Գլխավոր տեղեկություն
Համար
N 238-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (25.05.2007-04.08.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.09.15/23(232) Հոդ.290
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.06.2006
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.06.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.08.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 05006265

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

6 հունիսի 2006 թ.  N 238-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10-Ը ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 436-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2006 թ. հունիսի 14
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2006 թվականի հունիսի 6-ի
թիվ 238-Ն որոշման

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  10

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Գ Լ ՈՒ Խ  1

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կանոնակարգը սահմանում է արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող արտարժույթի փոխանակման կետերի (այսուհետ՝ փոխանակման կետեր), դրանց գործունեության այլ վայրերի (այսուհետ՝ մասնաճյուղեր) լիցենզավորման և կարգավորման ընթացակարգերը, ինչպես նաև փոխանակման կետերի կողմից արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգը:

2. Փոխանակման կետն իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) կողմից տրված լիցենզիայի հիման վրա Հայաստանի Հանրապետության դրամով իրականացնում է արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ:

 

Գ Լ ՈՒ Խ  2

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստանալու համար լիցենզավորվող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

ա) լիցենզիա ստանալու մասին հայտ (հավելված 1),

բ) անհատ ձեռնարկատիրոջ համար՝ պետական գրանցման վկայականի պատճենը, իրավաբանական անձի համար՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները: Այն դեպքերում, երբ իրավաբանական անձն արտարժույթի առք ու վաճառքն իրականացնելու է ոչ թե իր գործունեության կամ գտնվելու վայրում, այլ առանձնացված ստորաբաժանումում, ապա Կենտրոնական բանկ է ներկայացվում նաև առանձնացված ստորաբաժանման հաշվառման վկայականի պատճենը,

գ) իրավասու մարմնի որոշման պատճենը իրավաբանական անձի ղեկավարի (գործադիր տնօրեն կամ նման պարտականություններ իրականացնող անձ) նշանակման մասին,

դ) տեղեկանք բանկից (բանկերից)՝ ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում Հայաստանի Հանրապետության  դրամով առնվազն մեկ միլիոն դրամի և (կամ) դրան համարժեք՝ առաջին խմբի մեջ մտնող արտարժույթի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն, նորվեգական կրոն և ավստրալիական դոլար) առկայության մասին,

ե) տարածքի սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը կամ նոտարական կարգով վավերացված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրի պատճենը և համապատասխան պետական մարմնում գրանցված վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման իրավունքի վկայականի պատճենը,

զ) հայտարարագիր սույն կանոնակարգի 8-րդ գլխի պահանջներին համապատասխանության վերաբերյալ (հավելված 2),

է) հայտարարագիր աշխատանքային ռեժիմի վերաբերյալ՝ նշելով շաբաթվա աշխատանքային օրերն ու ժամերը,

ը) դրամապահոցի բացակայության դեպքում՝ ինկասացիոն ծառայության կամ զինված անվտանգության ծառայության հետ կնքված պայմանագրերի պատճենները,

թ) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

ժ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հաստատված՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),

ժա) տեղեկանք՝ լիցենզավորվող անձի մասին (իրավաբանական անձի համար՝ հավելված 3-ով, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար՝ հավելված 4-ով սահմանված ձևերով),

ժբ) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատիրոջ կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարի համար՝ իրավասու մարմնից տեղեկանք՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու և քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված չլինելու վերաբերյալ,

ժգ) լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար ներկայացված պատասխանատու անձի (այսուհետ՝ աշխատակից) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը: Եթե անհատ ձեռնարկատիրոջ կողմից լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար այլ անձ չի ներգրավվում, ապա աշխատակից է համարվում անհատ ձեռնարկատերը: Այն անձինք, որոնք նախկինում հանձնել են որակավորման քննություն և դրական արդյունք են ունեցել, սակայն Կենտրոնական բանկի կողմից չեն ստացել մասնագիտական որակավորման վկայական, կարող են ներկայացնել արտարժույթի առք ու վաճառքի այն լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենը, որում նշված են իրենց անունն ու ազգանունը և անձնագրի տվյալները,

ժդ) տեղեկանք աշխատակցի մասին (հավելված 4),

ժե) աշխատակցի համար իրավասու պետական մարմնից տեղեկանք՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու և քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված չլինելու վերաբերյալ:

4. Փոխանակման կետերի կողմից մասնաճյուղեր բացելու կամ գործունեության վայրի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացվում հայտ (հավելված 5):

5. Մասնաճյուղեր լիցենզավորելիս հայտին կից ներկայացվում են սույն գլխի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը՝ բացառությամբ «ա», «դ», «ժ», «ժա» և «ժբ» ենթակետերում նշվածների, ինչպես նաև տեղեկանք բանկից (բանկերից)՝ ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) դրան համարժեք՝ առաջին խմբի մեջ մտնող արտարժույթի (եվրո, անգլիական ֆունտ ստեռլինգ, ԱՄՆ դոլար, ճապոնական իեն, դանիական կրոն, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն, նորվեգական կրոն և ավստրալիական դոլար) համապատասխան գումարի առկայության մասին (փոխանակման կետի և յուրաքանչյուր մասնաճյուղի համար՝ առնվազն մեկ միլիոնի չափով): Իրավաբանական անձի համար ներկայացվում է նաև առանձնացված ստորաբաժանման հաշվառման վկայականի պատճենը:

6. Գործունեության վայրի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկ են ներկայացվում սույն գլխի 3-րդ կետով սահմանված փաստաթղթերը՝ բացառությամբ «ա», «դ», «ժ», «ժա», «ժբ», «ժգ», «ժդ» և «ժե» ենթակետերում նշվածների:

7. Հայտարարագրերը և Կենտրոնական բանկ ներկայացվող փաստաթղթերի պատճենները պետք է ստորագրված և կնքված  լինեն լիցենզավորվող անձ իրավաբանական անձի իրավասու մարմնի կողմից կամ ստորագրված լինեն լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատիրոջ կողմից (կնիքի առկայության դեպքում նաև կնքված լինեն): Ընդ որում, պատճենները պետք է ներկայացվեն «իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ: Ներկայացվող տեղեկանքների վաղեմությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից չպետք է գերազանցի մեկամսյա ժամկետը:

8. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում ներկայացված հայտը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ: Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա (հավելված 6), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին լիցենզիայի ներդիրը (հավելված 7): Այն դեպքերում, երբ լիցենզիան տրվում է մասնագիտական որակավորման վկայական ունեցող անհատ ձեռնարկատիրոջ անունով, ապա վերջինիս ներդիր չի տրամադրվում: Գործունեության վայրի փոփոխությանը թույլտվություն տալու դեպքում լիցենզիայի նոր ներդիր նույնպես չի տրամադրվում, իսկ նախկին լիցենզիան փոխարինվում է միևնույն համարի նոր լիցենզիայով:

9. Կենտրոնական բանկի խորհուրդը  մերժում է ներկայացված հայտը, եթե՝

ա)  ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված, հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին.

