարությունը` 160.9 կմ, որից 17 կմ I-ին տեխ. կարգ, ինտենսիվությունը` 16431 մեք./օր (Աշտարակի ՃՈ կետ), որն ընդգրկված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման նախագծում: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հարավային հատվածն M2 մայրուղին է` Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի/Իրանի Իսլամական Հանրապետության սահման, երկարությունը` 373.8 կմ, որից 38 կմ I-ին տեխ. կարգ, ինտենսիվությունը` 29375 մեք./օր (Նորագավիթի ՃՈ կետ):

 

2. Հայեցակարգի հիմնական նպատակը և խնդիրները

 

Հայեցակարգի հիմնական նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանի Հանրապետության կենտրոնը Վրաստանի հետ կապող հիմնական տարանցիկ մայրուղիները: Հայեցակարգի իրականացման արդյունքում կապահովվի

ա) Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհային ցանցի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին և անվտանգության չափանիշներին,

բ) ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացումը,

գ) միջազգային բեռնափոխադրումների արդյունավետության բարձրացումը,

դ) տարանցիկ բեռնափոխադրումների աճը,

ե) արտահանման և ներմուծման խթանումը,

զ) ՀՀ տարածքում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների տարանջատումն ըստ ուղղությունների,

է) Հյուսիս-հարավ մայրուղու այլընտրանքայնությունը,

ը) ճանապարհների կառավարման ժամանակակից միջոցների ներդրում,

թ) ճանապարհներից օգտվողների սպասարկման և հանգստի հարցերի կարգավորում:

 

Գոգավան (Հայաստանի
Հանրապետություն – Վրաստանի
Հանրապետության սահման)

Բագրատաշեն (Հայաստանի Հանրապետություն
– Վրաստանի Հանրապետության սահման)

Նկար 1.

Ներմուծեք նկարագրությունը_1801

M4. Երևան-Սևան-Իջևան-Նոյեմբերյան-M16-Բագրատաշեն/Վրաստանի սահման, երկարությունը` 200.1 կմ որից 63կմ I-ին տեխ. կարգ,

M3. Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-Ստեփանավան-Գոգավան/Վրաստանի սահման, երկարությունը 154,7կմ որից 11 կմ I-ին տեխ. կարգ,

M3. Երևան-Աշտարակ-Ապարան-Սպիտակ-M6-Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն/Վրաստանի սահման, երկարությունը 191,1կմ, որից 11 կմ I-ին տեխ. կարգ

M1. Երևան-Աշտարակ-Գյումրի-Բավրա/Վրաստանի սահման, երկարությունը 160.9 կմ, որից 17 կմ I-ին տեխ. կարգ

M2. Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի/Իրանի Իսլամական Հանրապետության սահման, երկարությունը 373.8 կմ, որից 38 կմ I-ին տեխ. կարգ

 

Ներկայումս նշված ճանապարհների մեծ մասի ճանապարհային ծածկը գտնվում է ոչ բավարար վիճակում, որոշ հատվածներ չեն համապատասխանում տրանսպորտային միջոցների առկա ինտենսիվությանը և միջազգային չափանիշներին (օրինակ` ներկա դրությամբ գոյություն ունեցող տրանսպորտային հոսքերի պարագայում, Մ6 Վանաձոր – Ալավերդի - Վրաստանի սահման ա/ճ-ի երկրաչափական ցուցանիշները չեն բավարարում միջազգային չափանիշներին), ինչը հանգեցնում է ճանապարհներով անվտանգ երթևեկության վատթարացմանը և տրանսպորտային ծախսերի զգալի ավելացմանը:

Նշված ճանապարհների նախնական ուսումնասիրությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից 2010 թ. ընթացքում:

Ուսումնասիրությունը կատարվել է ակնադիտական և գործիքային մեթոդների կիրառմամբ: Հետազոտման աշխատանքների ընթացքում կատարվել է ճանապարհային ծածկի առկա վիճակի, ջրահեռացման համակարգի, արհեստական կառուցվածքների և ճանապարհային երթևեկության անվտանգության ուսումնասիրություններ: Հատուկ սարքավորման կիրառման միջոցով չափվել է ճանապարհային անհարթության միջազգային ցուցանիշը` ճանապարհների յուրաքանչյուր 100 մ համար:

Նախնական տնտեսատեխնիկական վերլուծությունը իրականացվել է 2011թ. մայիս ամսին` ՀDM-4 տնտեսագիտական-վերլուծությունների մոդելի կիրառմամբ: ՀDM-4–ի համար կիրառվել են հետևյալ ելակետային տվյալները.

AADT աճի միջին տոկոսադրույքը կազմում է 6%:

Դիսկոնտավորման դրույքը կազմում է 12%:

Աս‎‎ֆալտբետոնե ծածկ ունեցող ճանապարհների վերականգնման համար կիրառվել են հետևյալ ռազմավարությունները` մակերեսային մշակում, միաշերտ աս‎ֆալտբետոն և վերակառուցում:

 

3. Ակնկալվող արդյունքները

 

1. Վերակառուցման և վերականգնման արդյունքում կունենանք վերանորոգված նոր մայրուղիներ:

2. Կբարելավվի միջպետական և հանրապետական ճանապարհների ցանցը:

3. Կստեղծվի հնարավորություն ճանապարհային կառավարման ժամանակակակից համակարգերի ներդրման համար:

4. Ճանապարհների որակի բարձրացման հետևանքով կբարելավվեն ճանապարհների սպասարկման չափանիշները, կընդլայնվի ճանապարհներից օգտվողների հնարավորությունները:

5. Կնվազեն ճանապարհների սպասարկման և շահագործման ծախսերը:

6. Կապահովվի ճանապարհային անվտանգությունը:

7. Կլուծվեն ճանապարհների վրա գովազդի համակարգման խնդիրները:

8. Զբոսաշրջության խթանում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում գտնվող պատմամշակութային կենտրոնների հետ կապի ապահովում:

9. Կբարձրանա ճանապարհների երթևեկության հաշվարկային ինտենսիվությունը:

10. Կհանդիսանա այլընտրանքային ճանապարհ Հյուսիս-հարավ մայրուղու հյուսիսային հատվածի համար:

 

4. Ֆինանսական աղբյուրները

 

Հայեցակարգով նախատեսվում է իրականացնել միջազգային ֆինանսական կազմակերպությունների օժանդակությամբ, մասնավորապես` Եվրոպական ներդրումային բանկի և Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկային միջոցների հաշվին, պետական մասնավոր գործընկերության միջոցներով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան