ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
10 հուլիսի 2007 թ. |
2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Վ. Հովհաննիսյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի ապրիլի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև վարկային համաձայնագրում (Սևանա լճի բնապահպանական ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի գրավոր բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Համաձայնագիրն ստորագրվել է 2007 թվականի ապրիլի 26-ին` Հայաստանում, և ունի բնապահպանական նպատակ, այն է` Սևանա լճին և լճի ավազանին հարող շրջաններում գտնվող հինգ քաղաքային համայնքներից Սևանա լիճ ներհոսող կեղտաջրերի մաքրումն ու վերամշակումը, կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրման, ինչպես նաև նշված տարածքներով անցնող ջրահեռացման խողովակների վերանորոգման և փոխարինման միջոցով:
2. Սևանի բնապահպանական ծրագիրն իրականացնելու համար Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայկական կողմին` ի դեմս ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, պարտավորվում է տրամադրել վարկ յոթ միլիոն եվրո գումարի չափով` երկու տրանշներով (փոխանցումներով). հինգ միլիոն եվրո (տրանշ Ա) և երկու միլիոն եվրո (տրանշ Բ) համապատասխանաբար։
3. Հայկական կողմը դրա դիմաց ստանձնում է մի շարք պարտավորություններ` կապված ինչպես բուն Ծրագրի իրականացման, այնպես էլ ֆինանսական միջոցների օգտագործման և տոկոսների վճարման հետ։ Մասնավորապես, Ծրագրի իրականացման առումով նախատեսված է.
- վարկի միջոցները տրամադրել Ծրագիրն իրականացնողին (ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին),
- ապահովել սույն համաձայնագրի դրույթների պահանջների կատարումը և վարկի օգտագործումն ըստ նպատակի,
- առանց Բանկի համաձայնության չփոխանցել, չփոփոխել, չեղյալ չհայտարարել և չհրաժարվել ապագայում կնքվելիք Երկրորդային վարկի պայմանագրի որևէ դրույթի կատարումից,
- պարտավորեցնել Ծրագիրն իրականացնողին` կատարել Ծրագրի համաձայնագրի շրջանակներում իր ստանձնած բոլոր պարտավորությունները` առանց բացառության,
- ապահովել, որպեսզի Վարկառուի ուղղակի կամ անուղղակի վերահսկողության տակ գտնվող Ծրագիրն իրականացնողի բաժանորդները կանխիկ և ամբողջությամբ վճարեն վերջինիս մատուցած ծառայությունների դիմաց,
- ապահովել բոլոր օրենսդրական, կարգավորող կամ այլ բնույթի գործողությունների կատարումը, որոնք անհրաժեշտ են Վարկային համաձայնագրի և Ծրագրի համաձայնագրի դրույթների ուժի մեջ մտնելու համար, այդ թվում նաև` ա) առաջարկություն անել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին սակագների բարձրացման վերաբերյալ, բ) Ծրագիրն իրականացնողի համար ստեղծել անհրաժեշտ բոլոր պայմանները` վերջինիս կողմից Ծրագրի համաձայնագրով և Երկրորդային վարկի համաձայնագրով նախատեսված պարտավորությունները պատշաճ կատարելու համար,
- Ծրագիրն իրականացնողին ապահովել վերջինիս կողմից իր շարունակական ծախսերը կատարելու համար պահանջվելիք բավարար միջոցներով, պայմանով, որ Վարկառուն սուբսիդավորումը կդադարեցնի (կամ կպարտավորեցնի վճարել Ջրային տնտեսության պետական կոմիտեին) 2010 թ. ֆինանսական տարվա սկզբից մինչև սույն համաձայնագրի դադարեցումը,
- չվաճառել, չփոխանցել, վարձակալության չտալ կամ այլ կերպով չօտարել Ծրագիրն իրականացնողի տնօրինության տակ գտնվող և Ծրագրի պատշաճ իրականացման համար անհրաժեշտ միջոցներն ամբողջությամբ կամ դրանց զգալի մասը, բացառությամբ Ծրագիրն իրականացնողի կողմից թափանցիկ կերպով անցկացված սեփականաշնորհման դեպքերի, և այլն:
Ֆինանսավորման առումով Հայկական կողմը փաստորեն պարտավորվում է.
- պահպանել վարկի ֆինանսավորման այնպիսի պայմաններ, որոնք սահմանում են օգտագործվող գումարի, կանխավճարի գումարի, մարման գումարի նվազագույն չափերը, ինչպես նաև տոկոսավճարների վճարման դրույքաչափն ու պարբերականությունը, ընդ որում, տրանշ Ա-ի տոկոսադրույքը ֆիքսված է, իսկ տրանշ Բ-ինը` փոփոխվող,
- վարկի գումարն օգտագործել` ապրանքներ ձեռք բերել, աշխատանքներ կատարել և ծառայություններ մատուցել խելամիտ գներով,
- Ծրագիրն իրականացնողին տրամադրել Գործառնական լրահատկացում` հետևյալ նվազագույն չափերով. 1) 300.000.000 ՀՀ դրամ` 2007 թ. ֆինանսական տարվա ընթացքում, 2) 800.000.000 ՀՀ դրամ` 2008 թ. ֆինանսական տարվա ընթացքում, 3) 400.000.000 ՀՀ դրամ` 2009 թ. ֆինանսական տարվա ընթացքում,
- վարկը մարել 24 (քսանչորս) հավասար կամ հնարավորինս հավասար կիսամյակային մարումներով:
Համաձայնագիրը սահմանում է նաև վերջինիս ուժի մեջ մտնելու, կասեցման և դադարեցման կարգը, ժամկետներն ու պայմանները:
4. Համաձայնագրի 1-ին հոդվածի 1.01 բաժնում արձանագրված է, որ 2006 թ. մայիսի 1 թվագրված` Բանկի Ստանդարտ պայմանների «բոլոր դրույթները ներառվում են և կիրառելի են դառնում սույն Համաձայնագրի նկատմամբ նույն ուժով և ազդեցությամբ, եթե դրանք ամբողջությամբ սահմանված լինեին սույն Համաձայնագրում»։ Այսինքն` նշյալ փաստաթուղթը փաստորեն դառնում է սույն համաձայնագրի բաղկացուցիչ մաս։
Մյուս փաստաթղթերը, որոնց հղումներ կան համաձայնագրում («Ծրագրի համաձայնագիրը», ինչպես նաև ապագայում կնքվելիք «Երկրորդային վարկի համաձայնագիրը», որով պայմանավորված է վարկի Բ տրանշի իրականացումը), իրենցից ներկայացնում են պայմանավորվածություններ Հայաստանի ջրմուղ-կոյուղի ընկերության հետ, հետևաբար, միջազգային պայմանագրի կարգավիճակ չունեն և սահմանադրական դատարանի քննության առարկա չեն հանդիսանում։
5. Համաձայնագրում նախատեսված և ֆինանսավորվող Ծրագիրը կարևորվում է ՀՀ Սահմանադրության 10 հոդվածում ամրագրված` շրջակա միջավայրի պահպանության` պետության պարտավորության կատարման առումով, ինչպես նաև 33.2. հոդվածում արձանագրված սահմանադրական նորմի` առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու յուրաքանչյուրի իրավունքի ապահովման համատեքստում։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2007 թվականի ապրիլի 26-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև վարկային համաձայնագրում (Սևանա լճի բնապահպանական ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|