բ) լիցենզավորվող անձը կամ աշխատակիցը (աշխատակիցները) օրենքի (իրավաբանական անձի համար՝ նաև կանոնադրության) ուժով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով իրավունք չունի զբաղվել արտարժույթի առք ու վաճառքով.

գ) գործունեության տարածքը և տեխնիկական հագեցվածության պայմանները չեն համապատասխանում սույն կանոնակարգով սահմանված պահանջներին.

դ) անհատ ձեռնարկատերը, իրավաբանական անձը կամ իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում փայամասնակցություն ունեցող անձը հայտը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին նախորդող երեք տարվա ընթացքում, սակայն ոչ շուտ, քան 2005 թվականի հունիսի 28-ը, զրկվել է արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիայից.

ե) լիցենզավորվող անձ անհատ ձեռնարկատերը կամ լիցենզավորվող անձ իրավաբանական անձի ղեկավարը կամ աշխատակիցը դիտավորությամբ կատարված հանցագործության համար ունի դատվածություն և քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:

10. Փաստաթղթերի թերի լինելու հիմքով լիցենզիա ստանալու հայտը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով նախազգուշացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 օրվա ընթացքում հայտատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր կամ նյութեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի լինելու վերաբերյալ նախազգուշացումն ուղարկում է դրանք ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում՝ նշելով թերի ներկայացված բոլոր փաստաթղթերը:

11. Հայտը մերժելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից հնգօրյա ժամկետում Կենտրոնական բանկն այդ մասին տեղեկացնում է հայտատուին՝ նշելով մերժման հիմքերը:

12. Հայտը մերժվելու դեպքում լիցենզավորվող անձի կողմից նույն  վայրում գործունեություն իրականացնելու նոր հայտ կարող է ներկայացվել առաջին հայտը մերժելու պահից սկսած 1 տարվա ընթացքում՝ ոչ ավելի, քան 3 անգամ:

13. Փոխանակման կետին արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ անվավեր է ճանաչվում, եթե պարզվում է, որ սույն գլխով նախատեսված և հայտատուի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում առկա է կեղծ տեղեկատվություն:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՔՆՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

14. Փոխանակման կետի աշխատակիցը պետք է ունենա Կենտրոնական բանկի կողմից տրված մասնագիտական որակավորման վկայական, որը ստանալու համար պետք է բավարարի հետևյալ մասնագիտական չափանիշներին՝

14.1. Հայաստանի Հանրապետության արժութային օրենքների և այլ իրավական ակտերի իմացություն,

14.2. իրենց կողմից  իրականացվող արժութային գործառնությունների իմացություն:

15. Թեկնածուների մասնագիտական համապատասխանության ստուգումը կատարում է Կենտրոնական բանկի  լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովը՝ տեստային եղանակով, համակարգչի միջոցով:

16. Գրավոր քննության տեստը հարցեր պարունակող փաստաթուղթ է, որը մշակվում է Կենտրոնական բանկի կողմից: Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից:

17. Թեկնածուներին թույլատրվում է մասնակցել քննությանը՝ անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ներկայացման դեպքում: Քննության ժամանակ թեկնածուին արգելվում է օգտվել օրենքներից և այլ իրավական ակտերից ու այլ նյութերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել մյուս թեկնածուների հետ: Նշված պահանջներից յուրաքանչյուրի չկատարման դեպքում թեկնածուն զրկվում է քննության հետագա ընթացքին մասնակցելու իրավունքից, և նրա վերաբերյալ տրվում է բացասական եզրակացություն:

18. Տեստերի հարցերի պատասխանների արդյունքները ամփոփվում են մինչև Կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի նիստը և ներկայացվում հանձնաժողովի նիստին:

19. Տեստում պարունակվող հարցերի թիվը 30 է: Տեստին պատասխանելու համար տրվում է 45 րոպե: Տեստի հարցերից յուրաքանչյուրը պարունակում է մի քանի պատասխան, որոնցից մեկն է ճիշտ: Տեստի հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ, իսկ սխալ պատասխանը՝ զրո միավոր:

20. Տեստերի պատասխանների գնահատումն ու ամփոփումը կատարվում է հետևյալ կերպ. եթե թեկնածուն հավաքել է՝

20.1. մինչև 25 միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին,

20.2. 25 և ավելի միավոր, ապա հանձնաժողովն արձանագրում է, որ թեկնածուն իր որակավորմամբ և մասնագիտական առումով համապատասխանում է Կենտրոնական բանկի կողմից սահմանված չափանիշներին:

21. Մասնագիտական համապատասխանության քննության դրական արդյունքների դեպքում թեկնածուին տրվում է մասնագիտական որակավորման վկայական դրա տրամադրման պահից հաշված 3 տարի ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ձևաթերթի վրա, կնքված վիճակում (հավելված  8): Եթե թեկնածուն որակավորմամբ և մասնագիտական առումով չի համապատասխանում Կենտրոնական բանկի սահմանած չափանիշներին, ապա նա կարող է կրկին դիմել՝ քննություն անցնելու համար:

22. Տեստավորման արդյունքների մասին որակավորվող անձը տեղեկանում է քննության ավարտից հետո:

23. Կենտրոնական բանկի կողմից մասնագիտական համապատասխանության քննությունն իրականացվում է յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 10.00-ին:

24. Քննությանը մասնակցելու համար Կենտրոնական բանկ դիմող անձինք ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

ա) քննությանը մասնակցելու հայտ (հավելված 9),

բ) քննությանը մասնակցելու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,

գ) տեղեկանք աշխատակցի մասին (հավելված 4),

դ) անձնագրի պատճենը:

 

Գ Լ ՈՒ Խ  4

 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

 

25. Արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ կարող են իրականացնել միայն Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիաների ներդիրներում ընդգրկված աշխատակիցները, ինչպես նաև այն անհատ ձեռնարկատերերը, որոնց տրամադրվել է արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու լիցենզիա:

26. Աշխատակցի փոփոխության դեպքում լիցենզիայի ներդիր ստանալու նպատակով փոխանակման կետը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝

