Գլխավոր տեղեկություն
Համար
N 72
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.11.01/27(204)
Ընդունող մարմին
Դատարանների նախագահների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
29.09.2005
Ստորագրող մարմին
Դատարանների նախագահների խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  N  72

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 72-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, ուսումնասիրելով հողային հարաբերությունների վերաբերյալ գործերի դատական պրակտիկան, արձանագրում է, որ պետության կամ համայնքի հողերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները ճանաչելու գործերով դատարանները, առանձին դեպքերում, ղեկավարվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի նորմերով:

Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն` հողային օրենսդրությունը ներառում է ՀՀ Սահմանադրության և քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները, հողային օրենսգիրքը և դրան համապատասխան ընդունված` հողային հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքները: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը հողերին վերաբերող մասով հողային հարաբերությունների նկատմամբ կիրառվում է ՀՀ հողային օրենսգրքի դրույթների հաշվառմամբ:

Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ սեփականության իրավունքով տվյալ հողամասերը ձեռք բերելը կամ, եթե դրանք վաճառվում կամ անհատույց փոխանցվում են միևնույն նպատակային նշանակության համար և, եթե հողամասերը համապատասխանում են հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին:

Հետևաբար, պետության կամ համայնքի հողերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց ձեռքբերման նախապատվության իրավունքի ճանաչումը պայմանավորված է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին հողամասերի համապատասխանությամբ: Մասնավորապես, եթե`

1. համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեմայով կամ բնակավայրի գլխավոր հատակագծով տվյալ հողակտորը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար.

2. հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը.

3. հողամասը չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում:

Ղեկավարվելով «Դատարանակազմության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, միասնական դատական պրակտիկա ապահովելու նպատակով` Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշում է.

1. Պետության կամ համայնքի հողերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները ճանաչելու գործերով ենթակա են կիրառման ՀՀ հողային օրենսգրքի պահանջները:

2. Պետության կամ համայնքի հողերի նկատմամբ քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականության իրավունքի նախապատվության իրավունքը կարող է ճանաչվել ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունների բացակայութան դեպքում:

 

ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ՝

Հ. Մանուկյան


29 սեպտեմբերի, 2005 թ.
ք. Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան