ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռ |
Քաղաքացիական գործ թիվ 3-1065(Ա) |
Քաղաքացիական գործ թիվ 22-1367 | |
Նախագահող դատավոր՝ |
Ի. Բեգլարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
նախագահությամբ |
Հ. Մանուկյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Մկրտումյանի | |
Վ. Աբելյանի | ||
Ս. Անտոնյանի | ||
Ս. Գյուրջյանի | ||
Է. Հայրիյանի | ||
Ս. Սարգսյանի |
2007 թվականի հունիսի 1-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Ագբա-կրեդիտ Ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընկերության վճռաբեկ բողոքը ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.12.2006 թվականին կայացրած վճռի դեմ` ըստ հայցի Վանո Գրիգորյանի ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Սյունիքի մարզային բաժնի Սիսիան-Գորիս տարածաշրջանային բաժանմունքի՝ գույքն արգելանքից հանելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Հայցվորը դիմելով դատարան՝ պահանջել է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը հանել արգելանքից:
Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.12.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել պատասխանող «Հայգյուղփոխբանկ» փակ բաժնետիրական ընկերության իրավահաջորդ «Ագբա-կրեդիտ Ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը:
Վճռաբեկ բողոքին պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջը:
Բողոք բերած անձը բողոքի սույն հիմքը պատճառաբանել է հետևյալ փաստարկով:
Դատարանի կողմից անտեսվել է «Հայգյուղփոխբանկ» փակ բաժնետիրական ընկերության (իմա՝ «Ագբա-կրեդիտ Ագրիկոլ բանկ» փակ բաժնետիրական ընկերություն) արդար դատաքննության իրավունքը: Դատարանը որպես պատասխանող ներգրավված «Հայգյուղփոխբանկ» ՓԲԸ-ին պատշաճ ձևով չի տեղեկացրել դատական նիստի ժամանակի և վայրի մասին: Ընկերությանը 11.12.2006 թվականին կայանալիք դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցում ընդհանրապես չի ուղարկվել:
2) Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 144-րդ հոդվածների պահանջները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 171-րդ, 172-րդ հոդվածները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը, որը չպետք է կիրառվեր:
Ի հիմնավորումն բողոքի սույն հիմքի՝ բողոք բերած անձը որևէ փաստարկ չի ներկայացրել:
Բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ Սյունքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.12.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի այն փաստը, որ սույն գործով պատասխանող «Հայգյուղփոխբանկ» ՓԲԸ-ն դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով չի ծանուցվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի` գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ ծանուցագիրն ուղարկվում է պատվիրված նամակով՝ հանձնման մասին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ հանձնվում է ստացականով (այսուհետ՝ պատշաճ ձևով): Սա ենթադրում է գործին մասնակցող անձանց դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելու կապակցությամբ դատարանի ակտիվ գործողություններ, որոնք պետք է իրականացվեն միայն վկայակոչված հոդվածով նախատեսված միջոցների և եղանակների օգտագործմամբ: Ընդ որում, անկախ ծանուցման եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել գործին մասնակցող անձին (անձանց) դատական նիստի մասին տեղեկացնելու փաստը:
Սույն գործի փաստերի համաձայն՝ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջը խախտվել է, քանի որ գործում առկա է դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատասխանող «Հայգյուղփոխբանկ» ՓԲԸ-ին (իմա՝ «Ագբա-կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ) հասցեագրված դատական ծանուցագիր, որը պատասխանողին հանձնման մասին ծանուցմամբ պատվիրված նամակով կամ հաղորդագրության ձևակերպումն ապահովող կապի այլ միջոցների օգտագործմամբ կամ առձեռն հանձնված լինելու վերաբերյալ որևէ գրավոր ապացույց գործում առկա չէ:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է քաղաքացիական դատավարության օրենսգրքի էական խախտում: Այս մասին Վճռաբեկ դատարանն իր մանրամասն դիրքորոշումն արտահայտել է 26.10.2006 թվականի թիվ 2-2128(Ա) որոշմամբ (տես քաղաքացիական գործն ըստ հայցի «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարի ընդդեմ Շահեն Բաբայանի` գումարի պահանջի մասին):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վճիռը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:
2) Բողոքի երկրորդ հիմքը Վճռաբեկ դատարանն անհնար է համարում քննության առարկա դարձնել հետևյալ պատճառաբանությամբ:
Նյութական իրավունքի նորմերի խախտման մասին պատասխանողի պատճառաբանությունները չեն կարող դատական ակտի վերանայման հիմք հանդիսանալ այն պայմաններում, երբ կողմի (կողմերի) փաստարկները դատավարության ընթացքում քննության առարկա չեն դարձել՝ կողմի դատավարական իրավունքների սահմանափակման արդյունքում: Հետևաբար, նման իրավիճակում այդ պատճառաբանությունները չեն կարող լինել նաև Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա:
Այսպիսով՝ սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը հիմնավոր համարելով այն դիտում է որպես բավարար հիմք՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետի ուժով ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-239-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի 11.12.2006 թվականի վճիռը և գործն ուղարկել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան՝ նոր քննության:
2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող՝ |
Հ. Մանուկյան |
Դատավորներ՝ |
Ա. Մկրտումյան |
Վ. Աբելյան | |
Ս. Անտոնյան | |
Ս. Գյուրջյան | |
Է. Հայրիյան | |
Ս. Սարգսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|