ա) լիցենզիայի ներդիր տրամադրելու հայտ (հավելված 10),

բ) աշխատակցի (աշխատակիցների) մասնագիտական որակավորման վկայականի պատճենը,

գ) տեղեկանք աշխատակցի մասին (հավելված 4),

դ) աշխատակցի համար իրավասու պետական մարմնից տեղեկանք՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատվածություն չունենալու և քրեական գործով որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ ներգրավված չլինելու վերաբերյալ,

ե) պետական տուրքի վճարման անդորրագիրը (երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ներդիրի համար),

զ) Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի ներդիրի բնօրինակը:

27. Փոխանակման կետերի այն աշխատակիցները, որոնց նախկինում Կենտրոնական բանկի կողմից չեն տրամադրվել մասնագիտական որակավորման վկայականներ, կարող են ներկայացնել լիցենզիայի կամ լիցենզիայի ներդիրի պատճենը, որում նշված են իրենց անունն ու ազգանունը և անձնագրի տվյալները:

28. Հայտը ներկայացնելու օրվանից քսան աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 9-րդ կետի «ա», «բ» և «ե» ենթակետերով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված հայտը:

 

Գ Լ ՈՒ Խ  5

 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՈՒՄԸ

 

29. Լիցենզիաների ձևերը խիստ հաշվառման փաստաթղթեր են, որոնք պահպանվում են Կենտրոնական բանկի՝ փոխանակման կետերի լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից:

30. Կենտրոնական բանկի՝ փոխանակման կետերի լիցենզավորման գործընթացով զբաղվող համապատասխան ստորաբաժանման կողմից վարվում են լիցենզիայի գրանցամատյաններ, որոնցում պետք է նշվեն լիցենզավորված անձի անունը, ազգանունը, անվանումը, լիցենզիա տրամադրելու կամ ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ամսաթիվը և համարը, լիցենզիայի համարը, գործունեության վայրի հասցեն, լիցենզիայի տրման ամսաթիվը: Նշված ստորաբաժանումը յուրաքանչյուր լիցենզավորված անձի համար կազմում է անհատական գործ, որին կարվում է նաև լիցենզիայի գործողության դադարեցման հետևանքով վերադարձված լիցենզիան:

 

Գ Լ ՈՒ Խ  6


 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՆԵՐԴԻՐԻ ԿԱՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

31. Լիցենզիայի, ներդիրի կամ մասնագիտական որակավորման վկայականի կորստի (կորցնել, ոչնչանալ և այլն) դեպքում հայտատուն այդ մասին դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար՝ նախօրոք այդ մասին հայտարարություն տալով զանգվածային լրատվության միջոցով:

32. Լիցենզիան, ներդիրը կամ մասնագիտական որակավորման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հայտատուն այդ մասին նույնպես հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ՝ կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը հայտատուին տրվում է նրանից ոչ պիտանի դարձած լիցենզիան, ներդիրը կամ վկայականը վերցնելուց հետո:

33. Լիցենզիաների, ներդիրների կամ մասնագիտական որակավորման վկայականների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում:

34. Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման, կամ գտնվելու վայրի փոփոխման, ինչպես նաև լիցենզավորված ֆիզիկական անձի անվան կամ բնակության վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման համար դիմում՝ կցելով նշված տեղեկությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը: Լիցենզիայի վերաձևակերպման ժամանակ Կենտրոնական բանկը լիցենզիայի գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություններ:

35. Լիցենզիայի վերաձևակերպման, լիցենզիայի կրկնօրինակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

36. Սույն գլխով նախատեսված հայտերը բավարարվում են կամ սույն կանոնակարգի 9-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում մերժվում են՝ դրանք Կենտրոնական բանկ ներկայացնելուց 15 աշխատանքային օրվա ընթացքում:

 

Գ Լ ՈՒ Խ  7

 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

37. Օրենքով սահմանված հիմքերով փոխանակման կետերի կամ դրանց մասնաճյուղերի գործունեությունը Կենտրոնական բանկի կողմից կարող է դադարեցվել՝ լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու միջոցով:

38. Փոխանակման կետի դիմումի հիման վրա Կենտրոնական բանկը ուժը կորցրած է ճանաչում արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիան՝ դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում:

39. Լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը ստանալով՝ լիցենզիան վերադարձվում է Կենտրոնական բանկին մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

40. Փոխանակման կետերը կարող են ժամանակավորապես առանց ընդհատումների դադարեցնել իրենց կամ իրենց մասնաճյուղերի գործունեությունը ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով, իսկ մեկ տարվա ընթացքում՝ ոչ ավելի, քան 6 ամիս ժամկետով:

 

Գ Լ ՈՒ Խ  8

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

41. Փոխանակման կետերը պետք է ունենան սեփականության իրավունքով իրենց պատկանող, վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց  օգտագործմամբ վերցված տարածք: Տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման պայմանագրից բխող իրավունքները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:

42. Լիցենզավորվող փոխանակման կետերը կարող են գտնվել միայն սույն կետում թվարկված վայրերից որևիցե մեկում՝

ա) առնվազն 200 քառակուսի մետր մակերեսով առևտրի (սպասարկման) սրահ ունեցող խանութներում: Սույն կանոնակարգի իմաստով խանութ է համարվում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի օբյեկտի տեսակը.

բ) առնվազն 2000 քառակուսի մետր տարածքով փակ (ոչ բացօթյա) առևտրի կենտրոններում: Սույն կանոնակարգի իմաստով՝ առևտրի կենտրոն է համարվում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքով սահմանված առևտրի իրականացման վայրի տեսակը.

գ) առնվազն 1000 քառակուսի մետր տարածքով հյուրանոցներում.

դ) օդանավակայանների տարածքներում.

ե) երկաթուղային կայարանների տարածքներում:

(42-րդ կետը խմբ. 26.09.06 թիվ 547-Ն)

43. Բացառությամբ հյուրանոցներում գտնվողների, փոխանակման կետը պետք է ունենա հարակից տարածքներից առանձնացված գործառնական դրամարկղ (այսուհետև՝ դրամարկղ):

44. (կետն ուժը կորցրել է 20.03.07 N 92-Ն)

45. Փոխանակման կետերի դրամարկղը պետք է բավարարի հետևյալ պահանջներին. պետք է ունենա առանձին մուտք՝ կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածք դրսից հնարավոր է մուտք գործել միայն հիշյալ դռնով: Դրամարկղի դիմային մասի պատը պետք է ունենա առնվազն 1 մ բարձրություն, որից հետո մինչև դրամարկղի առաստաղը սկսվում է ապակե մասը: Դրամարկղի դիմային ապակին պետք է տեղակայված լինի այնպես, որ բացառի հաճախորդի և գանձապահի անմիջական շփումը, ինչպես նաև ապահովի կանխիկ փողը հաշվելու դիտողական հսկողությունը թե´ մեկ, թե´ մյուս կողմից (հաճախորդի հսկողությունը գանձապահի նկատմամբ և գանձապահի հսկողությունը հաճախորդի նկատմամբ): Դրամարկղի դիմային մասի պատի և ապակու միացման տեղում պետք է տեղադրված լինի փողի փոխանցման արկղ, ինչպես նաև սեղանիկ՝ հաճախորդի կողմից գումարի վերահաշվարկման համար: Փոխանակման կետում պետք է տեղադրված լինի աշխատակցի և հաճախորդի խոսակցությունները միմյանց լսելի դարձնող խոսափող: Փոխանակման կետի դրամարկղում պետք է տեղադրված լինի տեսախցիկ, որը պետք է ուղղված լինի փողի փոխանցման արկղին այնպես, որ ապահովի փոխանակման կետի աշխատակցի և հաճախորդների միջև տարադրամի փոխանակման գործընթացի և´ տեսագրում, և´ ձայնագրում: Փոխանակման կետի դիմային ապակու վրա պետք է նաև փակցված լինի «Փոխանակման կետի տարածքը տեսագրվում և ձայնագրվում է» բովանդակությամբ հայտարարություն:

46. Մինչև 2005 թվականի հուլիսի 25-ը Կենտրոնական բանկ դիմած և արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի (բացառությամբ՝ սույն կանոնակարգի 42-րդ կետում նշված վայրերից որևիցե մեկում գտնվող փոխանակման կետերի) տարածքներն ու դրանց տեխնիկական հագեցվածությունը պետք է բավարարեն նաև հետևյալ պահանջներին.

ա) դրամարկղի պատերը, հատակը և առաստաղը պետք է առանձնացված լինեն հարակից տարածքներից երկաթբետոնե (առնվազն 12 սմ հաստությամբ), քարե (առնվազն 25 սմ հաստությամբ) կամ պողպատե (առնվազն 0.8 սմ հաստությամբ) շինանյութից ու զրահապատ ապակուց կառուցված պատերով, իսկ պատուհանները (առկայության դեպքում) պետք է լինեն միայն զրահապատ ապակուց.

բ) փոխանակման կետը պետք է ունենա հաճախորդների սպասարկման տարածք, որը պետք է առանձնացված լինի արտաքին միջավայրից երկաթբետոնե (առնվազն 12 սմ հաստությամբ), քարե (առնվազն 25 սմ հաստությամբ) կամ պողպատե (առնվազն 0.8 սմ հաստությամբ) շինանյութով և ապահովի հաճախորդի անվտանգությունը գործարքի ժամանակ: Հաճախորդների սպասարկման տարածքի պատուհանները (առկայության դեպքում) պետք է լինեն միայն զրահապատ ապակուց, իսկ մուտքի դուռը՝ երկշերտ պողպատից: Մուտքի դռան վրա պետք է տեղադրված լինի ավտոմատ կառավարվող էլեկտրոնային կողպեք, որը պետք է հնարավորություն տա փոխանակման կետի աշխատակցին տարածության վրա բացելու կամ փակելու այդ դուռը և նաև հնարավորություն տա հաճախորդին այն բացելու՝ փոխանակման կետից դուրս գալու ժամանակ.

գ) փոխանակման կետի դրսի կողմից պետք է տեղադրված լինի տեսախցիկ, որը պետք է հնարավորություն տա նկարահանելու և հետևելու փոխանակման կետի (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Մյուս տեսախցիկը պետք է տեղադրված լինի փոխանակման կետի հաճախորդների սպասարկման տարածքում այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու հաճախորդների սպասարկման սրահում կատարվող գործողություններին: Փոխանակման կետի սպասարկման տարածքի մուտքի դռան երկու կողմից պետք է փակցված լինեն «Փոխանակման կետի տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:

47. Կանխիկ գումարների պահպանման համար փոխանակման կետը պետք է ունենա դրամապահոց (իր նախադրամապահոցով) կամ կանխիկ փողի ամենօրյա տեղափոխման, հանձնման ու պահպանման վերաբերյալ ինկասացիոն ծառայության (անհրաժեշտության դեպքում՝ նաև դրամապահոց ունեցող որևէ բանկի (բանկի մասնաճյուղի)) հետ կնքված համապատասխան պայմանագիր: Եթե փոխանակման կետի տարածքի անվտանգության ապահովումը շուրջօրյա ռեժիմով իրականացվում է զինված անվտանգության ծառայության կողմից, որի հետ կնքված է համապատասխան պայմանագիր, ապա դրամապահոցի կամ ինկասացիոն պայմանագրի առկայությունը պարտադիր չէ:

48. Դրամապահոցը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից, ունենա մեկ՝ կողպվող պողպատյա երկշերտ դուռ, և մուտքը լինի միայն դրամարկղից: Դրամապահոցի պատերը պետք է լինեն երկաթբետոնից, որոնց հաստությունը պետք է լինի առնվազն 12 սմ: Դրամապահոցի նվազագույն ներքին չափերն են՝ 1x1x2 մետր:

Դրամապահոցը չպետք է ունենա ընդհանուր պատ շենքի արտաքին և նույն շենքում տեղակայված այլ հաստատությունների պատերի հետ: Դրամապահոցը շենքի արտաքին կամ այլ հաստատությունների պատերին կից կառուցելու դեպքում դրանց միջև պետք է լինի դիտողական միջանցք, որը հնարավորություն կտա դիտելու և հսկելու դրամապահոցի պատերի ամբողջականությունը (հսկելու անվտանգությունը):

Շենքի առաջին հարկում դրամապահոցի տակ նկուղային հարկի առկայությունն անթույլատրելի է: Եթե դրամապահոցի վերևում տեղակայված է այլ կազմակերպություն (կամ այն գտնվում է շենքի վերջին հարկում), ապա դրամապահոցը առաստաղից պետք է բաժանված լինի դիտողական միջանցքով, որը հնարավորություն կտա դիտելու և հսկելու առաստաղի ամբողջականությունը:

49. Փոխանակման կետի դրամարկղը (առկայության դեպքում՝ նաև դրամապահոցն ու հաճախորդների սպասարկման տարածքը) պետք է սարքավորված լինի անվտանգության ազդարարման համակարգով, իսկ դրամարկղում գտնվող աշխատակցի աշխատասեղանի տակ պարտադիր պետք է տեղադրված լինի աշխատանքային ժամերին գործող ազդարարման «ոտնակ»: Անվտանգության ազդարարման ողջ համակարգը պետք է միացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ:

Փոխանակման կետը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր  ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից հաստատված անվտանգության ազդարարման համակարգի և ազդարարման ուղիղ կապի «ոտնակի» սարքին լինելու մասին համապատասխան փաստաթուղթ: Եթե փոխանակման կետի տարածքի անվտանգության ապահովումը շուրջօրյա ռեժիմով իրականացվում է զինված անվտանգության ծառայության կողմից, և առկա է համապատասխան պայմանագիր, ապա անվտանգության ազդարարման համակարգ (այդ թվում՝ նաև «ոտնակ») չի պահանջվում:

50. Արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու համար անհրաժեշտ է հետևյալ տեխնիկական հագեցվածությունը՝

ա) չհրկիզվող պահարան,

բ) դրամանիշի իսկությունը ստուգող սարք,

գ) դրամանիշերը հաշվելու սարք,

դ) քաղաքային հեռախոս,

ե) դրամարկղի դիմային մասի սեղանիկի վրա տեղադրված հաշվիչ մեքենա՝ հաճախորդների կողմից հաշվարկներ կատարելու համար,

զ) արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները արտացոլող էլեկտրոնային վահանակ,

է) արտարժույթի առք ու վաճառքի փոխարժեքները արտացոլող ցուցանակ,

ը) համակարգչային սարքավորում և/կամ հսկիչ-դրամարկղային մեքենա (համակարգչային սարքավորման հետ պարտադիր են նաև տպող սարք և անխափան սնուցման սարք):

51. Փոխանակման կետերն իրենց տարածքի կամ տեխնիկական հագեցվածության պայմանների փոփոխություն կատարելիս պետք է նախօրոք այդ մասին դիմում ներկայացնեն Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկի փոխանակման կետերի լիցենզավորման և վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը դիմումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում իրականացնում է այդ պայմանների փոփոխության ուսումնասիրություն և դրանից հետո հնգօրյա ժամկետում արդյունքների վերաբերյալ գրավոր տեղեկացնում փոխանակման կետին:

 

Գ Լ ՈՒ Խ  9

 

 ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ:

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

52. Փոխանակման կետը կարող է գործառնություններ իրականացնել միայն լիցենզավորված վայրում:

53. Փոխանակման կետերը կարող են կատարել իրենց տարածքի կամ տեխնիկական հագեցվածության պայմանների փոփոխություն միայն Կենտրոնական բանկի համաձայնությունը ստանալուց հետո:

54. Փոխանակման կետի գործունեության տարածքում (բացառությամբ՝ հյուրանոցների և օդանավակայանների տարածքներում գտնվողների) պետք է իրականացվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն:

55. Օդանավակայանների տարածքներում գտնվող փոխանակման կետերն արտարժույթի առք ու վաճառքից բացի կարող են սահմանված կարգով իրականացնել միայն Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումների ընդունում:

56. Փոխանակման կետը արտարժույթի առք ու վաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն է սահմանում առք ու վաճառքի փոխարժեքները:

57. Եթե փոխանակման կետի ցուցանակի կամ էլեկտրոնային վահանակի վրա արտացոլված է տվյալ արժույթի փոխարժեքը, և եթե դրամարկղում առկա է պահանջվող գումարը, ապա փոխանակման կետը չի կարող մերժել տվյալ գործարքը: Եթե հաճախորդի կողմից պահանջվող գործարքն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ անվանական արժեքով դրամանիշներ դրամարկղում առկա են, ապա փոխանակման կետի աշխատակցի կողմից գործարքը պետք է իրականացվի:

58. Փոխանակման կետը կարող է գործարք կատարել միայն փողի փոխանցման արկղի միջոցով: Հաճախորդների սպասարկման տարածքի առկայության դեպքում գործարքը պետք է իրականացվի դեպի նշված տարածք նայող փողի փոխանցման արկղի միջոցով:

59. Փոխանակման կետը պարտավոր է հաճախորդի համար տեսանելի տեղում տեղակայված ցուցանակի (ցուցանակների) վրա փակցնել իր կողմից իրականացվող արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների տեսակների ցանկը և փոխարժեքները, լիցենզավորված անձի անվանումը (անունը, ազգանունը), աշխատանքային օրերը և ժամերը:

60. Փոխանակման կետի դիմային մասի ապակու վրա պետք է փակցված լինեն Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիան և լիցենզիայի ներդիրը:

61. Աշխատանքի ընթացքում փոխանակման կետի աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն լիցենզավորված անձի անվանումը, աշխատակցի անունը, ազգանունը:

62. Աշխատանքային ժամերի ընթացքում փոխանակման կետի դրամարկղում չի կարող գտնվել այլ անձ, բացի լիցենզիայում կամ լիցենզիայի ներդիրում նշված աշխատակցից (ներից):

63. Դրամարկղի դուռը աշխատանքային օրվա ընթացքում պետք է լինի կողպված վիճակում: Եթե փոխանակման կետն ունի հաճախորդների սպասարկման տարածք, ապա ինկասացիայի ընթացքում հաճախորդների սպասարկման սրահի դռների և պատուհանների փակ լինելը պարտադիր է:

64. Փոխանակման կետը պարտավոր է հաճախորդներին ապահովել պիտանի (ոչ հնամաշ) Հայաստանի Հանրապետության դրամանիշերով:

65. Փոխանակման կետը կարող է մատուցել այլ ծառայություններ, օրինակ՝ հնամաշ կամ վնասված դրամանիշերի փոխանակում պիտանի դրամանիշերով, բարձր անվանական արժեքի դրամանիշերի փոխանակում ցածր անվանական արժեքի դրամանիշերով և հակառակը: Եթե այդ ծառայությունները վճարովի են, ապա դրանց սակագները պետք է փակցված լինեն՝ ի տես հաճախորդների:

66. Այն փոխանակման կետերը, որոնք չունեն սույն կանոնակարգով սահմանված դրամապահոց կամ իրենց տարածքի անվտանգության շուրջօրյա ապահովումն իրականացնելու մասին զինված անվտանգության ծառայության հետ կնքված համապատասխան պայմանագիր, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո պարտավոր են դրամարկղում առկա 100 000 Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գումարի մնացորդը հանձնել համապատասխան ինկասացիոն ծառայությանը: Ինկասացիան հիմնավորող փաստաթղթերը պետք է պահվեն փոխանակման կետում առնվազն 3 տարի ժամկետով:

67. Փոխանակման կետի դրամարկղում տեղադրված տեսախցիկի միջոցով պետք է իրականացվի կատարվող գործառնությունների ձայնագրում և տեսագրում, որոնք վկայող էլեկտրոնային կրիչները պետք է պահպանվեն փոխանակման կետում առնվազն 90 օր:

68. Փոխանակման կետերը պարտավոր են գործունեության վայրում ունենալ իրենց գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը կամ պատճենները:

69. Սույն կանոնակարգում նշված պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր, և 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք կամ նախկին պայմանագրերի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթեր:

70. Փոխանակման կետը պետք է գործի համաձայն իր կողմից Կենտրոնական բանկ ներկայացված աշխատանքային ռեժիմի:

71. Փոխանակման կետը պարտավոր է հայտարարված աշխատանքային ռեժիմի յուրաքանչյուր փոփոխության դեպքերում նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին:

72. Փոխանակման կետն իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նախապես պետք է տեղեկացնի Կենտրոնական բանկին: Գործունեությունը կարող է վերսկսվել միայն Կենտրոնական բանկին նախապես տեղեկացնելուց հետո:

73. Համակարգչի, համակարգչային ծրագրի, տպող սարքի (հաշվիչ-դրամարկղային մեքենայի, եթե կիրառվում է այդպիսին) խափանման կամ էլեկտրասնուցման անջատման դեպքում փոխանակման կետը պարտավոր է անմիջապես դադարեցնել գործունեությունը՝ անհապաղ այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին:

74. Սույն կանոնակարգի 71-րդ, 72-րդ և 73-րդ կետերում սահմանված տեղեկացումները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն թղթային տարբերակով (այդ թվում՝ նաև կապի կազմակերպության միջոցով) կամ էլեկտրոնային փոստի միջոցով: Էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում ներկայացման ժամանակահատված է սահմանվում Կենտրոնական բանկի էլեկտրոնային փոստի սերվերում նշված տեղեկատվության գրանցման ժամանակահատվածը:

75. Փոխանակման կետը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի յուրաքանչյուր գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր, որն առնվազն պետք է պարունակի հավելված 11-ով սահմանված տեղեկատվությունը: Անդորրագրի օրինակը ստորագրվում է աշխատակցի կողմից և պետք է հաճախորդին տրամադրվի նախքան վաճառված կանխիկի տրամադրումը կամ առնվազն կանխիկի հետ միաժամանակ: Անդորրագրի երկրորդ օրինակը պահպանվում է փոխանակման կետում առնվազն 3 տարի:

76. Օրենքներով կամ նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված գումարը գերազանցող գործարքների դեպքում անդորրագրի վրա լրացվում են հաճախորդի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ինչպես նաև այն ստորագրվում է հաճախորդի կողմից: Այս պահանջից խուսափելու կամ դրանք չկատարելու նպատակով չի թույլատրվում արժութային գործարքը բաժանել երկու կամ ավելի մասերի: Արժութային վերահսկողություն իրականացնելու ընթացքում բաժանված գործարքները կարող են դիտարկվել որպես մեկ գործարք:

(76-րդ կետը խմբ. 19.09.06 թիվ 545-Ն)

77. Աշխատանքային օրվա ցանկացած պահին փոխանակման կետի դրամարկղում գումարը չի կարող պակաս լինել 1 մլն դրամից և/կամ դրան համարժեք առաջին խմբի արտարժույթից:

78. Փոխանակման կետի դրամարկղի դիմային ապակու վրա հաճախորդի համար տեսանելի տեղում ընթեռնելի տառերով և թվերով պետք է փակցված լինի տեղեկատվություն այն մասին, որ բողոքների և առաջարկությունների դեպքում հաճախորդները կարող են դիմել Կենտրոնական բանկ: Նշված հայտարարության մեջ պետք է նշվեն փոխանակման կետերի լիցենզավորման և վերահսկողության համար Կենտրոնական բանկի պատասխանատու ստորաբաժանման հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

79. Փոխանակման կետերը իրենց գործարքները պետք է իրականացնեն համապատասխան ծրագրով ապահովված և սահմանված կարգով գրանցված համակարգչային սարքավորման կամ հաշվիչ դրամարկղային մեքենայի միջոցով՝ պահպանելով դրանց օգտագործման ու շահագործման համար սահմանված կանոնները:

80. Փոխանակման կետերի կողմից իրականացված բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց ֆիսկալային հաշվետվությունում (այսուհետ՝ էլեկտրոնային գրանցումների մատյան) (հավելված 12), այն է՝

ա) արտարժույթի առք ու վաճառքի գործարքները,

բ) փոխանակման կետի սեփականատիրոջ կողմից ավելացված կամ պակասեցված գումարները (շրջանառության միջոցների ավելացում կամ պակասեցում),

գ) փոխանակման կետերի գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող գումարները, ինչպես նաև ստացված վարկերը (փոխառությունները և այլն),

դ) ինկասացիոն ծառայություններին տրամադրված և վերջիններից հետ ստացված միջոցները:

81. Փոխանակման կետի էլեկտրոնային գրանցումների մատյանում «մնացորդն օրվա սկզբին և վերջին» տողում նշվում է դրամարկղի փաստացի մնացորդը:

82. Փոխանակման կետերի դրամարկղի մնացորդը պետք է համապատասխանի էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալներին: Փոխանակման կետի ամբողջ տարածքում առկա փողը համարվում է դրամարկղի մնացորդ:

83. Յուրաքանչյուր աշխատանքային օրվա վերջում էլեկտրոնային գրանցումների մատյանի՝ տվյալ օրվան վերաբերող էջերը (որոնք արտացոլում են տվյալ օրվա ընթացքում իրականացված բոլոր գործառնությունները, ինչպես նաև օրվա սկզբի և վերջի մնացորդները) պետք է տպվեն, ստորագրվեն, կարվեն և պահպանվեն փոխանակման կետերում առնվազն 3 տարի:

84. Փոխանակման կետի աշխատակիցը աշխատանքային օրվա ավարտից հետո ծրագրի միջոցով կատարում է դրանում առկա տեղեկատվության կրկնօրինակում այլ արտաքին կրիչների վրա (մագնիսական սկավառակ, լազերային սկավառակ կամ այլ), որը պետք է պահպանվի առնվազն 3 տարի:

85. Եթե փոխանակման կետը տեղադրել է հսկիչ-դրամարկղային մեքենա, ապա նա պետք է թղթային եղանակով վարի գրանցումների մատյան, որի էջերը կարվում և համարակալվում են փոխանակման կետի կողմից և հաստատվում Կենտրոնական բանկի կողմից: Գրանցումների մատյանը թղթային եղանակով վարելու դեպքում փոխանակման կետը պետք է յուրաքանչյուր գործարք իր կատարման պահին հաշվառի գրանցումների մատյանում: Գրանցումների մատյանում պետք է արտացոլվեն սույն կանոնակարգի 80-րդ կետում նշված բոլոր գործարքները: Գրանցումների մատյանները փոխանակման կետի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն 3  տարի:

86. Փոխանակման կետերը պարտավոր են  յուրաքանչյուր շաբաթ, մինչև հաջորդ շաբաթվա չորեքշաբթի օրը, Կենտրոնական բանկ ներկայացնել գործարքների ծավալների ու ձևավորված փոխարժեքների մասին արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ հաշվետվություն (հավելված 13)՝ ըստ շաբաթվա օրերի:

87. Փոխանակման կետերը Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով իրենց կողմից իրականացված արտարժույթի առք ու վաճառքի գործարքների միջին փոխարժեքները՝ առանձին՝ առքի և առանձին՝ վաճառքի համար, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

ՄՓառք = (ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾՈ*ԱՓՈ) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾՈ),

ՄՓվաճառք = (ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾՈ*ՎՓՈ) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾՈ),

որտեղ՝

ՄՓառք (ՄՓվաճառք) - առքի (վաճառքի) միջին փոխարժեք,

ԱԾi (ՎԾi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) ծավալ,

ԱՓi (ՎՓi) - «i»-րդ գործարքի առքի (վաճառքի) փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «n»:

88. Եթե փոխանակման կետը տեղադրել է հսկիչ-դրամարկղային մեքենա, ապա սույն կանոնակարգի հավելված 13-ի պահանջներին բավարարող արտարժույթի առք ու վաճառքի հաշվետվությունը պետք է կազմվի թղթային եղանակով:

89. Եթե փոխանակման կետը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կարգի հավելված 13-ով պահանջվող հաշվետվությունը կլրացվի/կմշակվի ծրագրի կողմից ավտոմատ կերպով: Այդ հաշվետվությունները պետք է ներկայացվեն Կենտրոնական բանկ էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային կրիչներով կամ Սի-Բի-Էյ-Նեթ համակարգի միջոցով («Մայքրոսոֆթ էքսել» տարբերակով), իսկ այդ ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:

90. Փոխանակման կետերը պարտավոր են Հայաստանի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել տարեկան պետական տուրքը և վճարումից հետո 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել վճարման անդորրագրի պատճենը:

 

Գ Լ ՈՒ Խ  10

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

 

91. Փոխանակման կետերը պատասխանատվության են ենթարկվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  11

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

92. Փոխանակման կետերի այն աշխատակիցները, որոնք չունեն մասնագիտական որակավորման վկայական և արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ են իրականացնում որպես անհատ ձեռնարկատեր՝ իրենց անունով տրամադրված լիցենզիայի կամ որպես աշխատակից լիցենզիային կից ներդիրում ընդգրկված լինելու հիման վրա, ինչպես նաև նախկինում տրամադրված անժամկետ մասնագիտական որակավորման վկայականներ ունեցող աշխատակիցները մինչև 2008 թվականի մարտի 3-ը Կենտրոնական բանկում պետք է հանձնեն մասնագիտական որակավորման քննություն և ստանան նոր վկայական: Վերջինիս բացակայության դեպքում նշված օրվանից նրանք չեն կարող իրականացնել արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ:

93. Սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող՝ արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու լիցենզիա ունեցող արտարժույթի փոխանակման կետերն իրենց տարածքային և տեխնիկական պահանջները պետք է համապատասխանեցնեն սույն կանոնակարգի 8-րդ գլխով սահմանված տարածքային և տեխնիկական պահանջներին:

94. Սույն կանոնակարգի 42-րդ կետի պահանջները չեն տարածվում մինչև 2005 թվականի հուլիսի 25-ը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ դիմած և արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա ստացած փոխանակման կետերի վրա:

(94-րդ կետը խմբ. 20.03.07 N 92-Ն)

 

 

Հավելված 1

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՅՏ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ


___________________________

 

 

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա:

 

 

Իրավաբանական անձի անվանումը

կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը
___________________________________________________________________

Կազմակերպական-իրավական ձևը _____________________________________________
(իրավաբանական անձի համար)

Գտնվելու կամ բնակության վայրը

___________________________________________________________________

Գործունեության վայրը ____________________________________________________

 

Կից ներկայացնում եմ.


(հերթական դասավորությամբ նշվում են ներկայացվող փաստաթղթերը)

1.________________________________

2. ________________________________

3.________________________________

 

Դիմող՝ ___________________________        ___________________
(տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը) (ստորագրությունը)


 

Հավելված 2

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

 

___________________ հասցեում լիցենզավորվող կետի տարածքն ու տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են «Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կենտրոնական բանկի կանոնակարգ 10-ի 8-րդ գլխի պահանջներին:

 

Իրավաբանական անձի անվանումը  
կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը


_________________________


________________________________


_____________________

(տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

(ստորագրությունը)

 

Կ. Տ.

 

Հավելված 3

 

ՏԵՂԵԿԱՆՔ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՄԱՍԻՆ

 

1. Իրավաբանական անձի տվյալները  
1.1. Անվանումը ______________________________
1.2. Գտնվելու վայրը ______________________________
1.3. Գրանցման ամսաթիվը _________

վայրը ________________________

օր/ամիս/տարի

 

 

1.4. Հեռախոսահամարը ______________ 1.5. Էլեկտրոնային հասցեն________________

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ

 

 Կազմակերպության
անվանումը

Գտնվելու վայրը

Մասնակցության
չափը (դրամով)

Մասնակցության
չափը (%)

 

3. Տեղեկություններ իր մասնակիցների վերաբերյալ

 

3.1. Մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք.

 

Կազմակերպության
անվանումը

Գտնվելու վայրը

Մասնակցության
չափը (դրամով)

Մասնակցության
չափը (%)

 

3.2. Մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք.
 

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը

Մշտական բնակության հասցեն 

Մասնակցության
չափը (դրամով)

Մասնակցության
չափը (%)

 
4. Օրենքի ուժով, կանոնադրությամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Դուք զրկվե՞լ եք արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու իրավունքից:
 
Այո
 
Ոչ  
 
 
5. Այլ՝ Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն
_____________________________________________________________________

_____________________________________________________________________
 
6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
 
Տնօրենի անունը, ազգանունը _____________________________________________


___________________


________________

(ստորագրությունը)

(ամսաթիվը)


Կ. Տ.
 
 
 

Հավելված 4

 
 ՏԵՂԵԿԱՆՔ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԿԱՄ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՄԱՍԻՆ
 
1. Անձնական տվյալներ

1.1. Անունը, ազգանունը, հայրանունը________________________________________

1.2. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը____________________________________

 օր/ամիս/տարի


1.3. Քաղաքացիությունը________________

_________________________________

1.4. Անձնագրի սերիան և համարը__________________________________________

Սոցիալական քարտի համարը

(առկայության դեպքում)________________________________________________

1.5. Հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին)

_________________________________________

_______________________________________________________________ 

1.6. Հեռախոսահամարը ___________ 1.7. Էլեկտրոնային փոստի հասցեն ______________

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ 
 

Կազմակերպության
անվանումը

Գտնվելու վայրը

Մասնակցության
չափը (դրամով)

Մասնակցության
չափը (%)

 
3. Աշխատանքային գործունեությունը (վերջին 5 տարվա համար)
Այս կետը լրացնելու փոխարեն թեկնածուն կարող է ներկայացնել ինքնակենսագրությունը, որում նվազագույնս պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը:
 

Կազմակերպության
անվանումը

Գտնվելու վայրը

 Աշխատանքի
ընդունման և ազատման
ժամկետները

Պաշտոնը

Պարտականու-
թյունները

 
4. Նշեք Ձեզ անձամբ ճանաչող՝ ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ տվյալները, որոնք, անհրաժեշտության դեպքում, կարող են տրամադրել երաշխավորություն Ձեր անձի վերաբերյալ (եթե այդպիսիք կան)
 

Անունը, ազգանունը

Աշխատանքի վայրը, պաշտոնը

Հասցեն

Հեռախոսը

 
5. Տեղեկություններ Ձեզ հետ փոխկապակցված՝ ֆինանսաբանկային համակարգում աշխատող կամ աշխատած անձանց վերաբերյալ
 

Անուն, ազգանուն,
անձնագրի համարը

Աշխատանքի վայրը, պաշտոնը

Հասցեն

Հեռախոսը

 
6. Արդյո՞ք դատված եղել եք դիտավորությամբ կատարված հանցագործության համար, ներկայումս գտնվո՞ւմ եք նախաքննության, դատաքննության մեջ, քրեական գործով ներգրավվա՞ծ եք որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ:
 
Այո
 
Ոչ  
 
 
«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասները _________________

______________________________________________________________________

______________________________________________________________________
 
7. Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով Դուք զրկվե՞լ եք արտարժույթի առք ու վաճառք իրականացնելու իրավունքից:
 
Այո
 
Ոչ  
 
 
8. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
 
Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:
 
Անունը, ազգանունը _____________________________________________


___________________


________________

(ստորագրությունը)

(ամսաթիվը)

 

Հավելված 5

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ


___________________________

 

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա՝ արտարժույթի առք ու վաճառքի գործունեությունը ______________________________________ հասցեում իրականացնելու համար՝ կապված նոր մասնաճյուղ հիմնելու, գործունեության վայրի փոփոխման հետ (ընդգծել):

Կից ներկայացնում եմ.


(հերթական դասավորությամբ նշվում են փաստաթղթերի անունները)


______________________________________________________________

(Ա/Ձ կամ իրավաբանական անձ փոխանակման կետի անունը, ազգանունը կամ անվանումը)


լիցենզիա թիվ ______, տրված՝__ _____200__թ.

 

 

Դիմող՝_____________________________________ _______________________

(տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

 

Հավելված 6

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

Լիցենզիան տրվել է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի

_____  ______________ 200_ թ.

թիվ ______ որոշմամբ

 

Արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիա թիվ ______

 

Սույն լիցենզիան տրվում է  ________________________________________

(իրավաբանական անձի անվանումը,
կազմակերպական-իրավական տեսակը կամ
ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրի
սերիան և համարը)


արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

Բնակության վայրը (ֆիզիկական անձի դեպքում) __________________________

Գտնվելու վայրը (իրավաբանական անձի դեպքում) _________________________

Գործունեության վայրը __________________________________________

Լիցենզիան տրված է անժամկետ:


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝ _____________________

Կ.Տ.

  

 

Հավելված 7

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՔ ՈՒ ՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ _______ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

ՆԵՐԴԻՐ ԹԻՎ ____

 

Լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին

 

Անուն, ազգանուն անձնագրի սերիան և համարը
1. ______________________________ ______________________________
2. ______________________________ ______________________________
                
          
Սույն ներդիրը __________________________________________

(լիցենզավորված անձի անվանումը)


արտարժույթի առք ու վաճառքի թիվ _____ փոխանակման կետի լիցենզիայի (տրված՝ ___ ______ 200_ թ.)  անբաժանելի մասն է:

 

Հաստատում եմ՝


Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝

________________________


_____________ 200_ թ.


Կ.Տ.

         
 

Հավելված 8

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա (200_ թ.  թիվ ______ արձանագրություն),

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի _____ __ 200_ թ. թիվ _______ որոշմամբ արտարժույթի փոխանակման կետի աշխատակցի մասնագիտական որակավորման մասին սույն վկայականը տրամադրվում է

 

__________________________________ -ին

(անունը, ազգանունը)


__________________________

(անձնագրային տվյալները)

 

Հաստատում եմ՝

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

___________________________

 

Կ.Տ.

 

Հավելված 9

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՅՏ

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ


___________________________

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու որակավորման քննությանը՝ փոխանակման կետի աշխատակցի մասնագիտական որակավորման վկայական ստանալու նպատակով:

Կից ներկայացնում եմ՝

(հերթական դասավորությամբ նշվում են ներկայացվող փաստաթղթերը)

Դիմող՝_____________________________________

_______________________

(անունը, ազգանունը)

(ստորագրությունը, ամսաթիվը)

 

Հավելված 10

ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏ

Խնդրում եմ տրամադրել լիցենզիայի ներդիր՝ փոխանակման կետում աշխատելու իրավասություն ունեցող անձի (անձանց) մասին

Անուն, ազգանուն անձնագրի սերիան և համարը
1. ______________________________ ______________________________
2. ______________________________ ______________________________

Կից ներկայացնում եմ.

(հերթական դասավորությամբ նշվում են փաստաթղթերի անունները)

___________________________________________________
(Ա/Ձ կամ իրավաբանական անձ փոխանակման կետի անունը, ազգանունը կամ անվանումը)

լիցենզիա թիվ ______, տրված՝__ _____200__թ.

Դիմող՝_____________________________________ _______________________

(տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

(ամսաթիվը, ստորագրությունը)

 

Հավելված 11

արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ անդոՐրագիր

 

Հավելված 12

արտարժույթի փոխանակման կետի ֆիսկալային հաշվետվություն (Էլեկտրոնային գրանցումների մատյան)

 

Հավելված 13

 

արտարժույթի առք ու վաճառքի վերաբերյալ հաշվետվություն

 

 

(հավելվածը խմբ. 19.09.06 թիվ 545-Ն, 26.09.06 թիվ 547-Ն, փոփ, խմբ. 20.03.07 N 92-Ն)